Add to favourites

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Այս իրավիճակը հանգեցնում է այս խումբ վարչական ակտերի առնչությամբ Ոստիկանության և Վարչական դատարանի ծանրաբեռնվածության բարձրացմանը։

 Մյուս կողմից, վերոգրյալ վարչական ակտերը կամովին չկատարելու արդյունքում հանրային իրավական դրամական այդ պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, ինչն էականորեն բարձրանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ծանրաբեռնվածությունը։ Միաժամանակ մեծ թիվ են կազմում նաև վերը հիշատակված իրավախախտումների արդյունքում կայացված վարչական ակտերի հիման վրա Ծառայությունում հարուցված և պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույք չունենալու և գույքի անբավարարության հիմքերով ավարտված կատարողական վարույթները։

 Մասնավորապես, 2019-2020թթ. Ծառայությունում Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից ներկայացված անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական վարույթի, իսկ այդ խումբ վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներից ներկայումս ընթացիկ վիճակում է 71030 կատարողական վարույթ։ Ոստիկանության կողմից արձանագրված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով կայացված անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա Ծառայությունում 22.12.2020թ. դրությամբ հարուցվել է 24857 կատարողական վարույթ, որից պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույք կամ եկամուտներ չունենալու և գույքի անբավարարության հիմքերով («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետեր) ավարտվել է 14991 վարույթ, իսկ ընթացիկ վիճակում է 1485 կատարողական վարույթ։

 2020 թվականին հայտարարված արտակարգ դրության, սահմանված կարանտինային ռեժիմի և ռազմական դրության հետևանքով բնակչության մի շարք խմբեր հայտնվել են սոցիալապես խոցելի վիճակում։ Ավելին, հանրային իրավական դրամական պահանջի հիման վրա կատարողական վարույթի հարուցմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները լրացուցիչ անհարմարություններ և, ի դեմս կատարողական գործողությունների կատարման ծախսի, ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն է առաջացնում պարտապանների համար։

 Այս իրավիճակը հետևանք է նաև այն հանգամանքի, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված իրավախախտումների և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը  խրախուսելու գործիքակազմեր։

 Նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի մի շարք իրավախախտումների և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար նշանակված տուգանքների վճարման պարտավորությունը կամովին կատարելը խրախուսելու, արտակարգ դրության, կարանտինի և ռազմական դրության հետևանքները բնակչության շրջանում մեղմացնելու, ինչպես նաև հանրային իրավական դրամական պահանջների և դրանց հարկադիր կատարման հետևանքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև Ոստիկանության և Վարչական դատարանի խիստ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու անհրաժեշտությամբ։

 Հատկանշական է, որ պարտապանի կողմից տուգանքի վճարման պարտավորությունը համապատասխան վարչական ակտը ստանալու պահից 20-օրյա ժամկետում տուգանքի չափը 50 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ կարգավորում է նախատեսված նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսգրքի 32.2-րդ հոդվածի 1.3-րդ և 1.3.1-ին մասերով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Սույն օրենքի նախագծով առաջարկվում է.

  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կատարված.
  • օրենքի գործողությունը նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը սահմանված ժամկետում վճարելու դեպքում տարածել նաև մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Սույն օրենքի ընդունման արդյունքում կխրախուսվի նախագծով սահմանված վարչական իրավախախտումների հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից վարչական ակտը կամովին կատարելը, ինչպես նաև պարտապանի գույքի անբավարարության հիմքով ավարտված՝ այդ խումբ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով պարտապանի կողմից պարտավորությունը կատարելը։ Օրենքի ընդունումը հնարավորություն կտա մեղմացնելու 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության և սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետևանքները։

 Արդյունքում ակնկալվում է նաև այս խումբ վարչական ակտերի կատարման համար ծախսվող վարչական ռեսուրսի խնայողություն, Ծառայության, Ոստիկանության և Վարչական դատարանի ծանրաբեռնվածության էական նվազեցում, ինչպես նաև հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման փուլում սոցիալական լարվածության նվազեցում։

  • Discussed

    12.01.2021 - 28.01.2021

  • Type

    Legal code

  • Area

    Justice, Compulsory enforcement of judicial acts, Protection of public order, ensuring public security and the community policing, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11217

Print

Suggestions

Գևորգ Հարությունյան

16.01.2021

Տրամաբանական չէ տուգանք սահմանել հետո զեղչել։

Ժորա Գարեյան

15.01.2021

Շատ ժամանակ ծանուցումներն ուշ ենք ստանում, դրա համար կարծում եմ բան չի լինի, եթե 14 օրվա փոխարեն 20 օր լինի

Lilit Melkonyan

14.01.2021

իբր ինչ?? իմաստը տուգանք նշանակեու ու հետո զեղջ անելու? Եթե տուգանք են ստանում պարտավոր են վճարել կամ էլ թող էնպես քշեն որ տուգանք չստանան

See more