Add to favourites

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

Հիմնավորում

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Նորոշմամբ հաստատված կարգի համաձայն ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի /այսուհետ՝ օրենք/ 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, ըստ որի՝ ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաև նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի), Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան:

 Հիշյալ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով հստակ նշված է այն անձանց շրջանակը, որոնց ուսման վճարի փոխհատուցումը տրվում է նպաստի ձևով, մինչդեռ բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է փոխհատուցում ստացող օրենքով նախատեսված անձանց շրջանակը, պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը և ծավալները ընդլայնելուն, բարձրագույն կրթության հասանելիության և մատչելիության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների լայն ընդգրկվածության ապահովմանը:

 «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ ենթակետի համաձայն՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝ ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը:

 Ըստ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետով սահմանված սկզբունքի՝ պետությունն ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետևյալ ձևերով. «պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.»: Այս սկզբունքից ելնելով՝ նախատեսվում է սովորողների այլ առանձին խմբերի ներառումը պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացող խմբերի շարքում:

 Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված սկզբունքները հիմք են հանդիսացել նաև Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ներառելու դրույթներ, որոնցով նախատեսվում է, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները միտված են լինելու բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, և միաժամանակ համապատասխան ֆինանսական միջոցներ արտացոլել պետական բյուջեի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:

 Բացի օրենքով սահմանված շրջանակից, սովորողների այլ խմբերի ուսման վարձի փոխհատուցում հատկացնելը անհրաժեշտություն է դարձել հատկապես երկրում հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների պայմաններում և ռազմական դրությամբ պայմանավորված:

    Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրվելու  համար օրենքում թվարկել են սովորողների այլ առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող սովորողներ:  

 Վերջին տարիներին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին համապատասխան միջոցներ են տրամադրվել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին /այս հիմնադրամը դատական կարգով լուծարվել է/, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել վերոնշյալ խմբերը՝ երկու և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև ապրիլյան քառօրյային մասնակից սովորողները:

Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն օրենքներին: Ըստ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Նույնը վերաբերում է նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 3-րդ կետով ամրագրված դրույթներին (ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան) և ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-ն որոշմամբ հատատված Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու մասին կարգի պահանջներին։

Ելնելով վերոգրյալից՝ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում, իրավական հիմք, լիազորող նորմ ապահովելով՝ հնարավորություն կառաջանա Կառավարության որոշմամբ սահմանելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից՝ լրիվ կամ մասնակի:

  • Discussed

    20.01.2021 - 04.02.2021

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7200

Print