ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնակատարի 2021 թվականի հուլիսի 15-ի N 02/11/23733-2021 և 2021 թվականի հունիսի 28-ի N 02/11.3/21226-2021 հանձնարարականները (օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշների հասած մարզիկներին տրամադրվող դրամական վճարումները կարգավորող իրավական ակտերը վերանայելու վերաբերյալ առաջարկություն)՝ վերանայվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշումը, որի համաձայն օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկները ստանում են ցմահ ամսական պատվովճար:
Նախագծով առաջարկվում է ավելացնել օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկներին հատկացվող ցմահ ամսական պատվովճարի գումարի չափը: Նմանատիպ փոփոխությունը հնարավորություն կտա լուծելու ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավման խնդիրը և որոշակիորեն լուծելու օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահած մարզիկների սոցիալական խնդիրները:
2016 թվականի Ռիե դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ձեռք է բերվել 4 մեդալ. հունա-հռոմեական ըմբշամարտից Արթուր Ալեքսանյանը նվաճել է օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը, Միհրան Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ ծանրամարտ մարզաձևից արծաթե մեդալներ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում (անցկացվել են 2021 թվականին) Հայաստանի Հանրապետության մարզիկները ձեռք են բերել 4 մեդալ. հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևից Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ, ծանրամարտ մարզաձևից Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է արծաթե մեդալ, բռնցքամարտ մարզաձևից Հովհաննես Բաչկովը նվաճել է բրոնզե մեդալ, սպորտային մարմնամարզություն մարզաձևից Արթուր Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկների ցմահ ամսական պատվովճարի գումարի չափի բարձրացում:
Անհրաժեշտություն է դարձել օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկների ցմահ ամսական պատվովճարի գումարների ավելացումը՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին առավել մոտիվացնելու համար: Պատվովճարի գումարների ցածր լինելը խոչընդոտ է սպորտի զարգացման համար:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չկա: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը ուղղված է մարզական բարձր նվաճումների խթանմանը և խրախուսմանը:
Օլիմպիական խաղերի պարգևատրումն ուղղված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացմանը, սպորտի մասսայականացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, բնակչության առողջ ապրելակերպի ամրապնդմանը: Պատվովճարների տրամադրումը խթանում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների հաջող մասնակցությունը լրջագույն ստուգատեսներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի Սպորտի քաղաքականության վարչությունը և նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ‑իրավաբանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ավելացնել օլիմպիական խաղերի մրցանակակիրների ցմահ ամսական պատվովճարի գումարները: Վերոնշյալը կնպաստի միջազգային մրցասպարեզներում բարձր արդյունքների ձեռքբերմանը և Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակության ամրապնդմանը:
«ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» միջոցառման իրականացման համար 2022 թվականին կպահանջվի գործող գումարներով 45 120 000 դրամ գումար, փոփոխության արդյունքում ավելացող գումարը կազմում է 21 480 000 (քսան մեկ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) դրամ, փոփոխության արդյունքով ավելացումը հաշվարկված՝ 2022 թվականի համար ընդհանուր գումարը կկազմի
66 600 000 դրամ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելացում: