«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
19.05.2014թ.-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի (մայր փաստաթուղթ: ԱԺ,19.05.2014,ՀՕ-25-Ն) 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը, ինչպես նաև Կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Համաձայն հիշյալ օրենքի կարգավորումների ՀՀ կառավարությանը 04.09.2014թ.-ի ընդունել է՝
1) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա և
2) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 919-Ա որոշումները:
Սակայն 23.03.2018թ.-ին ընդունված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» թիվ ՀՕ-207-Ն օրենք 9-րդ հոդվածի պահանջներն ապահովելու նպատակով, անհրաժեշտություն էր առաջանում համապատասխան փոփոխություն կատարելու «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում, ըստ որի՝ կսահմանվեր, որ Կոմիտեի կառուցվածքը, հաստիքացուցակը և կանոնադրությունը հաստատվելու էր մարմնի ղեկավարի կողմից:
Այսպիսով, նկատի ունենալով 2018թ.-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» թիվ ՀՕ-205-Ն (հոդ. 41-րդ 4-րդ մաս), «Հանրային ծառայության մասին» թիվ ՀՕ-206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» թիվ ՀՕ-207-Ն օրենքների պահանջների ապահովումը, Կոմիտեի կողմից՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ մշակվեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
Այնուհետև, ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.12.2020թ.-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-494-Ն օրենքը, որի համաձայն՝ Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը, ըստ որի՝ Կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը, ինչպես նաև Կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատում է ՀՀ կառավարությունը, ուժը կորցրած ճանաչվեց, իսկ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում ամրագրվեց, որ քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքացուցակը և կանոնադրությունը հաստատում է Կոմիտեի նախագահը:
Վերոգրյալը նկատի ունենալով և ի կատարումն ՀՀ վարչապետի 18.04.2004թ.-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 541-Ն որոշման 1-ին կետի պահանջների` Կոմիտեի կողմից մշակվեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ, որում հստակ շարադրվեցին հիշյալ օրենքից բխող ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերնագրերը, ինչպես նաև համապատասխան նախագծերի` ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացման վերջնաժամկետները:
Նշված նախագծի արդյունքում, ՀՀ Վարչապետի կողմից 15.02.2021թ.-ին ընդունվել է թիվ 128-Ա որոշումը, համաձայն որի՝ ՀՀ կառավարության 04.09.2014թ.-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը և 26.04.2018թ.-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ա որոշումները մինչև 2021թ.-ի մարտի երկրորդ տասնօրյակ՝ պետք է ճանաչվեն ուժը կորցրած:
Հիշատակված N 935-Ա որոշման 2-րդ հավելվածի 1-ին աղյուսակը նախատեսում է, որ Կոմիտեում առկա են՝ խորհրդականի, մամուլի քարտուղարի և օգնականի պաշտոններ:
Նկատի ունենալով վերոգրյալ փաստերը և այն հանգամանքը, որ հիշատակված որոշումներն օրենքի ուժով, ճանաչվելու են ուժը կորցրած, իսկ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ պետական մարմնի կառուցվածքում ի թիվս այլնի, օրենքով նախատեսված դեպքերում ընդգրկվում են՝ պետական մարմնի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները և այդ օրենքը «Հանրային ծառայության մասին» օրենքն է, որի 8-րդ հոդվածում թվարկված են մի շարք մարմինների ղեկավարներ, ովքեր իրավունք ունեն իրենց կողմից ղեկավարվող մարմնում ունենալու խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի պաշտոններ, ակներև է, որ Քննչական մարմինների ղեկավարները նշված ցանկում ներառված չեն:
Նկատի ունենալով, այն հանգամանքը, որ ներկայումս նշված պաշտոններն առկա են Կոմիտեում և փաստացի համալրված են (հիմք՝ ՀՀ կառավարության 04.09.2014թ.-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 11.06.2018թ.-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշումը, որտեղ ներառված են քննարկվող հայեցողական պաշտոնները), ուստի ապահովելով հիշատակված պաշտոնները զբաղեցնող անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, ղեկավարվելով Սահմանադրության 73-րդ հոդվածով և բացառելով անձի իրավական վիճակը վատթարացնող հանգամանքները, անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարելու «Հանրային ծառայության մասին» օրենքում, որի 8-րդ հոդվածում կսահմանվի, որ Քննչական մարմինների ղեկավարներն ունեն խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի պաշտոններ, իսկ մարմնի ղեկավարի տեղակալները՝ օգնականի պաշտոններ:
Միաժամանակ, հարկ է հստակ արձանագրել, որ հիշատակված լրացման պայմաններում ֆինանսական ծախսի ավելացում չի նախատեսվելու, քանի որ հիշատակված հայեցողական պաշտոններն առկա են Կոմիտեում, համալրված են և սույն օրենքի լրացմամբ ապահովվելու է իրավական որոշակիություն:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի 8-րդ հոդվածում հստակ կամրագրվի, որ քննչական մարմինների ղեկավարներն ունեն խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի պաշտոններ, իսկ մարմնի ղեկավարի տեղակալները՝ օգնականի պաշտոններ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կսահմանվի քննչական մարմինների ղեկավարների խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի պաշտոնները և մարմնի ղեկավարի տեղակալների՝ օգնականի պաշտոնները:
ՀՀ քննչական կոմիտեի
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ այլ ՆՈՐՄԱՏԻՎ իրավական ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
ՀՀ քննչական կոմիտեի
-
Discussed
04.03.2021 - 19.03.2021
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
RA Investigative Committee
Views 5852
Print