Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 19-րդ հոդվածի 4-րդ կարգավորումից։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը: Իսկ նույն Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը։ Վերոգրյալի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել ընդունել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանող Կառավարության որոշում։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հարկ է նաև նշել, որ Օրենքի 48-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության ժամանակ պաշտոնի կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք չունեն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված լեզվական գիտելիքների մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների մակարդակ: Նշված անձինք նշանակումից հետո երեք տարվա ընթացքում պետք է Օրենքով սահմանված կարգով ներկայացնեն պահանջվող օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթը: Սույն պահանջը չպահպանելու դեպքում Օրենքով սահմանվում է համապատասխան անբարենպաստ հետևանք, այն է՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ազատվում է պաշտոնից, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դեպքում վերջինիս լիազորությունները դադարեցվում են:
Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կկատարվեն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 48-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաև կապահովվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անխոչընդոտ կիրարկումը։