Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 440-րդ հոդվածում լրացնել հետևյալ խմբագրությամբ 5-րդ մաս.

 «5. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ համալիր հարկային ստուգման արդյունքում ընդունված ստուգման ակտերի բողոքարկման դիմում-բողոքների, որոնց քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, ինչպես նաև Օրենսգրքի 442-րդ հոդվածի 4․2-րդ մասով նախատեսված դեպքերի։»։

Հոդված 2.  Օրենսգրքի 441-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Հարկային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:»,

2) 5-րդ մասում «ծանուցագրի ձևը,» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձևը,» բառերը։

Հոդված 3.   Օրենսգրքի 442-րդ հոդվածի՝

  • 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,  

2) 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «Բանավոր  ընթացակարգով քննության ենթակա հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին:»,

  • լրացնել հետևյալ խմբագրությամբ 4.1-ին և 4.2-րդ մասեր․

«4․1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունն իրականացվում է էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով։    

          4․2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով և դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, եթե`

ա) գրավոր քննության  ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող են պարզաբանվել միայն դիմում-բողոք բերած անձի կողմից,

բ) դիմում-բողոք բերած անձի կողմից դիմումով ներկայացվել են քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունվել են հանձնաժողովի կողմից` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով։»,

4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 4. Օրենսգրքի 443-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձևով։ Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ։»,

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ։ Որոշումերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվան հաջորդող օրվանից։ Հանձնաժողովը որոշումների ընդունման մասին դիմումատուներին իրազեկում է որոշումների  ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում  հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումները տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ուղարկում է դիմում- բողոքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ էլեկտրոնային եղանակով ընդունված որոշման պատճենը` օրենսդրությամբ սահմանված կարգով բնօրինակին համապատասխանությունը վավերացված արտաքին (թղթային) ձևով ՝ դիմում-բողոքում նշված հասցեով։»,

3) 4-րդ մասից հանել «տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ» բառերը։

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2) Սույն օրենքի դրույթները կիրառվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմին մուտքագրված դիմում-բողոքների քննության նկատմամբ։

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի՝

  • 1-10-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

     «1․ Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են օրենքով սահմանված կարգով:

2․ Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաև իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

3․ Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան:

4․ Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով կոմիտեում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ:

5․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում դիմում-բողոք բերողի կողմից գրավոր կարգով և հայերենով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`

1) բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.

3) բողոքարկման առարկան.

4) բողոք բերողի պահանջը.

5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

6․ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված` ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում մաքսային մարմինը դիմում-բողոքը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:

7․ Մաքսային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

7․1․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության, մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից կայացված որոշումների բողոքարկման դիմում-բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

7․2․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով սույն օրենքով նախատեսված դեպքերում:

8․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է կոմիտեն:

9․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները մաքսային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում կոմիտեի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

10․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե`

1) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում սույն օրենքով սահմանված չափանիշները, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.

2) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.

3) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.

4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.

5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, և դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնողը չի վերացրել սույն հոդվածով սահմանված ժամկետում.

6) դիմում-բողոք բերողը հրաժարվում է բողոքից.

7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.

8) բացակայում է մաքսային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.

9) դիմում-բողոքը ներկայացվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո.

10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո սույն հոդվածով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.

11) դիմում-բողոքը ներկայացնողը նույն պահանջով դիմել է դատարան.

12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:»,

2) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) լրացնել հետևյալ խմբագրությամբ 11․1 և 11․2 մասեր․

  «11․1․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունն իրականացվում է էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով։

11․2․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով և դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, եթե`

ա) գրավոր քննության  ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող են պարզաբանվել միայն դիմում-բողոք բերած անձի կողմից,

բ) դիմում-բողոք բերած անձի կողմից դիմումով ներկայացվել են քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունվել են հանձնաժողովի կողմից` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով։»,

4) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«12․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից բանավոր ընթացակարգով քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:»,

5) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

6) 14-17-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«14․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում`

1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.

2) դիմում-բողոքը բավարարելու մասին.

3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.

4) դիմում-բողոքը մերժելու մասին.

5) վերստուգում անցկացնելու մասին:

15․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն յոթ հոգի: Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձևով։ Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ։

16․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ։ Որոշումերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվան հաջորդող օրվանից։ Հանձնաժողովը որոշումների ընդունման մասին դիմումատուներին իրազեկում է որոշումների ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումները տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ուղարկում է դիմում-բողոքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ էլեկտրոնային եղանակով ընդունված որոշման պատճենը` օրենսդրությամբ սահմանված կարգով բնօրինակին համապատասխանությունը վավերացված արտաքին (թղթային) ձևով ՝ դիմում-բողոքում նշված հասցեով։

17․ Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան:»։

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2) Սույն օրենքի դրույթները կիրառվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մաքսային մարմին մուտքագրված դիմում-բողոքների քննության նկատմամբ։

