ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ներկայումս գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն արդիականացնելու անհրաժեշտությամբ:
Վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից հիշյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակվել է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը:
Գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը:
Գործող օրենքում լիարժեքորեն նախանշված չեն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների վերանայման ժամկետները, գաղտնի տեղեկությունների գաղտնազերծմանն առնչվող, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումներ, կարգավորված չեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին», քանի որ միջազգային փորձի (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան, Վրաստան և այլն) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդպես են անվանվում բնագավառը կարգավորող օրենքները: Այս կապակցությամբ նախագծում այլևս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները ևս կդասվեն պետական գաղտնիքի շարքին:
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված որոշակի բնագավառի տեղեկություններ պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու, ինչպես նաև պետական գաղտնիքի հետ կապված այլ կարգավորումներն արդիականացնելու նպատակով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծում հստակեցվել են գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության, գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցների, գաղտնիության դրոշմագրի և այլ հասկացությունների սահմանումները: Հստակեցվել է նաև տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, ինչպես նաև նախատեսվել են գաղտնի տեղեկությանն առնչվող մի շարք այլ իրավակարգավորումներ` արդի իրողություններին և միջազգային փորձին համապատասխան:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտիքին առնչվող հասկացությունների հետևյալ սահմանումները.
1) գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկություններ)` ցանկացած տեղեկություն կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պաշտպանվում է պետության կողմից և որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը կամ շահերին,
2) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, էներգետիկայի, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակցող պետություններին և կազմակերպություններին,
3) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային)` (այսուհետ` տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են, որոնցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների, գործընթացի կամ այլ ձևերով,
4) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում` պետության պաշտպանության տակ գտնվող և գաղտնիք պարունակող տեղեկությունների անօրինական հրապարակում կամ հոսակորուստ,
5) հրապարակում` սույն օրենքով գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը կամ ցանկացած այլ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեն,
6) հոսակորուստ` պետության պաշտպանության տակ գտնվող և գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պաշտպանության կամ պահպանության համար պատասխանատու անձանց անզգուշության կամ դիտավորության հետևանքով, այդպիսի տեղեկությունների արտահոսք կամ կորուստ,
7) գաղտնագրում` Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,
8) գաղտնազերծում` նյութերի և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ օրենքով սահմանված կարգով սահմանափակումների վերացում,
9) պետական գաղտնիքի պաշտպանություն՝ լիազոր մարմնի կողմից օգտագործվող միջոցների ու մեթոդների համակարգված կիրառում` գաղտնի տեղեկության, նյութերը և դրանց կրիչները պաշտպանելու, ինչպես նաև գաղտնի տեղեկության հրապարակումը և հոսակորուստը կանխելու համար,
10) պետական գաղտնիքի պահպանություն` օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական, ծրագրային և այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ապահովմանը,
11) գաղտնիության աստիճան՝ տեղեկությունների կարևորությունը, դրանց տարածմամբ հնարավոր հետևանքների առաջացումը և տեղեկության մատչելիության սահմանափակումը բնութագրող ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,
12) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու և այն օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով տրված թույլտվություն,
13) գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված տեխնիկական, ծրագրային, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,
14) գաղտնիության դրոշմագիր` վավերապայմաններ, որոնք դրվում են տեղեկակիրների և (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա և վկայում են տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,
15) գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում` այդպիսի տեղեկությունների հավաքումը, պահպանումը, փոխանցումը, տարածումը, գաղտնազերծումը և ոչնչացումը,
16) գաղտնի տեղեկություններին առնչվել՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու, կամ առանց դրանց) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է այդպիսի տեղեկությունների ստեղծման, ամրագրման, համակարգման, հավաքման, վերամշակման, փոխանցման, փոխանակման, տեղափոխման, պահպանման, պաշտպանության, օգտագործման, ծանոթացման, հաշվառման, գաղտնիության աստիճանի փոփոխման, գաղտնազերծման, արխիվացման, ոչնչացման կամ այլ գործողություններ կատարելու հետ:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:
