Add to favourites

Under development

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների հստակեցումն է։ 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն):       

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հարկ է նկատի ունենալ, որ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի բովանդակությունը (աշխատանքի բնույթը) որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել «Հանրային ծառայության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների դրույթների փոխակապակցված մեկնաբանություն, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացնում է խնդիրներ։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան լրացումներ։ 

  1. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների դրույթների հիման վրա «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով հստակեցնել գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք հասկացությունը։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի իմաստով.

  • գիտական աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գիտական կազմակերպությունում գիտնականի կամ գիտական աշխատողի կողմից բացառապես գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիա­կան, հետախուզական աշխատանքներ կատարելը,
  • ստեղծագործական աշխատանք է համարվում բացառապես մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը,
  • մանկավարժական աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնղ ուսումնական հաստատությունում բացառապես ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր), ամբիոնի վարիչ աշխատելը։

Միաժամանակ, հստակեցվում է «գիտական կազմակերպություն» եզրույթը։ 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կհստակեցվեն «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ բացառելով օրենքի դրույթների կամայական մեկնաբանության հնարավորությունը։


ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին 

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի թվականի N 895-Ն որոշման մեջ:

  

  • Discussed

    27.06.2017 - 12.07.2017

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

27.06.2017 16:10

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10465

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

28.06.2017

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է նախագծի կարեւորագույն նպատակը` հստակություն մտցնել գործող օրենսդրության մեջ եւ խուսափել թյուրընբռնումներից, որոնց արդյունքումտուժում են շահառուները: Այդ առումով մենք միանշանակ կողմ ենք նախագծին: Այդուհանդերձ մենք կարծում ենք, որ նախագծում արված առաջարկություններով ոչ ամբողջությամբ են կատարվում հստակեցումները, դրանցից մի քանիսում կան պարզապես խտրականություն Այսպես, 1. «Կրթության մասին» օրենքի համաձայն մանկավարժական գործունեություն է համարվում նաեւ կազմակերպչի, հանրակրթական դպրոցի ուսումնական եւ դաստիարակության գծով տնօրենի տեղակալների գործունեությունը: Այդ, կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման ոչ ճիշտ կիրառման արդյունքում շատ մանկավարժներ, կազմակերպիչներ, հանրակրթական դպրոցների տնօրենների դաստիարակության գծով տնօրենների տեղակալներ, միջին-մասնագիտական հաստատությունների դաստիարակներ ու վարպետներ զրկվել էին սահմանդրական իրենց իրավունքից ` ստանալու մասնակի թոշակ: Այդ կապակցությամբ մեր եւ այլ կազմակերպությունները հասել էին վեճի դատական կարգով դրական լուծման: Այդ հիման վրա եւ մեր ջանքերի արդյունքում ՀՀ կառավարությունը 2016 թ. փոփոխություն կատարեց նշված որոշման մեջ, դրանով հաստատված ցանկում ավելացնելով վերոհիշյալ պաշտոններն ու մասնագիտությունները: Այժմ ներկայացվող նախագծով ի չիք է դարձվում այդ որոշումը, քանի որ նախագծում նշվում է. «մանկավարժական աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնղ ուսումնական հաստատությունում բացառապես ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր), ամբիոնի վարիչ աշխատելը։»: Կարծում ենք, որ այս դրույթը պետք է վերանայվի ՀՀ կառավարության այսօրվա գործող որոշմանը համապատասխան, եւ դրանից հանել «բացառապես» բառը եւ դրանում «ուսուցիչ» բառից հետո լրացվեն «տնօրենի ուսումնական, արտադաստիարակության գծով տեղակալները, վարպետները, դաստիարակները,» բառերը, 2. նախագծում գիտական աշխատանքի բնորոշման մեջ բացակայում է ՀՀ օրենսդրության մեջ տեղ գտած «փորձագիտական» գործունեության բառը: Այդպիսի աշխատանքն իրոք գիտական եւ հետազոտական բնույթի է, կիրառվում ՀՀ տարբեր կազմակերպություններում: Հետեւապես այս մասնագետների նկատմամաբ խտրական վերաբերմունք ենք մենք գնահատում սույն նախագծով նախատեսվող սահմանումը: Այդ իսկ պատճառով էլ առաջարկում ենք սահմանման մեջ լրացնել նաեւ «փորձագիտական» բառը, 3. նախագծում ստեղծագործական աշխատանքի բնորոշման չգիտես ինչու բացառապես այդպիսի աշխատանք է համարվում արվեստի ու մշակույթի ոլորտում համանման աշխատանքն ու գործունեությունը: Չգիտենք, թե ինչու այդպիսի աշխատանք չի համարվում հասարակական, բնապահպանական, առողջապահական եւ այլ ոլորտներում համանման աշխատանքը, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ եւ գործնականում կիրառվում են հասարակական կյանքում: Այդ ոլորտներու այդպիսի աշխատանքն իրոք ստեղծագործական բնույթի է, կիրառվում ՀՀ տարբեր կազմակերպություններում: Հետեւապես այս մասնագետների նկատմամաբ խտրական վերաբերմունք ենք մենք գնահատում սույն նախագծով նախատեսվող սահմանումը: Այդ իսկ պատճառով էլ առաջարկում ենք սահմանման մեջ կատարել համապատասխան փոոխություններ եւ լրացումներ: Մյուս խնդիրը վերաբերում է այն փաստին, որ կայքում տեղադրված նախագծի word-ային տարբերակը ոչ մի կերպ հնարավոր չէ բեռնել` ծրագրային անհամապատասխանության պատճառով: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more