«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացված նախագծերի փաթեթը, մասնավորապես «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագիծը նախապատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ համաձայն որի ՀՀ ոստիկանության կողմից 2015-2016թթ. մշակված երկու առանձին օրինագծերը՝ «Օտարերկրացիների մասին» և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», միավորվեցին մեկ նախագծի շրջանակներում:
Բացի այդ Օտարերկրացիների մասին նոր օրենքի մշակումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը 111-րդ կետից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելու, միգրացիայի ոլորտի պետական կարգավորման համակարգը բարելավելու նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի թիվ 769-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրից:
Քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ օրենքով կարգավորումներ ամրագրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ապատրիդների (քաղաքացիություն չունեցող անձանց) կարգավիճակի մասին» 1954 թվականի սեպտեմբերի 28-ի և «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի օգոստոսի 30-ի ՄԱԿ-ի կոնվենցիաներն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ են մտել դեռևս 1994 թվականին, սակայն մինչ օրս ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները պատշաճ կերպով չեն կատարվել:
Կոնվենցիաների ճշգրիտ կիրառության և ապաքաղաքացիության խնդիրների լուծման նպատակով ՄԱԿ-ի ՓԳՀ-ի նախաձեռնությամբ Ժնևում 2010 թվականին դեկտեմբերին անցկացված՝ ապաքաղաքացիության սահմանման ընթացակարգերի և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ փորձագիտական ժողովի ամփոփ եզրահանգումների հիման վրա մշակված ապաքաղաքացիության վերաբերյալ N 2 ուղեցույցի համաձայն՝ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման համար պետությունը պետք է սահմանի հստակ ընթացակարգ: Հարկ է նշել, որ մինչ օրս որևէ օրենսդրական ակտով նման ընթացակարգ սահմանված չի եղել:
Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումը միայն դրվագային կարգավորումներ են նախատեսում քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի որոշման և նրանց տրամադրվող փաստաթղթերի վերաբերյալ: Բացի այդ, ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով քաղաքացիություն չունեցող անձին տրամադրվող կացության վկայականը իր տեխնիկական պահանջներով ևս չի համապատասխանում ICAO-Ի ստանդարտներին:
Սույն օրինագիծը մեկ միասնական իրավական ակտում կներառի ինչպես նշված անձանց կարգավիճակին, իրավունքներին և պարտականություններին, այնպես էլ նրանց տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերին վերաբերող նորմերը: Մասնավորապես, «Ապատրիդների (քաղաքացիություն չունեցող անձանց) կարգավիճակի մասին» 1954թ. Կոնվենցիայի 27 և 28-րդ հոդվածների համաձայն՝ Պայմանավորվող պետություններն ինքնության վկայականներ են տալիս իրենց տարածքում գտնվող ցանկացած քաղաքացիություն չունեցող անձի, ով չունի վավերական ճամփորդական փաստաթուղթ:
Հարկ է նշել նաև ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը, որի 81-րդ կետը, որի համաձայն՝ քաղաքացիություն չունեցող անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերի տրամադրումը մինչև 2016թ. երրորդ եռամսյակը պետք է համապատասխանեցվի 1954թ. Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներկայիս կարագավորումներում առկա են օրենսդրական բացեր, եզրութաբանական անճշտություններ, միջազգային և ազգային օրենսդրության միջև հակասություններ, հետևաբար նոր նախագիծը հնարավորություն կընձեռի կարգավորել նշված օրենսդրական բացերը` Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար:
Նախագծով, մասնավորապես,
- հստակեցվում են մուտքի վիզայի տրամադրումը մերժելու հիմքերը, անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև մինչև 16 տարեկան երեխաներին մուտքի վիզա տրամադրելու համար դիմում ներկայացնող սուբյեկտները, իսկ գործունակ քաղաքացիների համար սահմանվել է դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ.
- կացության կարգավիճակի տեսակները համապատասխանեցվում են միջազգային դասակարգումներին.
