«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքն (այսուհետ նաև` Oրենք) ընդունվել է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին, որով նախանշվել են հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում կարգավորող մարմնի ստեղծման և գործունեության օրենսդրական հիմքերը։ Օրենքը հետագայում ենթարկվել է մի շարք վերանայումների, որոնցից առավել ընդգրկունը 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումների արդյունքում, երբ նորովի արժևորվեցին հանրային ծառայությունների ոլորտում կարգավորող մարմնի դերն ու նշանակությունը՝ հիմքում դնելով ինստիտուցիոնալ, քաղաքական, իրավական և ֆինանսական առումով անկախ մասնագիտացված կարգավորող մարմին ձևավորելուն ուղղված միջազգային առաջավոր փորձը։ Նշված փոփոխությունների արդյունքում հանձնաժողովին վերապահվեց ինքնավար մարմնի կարգավիճակ, որն ամրագրվեց նաև գործընթացին հաջորդած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի փոփոխություններում։
Նշված փոփոխություններն, այդուհանդերձ, չամրագրեցին այն օրենսդրական երաշխիքներն ու կարգավորումները, որոնք պետք է ապահովեին ինքնավար մարմնի կողմից իր առջև դրված խնդիրների համակողմանի և արդյունավետ լուծումներ՝ միտված հանրային ծառայություններից օգտվող սպառողների և ոլորտի տնտեսվարող անձանց շահերի հավասարակշռմանը և վերջիններիս նկատմամբ խտրականության բացառմանը։ Առկա օրենսդրական բացերը և հիմնական խնդրահարույց հարցերը ներկայացվում են ստորև․
- Հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումները
Հանձնաժողովի, որպես կոլեգիալ մարմնի, գործունեության առանձնահատկություններից է դռնբաց նիստերի միջոցով որոշումների ընդունման իրավասությունը, որը հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ անձանց ծանուցվելու հանձնաժողովի նիստի մասին, նախապես քննարկվող հարցերի վերաբերյալ նյութերին ծանոթանալու, դռնբաց նիստում ներկայացնելու իրենց դիրքորոշումը և այլն։ Մինչդեռ, իրականում լինում են դեպքեր, երբ պայմանավորված սպառողների և կարգավորվող անձանց օրինական շահերով, ըստ էության քննարկում չպահանջող և ընթացակարգային բնույթ կրող հարցերի վերաբերյալ հանձնաժողովի նիստի հրավիրումը և անցկացումը, որը պահանջում է այդ թվում՝ որոշակի ժամկետների և ընթացակարգի պահպանում, կրում է խիստ ձևական և ֆորմալ բնույթ․ միաժամանակ, բացակայում են նիստերի ընթացքում հանձնաժողովի կողմից ընթացակարգային հարցերի շուրջ կայացվող բանավոր որոշումների ընդունման իրավասությանն առնչվող օրենսդրական կարգավորումներ, ինչը հաճախ տարաբնույթ շահարկումների տեղիք է տալիս։
- Հանձնաժողովի որոշումների կատարումը
Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության սահմանադրաիրավական մանդատը և այդ առումով կայացվող որոշումների կատարման կարևորությունը, պրակտիկայում խնդրահարույց են դառնում որոշումների բողոքարկման իրավունքի չարաշահման հետ կապված իրողությունները, ընդ որում՝ խիստ ձևական նկատառումներով, արդյունքում վնաս հասցնելով կամ խոչընդոտելով հանրային նշանակության հիմնարար հարցերի լուծմանը։ Մասնավորապես, վերջին ժամանակներում հանդիպում են դեպքեր, երբ տարաբնույթ իրավախախտումների առնչությամբ ընդունված որոշումների բողոքարկման արդյունքում դրանց գործողությունը կասեցվում է, իսկ հետագայում էլ դատարանի կողմից ճանաչվում են անվավեր բացառապես վարչական վարույթի իրականացման ընթացակարգային խախտումների պատճառաբանությամբ։ Արդյունքում, ստացվում է մի իրավիճակ, երբ անձի կողմից համապատասխան խախտումը թույլ է տրվել կամ դեռ շարունակվում է, սակայն դատարանի կողմից հիշյալ հիմքով Հանձնաժողովի որոշման անվավեր ճանաչման արդյունքում իրավախախտում կատարած անձը մնում է անպատիժ և, որ առավել անթույլատրելի է՝ շարունակում է ոչ իրավաչափ վարքագիծը և այլոց իրավունքների ու օրինական շահերի խախտումը։ Խնդրի կարևորությունն առավել ընդգծելու համար հարկ է նշել, որ հաճախ խոսքը վերաբերում է հարյուր հազարավոր սպառողների օրինական շահերի խախտմանը։