Հստակեցվել են նաև պետական գաղտնիքի պահպանության բնագավառում Կառավարության գործառույթները: Օրենքի նախագծից հանվել են ներկայումս չկիրառվող և ըստ էության առհասարակ չկիրառված գործառույթները`
- մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը և ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը,
- սահմանում է մամուլում և լրատվության մյուս միջոցներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններ առաքվող նյութերում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը:
Այս կապակցությամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ նոր գործառույթները`
1) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմանափակումները,
2) սահմանում է «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև պաշտոնավարումից հետո որոշակի ժամանակահատվածի ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, որոշակի պետություններ այցելելու ընթացակարգը,
3) սահմանում է տեղեկությունների գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը մշակելու և հաստատելու, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու և դրանք փոփոխելու կարգը,
4) սահմանում է գաղտնի տեղեկակիրները պահպանելու, պահպանման ժամկետները երկարաձգելու և գաղտնազերծելու կարգը,
5) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ, հիմնարկներում գաղտնի գործավարության կազմակերպման կարգը,
6) սահմանում է գաղտնի տեղեկությունների գործավարության և այդպիսի տեղեկություններ պարունակող արտադրանքի թողարկման, պահպանության հետ կապված աշխատանքների իրականացման համար նախատեսված շինությունների ու այլ տարածքների պահպանման կազմակերպման կարգը,
7) սահմանում է գաղտնի տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարող Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ, հիմնարկներում անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը,
8) սահմանում է գաղտնի տեղեկություններ պարունակող արտադրանքի ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,
9) սահմանում է տեղեկակիրների բազմացման ու պատճենահանման կարգը,
10) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության, ինչպես նաև գործուղման և անձնական նպատակով օտարերկրյա պետություներ այցերի ժամանակ գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,
11) սահմանում է համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկությունները կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ օգտագործելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը,
12) սահմանում է գաղտնիության ռեժիմի խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը,
13) սահմանում է մշտական հիմունքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող աշխատակիցներին տրվող աշխատավարձի հավելումների չափերն ու տրման կարգը,
14) սահմանում է գաղտնի տեղեկակիրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա կատարվող նշումների տեսակները և դրանց իրականացման կարգը,
15) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը,
16) սահմանում է գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ստուգողական աշխատանքներ իրականացնելու կարգը:
Հստակեցվել են նաև պետական գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանող իրավակարգավորումները` դրանք համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին: Մասնավորապես, նշված ցանկում լրացվել կամ փոփոխվել են հետևյալ ոլորտների մասին տեղեկությունները.
1) ահաբեկչության հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին,
2) պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին՝ եթե դրանք կարող են գաղտնազերծել վերոհիշյալ տեղեկությունները,
3) պետական գաղտնիքի պահպանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին,
4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության մասին,
5) կադրերի պատրաստման մասին, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Նախագծով ընդլայնվել են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները: Մասնավորապես պետական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել նաև պետության կողմից քաղաքացիներին, պաշտոնատար անձանց, կազմակերպություններին տրամադրվող արտոնությունների և սոցիալական երաշխիքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց առողջության վերաբերյալ տեղեկությունները:
Առաջարկվող նոր կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական գաղտնիքին առչնվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո: Միաժամանակ, կարգավորվել են նաև հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցման առանձնահատկությունները: Մասնավորապես` հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնի անձնագրում պետական գաղտնիքին առնչվելու վերաբերյալ պահանջի առկայության դեպքում, համապատասխան պաշտոնի նշանակումն իրականացվելու է պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ստանալուց հետո, իսկ հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնի անձնագրում (աշխատատեղի նկարագրում) պետական գաղտնիքին առնչվելու վերաբերյալ պահանջի առկայության պարագայում հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության դադարեցման դեպքում, վերջիններս աշխատանքից ազատվելու են կամ, հնարավորության դեպքում, նրանց համաձայնությամբ տեղափոխվելու են այլ պաշտոնի:
Նախագծով խմբագրվել և լրացվել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձանց գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրման մերժման հիմքերը, սահմանվել է, որ նշված իրավունքի տրամադրումը կարող է մերժվել նաև եթե անձը`
1) ենթարկվել է քրեական պատասխանատվության պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար:
2) բնակվել է օտարերկրյա պետություններում երկարատև ժամանակ և նրա բնակության պատճառները և հանգամանքները հնարավոր չէ պարզել,
3) կախվածություն ունի թմրամիջոցներից, ալկոհոլային խմիչքներից կամ խաղամոլ է,
4) ենթարկվել է կարգապահական պատասխանատվության պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար:
Նախագծով փոփոխության է ենթարկել նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքների սահմանափակման շրջանակը: Մասնավորապես, սահմանվել է «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պաշտոնավարումից հետո 2 տարվա ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, որոշակի պետություններ մեկնելու, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում որոշակի պետություններ այցելելու (այդ թվում` արձակուրդի նպատակով) իրավունքի սահմանափակման հնարավորություն:
Միաժամանակ, հաշվի են առնվել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության ոլորտում առկա միջազգային պայմանագրերի, ինչպես նաև օտարերկրյա մի շարք պետությունների համանման իրավական ակտերի կարգավորումները:
Նախագծով նախատեսվում է կարգավորել նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հիմնական հարաբերությունները, մասնավորապես նախագծով առաջարկվում է սահմանել, որ
- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը դա Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, անվտանգությանը, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,
- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասանելիությունը սահմանափակվում է որոշակի ժամկետով, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության պետական շահի, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով և սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չէ:
- Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության տեղեկակիրների վրա կատարվում է «Ծառայողական օգտագործման համար» նշում:
- «Ծառայողական օգտագործման համար» նշման անհրաժեշտությունը որոշում է այդ փաստաթուղթը կատարողը և ստորագրելու կամ հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը չի կարող հրապարակվել (տարածվել) առանց համապատասխան պաշտոնատար անձի թույլտվության:
- «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարությունն իրականացվում է ոչ գաղտնի գործավարություն իրականացնելու համար նախատեսված ստորաբաժանման կողմից:
- «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության պահպանությունը և գործավարությունն իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և հիմնարկների ղեկավարների կողմից սահմանված կարգով:
- «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկություն հրապարակած անձինք ենթակա են կարգապահական պատասխանատվության:
Բացի այդ սահմանվել են սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին դասելու սահմանափակումներ:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերով կկանոնակարգվեն համապատասխանաբար Սահմանադրական դատարանում և Կենտրոնական բանկում պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական քննությունների հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն «Պետական գաղտնիքի մասին» օրենքի շրջանակներում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կկանոնակարգվեն գաղտնազերծված իրավական ակտերի հրապարակման հետ կապված հարաբերությունները, իսկ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կնախատեսվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելում տրամադրելու հնարավորությունը:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում կատարվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքը լրացնել նոր 306.1 հոդվածով, որի արդյունքում քրեական պատասխանատվություն կսահմանվի «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դիտավորությամբ այն անձի կողմից հրապարակելու համար, ով տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չուներ կամ ում դա վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, ինչպես նաև 306-րդ և 307-րդ հոդվածները համապատասխանեցնել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծով նախատեսված կարգավորումներին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նաև օրենսգրիրքը լրացնել նոր 206.18. հոդվածով` վարչական պատասխանատվություն նախատեսելով «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելու համար այն անձի կողմից, ով դրանց հետ ծանոթանալու իրավունք ուներ և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, և 206.19. հոդվածով` վարչական պատասխանատվություն նախատեսելով «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններն դիտավորությամբ հրապարակելու համար այն անձի կողմից, ով տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ ում դա վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ: Առաջարկվում է նաև, որ նոր լրացվող 206.18.-206.19. հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:
Նախագծերի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ բովանդակային և օրենսդրական առումով կփոփոխվի պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունների` ներկայումս գործող իրավակարգավորումները, դրանք կհամապատասխանեցվեն արդի իրողություններին և միջազգային փորձին, կներդրվեն գաղտնի տեղեկության պաշտպանությանն ուղղված նոր գործիքակազմեր և լուծումներ, ինչպես նաև կկարգավորվեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Ազգային անվտանգության ծառայություն