  • Discussed

    29.10.2021 - 13.11.2021

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4629

Print

Related documents / links

Suggestions

Վահագն Գրիգորյան

29.10.2021

Ձեր իրավաբանական վարչությունը լրիվ <օղբաթ> ա ու ասեմ՝ ինչու: Կարգավորման ենթակա խնդիրը կախվածության մեջ է դրված վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու սկզբունքից և լսումներ չանցկացնելու իրավունքը սահմանելուց, որոնք արդյունք են այն բանին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը, ի դեմս այս նախագիծն առաջարկողի, չի ընկալել, որ վարչական մարմնի արագ գործելու սկզբունքն ու լսումներ չանցկացնելու ենթաինստուտը տարբեր իրավիճակներ են, որոնք ոչ միայն որ իրար չեն լրացնում, այլև երբեք չեն էլ հատվում և որովհետև այնտեղ որտեղ լսումներ՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում չանցկացնելու հրամայական կա, միևնույն է օրենսդիրը վարչական մարմինների առջև դրել է արագ գործելու պարտականություն, ինչը բխում է վարչական և այլ ռեսուրսների խնայողության սկզբունքներից, նույնը նաև վերաբերում է լսումներ կատարելը պարտադրող վարույթներին, որտեղ լսումների իրականացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, և վարչական մարմնի գրավորության կարգով գործերի քննությունը այն եղանակը չէ, որ պետք է գործով հնարավորություն տա հանձնաժողովին կատարելու օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն: Իսկ քանի որ 100 տոկոս մեծամասնությամբ բողոքարկման հանձնաժողովին են դիմում նրանք, որոնց իրավունքների միջամտություն է կատարված կամ ընդունված է այնպիսի վարչական ակտ, որն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում այդ վարչական ակտի հասցեատիրոջ համար, ուստի լսումներ անցկացնելու պահանջը հրամայական է՝ անկախ նրանից, թե տվյալ վարչական ակտի հասցեատերը պնդում է դա, թե ոչ: Եթե մի քիչ երևակայելու էլ լինենք, պարզ է դառնում, որ գործերի գեր գեր գեր քանակությունն է ստիպում գնալու այդ քայլին, ապա սա այն եղանակը չէ, որ հարցը լուծելու է: Սկի բողոքարկման հանձնաժողովում վերջինիս ձայնագրվող նիստում վարչական վարույթի մասնակցին լսելուց հետո բողոքարկման հանձնաժողովը կայացնում է տարօրինակ և զարմանահրաշ որոշումներ, ինչ մնաց, թե գրավորությամբ քննվող գործերի դեպքում նման ավելի շատ զարմանահրաշ որոշումներ չկայացվեն: Եվ եթե լսումներ չեն անցկացվում, և դա այն նույն հիմքերով և դեպքերում, որոնք սահմանում է <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքը, դա չի նշանակում, թե վարչական մարմնի արագ գործելու սկզբունքի պահպանումն ավելի է ամրապնդվում: Ավելին, առաջարկվող նախագծերը փոփոխություններ են նախատեսում Հարկային օրենսգրքում, Մաքսային ծառայության մասին օրենքում, բայց հիմնական կիզակետը հանդիսացող օրենքում՝ <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթ չկա: Չեն հասկացել, որ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենսդրության հիմքում՝ Սահմանադրությունից անդին դա <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքն է, և նման կերպ փոփոխություններ սահմանելով, ոչ թե վարույթի իրականացման առանձնահատկություն է սահմանվելու, այլ մի այնպիսի բան, որն ուղղակի հակասելու է վարչարարության հիմնարար սկզբունքներին, վարչարարության բուն իմաստին և էությանը: Եվ հետո, լսումներ ապահովելու պարտականությունն օբյեկտիվորեն բխում է այն հանգամանքից, թե արդյունքում ընդունվող վարչական ակտն ինչպիսի հետևանքներ է առաջացնելու՝ անբարենպաստ, թե բարենպաստ: Ու որքան հեռու է այս ընկալումից ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունը, ի դեմս այս փոփոխությունների հեղինակը, այնքան էլ անընկալելի է լինելու իրավակիրառի համար, որը ոչ միայն ՊԵԿ-ն է, այլ նաև դատարանը: Իսկ ՊԵԿ-ը իր համար խաղի կանոններ սահմանելուց սահմանափակված է Սահմանադրությամբ և օրենքներով, որոնք չփոխված, փորձում է փոխել զարտուղի եղանակով: Իսկ մեզ իրավաբաններիս մնում է ձեր սահմանվելիք խաղի կանոններին համապատասպան ապահովել շահագրգիռ սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ի դեպ այն տնտեսվարողներին, որոնց վճարած հարկերի և պարտադիր այլ տուրք ու վճարների հաշվին ապրում և աշխատավարձ եք ստանում, հետն էլ՝ պարգևավճար:

See more