«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Agree
-
5 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից սոցիալական երաշխիքներից ամբողջական ծավալով օգտվելու հրամայականով:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման միջոցառումների ծրագրի 2-րդ կետի կարգավորմամբ, որով նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ձևավորում և բնականոն գործունեության ապահովում:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ «Կոռուպցիայի դեմ պայքարը» 5.5-րդ կետում նշվել է, որ ակնկալվում է առավել սեղմ ժամկետում ամբողջ ծավալով գործարկել Կոմիտեն, որը հագեցված կլինի անհրաժեշտ նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսներով:
Ուստի սույն Նախագծով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի ձևավորումը ամրագրված է ռազմավարական նշված փաստաթղթերով, կապահովվեն Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց աշխատած յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը, ինչպես նաև օրենքն ուժի մեջ մտնելու իրավահարաբերությունները։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք):
Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն:»:
Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն:»:
Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:»:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք 2) 8-րդ հոդվածով սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին հավելավճար վճարելու գործիքակազմ, այն է՝ հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում և (կամ) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:
Օրենք 2-ի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ. « 1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների, բացառությամբ սույն օրենքի 14.4-րդ հոդվածում նշված անձանց (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ), պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
- Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
- Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով:»:
Օրենք 2-ի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար հավելավճար վճարելու գործիքակազմում ստաժի հաշվարկման կարգը բաց է թողնված:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:»:
Ինչպես նկատում ենք, օրենսդրությամբ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց տրամադրվում է հավելավճար աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի համար:
Վերոգրյալ նորմերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ առկա է օրենսդրական բաց՝ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար հավելավճար սահմանելու ժամանակ աշխատանքային և (կամ) ծառայության ստաժը հաշվարկելու կարգի մասով։
Ըստ էության Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նման սոցիալական երաշխիք չնախատեսելը խտրականության դրսևորում է։ Այսպես՝ առնվազն անհասկանալի է օրենսդրի դրսևորած իրարամերժ վերաբերմունքը նույն Կոմիտեում ծառայության երկու տեսակներ իրականացնող անձանց նկատմամբ այն դեպքում, երբ սոցիալական մյուս երաշխիքները հավասարապես տարածվում են ծառայության երկու տեսակներ իրականացնող անձանց վրա։
Այսպիսով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները կարող են ունենալ նման սոցիալական երաշխիքից օգտվելու լեգիտիմ ակնկալիք։
Բացի այդ, պետք է նշել, որ աշխատանքի իրավունքի իրացման հիմնական նպատակը վարձատրություն ստանալն է: Այդ նպատակը շեշտադրված է «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» 1966թ. միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում, ըստ որի` աշխատանքի իրավունքը ներառում է յուրաքանչյուրի՝ իր ապրուստն այնպիսի աշխատանքով վաստակելու հնարավորության իրավունքը, որը նա ազատորեն ընտրում է կամ որին նա ազատորեն համաձայնում է։
Սահմանադրական դատարանը և ՄԻԵԴ-ը բազմիցս անդրադարձել են սեփականության իրավունքին, դրա բովանդակությանը, այդ համատեքստում՝ «լեգիտիմ ակնկալիք» եզրույթի բովանդակության բացահայտմանը: Մասնավորապես, Սահմանադրական դատարանն իր՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-1238 որոշման մեջ արձանագրել է. «Դիմողը, փաստորեն, ձեռք է բերել (…) սեփականության իրավունքի օրինական ակնկալիք, ինչի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ` համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի: Մասնավորապես, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը[1]»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը վկայակոչված է նաև Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-902 որոշման մեջ: Իսկ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում Սահմանադրական դատարանը փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, 2008 թ. մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության (...) հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանություն տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք» (նաև ՍԴՈ-1326):
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով առաջիկայում սպասվելիք օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների աննախադեպ ծանրաբեռնվածությունը, կարծում ենք, որ անհրաժեշտ է մոտիվացնող գործոններ նախատեսել, ինչը կխթանի վերջիններիս առավել արդյունավետ աշխատանքի կատարմանը:
Նման պայմաններում, առաջացել է նշված իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, որով կապահովվեն հավասար պայմաններ և սոցիալական երաշխիքներ Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր ծառայողների համար:
Միաժամանակ, պետք է նշել, որ խնդրահարույց է նաև Հակակոռուպցիոն կոմիտեին նախագահի վարձատրության հետ կապված կարգավորումները։ Բանն այն է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը կապվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա հետ, սակայն տվյալ պարագայում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է ավելի վաղ, քան «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, հետևաբար անհարժեշտություն է առաջանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին կատարած աշխատանքի համար տալ վարձատրություն, սակայն, որը հնարավոր չէ իրականցնել ներկայիս կարգավորումների պարագայում։
Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան նորմերին տալ հետադարձ ուժ՝ կապելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվա հետ։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարել սահմանելով, որ առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց աշխատած յուրաքանչյուր տարվա համար կտրամադրվի հավելավճար:
Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ համապատասխան ծախսերը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ արդեն նախատեսված են եղել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25․02․2021 թվականի թիվ 258-Ն որոշմամբ հաստատված հավելված 6-ում:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։
Ակնկալվող արդյունքը
Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կսահմանվի և կհստակեցվի Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց աշխատած յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը, ինչպես նաև օրենքն ուժի մեջ մտնելու իրավահարաբերությունները։
[1] Տե՛ս մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44:
-
Discussed
18.11.2021 - 03.12.2021
-
Type
Law
-
Area
Justice, Fight against corruption
-
Ministry
Ministry of Justice
Views 4869
Print