- նախագծի 6-րդ հոդվածում առանց մուտքի վիզայի ռեժիմի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիների համար սահմանվել է առաջին մուտքից սկսած մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածում առավելագույնը 180 օր ժամկետով մնալու պահանջ: Գործող խմբագրությամբ օտարերկրկրացին ՀՀ-ում կարող է մնալ 180 օր` մեկ տարվա ընթացքում, ինչը իրավակիրառ մարմինների համար 180 օրը հաշվարկելիս մեկ տարվա սկիզբը որոշելու ժամանակ տարընկալումների տեղիք է տալիս: Փոփոխության նպատակը` ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է.
- նախագծի 13-րդ հոդվածում նախատեսվել է սահմանափակում և մինչև 16 տարեկան օտարերկրացի երեխաներին կացության կարգավիճակ ստանալու հնարավորություն է ընձեռվել միայն ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի կացության կարգավիճակի հիման վրա: Լրացման նպատակն է սահմանափակել այն դեպքերը, երբ օտարերկրացի ծնողները իրենց երեխաների համար նախապես ձեռք բերելով ՀՀ-ում կացության կարգավիճակ դիմում են նշված հիմքով իրենց համար կացության կարգավիճակ ձեռք բերելու համար: Նշված սահմանափակումից բացառություն է նախատեսվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ուսումնական հաստատությունների ցանկում սովորող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող երեխաների, որոնց կարգավիճակ տրվելու է ուսումնական հաստատության կողմից ներկայացված դիմումի հիման վրա.
- նախագծի 14-րդ հոդվածում /կարճաժամկետ կացության կարգավիճակ տալու հիմքերը/ լրացվել է նոր 9-րդ կետ, համաձայն որի երևարատև /3 ամիսց ավելի/ բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրանց խնամողներին իրավունք է վերապահվել ստանալու կացության կարճաժամկետ կարգավիճակ.
- նախագծի 14-րդ հոդվածում /կարճաժամկետ կացության կարգավիճակ տալու հիմքերը/ լրացվել է 10-րդ կետ, համաձայն որի վարույթ իրականացնող մարմինների միջնորդությամբ` այն դեպքում, երբ օտարերկրացին ճանաչվում է դատավարության մասնակից (գործին մասնակցող անձ), որոնց փոխարինումն այլ անձով կամ դատավարական ներկայացուցչությունը օերնքով բացառվում է, օտարերկրացուն տրվելու է կացության կարգավիճակ: Լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օտարերկրացիները հաճախ հանդես են գալիս ինչպես քրեական, այնպես էլ վարչական կամ քաղաքացիական դատավարությունում` որպես վկա կամ տուժող կամ դատավարության այլ մասնակից /որոնց գործի ընթացքում հնարավոր չէ փոխարինել այլ անձով կամ ապահովել դատավարական ներկայացուցչություն/ և պարտավորվում են չհեռանալ ՀՀ-ից, հետևաբար վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը կարող է նրանց կացության կարգավիճակ տալու հիմք հանդիսանալ, հակառակ դեպքում նրանց ՀՀ-ում գտնվելը կդիտվի ոչ օրինական.
- օրինագծի 14-րդ հոդվածում /կարճաժամկետ կացության կարգավիճակ տալու հիմքերը/ լրացվել է նոր 11-րդ կետ, համաձայն որի դատարանի որոշումը, որով անձն ազատվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան կարող է հիմք հանդսանալ անձին կացության կարճաժամկետ կարգավիճակ տալու համար. Լրացման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ երբեմն օտարերկրացիները ՀՀ-ում քրեական պատասխանատվության են ենթարկվում, որից հետո հիշյալ հիմքերով դատարանի որոշմամբ ազատ են արձակվում և ՀՀ-ում նրանց օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ ունենալու անհրաժեշտություն է առաջանում:
- օրինագծի 14-րդ հոդվածում /կարճաժամկետ կացության կարգավիճակ տալու հիմքերը/ լրացվել է նոր 12-րդ կետ, համաձայն որի սեփականության իրավունքով անշարժ գույք ունենալու հանգամանքը դիտվել է կացության կարճաժամկետ կարգավիճակի տրամադրման հիմք.
- հստակեցվել է նաև մասնագիտական վերապատրաստման, գիտահետազոտական աշխատանքների կատարման, աշխատողների գործուղման, և այլ հիմքերով կարճաժամկետ կացության կարգավիճակի տրամադրումը.
- օրինագծով հանվել է կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ ներկայացնելու պահանջը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարերկրացին տարբեր խոչընդոտող հանգամանքերի պատճառով կարող է չկարողնալ դիմումը նախապես ներկայացնել, ինչը չի կարող հիմք հանդիսանալ նաև դիմումը մերժելու, հետևաբար նշված դրույթը հանվել է նաև 19-րդ հոդվածից /Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը/.
- նախագծով վերացվել է երկարաժամկետ կացության կարգավիճակ ստնալու համար ՀՀ-ում բնակարանով և գոյության միջոցներով ապահովված լինելու պահանջը.
- նախագծի 22-րդ հոդվածը ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի թիվ 769-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 1.10 կետի համաձյան համապատասխանեցվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին և հստակեցվել են կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու և ուժը կորցրած ճանաչելու հիմքերը.
- լրացվել են նոր դրույթներ, որոնք պարտավորեցնում են օտարերկրացուն ՀՀ-ում գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո կամավոր հեռանալ Հանրապետությունից, միաժամանակ, նախատեսվել է նաև` որոշակի հանգամանքներ ի հայտ գալու պարագայում նրա կամավոր հեռանալը կասեցնելու հնարավորություն: Նույն հոդվածում կանոնակարգվել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձանց ՀՀ-ում օրինական բնակվելու ժամկետները, մասնավորապես, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո անձը 15-օրյա ժամկետում կամ պետք է դիմի արտոնագիր, իսկ առանց մուտքի վիազայի ռեժիմի երկրի քաղաքացին 180 օրվա ընթացքում՝ կացության կարգավիճակ ձեռք բերելու համար. հակառակ պարագայում վերջինս պարտավոր է նշված ժամկետներում կամավոր հեռանալ ՀՀ-ից.
- նախատեսվել է բացառություն, որով առանց դատարանի որոշման օտարերկրացին կարող է արտաքսվել Հայաստանի Հանրապետությունից, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի կամ նրա Հայաստանի Հանրապետությունում գտնվելը սպառնում է պետական անվտանգությանը:
Փոփոխությունը հիմնավորվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությամբ /11-րդ արձանագրությամբ կատարված փոփոխություններով/, որի 1-ին հոդվածն ամրագրելով օտարերկրացիների արտաքսմանը վերաբերող ընթացակարգային երաշխիքները, նշում է, որ որևէ պետության տարածքում օրինական կարգով բնակվող օտարերկրացին չի կարող այնտեղից արտաքսվել այլ կերպ, քան ի կատարումն օրենքին համապատասխան ընդունված որոշման: Միաժամանակ, հոդվածի 2-րդ մասի համաձայն` օտարերկրացին կարող է արտաքսվել նախքան վերոհիշյալ ենթակետերում նշված իր իրավունքների իրականացումը, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի կամ պատճառաբանվում է պետական անվտանգության նկատառումներով:
Բացի այդ` «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածն ամրագրում է. «Սույն Դաշնագրի մասնակից որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող օտարերկրացին կարող է արտաքսվել միայն ի կատարումն օրենքին համապատասխան կայացված որոշման, և եթե պետական անվտանգության հրամայական նկատառումները չեն պահանջում այլ բան, ունի իր արտաքսման դեմ փաստարկներ ներկայացնելու, իրավասու իշխանության կամ իրավասու իշխանության նշանակած անձի կամ անձանց կողմից իր գործը վերանայելու իրավունք և այդ նպատակով այդ իշխանության, անձի կամ անձանց առջև ներկայացվելու իրավունք:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ երբեմն օտարերկրյա քաղաքացու ՀՀ-ում գտնվելը կարող է սպառնալ պետության անվտանգությանը և հասարակական կարգին, նպատակահարմար է գտնվել օրենքում ուղղակի ամրագրել դրույթ, որով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի եզրակացության հիման վրա հնարավոր կլինի` առանց դատական պաշտպանության իրավունքի անձին արտաքսել Հայաստանի Հանրապետությունից:
- նախատեսվել է օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու դեպքում արտաքսման ծախսերը հրավիրողի կողմից հոգալու, ինչպես նաև առանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու/բնակվելու իրավական հիմքի օտարերկրացուն աշխատանքի ընդունելու դեպքում արտաքսման ծախսերը գործատուի կողմից վճարելու պահանջ:
- ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասնեյակի հետ քննարկումների արդյունքում նախագծում լրացվել են դրույթներ, որոնք կարգավորում են այն օտարերկրացիների ՀՀ մուտք գործելու, կացության կարգավիճակ ստանալու հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ կրառելի է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չվերադարձելիության սկզբունքը:
- հստակեցվել են կիրառվող եզրույթները, ամրագրվել են մարդու թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի և նրանց ընտանիքի անդամներին կացության կարգավիճակների տրամադրմանը վերաբերող դրույթներ, կատարվել են տեխնիկական բնույթի այլ բազմաթիվ փոփոխություններ:
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծի 4-րդ գլուխը սահմանում է այն ընթացակարգը, որով Հայաստանի Հանրապետությունում որոշվելու է քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը: Սահմանելով այդպիսի ընթացակարգ՝ Հայաստանի Հանրապետությունում առավելագույնս կերաշխավորվի քաղաքացիություն չունեցող անձանց կամ նման կարգավիճակ հայցող անձանց իրավունքները, ինչը բխում է «Ապատրիդների (քաղաքացիություն չունեցող անձանց) կարգավիճակի մասին» 1954 թվականի սեպտեմբերի 28-ի ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներից:
Օրինագծի նպատակն է, հատկապես.
քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի համար դիմող անձանց իրավունքների և պարտականությունների հստակ սահմանումը.
քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ճանաչման գործընթացի սահմանումը:
«Օտարերերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում այցելության մուտքի վիզա և բազմակի մուտքի արտոնագիր տալու համար 120 օր ժամկետի փոխարեն նախատեսվել է 60-օրյա ժամկետ, իսկ մեկ տարվա ընթացքում բազմակի մուտքի արտոնագրի համար նախատեսվել է 180-օրյա ժամկետ: Միաժամանակ, օրենքի 26-րդ հոդվածում` պետական տուրքի գծով արտոնությունների ցանկը լրացվել է նոր կետերով, համաձայն որոնց պետական տուրքի վճարումից ազատվել են` օրենքով սահմանված դեպքերում մտորման ժամկետում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, վարույթ իրականացնող մարմինների միջնորդությամբ դատավարության մասնակից (գործին մասնակցող անձ) ճանաչված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք դատարանի որոշմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են, որոնց նկատմամբ սահմանվել է փորձաշրջան կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետում քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը փոխարինվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով, իսկ բազային տուրքի 150 տոկոսի փոխարեն ՀՀ քաղաքացիների նմանությամբ նախատեսվում է պետական տուրք բազային տուրքի 25-ապատիկի չափով (ՄԱԿ-ի կոնվենցիաների համաձայն քաղաքացիություն չունեցող անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերի արժեքը չպետք է գերազանցի տվյալ պետության քաղաքացիների համար սահմանված արժեքը): Քաղաքացիություն չունեցող անձին նույնականացման քարտ տրամադրելու համար կգանձվի համապատասխանաբար բազային տուրքի 3-ապատիկի չափով՝ նույն հոդվածի 1.2. կետի համաձայն (նշված կետում տարբերակում չկա նույնականացման քարտը ՀՀ քաղաքացուն է տրամադրվելու, թե քաղաքացիություն չունեցող անձին): Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետում համապատասխան փոփոխություն չի կատարվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի 27-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթների համաձայն՝ մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը Ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը համարվելու է վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս՝ մինչև դրանում նշված վավերականության ժամկետի ավարտը, և այդ ընթացքում կացության վկայականում համապատասխան նշում կատարելու անհրաժեշտություն կարող է առաջանալ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է օրենսգրքի 201-րդ հոդվածի պրակտիկայում կիրառման տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ: Այսպես` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում բնակվելու և գտնվելու օտարերկրացիների տարբեր