- Հանձնաժողովի (անդամների) անկախության երաշխիքները
Օրենքը չի նախատեսում սահմանադրաիրավական պահանջ համարվող՝ Հանձնաժողովի (անդամների) անկախության երաշխիքները, Հանձնաժողովի անդամների լիազորությունների օրենսդրական շրջանակները, Հանձնաժողովի որոշումից տարբերվող որոշում ունենալու դեպքում բացակայում է հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորությունը, օրենքում առկա են անդամներին ներկայացվող պահանջների, վերջիններիս պաշտոնավարման և գործունեության դադարման հետ կապված թերի կարգավորումներ։
- Հանձնաժողովի նիստեր
Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները չեն բխում առկա իրողություններից, մասնավորապես COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններից, նիստերի հրավիրման և անցկացման վերաբերյալ կարգավորումներում առկա են անհստակություններ և իրավական բացեր, այդ թվում՝ նիստերի վերաբերյալ ծանուցումների, հետաձգումների, դռնփակ նիստերի անցկացման մասով։
- Հանձնաժողովի կողմից մոնիթորինգի իրականացում և տարածք մուտք գործելը
Օրենքում բացակայում են հանձնաժողովի կողմից իր վերահսկողական լիազորությունների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները, մասնավորապես մոնիթորինգի իրականացման, կարգավորվող անձանց կամ սպառողների տարածք մուտք գործելու մասով։
- Ծանուցում
Օրենքը չի նախատեսում շահագրգիռ և այլ անձանց պատշաճ ծանուցման ապահովման հետ կապված հստակ և որոշակի օրենսդրական կարգավորումներ, ինչը երբեմն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, այդ թվում՝ նաև դատարանների կողմից։
- Համագործակցությունն այլ մարմինների հետ
Օրենքում բացակայում են Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ պատկան մարմինների հետ համագործակցության հստակ շրջանակներ, վերջիններիս միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ կարգավորումներ, ինչը շատ հաճախ ուղղակիորեն խոչընդոտում է հանձանաժողովի կողմից իր լիազորությունների լիարժեք իրականացմանը։
- Դիմում-բողոքների, հաղորդումների քննարկում
Հանձնաժողովը, որպես սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռման երաշխավոր, կարգավորում է բնակչության կենսապահովման համար առաջնահերթ համարվող ոլորտներ (Էներգետիկա, ջրային ոլորտ, հեռահաղորդակցության բնագավառ և այլն), ինչով պայմանավորված սպառողների կողմից հանձնաժողով են ներկայացվում հարյուրավոր դիմում-բողոքներ, որոնց արդյունավետ և համակողմանի լուծումը պահանջում է առանձնահատուկ կարգավորումներ, ինչը, սակայն, գործող օրենսդրությունը չի ապահովում։ Մասնավորապես, նշված դիմում-բողոքների քննարկման պատշաճ կարգ որևէ օրենսդրական ակտով ամրագրված չէ, իսկ կարգավորվող անձանց կողմից թույլ տրված հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննության ընթացակարգ ընդհանրապես առկա չէ։ Ինչ վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին, ապա այն ամբողջությամբ չէ, որ կարող է կիրառվել դիմում-բողոքների, առավել ևս հաղորդումների քննության ընթացքում՝ ելնելով այդ օրենքի անկատարությունից և օրենսդրական բացերից։
- Վարչարարություն և վարչական վարույթներ
