Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ներկայումս Ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) Օրենսգրքի 22-րդ հոդվածը կարգավորում է ընդերքօգտագործման իրավունքի տնօրինման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանելով, որ ընդերքօգտագործման իրավունքը փոխանցելի է: Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն այլ անձի` օգտագործման իրավունքով արգելվում է:

Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է տնօրինման իրավունքի ընդհանուր հասկացությունը, համաձայն որի՝ տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Նշված երկու դրույթների վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ անձը կարող է տնօրինել իր ընդերքօգտագործման իրավունքը, այն է՝ ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված կարգով որոշել իր ընդերքօգտագործման իրավունքի ճակատագիրը:

Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 22-24-րդ հոդվածները կարգավորում են ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգը: Մասնավորապես, Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանմամբ:

Վերոնշյալ դրույթների համապարփակ ուսումնասիրությունից կարելի է եզրահանգել, որ Օրենսգրքի 24-րդ հոդվածը մասնավորեցնում է Օրենսգրքի 22-րդ հոդվածով նախատեսված ընդերքօգտագործման իրավունքի տնօրինման դեպքերը՝ հստակ սահմանելով, որ վերջինս կարող է փոխանցվել առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված չէ, որ ընդերքօգտագործման իրավունքի տնօրինումը հնարավոր է միայն առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եղանակով, ուստի ընդերքօգտագործման իրավունքի օտարումը միայն Օրենսգրքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում կարող է դիտարկվել, որպես ընդերքօգտագործման իրավունքի տնօրինման սահմանափակում:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև վերոնշյալ հոդվածների տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 24-րդ հոդվածը, Օրենսգրքի 22-րդ հոդվածը վերնագրել «Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը» և Օրենսգրքի 22-րդ հոդված 1-ին մասից հանել «Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցելի է։» նախադասությունը։

Միաժամանակ առաջարկում ենք Օրենսգրքի 22-րդ հոդվածը լրացնել 1․1․ մասով՝ նախատեսելով, որ ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանմամբ: Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն այլ անձի` օգտագործման իրավունքով արգելվում է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, բացի առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերի, նախատեսում է նաև միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպում, իսկ ներկայիս Օրենսգիրքը չի կարգավորում նման դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցում, ուստի նպատակահարմար է Օրենսգրքով նախատեսել այդ դեպքերում լիազոր մարմնին տեղեկացնելու պահանջ։ Ուստի առաջարկվում է Օրենսգրքի 22-րդ հոդվածը լրացնել 1․2․ մասով հետևյալ խմբագրությամբ՝ «Ընդերքօգտագործման իրավունքը միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում իրավահաջորդության կարգով փոխանցելիս՝ անձը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով փոխանցման ակտը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան քաղվածքը՝ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում համապաստախան փոփոխություններ կատարելու նպատակով:»։

Հարկ է ընդգծել, որ միաձուլման, միացման կամ վերակազմավորման և առանձնացման կամ բաժանման դեպքերի տարբերակված իրավակարգավորումը պայմանավորված է նրանով, որ առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերը առավել ռիսկային են և պահանջում են համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն՝ հավաստվելու համար, որ բաժանված կամ առանձնացված ընդերքօգտագործողը կկարողանա իրացնել իր ընդերքօգտագործման իրավունքը։ Դրանով պայմանավորված նախատեսվել է առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համար լիազոր մարմնից համաձայնություն ստանալու պահանջը։ Մինչդեռ, միացման, միաձուլման կամ վերակազմավորման դեպքում վերոնշյալ ռիսկն առկա չէ, ուստի բավարար է միայն լիազոր մարմնին տեղեկացումը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Օրենսգրքի 23-րդ հոդվածը վերաբերում է ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգին, ուստի առաջարկում ենք 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի`անձը, որը մտադիր է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1․1․ մասով սահմանված դեպքերում փոխանցել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համար համաձայնություն տալու մասին դիմում:

Նախագծով նախատեսվում են նաև լրացումներ կատարել Օրենսգրքի 25-րդ հոդվածում հետևյալ հիմնավորմամբ․

Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվել էր արտակարգ դրություն, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարվել էր ռազմական դրություն։ Որևէ մեկը չէր կարող կանխատեսել կորոնավիրուսի պանդեմիայի առաջացումը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիան և պատերազմը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ: Պանդեմիայի և պատերազմի հետևանքով պետությունը հայտնվեց այնպիսի անկանխատեսելի իրավիճակներում, որոնց լուծումը օրենսդիրը չէր կանխատեսել: Այսպես, Ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարման հիմք նախատեսված չէ անհաղթահարելի ուժը կամ որևէ հիմք, որով հնարավոր կլինի հայտարարված արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում պարտավորությունների կատարումից ազատել և հանգամանքների առաջացման ողջ ժամկետով երկարաձգել այդ պարտավորությունների կատարումը: Միևնույն ժամանակ, պարտավորությունների իրականացման ժամկետները հստակ են, երբեմն՝ սեղմ, իսկ դրանց չպահպանումը հանգեցնում է բացասական հետևանքների, ընդհուպ` ֆիկցիայի ուժով վարչական ակտի ընդունման:

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությամբ պայմանավորված կարող են ծագել պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումների և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներից է համարվում նաև՝ գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների և գործառույթների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության  ժամանակավոր սահմանափակումը կամ կասեցումը, ինչպես նաև սույն կետում նշված մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխությունները:  ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի մի շարք որոշումներով որոշակի ժամկետով արգելվել էր հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցում, ինչպես նաև քաղաքացիների համար նախատեսվել էր տեղաշարժման սահմանափակում:

Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել էր ընդհանուր զորահավաք, գործողության մեջ էր դրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը, ապահովվել էր «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` գտնում ենք, որ արտակարգ դրություն և ռազմական դրություն հայտարարված լինելու պայմաններում առաջացած հանգամանքների հիմքով, այդ հանգամանքների ժամկետով պարտավորությունների կատարման հետաձգումը օբյեկտիվ անհրաժեշտություն է, որն էլ անհրաժեշտ է ամրագրել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում։

Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ, 63-րդ հոդվածի 10-րդ մասերում սահմանված է «կանխատեսումային պաշարներ» եզրույթը, որը նախագծով փոխարինվում է «կանխատեսումային ռեսուրսներ» եզրույթով, հաշվի առնելով, որ օգտակար հանածոյի պաշարները, դրանք օգտակար հանածոյի կուտակումներն են, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են, իսկ կանխատեսումային ռեսուրսները՝ օգտակար հանածոյի առկայությունն է, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն: Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետում հստակեցվում են այն մեթոդական ցուցումները, որոնց սահմանումն ամրագրված է Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում և լրացվում է նոր 26-րդ կետ՝ ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի՝ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսական հիմնավորման մեթոդական ցուցումները սահմանելու վերաբերյալ:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

  • Discussed

    04.06.2021 - 20.06.2021

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6419

Print