ռեժիմներ: Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով գտնվելու ռեժիմ է համարվում նաև առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում գտնվելը: Նշված ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձինք օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո պետք է դուրս գան ՀՀ-ից կամ դիմեն կացության կարգավիճակ ստանալու համար, իսկ ովքեր չեն դիմում կացության կարգավիճակ ստանալու համար և շարունակում են բնակվել ՀՀ-ում ենթակա են վարչական պատասխանատվության : Տարընթերցումներից խուսափելու և քաղաքացիների համար նորմի պահանջը առավել հստակ ձևակերպելու նպատակով ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասն առավել մանրամասն կարգավորման անհրաժեշտություն է առաջացել, ինչով էլ պայմանավորված նախատեսվում է լրացում կատարել նշված մասում` հստակեցնելով առանց մուտքի վիզայի ռեժիմի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմի խախտման համար վարչական պատասխանատվության հարցը:
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի թիվ 769-Ն որոշման հավելվածով հաստատված ծրագրի 3.8. կետով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում օտարերկրացու արտաքսման հայցադիմումի քննության արագացված կարգի սահմանում` արտաքսման անհարկի ձգձգումներից խուսափելու նպատակով: Նշված կետի կատարումն ապահովելու նպատակով նախագծերի փաթեթում ներառվել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածում լրացվել է արագացված դատաքննություն կիրառելու նոր հիմք` օտարերկրացուն ՀՀ-ից արտաքսելու համար:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին` օտարերկրացիների իրավունքներն առավել ապահով դարձնելու, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու, օրենսդրական բացերն ու եզրութաբանական անճշտությունները, միջազգային և ազգային օրենսդրության միջև առկա հակասությունները վերացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի համար դիմող անձանց իրավունքների և պարտականությունների, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ճանաչման ընթացակարգի սահմանում օրենքով:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծի հետ: Մասնավորապես, վերջինս մշակվել է «Ապատրիդների (քաղաքացիություն չունեցող անձանց) կարգավիճակի մասին» 1954 թվականի սեպտեմբերի 28-ի և «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի օգոստոսի 30-ի ՄԱԿ-ի կոնվենցիաներով (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ են մտել դեռևս 1994 թվականին) ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու հանգամանքով: Հատկապես, քաղաքացիություն չունեցող անձի հասկացությունը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված ձևակերպմամբ չի համապատասխանում «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով սահմանված ձևակերպմանը:
«Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով ամրագրվել է նշված հասկացության սահմանումը կոնվենցիային համահունչ՝ նշելով, որ քաղաքացիություն չունեցող անձը այն անձն է, ով չի համարվում քաղաքացի որևէ պետության կողմից` այդ պետության օրենքի ուժով: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը ևս տվել է քաղաքացիություն չունեցող անձի հասկացության սահմանումը, որը անհրաժեշտ է համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին կամ ուժը կորցրած ճանաչել:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել, քանի որ դրանով սահմանված է քաղաքացիություն չունեցող անձի հասկացությունը, որը չի համընկնում կոնվենցիայի սահմանման հետ: «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով ամրագրվել է նշված հասկացության սահմանումը կոնվենցիային համահունչ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում դրա անհրաժեշտությունը բացակայում է:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումները
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիություն չունեցող անձի հասկացության համապատասխանությունը «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով ամրագրված սահմանման, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով տրվող սահմանման հետ:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
26.07.2017 - 10.08.2017
-
Type
Law
-
Area
Justice, Legal assistance
-
Ministry
Police
Views 11961
Print