Add to favourites

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԵՐևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ռաֆայել Ավետիսյան 30.08.2021 15:30:35 1. Օրենսդրական փաթեթի ամբողջական վերլուծության արդյունքում կարելի է ընդհանրական եզրակացնել, որ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ նախագծի հեղինակի) կողմից առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է քաղաքաշինական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ներդնել շենքերի և շինությունների անձնագրավորման կառուցակարգը։ Սակայն նախագծի "Անհրաժեշտություն" բաժնում առկա նկարագրությունը, ինչպես նաև, օրենսդրական նախագծով առաջարկվող իրավակարգավորումները, խիստ հակասական են, չեն բնութագրում ներդրվող կառուցակարգի անհրաժեշտությունը և հետապնդվող իրավաչափ նպատակը։ Օրենսդրական նախագծերի փաթեթի վերլուծությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ ներկայացված նախագծի արդյունքում կարող է սահմանափակվել անձի կողմից սեփականության իրավունքի իրացումը։ Մասնավորապես, ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվող փոփոխությունների շահագործման թույլտվության տրամադրման հիմնական պայման է հանդիսանալու շենքի կամ շինության տեխնիկական անձնագիրը, ինչն իր հերթին կարող է սահմանափակել անձի սեփականության իրավունքի իրացումը։ Հետևաբար կարևոր է, որ նախագծի հեղինակը մատնանշի, թե որ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացմանն է միտված առաջարկվող կազմակերպական կառուցակարգը։ Սույն պահանջը բխում է նաև ՀՀ Սահամանդրության 78-րդ (Համաչափության սկզբունք) և 79-րդ (Որոշակիության սկզբունք) հոդվածներով ամրագրված սահմանադրական իրավակարգավորումներից։ Օրենսդրական փաթեթի մաս կազմող հիմնավորումը ամբողջական համարվել չի կարող, ավելին, որոշ արտահայտություններում և նախադասություններում առկա է մտքի խզում։ Կարևորելով ներդրվող կազմակերպական կառուցակարգի անհրաժեշտությունը՝ նախագծի հեղինակին առաջարկում եմ վերախմբագրել օրենսդրական փոփոխությունների փաթեթի հիմնավորման մասը ամբողջությամբ։ Չի ընդունվել Դիտարկումները ներկայացված են ընդհանրական և անորոշ՝ հնարավոր չէ կռահել, թե Նախագծի հիմնավորման որ կարգավորումներն են, որոնք վերանայման կարիք ունեն: Ինչ վերաբերում է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացմանը, ապա դրանք անսահմանափակ լինել չեն կարող և վերջիններս ևս պետք է դիտարկվեն որոշակի (այդ թվում պարտադիր կատարման ենթակա) կարգավորումների և ողջամտության շրջանակներում, որոնք անհրաժեշտ են տնտեսության տարբեր ոլորտներում մարդու կենսագործունեությունը առավել անվտանգ և ապահով դարձնելու համար : Առաջարկվում է ի գիտություն ընդունել՝ ՀՀ սահմանադրության 87-րդ հոդվածի դրույթները. 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները: 2. Կառավարությունը Սահմանադրության 156-րդ հոդվածով նախատեսված զեկույցի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ:
2 Ռաֆայել Ավետիսյան 30.08.2021 15:30:35 2. "Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է գործող 2-րդ հոդվածի "գ" պարբերությունում կատարել լրացում՝ ավելացնելով "և անձնագրավորում" բառերը։ Նշված կարգավորմամբ ենթադրելի է, որ օրենսդրական նախագծի հեղինակը փորձում է ամրագրել շենքերի և շինությունների անձնագրավորումը որպես քաղաքաշինական գործունեության մաս։ Հարկ է նշել, որ քաղաքաշինական գործունեության մեջ ընդգրկված գործառույթների սահմանմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել սահմանել այն հարաբերությունների ծավալը, որը պետք է կարգավորվի "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքով։ Ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվող նոր կազմակերպական կառուցակարգի ներդրման նպատակը վերաբերելի է շենքերի և շինությունների արդյունավետ շահագործմանը։ Ուստի առաջարկում եմ շենքերի և շինությունների աձնագրավորմանը վերաբերելի մասը խմբագրել՝ նույն պարբերության մեջ "քաղաքաշինական" բառից հետո ավելացնել " անձնագրի" բառը։ Ընդունվել է Կատարվել է համապատասխան լրացում:
3 Ռաֆայել Ավետիսյան 30.08.2021 15:30:35 3. Ըստ առաջարկվող օրենսդրական փոփոխություններ նախատեսող նախագծի՝ հեղինակող պետական կառավարման մարմինը առաջարկում է իրավակարգավորմամբ ամրագրել շենքի կամ շինության անձնագրի վերաբերյալ հետևյալ սահմանումը "...Օբյեկտի անձնագիրը՝ դրա նախագծման, շինարարության, շահագործման բոլոր փուլերի, փաստացի տեխնիկական վիճակի, շահագործման պահանջների վերաբերյալ սահմանված ձևին համապատասխան կազմված տեխնիկական փաստաթուղթ է, որը հավաստում է Օբյեկտի շահագործման պիտանիությունը կամ ոչ պիտանիությունը և անհրաժեշտ է օրենքով նախատեսված գործարքների և պարտավորությունների կատարելու համար...": Սահմանման մեջ առկա են մի շարք հասկացություններ, որոնք նախատեսում են անձի կամ անձանց կողմից որոշակի գործողությունների իրականացում և որոնց վերաբերյալ "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքով անհրաժեշտ իրավակարգավորումները բացակայում են (շենքի կամ շինության շահագործման փուլեր, շենքի կամ շինության փաստացի տեխնիկական վիճակ, շահագործման պայմաններ, շենքի կամ շինության պիտանիություն)։ Նախ, հարկ է անդրադառնալ շենքի կամ շինության անձնագրի իրավական բնույթին։ Նախագծով առաջարվող սահմանումից բխում է, որ շենքի կամ շինության անձնագիրը տեխնիկական փաստաթուղթ է, ինչը ենթադրում է, որ դրա կազմումը կարգավորվում է նախևառաջ տեխնիկական նորմավորմամբ և տեխնիկական անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ։ Սակայն, անձնագրավորման գործընթացի նկարագրությանը վերաբերելի իրավակարգավորմամբ սահմանվում է, որ "․․․Օբյեկտի անձնագրավորումը՝ օբյեկտի նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի տվյալների հիման վրա սահմանված ձևին համապատասխան անձնագրի կազմումն է:"։ Մեջբերման բովանդակությունը վկայում է, որ անձնագիրը իր մեջ պարունակում է շենքի կամ շինության նախագծման, շինարարության և շահագործման վերաբերյալ, ինչպես նաև տեխնիկական վիճակի և սեյսմակայունության վերաբերյալ տեղեկատվություն։ Հարկ է նկատել, որ տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը, ըստ էության, իր մեջ ներառում է սեյսմակայունության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Որպես ասվածի ամփոփում՝ իրավակարգավորման համաձայն առկա տեղեկատվությունը նախատեսվում է համակարգված ամփոփել մեկ փաստաթղթում՝ ըստ սահմանված ձևի։ Հետևաբար, շենքի կամ շինության անձնագիրը չի կարող հանդիսանալ տեխնիկական փաստաթուղթ՝ տեխնիկական կանոնակարգման հիման վրա տեխնիկական միջոցառումների իրականացման բացակայության պատճառով։ Այլ կարող է լինել փաստաթուղթ, որի առկայությունը կամ բացակայությունը անձի համար կարող է առաջացնել փաստական որոշակի հանգամանքներ։ Օրինակ՝ շահագործման թույլտվության վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից վարչական ակտի տրամադրման մերժումը կարող է պայմանավորված լինել անձնագրի բացակայությամբ կամ սահմանված պահանջների ոչ ամբողջական կատարմամբ։ Ավելին՝ շենքի կամ շինության անձնագիրը կարող է հիմք հանդիսանալ քաղաքաշինական գործունեության օբյեկտի շահագործման թույլտվության կասեցման համար։ Վերջինս իրագործելի է միայն այն դեպքում, եթե "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքով սահմանվեն շահագործման թույլտվության վարչական վարույթի առանձնահատկությունները։ Առաջարկվում է քննարկել և առանձին՝ "Շենքի և շինության անձնագիր" վերարտադրությամբ, հոդվածով շարադրել շենքի և շինության անձնագրի սահմանում հետևյալ բովանդակությամբ՝ "Շենքի և շինության անձնագիրը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան կազմված փաստաթուղթ է, որը բովանդակում է քաղաքաշինական գործունեության ընթացքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, շահագործման պայմաններ և պահանջներ։" Առաջարկվող սահմանումից բխում է, որ` 1)շենքի և շինության անձնագրի կազմման նկատմամբ սահմանվելու է միասնական մոտեցում, 2)հնարավորություն է ընձեռվում սահմանել այն քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր անձնագրավորման, 3) օրեսդրությամբ հնարավոր է սահմանել քաղաքաշինական գործունեության օբյեկտի վերաբերելի տվյալները, որոնք արտացոլվում են շենքի և շինության անձնագրում, 4) կարող է անձնագրի մաս է հանդիսանալ շահագործման պայմանները և պահանջները, որն իր հերթին անձի կամ անձանց համար առաջացնելու է որոշակի պարտավորություններ։ Ընդունվել է ի գիտություն Անձնագրի նոր սահմանումը կքննարկվի վերջնամշակված փաստաթղթում: Սակայն առաջարկությունների շրջանակներում նշված այլ կարգավորումների նախատեսման մասով հարկ է նշել, որ մշակման փուլում է գտնվում Անձնագրավորման կարգը, անձնագրի օրինակելի ձևերը և մեթոդական ուղեցույցը:
4 Ռաֆայել Ավետիսյան 30.08.2021 15:30:35 4. Ինչ վերաբերում է շենքերի և շինությունների անձնագրավորման սահմանմանը, ապա նման սահմանման օրենսդրական ամրագրումը նպատակահարմար չէ, քանի որ ինքնին փաստաթղթի կազմումը ենթադրում է որոշակի գործունեություն՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Օրենսդրական նախագծի այլ իրավակարգավորմամբ առաջարկվում է ամրագրել, որ շենքերի և շինությունների անձնագրավորումը կարող է իրականացվել քաղաքաշինության բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև, անհատ ձեռնարկատերերի կողմից։ Լիցենզավորման հետ կապված հարաբե-րությունները կարգավորվում են "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով։ Նույն օրենքով սահմանվում են լիցենզավորման սկզբունքները և նպատակները։ Լրացուցիչ անհրաժեշտ է հիմնավորել, թե որ սկզբունքով է առաջնորդվում քաղաքաշինության պետական կառավարման մարմինը՝ առաջարկելով շենքերի և շինությունների անձնագրավորումը համարել լիցենզավորման ենթակա գործունեություն։ Որպես լրացում նախագծի հեղինակին առաջարկում եմ վերընթերցել "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, համաաձայն որի, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը: Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվել այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր: Չի ընդունվել Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը դիտարկվում է որպես Շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի կարևորագույն փուլ և անբաժանելի մաս՝ ամփոփիչ և հիմնավորված եզրահանգումներ անելու համար: Անձնագրավորման գործընթացը պահանջում է մասնագիտական մոտեցում՝ ուստի և քաղաքաշինության բնագավառում համապատասխան փորձառություն և որակավորում, կատարման բարձր պատասխանատվություն՝ որի պարտադիր ապահովումը հնարավոր է երաշխավորել իրավաբանական ու ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ լիցենզավորմամբ: Շարադրված գաղափարի (սկզբունքների) մասով առաջարկվում է դիտարկել ՀՀ կառավարության 19.03.2015թ N274-Ն որոշումը և ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանը , որոնց տրամաբանական շարունակությունն է համարվում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկած շենքերի և շինությունների անձնագրավորման կարգի և օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացը, որն այլընտրանք ունենալ չի կարող:
5 Ռաֆայել Ավետիսյան 30.08.2021 15:30:35 5. "Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ անձնագրավորման ենթակա են բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտները՝ անկախ սեփականության ձևից: Թվարկված բոլոր օբյեկտները հանդիսանում են քաղաքաշինական գործունեության օբյեկտ։ Առաջարկում եմ նախագծով նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի, պարտադիր անձնագրավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը հաստատվելու է ՀՀ Կառավարության որոշմամբ։ Առաջարկվող մոտեցման դեպքում, գործադիր մարմինը, ռազմավարության հիման վրա, կարող է իրականացնել շենքերի և շինությունների անձնագրավորման ապահովումը։ Ընդունվել է ի գիտություն Որպես Նախագծի տրամաբանական շարունակություն՝ օրենսդրական իրավակարագավորումների և անձնագրավորման կարգի ընդունումից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեն կնախաձեռնի համապատասխան միջոցառումների ծրագրի մշակման գործընթաց՝ ըստ հաստատվող առաջնահերթությունների և ժամանակացույցի:
6 Ռաֆայել Ավետիսյան 30.08.2021 15:30:35 6. Ներկայացված օրենսդրական նախագծով չեն կարգավորվում շենքի կամ շինության անձնագրում բովանդակող տեղեկատվության պարտադիր պահանջները։ Առաջարկում եմ, իրավակարգավորմամբ ամրագրել անձնագրի բովանդակության վերաբերելի պահանջները։ Մասնավորապես, անհրաժեշտ է մատնանշել, որ անձնագիրը բաղկացած է հիմնական մասից (շենքի կամ շինության ֆիզիկական բնութագրիչներ, անձնագրի վավերապայմաններ և այլ) և լրացուցիչ մասից։ Վերջինս կարող է լինել անձնագրի ներդիրների տեսքով, որում ներառված են շենքի կամ շինության շահագործմանը վերաբերելի տեղեկատվություն (շենքի կամ շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն, էներգետիկ անձնագիր, շահագործման հիմնական պայմաններ և այլ)։ Սույն իրավակարգավորմամբ հնարավորություն է ընձեռվում զարգացնել կառուցակարգը, ինչպես նաև հստակեցնել պետական կառավարման մարմինների պարտավորությունները։ Օրինակ՝ եթե շենքի կամ շինության անձնագրի մաս է կազմում շահագործման պայմանները, ապա պետական կառավարման մարմինը պարտավորվում է շենքի կամ շինության շահագործման վերաբերյալ սահմանել որոշակի պարտադիր կանոններ։ Ընդունվել է ի գիտություն Օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում քննարկման կներկայցվեն անձնագրերի օրինակելի ձևերը և դրանցով սահմանվող պարտադիր պահանջները: Շենքերի շահագործման հիմնական պահանջների սահմանման մասով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի առաջարկությունները սահմանված կարգով կներկայացվեն քննարկման:
7 Ռաֆայել Ավետիսյան 30.08.2021 15:30:35 7. Առաջարկվող կազմակերպական կառուցակարգը որևէ առնչություն չունի "Ճարտարապետական գործունեության մասին" ՀՀ օրենքի հետ։ Չի ընդունվել Անձնագրավորման ենթակա քաղաքաշինական օբյեկտների մաս են կազմում նաև դրանց ճարտարապետահատակագծային լուծումները
8 Ռաֆայել Ավետիսյան 30.08.2021 15:30:35 8. Քանի որ շենքերի և շինությունների անձնագրավորման հետ կապված խնդիրները դեռ պահանջում են լուծումներ, վաղ է անրադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին։ Չի ընդունվել Նախագծով նախատեսվող գործընթացներն անմիջականորեն կապված են թե Երևան քաղաքի, և թե ՀՀ մարզերի համայնքների հետ, որոնց բևեռացումը նշված գործընթացներից համարվում է ոչ իրատեսական:
9 Ռաֆայել Ավետիսյան 30.08.2021 15:30:35 9. Օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ պարզաբանումներ տրամադրելիս հորդորում եմ առաջնորդվել հայոց լեզվի հետևյալ կանոնով. "Բառերի այն միացությունը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն"։ Դասագրքային մեջբերումն ընդունվել է ի գիտություն