Հանձնաժողովի կողմից վարչական վարույթներն իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն, մինչդեռ, դրանով սահմանված կարգավորումները, հաճախ, հաշվի չեն առնում Հանձնաժողովի կողմից կարգավորվող ոլորտներին բնորոշ առանձնահատկությունները, խիստ մասնագիտացված բնույթ կրող հարցերի համակողմանի քննության անհրաժեշտությունը, առաջացնում են տարաբնույթ շահարկումների տեղիք տվող խնդիրներ, խոչընդոտում հանրային ծառայություններից օգտվող սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռմանը և այլն։ Միաժամանակ, վարչական վարույթի երկարաձգման, կասեցման, վերսկման և կարճման օրենսդրությամբ ամրագրված հիմքերն ամբողջական չեն, ինչը խոչընդոտում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթներով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկմանը։ Բացակայում են նաև վարչական վարույթների միացման կամ առանձնացման վերաբերյալ կարգավորումները։
- Իրավախախտման հետևանքների վերացում և տույժերի կիրառման ընթացքում համաչափության ապահովում
Հանձնաժողովի կողմից ճյուղային օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունքում, որպես կանոն, անհրաժեշտություն է առաջանում միաժամանակ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը ու կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն) կամ տալու այդ մասին հանձնարարականներ, ինչի մասով առկա է օրենսդրական ձևակերպումների հստակեցման անհրաժեշտություն։
Միաժամանակ, խնդրահարույց է ճյուղային տարբեր օրենքներով հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման հետ կապված սկզբունքորեն իրարից տարբերվող օրենսդրական լուծումները։ Մասնավորապես, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում համաձայն գործող օրենսդրության, միատեսակ մոտեցում է նախատեսված կարգավորվող անձանց կողմից օրենքի կամ Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների խախտման համար սահմանվող տույժերի կիրառման մասով, ինչը չի բխում կատարած իրավախախտման նկատմամբ նախատեսված տույժի համաչափության սկզբունքից, ինչպես նաև՝ դրանով հաշվի չի առնվում իրավախախտման բնույթը, իրավախախտի զբաղեցրած դիրքը, գործունեության ծավալը և այլն։ Մասնավորապես, օրինակ, գործող կարգավորումն առավել խիստ իրավախախտման համար հնարավորություն է տալիս սահմանափակվել կանխիչ միջոցառումներով, իսկ անփութության հետևանք հանդիսացող իրավախախտման համար նախատեսում է միայն տուգանք կամ առավել խիստ պատիժ՝ լիցենզիայի կասեցում կամ դադարեցում։ Ընդ որում, ներկայումս առկա չէ կարգավորվող անձի նկատմամբ նախազգուշացում կիրառելու հնարավորությունը։ Ավելին, նախատեսված տուգանքների մեծությունը բոլոր իրավախախտների համար միատեսակ է՝ անկախ վերջիններիս գործունեության ծավալից։ Նշված կարգավորմանն ի հակառակ, էներգետիկայի բնագավառում վերը թվարկված առանձնահատկությունները հաշվի են առնված և դրված են տույժերի կիրառման օրենսդրական կարգավորումների հիմքում։ Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում առկա է նաև կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցման վերաբերյալ իրավակարգավորումների վերանայման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով կարգավորվող այլ ոլորտներում առկա միասնական մոտեցումը։
- Օրենքը չի համապատասխանում նաև օրենսդրական տեխնիկայի գործող կանոններին։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով և հարակից օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագիծ) մասնավորապես կարգավորվում են հետևյալ հարցերը․
- Հստակեցվել են հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները` նախատեսելով, որ դրանք ընդունվում են Հանձնաժողովի նիստում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավոր քվեարկությամբ։ Մասնավորապես, ըստ էության քննարկման կարիք չունեցող հարցերի պարագայում կարգավորման գործընթացի առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպման նպատակով նախատեսվել է գրավոր քվեարկությամբ հանձնաժողովի որոշումների ընդունման հնարավորությունը և կազմակերպման ընդհանուր կարգը, որի մանրամասները կսահմանվեն Հանձնաժողովի կողմից։ Ամրագրվել են նաև բանավոր որոշումների ընդունմանն առնչվող կարգավորումներ։
