Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N   - Ն

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին» № 623-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                      

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                            

                                                                                        ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 



Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
_________________ _____-ի   №      -Ն որոշման

 «Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի № 623-Ն որոշման

 

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն ընթացակարգով (այսուհետ` կարգ) և չափանիշներով կարգավորվում են տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ` ՏԿ) պահանջներին համապատասխանության գնահատման ծառայություն մատուցելու համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ` ՀԳՄ) նշանակման չափանիշների և ընթացակարգերի, նշանակման վկայականի գործողության կասեցման և չեղյալ հայտարարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են նշանակման դեպքերը:
  2. Նույն ՏԿ-ի պահանջների ապահովման համար կարող են նշանակվել մի քանի ՀԳՄ-ներ:
  3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իմաստը:

 

 ՀԳՄ-Ի ՆՇԱՆԱԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական այն անձինք, որոնք համապատասխանում են սույն կարգով սահմանված չափանիշներին:
  2. ՀԳՄ-ն պետք է իրականացնի «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքով, ինչպես նաև համապատասխան ՏԿ-ով իրեն վերապահված համապատասխանության գնահատման այն բոլոր պահանջները, համաձայն որոնց հավակնում է դառնալ նշանակված մարմին:
  3. Նշանակվելու համար ՀԳՄ-ն պետք է`

1) ունենա համապատասխանության գնահատման գործունեության իրականացման իրավասություն, տվյալ բնագավառի համապատասխան մասնագիտություն և որակավորում, մասնագիտական վերապատրաստում,

2) ունենա համապատասխանության գնահատման գործունեության հետ կապված տեխնիկական կարողություններ, անհրաժեշտ սարքավորումներ (օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա ստուգաչափված/տրամաչափարկված չափման միջոցներ) ու տարածքներ (սենքեր),

    3) լինի անկախ այն կազմակերպությունից կամ արտադրանքից, որը գնահատում է` հանդես գալով որպես համապատասխանության գնահատման երրորդ կողմ: ՀԳՄ-ն չպետք է ներկայացնի այնպիսի կազմակերպություն, որը ներգրավված է գնահատվող արտադրանքի նախագծման, արտադրման, առաքման, իրացման կամ վերանորոգման գործընթացներում, ինչպես նաև հանդես չգա որպես արտադրանքի նախագծող, արտադրող, մատակարար, տեղադրող, սեփականատեր կամ գնահատվող արտադրանքի վերանորոգման օպերատոր, կամ էլ որպես նշված կողմերից մեկի լիազոր ներկայացուցիչ, անմիջականորեն ներգրավված չլինի համապատասխան արտադրանքի նախագծման, արտադրման կամ ստեղծման, շուկայահանման, տեղադրման, վաճառքի կամ վերանորոգման աշխատանքների մեջ: ՀԳՄ-ը, մասնավորապես, պետք է զերծ լինի համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների վրա ազդող ցանկացած տեսակի ճնշումներից և ֆինանսական խրախուսանքներից.

     4) անհրաժեշտության դեպքում ունենա ենթակապալի պայմանագրեր՝ համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար:

  1. ՏԿ-երի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման համար նշանակված մարմինները (այսուհետ` ՀԳՆՄ) հետևյալ դեպքերում՝

1) եթե մասնակցելու են ՏԿ-երի պահանջների պահպանման պետական վերահսկողության ժամանակ ՏԿ օբյեկտ հանդիսացող արտադրանքի փորձանմուշների փորձարկումներին.

     2) եթե իրականացնելու են ՏԿ օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատում (արտադրանքի սերտիֆիկացում, հայտարարագրում, պետական գրանցում):

 

 

III. ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

  1. ՀԳՄ-ի նշանակման համար նախատեսված փաստաթղթերի ձևերը (նշանակման հայտի, ՀԳՄ-ի նշանակման վկայականի և դրան կից հավելվածի ձևերը) սահմանում է համակարգող մարմինը:
  2. Նշանակման համար ՀԳՄ-ն դիմում է համակարգող մարմին հանդիսացող ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ թղթային և էլեկտրոնային եղանակով` ներկայացնելով նշանակման հայտ:
  3. Հայտին կից ներկայացվում են ՀԳՄ-ի ղեկավարի կողմից ստորագրված, համարակալված և կնքված հետևյալ փաստաթղթերը.

1) նշանակման գործընթացի իրականացման վերաբերյալ համակարգող մարմնին հասցեագրված գրություն,

2) ՀԳՄ-ի գործունեության նկարագիրը,

3) հավատարմագրման ազգային մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրի (ներառյալ՝ հավատարմագրման վկայագրի անբաժանելի մաս հանդիսացող Հավելվածի/Հավելվածների) պատճենները,

4) ՏԿ օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի անվանումները, որոնց համար ներկայացվել է նշանակման հայտ,

5) ՀԳՄ-ի կողմից համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար կնքված ենթակապալի պայմանագրերի պատճենները համապատասխանության գնահատման աշխատանքները այլ ընկերությունների միջոցով իրականացնելու դեպքում,

6) տեղեկանք ՀԳՄ-ի անկողմնակալության և անկախության վերաբերյալ,

7) տեղեկատվություն ՀԳՄ-ի տեխնիկական կարողությունների, անհրաժեշտ սարքավորումների (օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա ստուգաչափված/տրամաչափարկված չափման միջոցների՝ կցելով ստուգաչափման/տրամաչափարկման վկայականների/արձանագրությունների պատճենները) ու տարածքների (սենքերի) վերաբերյալ,

8) ՀԳՄ-ի կողմից իր գործունեության ընթացքում տրամադրված համապատասխանության գնահատման (գրանցված համապատասխանության հայտարարագրեր, տրամադրված փորձարկման արձանագրություններ, համապատասխանության սերտիֆիկատներ, պետական գրանցման վկայականներ) վերջին 5 փաստաթղթերի պատճենները (պահանջը չի վերաբերում առաջին անգամ հավատարմագրված և նշանակման հայտ ներկայացրած ՀԳՄ-ին),

9) սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող տեղեկատվություն,

10) ՀԳՄ-ի տարածքի վարձակալության դեպքում վարձակալական պայմանագրի պատճենը։

  1. Համակարգող մարմինը ներկայացված հայտն ու հայտին կից փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ ՀԳՄ-ին գրությամբ տեղեկացնում է ներկայացված հայտն ընդունելու կամ մերժելու մասին (մերժման դեպքում տեղեկացնելով նաև մերժման հիմքերը):

12․ Համակարգող մարմինն ապահովում է նշանակման գործընթացում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիությունը:

