Under development
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
5 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետությունում կատարողական վարույթ կարող է հարուցվել միայն օրենքով սպառիչ թվարկված կատարողական փաստաթղթերի հիման վրա։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը։
Հետևաբար, ներկայումս կատարողական վարույթի հարուցման հիմք հանդիսացող կատարողական փաստաթղթերն են՝
- կատարողական թերթը.
- կատարողական մակագրության թերթը.
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:
Կատարողական առանձին փաստաթղթերի տրամադրման ընթացակարգի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել հետևյալը.
Օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման համար կատարողական փաստաթուղթ է համարում միայն կատարողական թերթը: Ընդ որում, դատական ակտերի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու գործընթացը ենթադրում է դատարանի կողմից մի քանի գործողությունների կատարում։ Կատարողական թերթ տրամադրելու համար պարտադիր են նախ դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրա հրապարակումը և օրինական ուժի մեջ մտնելը։ Երկրորդ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումի քննարկումը և օրենքով սահմանված դեպքերում դատարանի կողմից կատարողական թերթի տրամադրումը։
Ի տարբերություն կատարողական թերթի տրամադրման՝ կատարողական մակագրության թերթը որպես կատարողական վարույթի հարուցման հիմք դիտելու համար նոտարի կողմից կատարվում է միայն մեկ գործողություն` «Նոտարիատի մասին» օրենքի 82.2-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայությամբ տրամադրվում է կատարողական մակարգրության թերթ։ Այսինքն, նոտարական գործողության արդյունքում նոտարի կողմից կայացված կատարողական մակագրության թերթն ինքնին, առանց լրացուցիչ ակտի կայացման կամ այլ փաստաթղթի տրամադրման, հիմք է կատարողական վարույթի հարուցման համար։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածը սահմանում է, որ դրամական պահանջները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցներ, ինչպես նաև վարչական ակտի ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցներ և կատարման վերաբերյալ գրություն: Ուստի դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելու կատարողական վարույթի հարուցման համար ևս բացի հարկադիր կատարման ներկայացվող բուն ակտից այլ՝ նոր ակտի կայացում չի պահանջվում։ Հետևաբար, ՀՀ օրենսդրությունը միայն դատական ակտերի հարկադիր կատարման դեպքում է կատարողական վարույթի հարուցման համար պարտադիր համարում հարկադիր կատարման ներկայացվող դատական ակտից բացի ակտը կայացրած դատարանի կողմից այլ փաստաթղթի՝ կատարողական թերթի տրամադրումը։ ՀՀ օրենսդրությամբ, բացառությամբ դատական ակտերի, հարկադիր կատարման ենթակա ակտը ինքնին կատարողական փաստաթուղթ է և հիմք է հանդիսանում կատարողական վարույթի համար։
Նման պայմաններում առաջանում է դատական ակտի կատարողական վարույթի հարուցման համար կատարողական թերթի պարտադիր տրամադրման վերաբերյալ իրավակարգավորումների արդյունավետության և նպատակահարմարության վերլուծության անհրաժեշտություն։
Հայաստանի Հանրապետությունում դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում դատական ակտի կատարման համար կատարողական թերթի պարտադիր տրամադրման օրենսդրական պահանջը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում դատարանի համար: Բացի այդ, կատարողական թերթի տրամադրման հարցում դատարանի գործառույթը չի սահմանափակվում միայն կատարողական թերթի տրամադրմամբ։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածը կատարողական թերթ տրամադրելու ամբողջ գործընթացի բովանդակային մասը դրել է հենց դատարանի վրա։ Մյուս կողմից, օրենսդրական փոփոխություններով լրացուցիչ պահանջներ են առաջադրվել կատարողական թերթի տրամադրման գործընթացի համար, սահմանվել են կատարողական թերթ տրամադրելը մերժելու կամ կատարողական թերթ տրամադրելու դիմումն առանց քննության թողնելու դեպքում համապատասխան դատական ակտ կայացնելու վերաբերյալ պահանջներ։
Միաժամանակ հարկ է նկատել, որ կատարողական թերթ տրամադրելու գործընթացը ինքին բավականին ժամանակատար է դատարանի համար։ Այսպես, Դատական դեպարտամենտի կողմից տրամադրված՝ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում առկա տվյալների հիման վրա 2017-2019 թթ. ընթացքում առաջին ատյանի դատարանների կողմից տրված կատարողական թերթերի վերաբերյալ քանակական տվյալները հետևյալն են.
Գործի տեսակը |
Դատարանի նախաձեռնությամբ |
Կողմի միջնորդությամբ |
Քաղաքացիական |
89024 |
89519 |
Վարչական |
6138 |
9751 |
Արբիտրաժ |
18 |
3471 |
Վճ. կարգադրություն |
72279 |
13054 |
Ընդամենը |
283254 |
2019 թվականի ընթացքում «Արմլեքս» համակարգով գեներացված կատարողական թերթերի քանակը կազմել է 118435։ Ընդ որում, եթե հիմք ընդունենք մեկ կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով տրամադրելու համար անհրաժեշտ միջինը 5 րոպե ժամանակահատվածը, պարզ է դառնում, որ թվով 118435 կատարողական թերթ տրամադրելու համար անհրաժեշտ է 1233 օր, եթե գործողությունը կատարվի ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ 8 ժամ անդադար (118435*(գործերի քանակը)*5 (րոպե)/60 (րոպե)/8(ժամ)=1233 աշխատանքային օր): Այլ կերպ ասած՝ այս գործողությունների ժամանակային հանրագումարը համարժեք է ավելի քան 5 դատավորի տարեկան աշխատաժամանակին։
Գործող իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց են տալիս, որ կատարողական թերթ տրամադրելով դատարանը չի կատարում որևէ նոր բովանդակային գործառույթ, դրանում չեն ներառվում այնպիսի տվյալներ կամ տեղեկություններ, որոնք ներառված չեն այն դատական ակտում, որի հիման վրա տրամադրվում է կատարողական թերթը։ Այս մասին է վկայում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված՝ կատարողական թերթի բովանդակությանն առաջադրվող և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված՝ դատարանի վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջների համադրված վերլուծությունը.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված |
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդված |
1. Կատարողական թերթում պետք է նշվեն` 1) կատարողական թերթ տված դատարանի անվանումը. 2) գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը և դրա համարը. 3) կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը. 4) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները. 5) դատական ակտի եզրափակիչ մասը. 6) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը. 7) կատարողական թերթ տալու տարին, ամիսը, ամսաթիվը և այն կատարման ներկայացնելու ժամկետը:
|
1. Առաջին ատյանի դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից: 2. Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), հայցի առարկան: Վճռի ներածական մասում պետք է նշվեն նաև գործին մասնակցող անձանց` քաղաքացու անձնագրային տվյալները, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը: 3. (...): 4. (...): 5. Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի` 1) յուրաքանչյուր պահանջը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի եզրակացությունը, 2) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները, 3) եզրահանգումներ` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին, 4) հայցն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու և կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին, 5) վճռի բողոքարկման ժամկետը և այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը:
|
Վկայակոչված իրավական նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ կատարողական թերթում ներառվող բոլոր տվյալները պարտադիր կերպով ամրագրման են ենթակա նաև կատարման ենթակա դատական ակտում, ինչպիսի պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ կատարողական թերթի տրամադրմամբ դատարանը երկրորդ անգամ կրկնում է նույն գործողությունը՝ կատարողական թերթում արտացոլելով այնպիսի տվյալներ, որոնք արդեն իսկ ամրագրվել են վճռում։
Դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական վարույթի հարուցման համար կատարողական թերթի տրամադրման անարդյունավետությունը կախված է նաև այն հանգամանքից, որ դատարանը, հանդիսանալով արդարադատություն իրականացնող մարմին և դատական ակտերի հարկադիր կատարման հարցում որևէ լիազորություն չունենալով, այդ թվում՝ իր կողմից կայացված դատական ակտերի կատարման վարույթում հարկադիր կատարողի գործողությունների հետագա վերահսկողություն չիրականացնելով՝ կատարողական թերթի տրամադրմամբ իր առջև դրված և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ որևէ նոր գործողություն չի կատարում։
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է այն մասին, որ ներկայումս մի շարք երկրներում դատական ակտի հարկադիր կատարման համար դատարանի կողմից կատարողական թերթի կամ այլ լրացուցիչ փաստաթղթի տրամադրման վերաբերյալ պահանջներ առկա չեն։ Այսպես, Ֆրանսիայի Հանրապետության Քաղաքացիական կատարողական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կատարման ենթակա իրավական ակտը բավարար է Քաղաքացիական կատարողական դատավարության օրենսգրքով սահմանված հարկադիր կատարման միջոցների կիրառման համար[1]:
Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը կատարման ենթակա ակտն է համարվում նաև Էստոնիայում[2], Ֆինլանդիայում[3], Սերբիայում[4], որտեղ դատական ակտի հարկադիր կատարման համար չի պահանջվում առանձին կատարողական թերթի տրամադրում[5]։ Շվեդիայում դատական ակտի հարկադիր կատարման վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում կատարման ենթակա դատական/վարչական ակտի առկայությունը[6]։ Դատական կամ կատարման ենթակա ակտի առկայության դեպքում դատարանից կամ այլ լիազոր մարմնից որևէ այլ որոշում հայցելու անհրաժեշտություն չկա[7]։ Կատարման ենթակա դատական ակտը պետք է կցվի դիմումին[8]։
Հունաստանում ևս հարկադիր կատարման միջոցների կիրառման համար հիմք է հանդիսանում օրինական ուժի մեջ մտած դատական/վարչական ակտը։ Համաձայն Հունաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ կատարողական վարույթ հարուցելու համար պահանջատերը պետք է դիմումի հետ ներկայացնի կատարման ենթակա ակտի վավերացված պատճենը[9], որը հիմք է հարկադիր կատարման միջոցների կիրառման համար[10]։
Չեխիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Դատական ակտի հարկադիր կատարումը» վերտառությամբ 261-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտի հարկադիր կատարման համար հիմք է հանդիսանում պահանջատիրոջ դիմումը[11]։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դիմումին պետք է կցվի կատարման ենթակա դատական/վարչական ակտը։
Գերմանիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 724-րդ պարագրաֆի 1-ին մասի համաձայն` դատական ակտի հարկադիր կատարումն իրականացվում է դատական ակտի պատճեն-օրինակի հիման վրա, որում առկա է նշում կատարման մասին (կատարման օրինակ-պատճեն): Նույն պարագրաֆի 2-րդ մասի համաձայն` կատարման օրինակ-պատճենը տրամադրվում է առաջին ատյանի դատարանի գրասենյակի ղեկավար աշխատակցի կողմից, իսկ եթե գործը գտնվում է վերադաս դատական ատյանում` այդ դատարանի աշխատակցի կողմից: Հետևաբար, Գերմանիայում կատարողական վարույթ հարուցելու իրավական հիմքը դատական ակտը կայացրած դատարանի գրասենյակի աշխատակցի կողմից վավերացված դատական ակտի պաշտոնական պատճենն է, որի վրա առկա է կատարողական մակագրություն հետևյալ բովանդակությամբ. «դատական ակտի հաստատված պատճենը տրամադրվում է հարկադիր կատարման նպատակներով»[12]։
Վերոշարադրյալի լույսի ներքո կարելի է եզրակացնել, որ հիշատակված երկրների քաղաքացիադատավարական օրենսդրություններում կատարողական փաստաթղթեր են համարվում կա՛մ դատական ակտերն ինքնին, կա՛մ դատական ակտերը՝ դրանց վրա կատարման վերաբերյալ նշման առկայության դեպքում։ Հետևաբար, ուսումնասիրված երկրներում դատական ակտերի հարկադիր կատարման համար դատական ակտից բացի որևէ այլ փաստաթղթի, այդ թվում՝ կատարողական թերթի տրամադրումը պարտադիր չէ, ինչը ևս վկայում է դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական վարույթի հարուցման համար կատարողական թերթի տրամադրման պարտադիր պահանջի վերանայման անհրաժեշտության մասին։
Այսպիսով, ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ դատական ակտի հարկադիր կատարման հիմք հանդիսացող միակ կատարողական փաստաթուղթը կատարողական թերթն է, որը բովանդակային առումով չի պարունակում կատարման ենթակա դատական ակտի համեմատ հավելյալ նոր տվյալ։ Ավելին, դատական ակտը և դատական գործի ողջ ընթացքը հասանելի են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Նման պայմաններում կատարողական թերթի տրամադրման պահանջը հանգեցնում է դատարանների անհարկի ծանրաբեռնվածությանը և համատեղելի չէ դատավարական խնայողության սկզբունքի էության հետ։
Վերոշարադրյալը վկայում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում և հարակից օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։
Առաջարկվող կարգավորման բնույթը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝
- կատարողական թերթի ինստիտուտը փոխարինվել է համարժեք և առավել խնայողական միջոցով՝ հարկադիր կատարման դիմումով։ Ընդ որում, եթե եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ է միայն օրենքի պահանջներին համապատասխան դիմումի ներկայացում, ապա դատարանի կողմից նման դիմումի ներկայացում է դիտարկվում էլեկտրոնային եղանակով դատական ակտը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելը.
- դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու առումով վիճելի իրավիճակները բացառելու համար սահմանվել է դրա ենթադրաբար օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա նվազագույն ժամկետ, որից հետո հնարավոր կլինի ներկայացնել եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման դիմումը.
- հարկադիր կատարման դիմումի ներկայացման իրավունքի չափաշահումը բացառելու համար նախատեսվել է կատարողական ծախսերը պահանջատիրոջ վրա դնելու պահանջ, եթե պարզվի, որ հարկադիր կատարման դիմումը ներկայացնելու պահին հարկադիր կատարման ենթակա ակտը կատարված է եղել․
- սահմանվել են կատարողական վարույթի մասնակիցների կողմից հարկադիր կատարման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ իրավակարգավորումներ.
- նախատեսվել է կատարողական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ տեղեկությունները հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային եղանակով դատարանների ստանալու հնարավորությունը.
- սահմանվել են կատարողական թերթի բացառման ուղղված այլ կարգավորումներ։
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում՝ Արդարադատության նախարարության հետ համատեղ։
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կատարողական թերթի տրամադրման հետևանքով դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունը և նպաստել դատական ակտերի հարկադիր կատարման դիմումների ներկայացման գործընթացի պարզեցմանը։
[1] Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://e-justice.europa.eu/content_procedures_for_enforcing_a_judgment-52-fr-en.do?member=1։
[2] Տե՛ս Code of Enforcement Procedure։ ընդունվել է 20.04.2005, ուժի մեջ է մտել 01.01.2006, սկզբաղբյուրը RT I 2005, 27, 198, https://www.riigiteataja.ee/en/eli/ee/516092014002/consolide, տե՛ս Chapter 3, Division 1, § 23։
[3] Համաձայն Ֆինլանդիայի դատական ակտերի հարկադիր կատարման մասին ակտի [Enforcement Code, Chapter 2,Section 2] ՝ հետևյալ փաստաթղթերն են հիմք հանդիսանում հարկադիր կատարման միջոցների կիրառման համար՝ քաղաքացիական կամ քրեական գործով դատարանի կայացրած վճիռը, արբիտրաժային տրիբունալի վճիռը, վարչական դատարանի կայացրած վճիռը, վարչարարության արդյունքում վարչական մարմնի կայացրած վարչական ակտը։
[4] Տե՛ս Law on Enforcement Procedure, հոդված 2912, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://arhiva.mpravde.gov.rs/images/Law%20on%20enforcement%20proceedings_180411.pdf
[5] Տե՛ս, օրինակ, https://e-justice.europa.eu/content_procedures_for_enforcing_a_judgment-52-fi-en.do?member=1։
[6] Տե՛ս Enforcement Code, Chapter 3, Section 1, https://policehumanrightsresources.org/content/uploads/2016/08/Enforcement-Code-Sweden-1981.pdf?x68217
[7] Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://e-justice.europa.eu/content_procedures_for_enforcing_a_judgment-52-se-en.do?member=1
[8] Տե՛ս Enforcement Code, Chapter 2 , Section 2, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://policehumanrightsresources.org/content/uploads/2016/08/Enforcement-Code-Sweden-1981.pdf?x68217։
[9] Տե՛ս Հունաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 904-րդ հոդվածը։
[10]Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://saplegal.gr/media/pdfs/Enforcement_of_Domestic_Judgments_on_Civil_and_Commercial_matters.pdf։
[11] Տե՛ս Act of the Czech Republic, Civil Procedure Code, No. 99/1963 Sb, https://is.muni.cz/el/1422/jaro2008/SOC026/um/99-1963_EN.pdf
[12]Տե՛ս Գերմանիայի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.gesetze-im-internet.de/englisch_zpo/englisch_zpo.html։
-
Discussed
04.12.2020 - 19.12.2020
-
Type
Law
-
Area
Justice, Compulsory enforcement of judicial acts
-
Ministry
Ministry of Justice
Views 10807
Print