- Ամրագրվել են հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկման, այդ ընթացքում դրանց հետագա գործողությանն առնչվող հստակ կարգավորումներ, որոնք ուղղված են այդ ակտերի՝ ժամանակին կատարման ուժով իրենց նպատակին ծառայելուն:
- Ամրագրվել են Հանձնաժողովի (անդամների) գործունեության անկախության երաշխիքներ, Հանձնաժողովի անդամների լիազորությունները հստակ ամրագրող կարգավորումներ, քվեարկության դրված հարցի մասով բացասական դիրքորոշում ունենալու դեպքում հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորություն և պարտավորություն, հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջների, վերջիններիս պաշտոնավարման և գործունեության դադարման հետ կապված հստակեցումներ,
- Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները համապատասխանեցվել են առկա իրողություններից, մասնավորապես ամրագրվել է Հանձնաժողովի նիստին ինչպես Հանձնաժողովի անդամի, այնպես էլ այլ անձանց՝ տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով մասնակցելու հնարավորություն, հստակեցվել են նիստը դռնփակ անցկացնելու, նիստի արձանագրման և ձայնագրման, ծանուցումների, հետաձգումների հետ կապված հարցերը և այլն։
- Հանձնաժողովի կողմից մոնիթորինգի իրականացման, ինպես նաև կարգավորվող անձանց կամ սպառողների տարածք մուտք գործելու վերաբերյալ կարգավորումները համապատասխանեցվել են լիազորող նորմի իրավական որոշակիության սկզբունքին։
- Նախատեսվել են շահագրգիռ և այլ անձանց պատշաճ ծանուցման ապահովման հետ կապված հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորումներ։
- Օրենքում ամրագրվել են իրավասու մարմինների և կարգավորվող անձանց կողմից Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ կարգավորումներ, այդ թվում՝ հստակ ժամկետներ։ Համանման պարտավորություն նախատեսվել է նաև հանձնաժողովի համար։
- Ամրագրվել է դիմում-բողոքների և հաղորդումների արդյունավետ և համակողմանի քննարկմանն ուղղված հստակ ընթացակարգ։
- Նախատեսվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթներով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկմանն ուղղված կարգավորումներ, որոնք հաշվի են առնում կարգավորվող ոլորտներին բնորոշ առանձնահատկությունները, խիստ մասնագիտացված բնույթ կրող հարցերի համակողմանի քննության անհրաժեշտությունը, հանրային ծառայություններից օգտվող սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռմանը միտված մեխանիզմները և այլն։ Այդ առումով նախատեսվել է վարչական վարույթի ժամկետի՝ գործող օրենսդրությամբ սահմանվածի համեմատությամբ ավելի երկար ժամկետ, տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված թղթային մատյանների վարման աննպատակարհարմարությունից ելնելով՝ սահմանվել է վարչական գործերի և վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի էլեկտրոնային հաշվառման պահանջ, սահմանվել են Հանձնաժողովի կողմից պատասխանատվության կիրառման վաղեմության ժամկետներ, ինչպես նաև վարչական վարույթների միացման և առանձնացման հնարավորություններ։ Նախագծով ամրագրվել է դրույթ, որով հնարավորություն կընձեռնվի Հանձնաժողովին՝ վարույթը վերսկսել այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է Հանձնաժողովի կողմից հայեցողական լիազորությունները ոչ իրավաչափ իրականացնելու, այդ թվում՝ վարչական վարույթի իրականացման ընթացակարգային խախտումներ թույլ տալու հանգամանքը։ Հստակեցվել են վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի ապահովմանը վերաբերող դրույթները։ Նկատի ունենալով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները՝ Օրենքը լրացվել է վարույթի մասնակիցների՝ լսմանը ժամանակի իրական ռեժիմում առցանց եղանակով մասնակցելու հնարավորություն սահմանող դրույթով։