  1. Հայտի ընդունումից հետո սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերում` ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին անհամապատասխանություններ, ինչպես նաև անճշտություններ կամ վրիպակներ հայտնաբերելու դեպքում համակարգող մարմինը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է հայտատուին և առաջարկում 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք:
  2. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները, անճշտությունները կամ վրիպակները չուղղելու, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերի լրակազմ տարբերակները չապահովելու կամ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հայտը մերժվում է:
  3. Նշանակման ոլորտ է համարվում համապատասխանության գնահատման նշանակված մարմնին տրամադրված նշանակման վկայականում ամրագրված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի և հավատարմագրման ոլորտով սահմանված ցուցանիշների համապատասխանության գնահատման ծառայությունները:
  4. Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության, սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանության, նշանակման ոլորտի սահմանման (նշանակման) կամ մերժման, նշանակման վկայականի գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարման, նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման համար համակարգող մարմնի կողմից ստեղծվում է աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ), որի կազմը և աշխատակարգը հաստատվում է համակարգող մարմնի կողմից։
  5. Սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացվում է մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչից հետո ՀԳՄ-ի նշանակման ոլորտի սահմանման (նշանակման) կամ մերժման, նշանակման վկայականի գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարման, նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման վերաբերյալ համակարգող մարմնի ղեկավարին համապատասխան առաջարկ ներկայացնելու նպատակով կայանում է Աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ նիստ, որի արդյունքներն ամփոփվում են քվեարկությամբ։
  6. Քվեարկության արդյունքում Աշխատանքային խմբի անդամների կեսից ավելիի կողմ քվեարկած ձայների առկայության դեպքում 4 աշխատանքային օրվա ընթացքում համակարգող մարմնի ղեկավարին ներկայացվում է համապատասխան առաջարկ, ինչից հետո Աշխատանքային խմբի անդամների քվեարկության արդյուքների հիման վրա համակարգող մարմնի ղեկավարի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է ՀԳՄ-ի նշանակման ոլորտի սահմանման (նշանակման) կամ մերժման, նշանակման վկայականի գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարման, նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման մասին որոշում։
  7.  Սույն կարգի 18-րդ կետով սահմանված համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է ՀԳՆՄ-ին, որը հրապարակվում է համակարգող մարմնի պաշտոնական կայքում։
  1. Համակարգող մարմինը յուրաքանչյուր ՀԳՆՄ-ի մասին տեղեկատվություն հրապարակում է համակարգող մարմնի պաշտոնական կայքում` ապահովելով հրապարակված տեղեկատվության արդիականությունը, ինչպես նաև ներառելով տվյալ ՀԳՆՄ-ին վերաբերող փոփոխությունները:
  2. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված համապատասխան որոշման հրապարակումը  համակարգող մարմնի պաշտոնական կայքում համարվում է ծանուցում։
  1. ՀԳՄ-ը նշանակվելու դեպքում սույն կարգի 19--րդ կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համակարգող մարմին է ներկայացնում «Պետական տուրքի մասին» օրենքի պահանջների համաձայն նշանակման համար վճարված պետական տուրքի անդորրագիր և Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր (ապահովագրողի առավելագույն պատասխանատվության սահմանաչափը պետք է կազմի առնվազն 2 մլն ՀՀ դրամ)՝ ապահովելով նշանակման ողջ ժամանակահատվածում պայմանագրի արդիականացումը
  2.  Սույն կարգի 22-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համակարգող մարմնի կողմից ՀԳՆՄ-ին տրամադրվում է նշանակման վկայական:
  3. ՀԳՄ-ը նշանակվում է բացառապես իր կողմից ներկայացված հայտով մեկ կամ մի քանի ՏԿ օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար մինչև 4 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ավարտը և նրան շնորհվում է նույնականացնող համար:
  4. Եթե ՀԳՆՄ-ի հետագա հավատարմագրման գործընթացը չի ավարտվել, իսկ ՀԳՆՄ-ի նշանակման վկայականի գործողության ժամկետն ավարտվել է, ապա ՀԳՆՄ-ը նշանակման վկայականի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քանի 2 ամիս առաջ կարող է համակարգող մարմին ներկայացնել նոր նշանակման հայտ։ Տվյալ դեպքում ՀԳՆՄ-ն նշանակվում է մինչև հետագա հավատարմագրման վերաբերյալ տեխնիկական կոմիտեի համապատասխան որոշման ընդունումը։ Դրական որոշման դեպքում ՀԳՆՄ-ի կողմից համակարգող մարմին է ներկայացվում նոր նշանակման հայտ և սույն կարգով սահմանված արդիականացված փաստաթղթեր:
  5. ՀԳՆՄ գրանցվում է համակարգող մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից վարվող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում, որի ձևը և վարման կարգը հաստատվում է համակարգող մարմնի կողմից:
  6. ՀԳՆՄ նշանակման ողջ ժամանակահատվածում ապահովում է ենթակապալի պայմանագրի արդիականացումը (առկա պայմանագրի ժամկետը լրանալու կամ պայմանագրի լուծման դեպքում) և ենթակապալի նոր պայմանագրերի ներկայացումը համակարգող մարմնին:
  7. Քվեարկության արդյունքում Աշխատանքային խմբի անդամների կեսից ավելիի դեմ քվեարկած ձայների առկայության դեպքում 4 աշխատանքային օրվա ընթացքում համակարգող մարմնի ղեկավարին ներկայացվում է տվյալ ՀԳՄ-ի նշանակման հայտը մերժելու վերաբերյալ առաջարկ, ինչից հետո համակարգող մարմնի ղեկավարի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է նշանակման հայտը մերժելու մասին որոշում։
  8. Համակարգող մարմնի ղեկավարի կողմից ՀԳՄ-ի նշանակման հայտը մերժելու մասին որոշումն ընդունելուց հետո համակարգող մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ հայտատուին ծանուցվում է նշանակման մերժման մասին՝ կցելով համակարգող մարմնի ղեկավարի որոշումն ու աշխատանքային խմբի անդամների քվեարկության արդյունքները:
  9. ՀԳՆՄ-ի նշանակման ժամկետի լրանալուց հետո կամ նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքերում ՀԳՄ-ի կողմից ներկայացվում է նոր նշանակման հայտ՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով:
  10. Նշանակման ժամանակահատվածում նույն ՀԳՆՄ-ի կողմից նշանակման նույն ոլորտով նշանակման նոր հայտ չի կարող ներկայացվել:
  11. ՀԳՄ-ի նշանակման մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀԳՄ-ների նշանակման բողոքարկման հանձնաժողով` որոշումն ծանուցվելուց հետո 2 ամսվա ընթացքում:

 

 ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 44. ՀԳՆՄ-ի կողմից «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքին և/կամ սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու մասին համապատասխան տեղեկատվություն ստանալու և արձանագրված անհամապատասխանություն/ները հիմնավորված համարվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգող մարմնի կողմից ընդունվում է նշանակման վկայականի գործողությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին որոշում, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը համակարգող մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից գրանցվում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում և հրապարակվում է համակարգող մարմնի պաշտոնական կայքում:

45. Սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեպքերում նշանակումը կասեցվում է 30 աշխատանքային օրով` դրա մասին համակարգող մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով ՀԳՆՄ-ին և տեղեկացնելով կասեցման պատճառների մասին

46. ՀԳՆՄ-ի կողմից կասեցման մասին որոշումն ծանուցվելուց հետո մինչև կասեցման ժամկետի ավարտը կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելը կասեցման վերացման հիմք է, հակառակ դեպքում` նշանակումը չեղյալ հայտարարելու հիմք:

