Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն»:

Նույն հոդվածի 3–րդ մասը սահմանում է, որ  պետական ծառայության պաշտոնը համարվում է առանձնահատկություն ունեցող, եթե այն չի ընդգրկվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական  ծառայության  պաշտոններում, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումների և շտաբի պաշտոններում պետական ծառայության հարաբերությունները, հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2–րդ հոդվածի 2–րդ և 3–րդ մասերի պահանջները, ենթակա են կարգավորման «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկություններով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում սահմանված ընդհանուր 2183 հանրային ծառայության պաշտոններից 2119-ը ընդգրկված չեն քաղաքացիական  ծառայության պաշտոնների անվանացանկում, ուստի և հիմք ընդունելով հիշատակված իրավական ակտերի պահանջները՝ համարվում են առանձնահատկություն ունեցող պաշտոններ և դրանց պետական ծառայության  հարաբերությունների  կարգավորման  դրույթները հիմնականում նախատեսված են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերոհիշյալ տրամաբանության շրջանակներում առանձնահատուկ իրավական կարգավորման պետք է ենթարկվի նաև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պաշտոններում քրեակատարողական ծառայության այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք են ծառայողների վերապատրաստումն ու աշխատանքի կատարողականի գնահատականը, այնինչ դրանց կանոնակարգումն ընդգրկվել է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տիրույթ՝ իրավակազմակերպչական առումով հանգեցնելով կատարման անարդյունավետության և անհնարինության («Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդված)»:

Մասնավորապես.

ա) Քրեակատարողական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված միջազգային մի շարք հեղինակավոր փաստաթղթերով ամրագրվել է քրեակատարողական ծառայողների պարտադիր ու շարունակական վերապատրաստումների պահանջը (Եվրոպական բանտային կանոնների 81.2 կետի համաձայն՝ «Բանտային աշխատակիցներն իրենց ողջ կարիերայի ընթացքում պետք է մասնակցեն շարունակական վերապատրաստումների, որպեսզի կատարելագործեն իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները:», իսկ ՄԱԿ-ի «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 47.1-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ «3) Աշխատանքի ընդունվելուց հետո և հետագա ամբողջ գործունեության ընթացքում այդ աշխատակիցները պետք է պահպանեն ու բարձրացնեն իրենց որակավորումը` համապատասխան պարբերականությամբ աշխատանքից չկտրված վերապատրաստման դասընթացներ անցնելով»), այնինչ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը կարող է իրականացվել կամ կատարողականի գնահատականի հիմքով (որպես պարտադիր պահանջ) կամ կամավորության սկզբունքով (մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար): Հետևաբար, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերապատրաստման ինստիտուտի ներկա կարգավորումներն ընդունակ չեն պատշաճ և ամբողջական ապահովելու քրեակատարողական ծառայողների պարտադիր վերապատրաստման միջազգային սկզբունքների կատարման երաշխիքները:

բ)  Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների վերապատրաստման գործընթացն ու ծրագրերը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժով համարվում են գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ և փաստաթղթեր, հետևաբար, օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատականն ընդունող, ինչպես նաև վերապատրաստման դասընթացները վարող մասնագետները (նաև դասախոսները) պետք է ունենան համապատասխան տեղեկություններին առնչվելու թույլտվություն, ինչը «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20–ի թիվ 1510-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներով հնարավոր չէ իրականացնել:

գ) Առանձնահատուկ խնդիր է նաև քրեակատարողական ծառայության կրտսեր խմբերի ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման գործընթացի կազմակերպումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20–ի թիվ 1510-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին համապատասխան, այն հիմնավորմամբ, որ քրեակատարողական ծառայության ընդհանուր՝ 2183 հաստիքային միավորներից թվով 1187 կրտսեր խմբի քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներն առավելապես իրականացնում են անվտանգության (քրեակատարողական հիմնարկների ներսում՝ մշտական և ժամանակավոր պահակետերում), պահպանության (արտաքին դիտաշտարակներում և պահակետերում, այդ թվում՝ քաղաքացիական հիվանդանոցներում), ինչպես նաև ուղեկցորդումների (հիմնարկից հիմնարկ, քաղաքացիական հիվանդանոց) ապահովման 24–ժամյա միատեսակ, հերթափոխային գործառույթներ, չունեն համակարգչի, այդ թվում՝ MULBERRY էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի հասանելություն (այդ թվում՝ կարիք), ծառայությունն իրականացնում են պահախմբերի կազմում, հետևաբար, վերջիններիս աշխատանքի կատարողականի գնահատականները Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20–ի թիվ 1510-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնելն ուղղակի անհնար է:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44–րդ հոդվածի 4–րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների պաշտոններում պետական ծառայություն իրականացնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև աշխատանքի կատարողականի գնահատման իրավահարաբերությունների վերաբերյալ սահմանել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանությունից բխող, բայց, միևնույն ժամանակ, ծառայության առանձնահատկությունները հաշվի առնող առանձին կարգավորումներ:

      2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է համակարգող փոխվարչապետի կողմից սահմանել քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգն ու պայմանները:

       3.Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների պաշտոններում պետական ծառայություն իրականացնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև աշխատանքի կատարողականի գնահատման իրավահարաբերությունների վերաբերյալ կսահմանվեն քրեակատարողական ծառայության առանձնահատկությունները հաշվի առնող, իրավակազմակերպչական առումով արդյունավետ և համակողմանի կարգավորումներ:

      4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների   միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը և ծրագրի կատարումը   համակարգող   խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1717-Լ որոշման հավելված N1-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջից, համաձայն որի՝ վերանայվել են կադրերի ընտրության (պատրաստման) և տեղաբաշխման, ինչպես նաև կադրերի առաջխաղացման մեխանիզմները, որի շրջանակներում կարևորվում է նաև համապատասխան վերապատրաստումների իրականացումը:

       5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա։

 

  • Discussed

    23.12.2021 - 07.01.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4261

Print