Նախատեսվել է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը:
Միաժամանակ, հստակեցվել են վարչական վարույթի երկարաձգման, կասեցման, վերսկման և կարճման օրենսդրությամբ ամրագրված հիմքերը։
- Օրենսդրական հստակեցում են ստացել հանձնաժողովի կողմից իրավախախտման փաստի արձանագրման դեպքում մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու ու դրանից բխող գործողություններ կատարելու (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն) կամ այդ մասին հանձնարարականներ տալու հետ կապված իրավասությունները։ Հստակեցվել են էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում տույժերի կիրառման, ինչպես նաև կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցման հետ կապված կարգավորումները։
- Առաջարկվել է սահմանել Հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծությունն անհրաժեշտ չափով ավելացնելու գործընթացը, ինչի արդյունքում համապատասխանաբար կավելանան պետական բյուջե վճարվող հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները։ Փոփոխությունը հնարավորություն կտա Հանձնաժողովին մրցույթի միջոցով ներգրավելու անկախ աուդիտորների, որոնք իրենց մատուցած ծառայությունների համար վճարվելով Հանձնաժողովի կողմից, հաշվետու կլինեն վերջինիս, և, դրանով իսկ՝ կբացառվի աուդիտի իրականացման ընթացքում կարգավորվող անձանց միջամտությունը կամ ներգործությունը։ Բացի այդ, Հանձնաժողովի կողմից անհրաժեշտ է գնահատել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում օպերատորների ցանցերի հուսալիության և անվտանգության ապահովման մակարդակը, ինչպես նաև՝ ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների հասանելիության ապահովման ուղղությամբ որոշակի պարտավորություններ սահմանելու նպատակով՝ ենթակառուցվածքների զարգացման համար պահանջվող ներդրումներն ու դրանց վերադարձելիությունը, ինչի իրականացումը ևս պահանջում է նեղ մասնագիտացում ունեցող անձանց (աուդիտ, վերլուծություն) ներգրավում, և, չնայած «Էլեկտրոնային հաղորդկացության մասին» օրենքով Հանձնաժողովին ուսումնասիրություններ և աուդիտ իրականացնելու գործառույթի սահմանմանը, համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված՝ Հանձնաժողովն այն պատվիրակել է օպերատորներին։ Հետևաբար՝ առաջարկվող փոփոխությունը թույլ կտա ներգրավելու համապատասխան փորձառություն ունեցող միջազգային կամ տեղական փորձագետներ, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպություններ։ Միաժամանակ, փոփոխությունը պայմանավորված է նաև Հանձնաժողովի շենքային պայմանները բարելավելու նպատակով կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։
- Խմբագրական փոփոխությունների են ենթարկվել նաև Օրենքի մի շարք այլ դրույթներ:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունումն ուղղված է Հանձնաժողովի՝ հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության սահմանադրաիրավական մանդատն իրագործելու կարողությունների բարելավմանը, և դրանով իսկ՝ հանրային ծառայությունների ոլորտի առավել արդյունավետ կարգավորման խթանմանը, ինչն էլ բխում է հանրային կարգավորման շահերից:
-
Discussed
15.03.2021 - 31.03.2021
-
Type
Law
-
Area
Justice, Compulsory enforcement of judicial acts, Constitutional and administrative legislation, Energy (electricity, heat supply, gas supply systems), Water economy, Telecommunication(electronic communication), Postal service, Public service
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 6660
Print