47. Նշանակման վկայականի գործողության կասեցումը և չեղյալ հայտարարումն իրականացվում է նաև այն դեպքերում, եթե`

1) Կասեցման դեպքերը․

ա․ ՀԳՆՄ-ի կողմից համակարգող մարմնին ներկայացվել է համապատասխան դիմում,

բ․ ՀԳՆՄ-ի կողմից նշանակվելուց հետո չի պահպանվել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջները,

գ․ ՀԳՆՄ-ի կողմից չի ապահովվել սույն կարգի 22-րդ կետով սահմանված պահանջը,

դ․ ՀԳՆՄ-ի կողմից չի ապահովվել սույն կարգի 27-րդ կետով սահմանված պահանջը,

ե․տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին անհամապատասխանությունների հայտնաբերման և սույն կարգի 33-րդ կետով սահմանված որոշման դեպքում,

զ․ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված ՀԳՆՄ-ի հավատարմագրման կասեցման վերաբերյալ տեխնիկական կոմիտեի որոշումը։

2) Չեղյալ հայտարարման դեպքերը․

ա․ՀԳՆՄ-ի կողմից համակարգող մարմնին ներկայացվել է համապատասխան դիմում,

   բ․ առկա է իրավաբանական անձի լուծարում,

գ․նշանակման ոլորտից դուրս իրականացվել է համապատասխանության գնահատման գործունեություն,

դ․ ՀԳՆՄ-ի կողմից սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջի խախտումը մինչև կասեցման ժամկետի ավարտը չվերացնելու դեպքում,

ե․ ՀԳՆՄ-ի կողմից սույն կարգի 22-րդ կետով սահմանված պահանջի խախտումը մինչև կասեցման ժամկետի ավարտը չվերացնելու դեպքում,

զ․ ՀԳՆՄ-ի կողմից սույն կարգի 27-րդ կետով սահմանված պահանջի խախտումը մինչև կասեցման ժամկետի ավարտը չվերացնելու դեպքում,

է․ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արձանագրված անհամապատասխանությունները մինչև կասեցման ժամկետի ավարտը չվերացնելու դեպքում,

ը․ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված ՀԳՆՄ-ի հավատարմագրման դադարեցման վերաբերյալ տեխնիկական կոմիտեի որոշումը:

48. Նշանակման վկայականի գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարման արդյունք է հանդիսանում համապատասխան ոլորտում համապատասխանության գնահատման գործունեության դադարեցումը:

49. Համապատասխանության գնահատման այն փաստաթղթերը, որոնք տրվել են նշանակման վկայականի գործողության կասեցման վերաբերյալ որոշման ընդունումից և ծանուցումից հետո կամ նշանակման չեղյալ հայտարարման վերաբերյալ որոշման ընդունումից և ծանուցումից հետո, համարվում են անվավեր:

50. Նշանակման վկայականի գործողության կասեցման պատճառ հանդիսացող անհամապատասխանությունները վերացվում են ՀԳՆՄ-ի` համակարգող մարմնի հետ գրավոր համաձայնեցված ուղղիչ միջոցառումների միջոցով:

51. Նշանակման վկայականի գործողության կասեցմանը բերած հանգամանքների վերացման դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում, համակարգող մարմնի կողմից կասեցումը վերացվում է:

52. ՀԳՆՄ-ի նշանակման վկայականի գործողության կասեցումը կամ չեղյալ հայտարարումը չի ազդում այն համապատասխանության գնահատման փաստաթղթերի վրա, որոնք տրվել են վերջինիս կողմից նախքան նշանակման վկայականի գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարման վերաբերյալ որոշման ընդունումը:

53. Նշանակման վկայականի գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ որոշումն ծանուցվելուց հետո 2 ամսվա ընթացքում:

54. ՀԳՆՄ կողմից համակարգող մարմնին կարող է ներկայացվել նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման հայտ, ինչի ներկայացման դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է տվյալ ՀԳՆՄ նշանակման վկայականի վերաձևակերպում՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով:

55. ՀԳՄ-ի նշանակման վկայականի վերաձևակերպման համար ՀԳՆՄ կողմից վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքի պահանջների համաձայն:

56. ՀԳՄ-ի նշանակման վկայականին անհրաժեշտության դեպքում կցվում է համակարգող մարմնի ղեկավարի կողմից հաստատված նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխված նշանակման վկայականի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածը:

57. Նշանակման ընդլայնման կամ փոփոխման վերաբերյալ որոշումը վավեր է մինչև ՀԳՆՄ-ի նշանակման ժամկետի ավարտը:»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    09.03.2021 - 31.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4953

Print