«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության շքնանշաններով և մեդալնելով պարգևատրելու դեպքերը և կարգը ուղղակիորեն պետք է սահմանվեն օրենքով:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Այսինքն, Հանրապետության Նախագահի լիազորությունները սահմանվում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, իսկ օրենքներով կարող է սահմանվել միայն այդ լիազորությունների իրականացման կարգը:
Այնինչ, «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության մեդալների և շքանշանների շնորհման հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, ինչպես նաև պետական մրցանակները և դրանց շնորհման կարգը, իսկ 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, պետական պարգևների շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները, ինչպես նաև պատվավոր կոչումների շնորհագրի և կրծքանշանների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Նշվածը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համատեքստում, ամբողջությամբ չի համապատասխանում Հանրապետության նախագահի՝ որպես պետության գլխի սահմանադրաիրավական կարգավիճակին, գործառութային առանձնահատկությունների, լիազորությունների բնույթի և դրանց իրականացման սահմանադրաիրավական կարգին:
Այսպիսով, անհրաժեշտ է բացառապես «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության շքանշաններով և պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը և կարգը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածը Հանրապետության Նախագահին վերապահում է միայն Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու լիազորություն, մինչդեռ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ բացի Հայաստանի Հանրապետության շքանշաններից և Հայաստանի Հանրապետության մեդալներից Հայաստանի Հանրապետության պետական պարգև է նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահը չունի բարձրագույն կոչում շնորհելու լիազորություն:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝
- սահմանվում է պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը, համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը և միջնորդության քննարկման կարգը, ինչպես նաև իրացվում է համապատասխան մարմինների միջնորդությունները Հանրապետության Նախագահի կողմից քննարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածին համապատասխան որպես պետական պարգևներ առանձնացվում են միայն Հայաստանի Հանրապետության շքանշանները և մեդալները, միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածի ուժով չի կարող համարվել պետական պարգև, նշվում է, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս, որի արդյունքում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց ընտանիքի անդամների համար սահմանված երաշխիքներից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով Նախագծի անցումային դրույթներով սահմանվել է, որ նախկինում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքի անդամներն օգտվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնություններից:
- սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնելու ժամկետներ: Մասնավորապես, նշվում է, որ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնվում են դրանց վերաբերյալ հրամանագիրն ընդունելուց կամ իրավունքի ուժով ընդունված համարվելուց հետո 1-ամսյա ժամկետում, իսկ տոնի կամ այլ հատուկ օրվա կապակցությամբ շնորհվող պարգևները հանձնվում են ոչ ուշ, քան տոնի կամ այլ հատուկ օրը:
- կարգավորվում են նաև պետական պարգևների և պատվավոր կոչումների նկարագրերը և նմուշները հաստատելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նշվում է, որ այդ նկարագրերը և նմուշները սահմանվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
-
Discussed
10.08.2017 - 26.08.2017
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 12107
Print