Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
10.12.2020
Նախագծով առաջարկվող` Վարչական դատավարության օրենսգրքի 142.1-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտերի վերանայման դեպքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին: Գտնում ենք, որ որևէ պայմանով չսահմանափակված այս լիազորությունը ամրագրող դրույթը հակասության մեջ է գտնվում ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի պահանջների հետ: Ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով (Գանգատ թիվ 45081/04, ուժի մեջ է մտել 27.01.2010թ.) կայացված վճռից ուղղակիորեն բխում է վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու բացարձակ հայեցողական լիազորության անթույլատրելիությունը: Գործի փաստական հանգամանքներից ելնելով, ինչպես նաև դատավարության մասնակցին, վկային կամ փորձագետին լսելու անհրաժեշտությամբ պայմանավորված` վերաքննիչ դատարանի կողմից բանավոր ընթացակարգի չկիրառումը կարող է գնահատվել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում /հատկապես գրավոր ընթացակարգով գործի քննությունը իրականացնելու վարչական դատարանի որոշման անբողոքարկելիության պայմաններում/: Հետևաբար, գտնում ենք, որ նշված դրույթը ենթակա է վերանայման` Վերաքննիչ դատարանի բացարձակ հայեցողական լիազորությունը հստակ չափանիշներով սահմանափակելու նպատակով: