Արեն Մնացականյան
05.02.2021
Ձևակերպման փոփոխությունը ողջունելի է, սակայն գործնական կիրառման ընթացքում կրկին խնդիրներ են առաջանալու ապօրինի տեղափոխվող թափուկ վառելափայտի դեպքում: Նոր ձևակերպմամբ այդ հարցը կարծես թե նորից բաց է մնում:
2 - Agree
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատանքային ծրագրի պահանջների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը, որի արդյունքում վեր են հանվել նշված հանցակազմի կիրառման հետ կապված մի շարք խնդրահարույց իրավիճակներ, որոնք գործնականում առաջացրել են խնդիրներ արարքների քրեաիրավական որակման հարցում։ Այսպես`
ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: ... »:
ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով 1-ին մասում նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման առանձին եղանակ հանդիսացող՝ «ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը» ունի մեկնաբանման կարիք:
Մասնավորապես`
ՀՀ անտառային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերության համաձայն՝ բնափայտի մթերումը արմատից հատված, ինչպես նաև քամատապալ, ձյունակոտոր ծառերի անտառից դուրսբերումն է:
ՀՀ անտառային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ պարբերության համաձայն՝ երկրորդական անտառանյութը մթերված կոճղն է, կեղևը, չորացած ճյուղը, շիվը, խեժը:
ՀՀ անտառային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերության համաձայն՝ թափուկը անտառային հողի վրա ընկած, մահացած ծառերի մասերն է կամ բները:
Միաժամանակ, ՀՀ անտառային օրենսգրքով առկա չէ որևէ նշում ծառի հասկացության վերաբերյալ, իսկ բառարաններում տրված ծառի բնորոշման համաձայն՝ ծառը բազմամյա բույս է, որն ունի բնափայտի ամուր բուն և բնի վրա ճյուղերի ու տերևների պսակ:
Ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված իրավանորմի դիսպոզիցիայում նշված «ծառեր տեղափոխել» եզրույթը չպետք է նույնացնել վառելափայտի, շինափայտի կամ փայտանյութի հետ, քանի որ վերջինները չունեն ծառի բնորոշմամբ նշված հատկանիշները:
Ավելին` փայտանյութը, ինչպես վերը նշվեց, անտառային հողի վրա ընկած, մահացած ծառերի մասերն են կամ բները, որոնք չեն կարող նույնանալ ծառերի հետ, իսկ շինափայտը և վառելափայտը ծառերը հատելուց հետո դրանցից առաջացած որոշակի փայտանյութն է:
Հարկ է նշել, որ դատական պրակտիկայում վերոգրյալ հանգամանքն արդեն իսկ դրվել է արդարացման դատավճռի հիմքում։ Այսպես` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2020թ. մարտի 18-ի թիվ ՏԴ/0146/01/19 դատավճռով ամբաստանյալն արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Արդարացման դատավճռով դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի շարադրանքից երևում է, որ օրենսդրի նպատակը եղել է ապօրինի ոտնձգություններից անտառի և շրջակա միջավայրի պահպանումը, ապօրինի անտառահատումներ թույլ չտալը, անօրինական գործողություններով բնությանը պատճառվելիք վնասի կանխումը: Միաժամանակ օրենսդիրն ամրագրել է, որ փայտանյութն անտառից պետք է դուրս բերել միայն օրինական կարգով` համապատասխան փաստաթղթերով:
Դատարանը գտել է, որ նույն նպատակը հստակ երևում է նաև Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 65 հոդվածի շարադրանքից՝ հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելն առաջացնում են տուգանքի նշանակում:
Դատարանը նշել է, որ համաձայն Հրաչյա Աճառյանի` Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի` ծառը բազմամյա բույս է, որն ունի ամուր երկար փայտաբուն և ճյուղեր ու տերևներ, որոնք բնի վրա պսակ են կազմում: Իսկ թուփը բազմամյա բույս է` փայտացող ցողուններով, որը ծառից տարբերվում է ավելի ցածր հասակով և նրանով, որ գետնի երեսից ճյուղավորվելով` տալիս է մի շարք ցողուններ:
Ըստ դատարանի՝ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է եղել ոչ թե անտառից նրա կողմից ապօրինի դուրս բերված ծառի կամ թփի, այլ մեկ այլ անձի կողմից արդեն իսկ դուրս բերված, կտրտված, պատրաստի վառելափայտի տեղափոխումը, որը նա, համաձայն գործով ձեռք բերված տվյալների, գնել է ճանապարհին` անծանոթ անձից:
Դատարանը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը, այլ արարքներից բացի, պատիժ է նախատեսում ծառերը և թփերն առանց թույլտվության տեղափոխելու համար, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Սակայն նշված գործով ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել` վարչական տույժի ենթարկված լինելով` մեկ տարվա ընթացքում, առանց թույլտվության վառելափայտ տեղափոխելու համար:
Վառելափայտ տեղափոխելը` որպես քրեորեն պատժելի արարք, վերոհիշյալ հոդվածով սահմանված չէ, հետևաբար ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի շարադրանքը մեղադրական հոդվածի նկարագրական մասի հետ չի համընկնում, ուստի դատարանը գտել է, որ ամբաստանյալը չի կատարել տվյալ հոդվածով նախատեսված արարք: Այսինքն` նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը:
Դատարանի մոտեցումը թեև տրամաբանական է ծառ հասկացության մեկնաբանման, սակայն խնդրահարույց է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 65-րդ հոդվածի տրամաբանության մեկնաբանման տեսանկյունից, քանզի հիշյալ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում ոչ թե ծառ, այլ անտառանյութ ապօրինի տեղափոխելու համար, իսկ ՀՀ անտառային օրենսգրքում թեև բացակայում է անտառանյութ հասկացությունը, սակայն օրենսգրքի 3-րդ հոդվածում սահմանված երկրորդական անտառանյութ հասկացության բնորոշումից հետևում է, որ այդպիսին կարող է լինել նաև վառելափայտը։
Նշված դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն մնացել է անփոփոխ և մտել է օրինական ուժի մեջ։
Ընդ որում, հատկանշական է, որ անգամ նման պայմաններում, երբ ՏԴ/0146/01/19 քրեական գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, դատական պրակտիկայում բարձրացված հարցին մեկ այլ քրեական գործով տրվել է ամբողջովին հակասող մեկնաբանություն։
Այսպես` ՏԴ/0057/01/20 քրեական գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման մեջ, որ նա, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված՝ ապօրինի ձեռք բերված անտառանյութ տեղափոխելու համար ենթարկված լինելով վարչական տույժի, այն նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում առանց թույլտվության տեղափոխել է վառելափայտ։
Նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի պաշտպանը։ Ի թիվս այլ փաստարկների՝ վերաքննիչ բողոքում պաշտպանն անդրադարձել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված իրավանորմի դիսպոզիցիայում նշված և այդ հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման առանձին եղանակ հանդիսացող՝ «ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը» հասկացության մեկնաբանությանը՝ այն իմաստով, որով որ այն մեկաբանվել էր ՏԴ/0146/01/19 քրեական գործով կայացված արդարացման դատավճռում։
Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, անդրադառնալով քննարկվող հարցին, նշել է, որ այդ առումով պաշտպանի փաստարկը հիմնավոր չի համարում` նկատի ունենալով, որ վառելափայտը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ծառեր» եզրույթի մասնավոր դրսևորում:
Այսինքն` վերոգրյալ երկու քրեական գործերով կայացված դատական ակտերից ակնհայտ է, որ դատական պրակտիկայում քննարկվող հարցի վերաբերյալ ևս չկա միասնական մոտեցում, ինչը գործնականում առաջացնում է խնդիրներ արարքների քրեաիրավական որակման առումով։
Նշվածի համատեքստում առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նշված` «ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը» բառերը պետք է փոխարինել ապօրինի ձեռք բերված արմատախիլ արված կամ հատված կամ մասնատված ծառերը, թփերը տեղափոխելը բառերով, ինչը կապահովի տվյալ հանցակազմի իրավական որոշակիությունը։
Առաջարկվող փոփոխությունը համապարփակ կերպով կարող է վերացնել գործնականում առաջացող խնդիրները, քանզի վերաբերում է ինչպես արմատախիլ և հատված, այնպես էլ մասնատված ծառերին և թփերին (վառելափայտ, թափուկ, բնափայտ):
Բացի այդ, նշված փոփոխությամբ համապատասխանեցվում են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված արարքները, որոնք գործնականում արարքի քրեաիրավական որակման առումով ևս առաջացնում են խնդիրներ։ Այսպես՝ ՏԴ/0072/01/20 քրեական գործով ամբաստանյալին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքը, որ վերջինս ապօրինի վառելափայտ ձեռք բերելու և տեղափոխելու համար ենթարկված լինելով վարչական տուգանքի, վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, խախտելով ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողման կարգի պահանջները, թափուկ փայտանյութի օգտագործման տոմսով իրեն տրամադրված փայտանյութը փոխանակման նպատակով իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, առանց թույլտվության, տեղափոխել է մեկ այլ վայր, սակայն հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն արդարացվել է այն պատճառաբանությամբ, որ նախկինում վերջինս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 65-րդ հոդվածով վարչական պատասխանատվության է ենթարկվել ապօրինի ձեռք բերված վառելափայտը տեղափոխելու համար, իսկ այդ գործով նրան մեղադրանք է առաջադրվել օրինական կարգով ձեռք բերված փայտանյութն ապօրինի տեղափոխելու համար: Հետևաբար դատարանները գտել են, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը և վարչական պատասխանատվության հանգեցրած արարքը նույնը չեն, այսինքն` նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի օբյեկտիվ կողմի այնպիսի հատկանիշ, ինչպիսին է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կատարված լինելը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նշված` «ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը» բառերը փոխարինել «ապօրինի ձեռք բերված արմատախիլ արված կամ հատված կամ մասնատված ծառերը, թփերը տեղափոխելը» բառերով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման առանձին եղանակ հանդիսացող՝ «ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու» եզրույթի հետ կապված գործնականում հանդիպող խնդիրները։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ այլ իրավական ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Discussed
04.02.2021 - 19.02.2021
Type
Legal code
Area
Criminal legislation
Ministry
Ministry of Justice
Views 5185
Print05.02.2021
Ձևակերպման փոփոխությունը ողջունելի է, սակայն գործնական կիրառման ընթացքում կրկին խնդիրներ են առաջանալու ապօրինի տեղափոխվող թափուկ վառելափայտի դեպքում: Նոր ձևակերպմամբ այդ հարցը կարծես թե նորից բաց է մնում: