Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 390-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող` մինչև 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները) ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 391-րդ հոդվածում`

1)  4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն:»,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն գլխի կիրառության իմաստով Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող են համարվում նաև դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն մասում նշված դեպքի:

Մանրածախ առևտրի ոլորտում դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դրոշմավորման պար­տա­վորություն չեն կրում, եթե այդ ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթե­թավորումը, շշալցումը) կատարվում է օտարման պահին կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 393-րդ հոդվածում՝

1)  5-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել և լրացնել հետևյալ բովանդակությամբ   4-րդ կետով.

«4) հայտը և հաշվետվության ձևը ներկայացվել են հարկային մարմնի սահմանած լրացման կարգերի պահանջների խախտմամբ:»,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Հարկային մարմինը հայտը չեղյալ է համարում՝

1) ներկայացված հայտից հրաժարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

2) հայտի բավարարման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից չստացվելու դեպքում:»,

3) 7-րդ և 8-րդ մասերը «ապրանքների օտարումն» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Սույն գլխով նախատեսված էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն մասի կիրառման առումով դրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված) դրոշմավորման ենթակա ապրանքի միավորի վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նշված դեպքի:»,

2) 2-րդ և 3-րդ մասերը «դրոշմավորումը և» բառերից հետո, իսկ 7-րդ մասում «որոնց գծով» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանում են հարկային և (կամ) մաքսային մարմինները» բառերը փոխարինել «սահմանում է հարկային մարմինը» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 396-րդ հոդվածում․

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.  Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին օրը ներառյալ:»:

2) 2-րդ և 3-րդ մասերը «դրոշմապիտակները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված դրոշմապիտակների)» բառերով։

 

Հոդված 7. Օրենսգրքի 422-րդ հոդվածում՝

1)  1-ին մասից հանել «(այդ թվում՝ կորած)» բառերը և նույն մասում «չընդունվելու» բառից հետո լրացնել «կամ կորստի» բառերը, իսկ «վնասված» բառից հետո լրացնել «(բացառությամբ խոտանված դրոշմապիտակների)» բառերով։

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-5-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախորդ հարկային տարին որոշվում է՝

1)  չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշ­մա­պի­տակների վերադարձը Օրենսգրքի 396-րդ հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում՝ որպես հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարին,

2) Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքում՝ որպես հարկային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վավերապայմաններին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշման ընդունման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարին,

3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կորստի դեպքում՝ որպես ակցիզային դրոշմանիշերը և (կամ)  դրոշմապիտակները կորած համարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի (գրության) հիման վրա հարուցված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից լիազորած ստորաբաժանման ղեկավարի կողմից ընդունված վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարին:

3. Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկ վճարողի կողմից ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ ստացված չլինելու դեպքում, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ տուգանքը հաշվարկվում է յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 50 դրամ։

4. Անկախ սույն հոդվածի դրույթներից, մինչև սույն հոդվածով սահմանված դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի վարչական ակտի ընդունումը՝ սահմանված ժամկետում չվերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձնելու և հարկային մարմնի կողմից դրանց հետընդունման ակտը վարույթ իրականացնող մարմին ներկայացվելու դեպքում դրանց մասով յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար հաշվարկվում և գանձվում է տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամը:

5. Սույն գլխի իմաստով խոտանված են համարվում դրոշմավորման ընթացքում վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները, որոնց քանակը չի գերազանցում օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ներկայացված վերջին հաշվետվությունում նշված՝ օգտագործված դրոշմապիտակների քանակի 0,5 տոկոսը:»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 423-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը «վնասված» բառից հետո լրացնել «կամ խոտանված կամ դրոշմավորման ոչ ենթակա ապրանքի վրա փակցված և ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցված» բառերով,

2) 3-րդ մասում «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 4-րդ» բառերով,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենսգրքին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված ապրանքների դրոշմավորման դեպքում, դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, եթե  այդ ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում՝ տարանցման մաքսային հայտարարագրում) նշված են դրոշմանիշերի (դրոշմապիտակների) թիվը, սերիաները, հերթական համարները (այդ թվում` միջակայքերով) և դրանց ստացման հաշիվ-վավերագրի համարն ու ամսաթիվը:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը, իսկ «եթե» բառից հետո լրացնել «դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքի ընդհանուր արժեքը և (կամ)» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ ամսվա 1-ից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    29.04.2021 - 14.05.2021

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6005

Print

Related documents / links