Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության    2020 թվականի__________

 N ____________ որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը:
  2. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման գործառույթները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
  3. Ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
  4. Ուսումնական հաստատության արտաքին գնահատումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպության կողմից:
  5. Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից ընտրված գնահատող կազմակերպության կողմից:
  6. Արտաքին գնահատման դրական արդյունքների հիման վրա գնահատող կազմակերպությունն ուսումնական հաստատությանը տալիս է հավաստագիր, որն ուժի մեջ է հինգ տարի:
  7. Հավաստագրի մեջ նշվում է գնահատման (վարկանիշային) միավորը:
  8. Արտաքին գնահատման արդյունքների հիման վրա նախարարությունը հրապարակում է արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:
  9. Ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության սահմանած հարցաշարերի հիման վրա, որոնք ներառում են սույն կարգի 20-րդ և 28-րդ կետերով սահմանված չափանիշները, ինչպես նաև գնահատման միավորները:

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման նպատակն է`

1) նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովմանը, նախադպրոցական կրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելը.

2) ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության ձևավորումը.

3) շահառուների` սաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), հաստատության մանկավարժական աշխատողների, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության աստիճանի բարձրացումը.

4) ուսումնական հաստատությունների հաշվետվողականության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը նպաստելը:

  1. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման խնդիրներն են`

1) կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատումը.

2) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին սաների համապատասխանության գնահատումը.

3) ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների գնահատումը.

4) նախադպրոցական կրթական  ծրագրերի իրականացման, դասավանդման մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության գնահատումը.

5) կրթական ծառայությունների որակի համապատասխանության և կրթական գործընթացի արդյունավետության մասին կրթական գործընթացի մասնակիցներին և հասարակությանն իրազեկումը.

6) ուսումնական հաստատության զարգացման ուղղությունների նախանշման, զարգացման ծրագրերի մշակման, իրականացման գնահատումը.

7) ներքին և արտաքին գնահատման գործընթացին հասարակայնության ներգրավումը.

8) արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցուցանիշների հրապարակումը:

 

III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

  1. Ներքին գնահատումն ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։
  2. Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողները, ծնողները (օրինական ներկայացուցիչները)։
  3. Ներքին գնահատման հաշվետվությունն ուսումնական հաստատության տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության մանկավարժական, ծնողական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև երկշաբաթյա ժամկետում ապահովում դրա հրապարակումը տվյալ ուսումնական հաստատությունում (տեսանելի տեղում), տեղական և (կամ) հանրապետական մամուլում, համայնքի և նախարարության պաշտոնական կայքում:
  4. Ներքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության տնօրենի հրամանի համաձայն ձևավորված հանձնաժողովի կողմից:
  5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առնվազն երեքական անդամ, տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) առնվազն երկու ներկայացուցիչներ:
  6. Տնօրենը հանձնաժողովի նախագահն է և ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:
  7. Հանձնաժողովը հաստատում է իր աշխատակարգը, սահմանում ներքին գնահատում անցկացնելու գործողությունների ծրագիրը:
  8. Ներքին գնահատման արդյունքում հանձնաժողովի նախագահը նախապատրաստում է ներքին գնահատման հաշվետվությունը, որի ձևը, ինչպես նաև ուսումնական հաստատության ներքին գնահատման չափանիշների հաշվարկման մեթոդաբանությունը և հաշվետվության պատրաստման մեթոդական ուղեցույցը հաստատվում են նախարարության կողմից:

 

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատման չափանիշներն են`

1) ուսումնական հաստատությունը պահպանում է շենքի և տարածքի անվտանգ շահագործումը.

ա. ուսումնական հաստատության տարածքը ցանկապատված է և անվտանգ է սաների ազատ տեղաշարժման համար,

բ. ուսումնական հաստատությունն ունի տարածք՝ մեկուսացված ու հեռացված ավտոճանապարհային գոտուց, աղմուկի, օդի աղտոտման աղբյուրներ հանդիսացող արդյունաբերական կամ այլ օբյեկտներից,

գ. արտակարգ իրավիճակներում հատուկ ծառայությունների մեքենաները կարող են անարգել մոտենալ ուսումնական հաստատության շենքին,

դ. ուսումնական հաստատության տարածքը մաքուր է, աղբը կանոնավորապես հավաքվում են հատուկ աղբարկղերում և դուրս են բերվում հաստատության տարածքից,

ե. ուսումնական հաստատության ամբողջ տարածքում պարբերաբար իրականացվում են միջոցառումներ` կրծողների և վտանգավոր միջատների, թափառող շների, կատուների և այլ կենդանիների դեմ.

2) ուսումնական հաստատությունում պահպանված են սաների ու աշխատակազմի համար ուսումնական գործընթացի և աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ անվտանգության ու սանիտարահիգիենիկ նորմերը, կազմակերպված են առողջության պահպանման համապատասխան ծառայություններ.

ա. ուսումնական հաստատության շենքը վերանորոգված է,

բ. ուսումնական հաստատության շենքի շահագործումը համապատասխանում է շահագործման անվտանգության նորմերին,

գ. շենքում առկա են դեպի դուրս բացվող պահուստային ելքեր,

դ. ուսումնական հաստատությունն ապահովված է կապի և արտակարգ իրավիճակների ազդարարման համակարգով,

ե. շենքը հարմարեցված է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) ունեցող սաների անվտանգ տեղաշարժ և ուսուցում ապահովող պայմաններին       (թեքահարթակներ, լայն դռներ և այլն),

զ. ուսումնական հաստատությունն ապահովված է սարքին վիճակում գտնվող հակահրդեհային անվտանգության լրակազմով, տանիքը պատված է հրակայուն նյութերով,

է. ուսումնական հաստատությունում ոչ կառուցվածքային վտանգներ չկան,

ը. համակարգչային սարքավորումները, հեռուստացույցներն ամուր են տեղադրված և ամրացված են աշխատատեղերին,

թ. անիվներով տեղաշարժվող ծանր իրերն ամրացված են հատակին,

ժ. բաց դարակներից հեռացված են ծաղկամանները, նկարները, դեկորատիվ իրերը,

ժա. ուսումնական հաստատության միջանցքների հատակները սայթաքուն չեն, իսկ եթե ծածկված են ուղեգորգերով, ապա դրանք ամրացված են հատակին,

ժբ. ստորին հարկերի պատուհաններն ունեն շարժական մետաղյա վանդակաճաղեր,

ժգ. ուսումնական հաստատության կահույքը համապատասխանում է անվտանգ կենսագործունեության պահանջներին, ամուր և բարվոք վիճակում է,

ժդ. ուսումնական հաստատությունում մշակված և առկա է սաների ու անձնակազմի տարհանման պլան, որում հաշվի են առնված նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները,

ժե. ուսումնական հաստատության նախասրահում, բոլոր հարկերում,խմբասենյակներում փակցված են տարհանման պլան-սխեմաները` համապատասխան գունային ցուցասլաքներով,

ժզ. ուսումնական հաստատության տարհանման ուղիներն ազատ են ավելորդ իրերից և արգելափակված չեն ծանր իրերով,

ժէ. ուսումնական հաստատությունում սաների թիվը համապատասխանում է հաստատության լիցենզիայով սահմանված սահմանային տեղերին,

ժը. խմբասենյակներում նստարանների թիվը և դրանց միջև հեռավորությունը համապատասխանում են առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերին,

ժթ. ուսումնական հաստատությունում առկա է մարզադահլիճ.

3) ուսումնական հաստատությունն իրականացնում է նպատակային ուսուցողական ծրագրեր, որոնք ուղղված են սաների շրջանում անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի կարողությունների ու հմտությունների ձևավորմանը.

ա. ուսումնական հաստատության անձնակազմը և սաները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոններին,

բ. ուսումնական հաստատության անձնակազմը և սաները տեղեկացված են հաստատությունում առկա անվտանգության միջոցների (էլեկտրական վահանակ, հրշեջ-տեղեկատու, հրշեջ-ծորակ և այլն) գտնվելու տեղերի վերաբերյալ ու տիրապետում են դրանց օգտագործման կանոններին,

գ. հաստատությունում իրականացվում են տեղական վտանգների գնահատման և աղետներին պատրաստվածության վերաբերյալ տարաբնույթ միջոցառումներ,

դ. ուսումնական հաստատությունում առկա է աղետներին պատրաստվածության, քաղաքացիական պաշտպանվածության պլան, և ուսումնական տարվա ընթացքում գործարկվում է պլանը, իրականացվում են վարժանքներ, վարվում է գրանցամատյան,

ե. ուսումնական հաստատությունն ապահովված է լոկալ ջեռուցման անվտանգ համակարգով,

զ. ուսումնական հաստատության բոլոր խմբասենյակներում առկա են ջեռուցումն ապահովող մարտկոցներ, և ջեռուցման ամիսներին խմբասենյակներում ջերմաստիճանը համապատասխանում է սանիտարահիգիենիկ նորմերին,

է. ուսումնական հաստատության միջանցքները ջեռուցվում են, և միջանցքներում ջերմաստիճանը համապատասխանում է սանիտարահիգիենիկ նորմերին,

ը. ուսումնական հաստատությունն ապահովված է շուրջօրյա հոսող խմելու ջրով,

թ. ուսումնական հաստատության բոլոր խմբասենյակներում առկա են առանձնացված վերանորոգված սանհանգույցներ,

ժ. ուսումնական հաստատության բոլոր սանհանգույցներն ապահովված են շուրջօրյա հոսող ջրով և հիգիենայի պարագաներով (օճառ, թուղթ և այլն),

ժա. հաշմանդամություն ունեցող անձանց համար կա հարմարեցված սանհանգույց, որի մոտ առկա է հաշմանդամության տարբերանշանը,

ժբ. ուսումնական հաստատությունում առկա է սննդի կետ, որը համապատասխանում է սանիտարահիգիենիկ պայմաններին,

ժգ. ուսումնական հաստատության սննդի կետում փակցված են առողջ սննդակարգի վերաբերյալ համապատասխան պաստառներ,

ժդ. ուսումնական հաստատությունում առկա է բուժկետ, և կարող է տրամադրվել առաջին բուժօգնություն.

4) ուսումնական հաստատությունն իրականացնում է սովորողների ֆիզիկական, հոգևոր, սոցիալական առողջությանը միտված ուսումնադաստիարակչական ծրագրեր և միջոցառումներ.

ա. ուսումնական հաստատությունում իրականացվում են ծրագրեր` ալկոհոլի, ծխախոտի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման դեպքերը կանխարգելելու համար,

բ. ուսումնական հաստատությունում իրականացվում են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի կանխման կամ դրանց բացահայտման աշխատանքներ,

գ. ուսումնական հաստատությունում գործում են սաների նկատմամբ բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեպքերի բացահայտման, դրանց մասին զեկուցման, դրանց կանխարգելման և հանրային քննարկման մեխանիզմներ,

դ. ուսումնական հաստատությունն իրականացնում է երեխայի խնամքի ու դաստիարակության, ընտանիքում ծնողական պարտականությունների նկատմամբ պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման բացառման, երեխայի զարգացման համար անվտանգ միջավայրի ձևավորման հարցերի վերաբերյալ ծնողների իրազեկման միջոցառումներ,

ե. ուսումնական հաստատությունն ստեղծում է ուսումնամեթոդական նյութեր և կազմակերպում է միջոցառումներ` ուղղված բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեմ.

 5) ուսումնական հաստատությունն ունի որակյալ մանկավարժական անձնակազմ, և դաստիարակները տիրապետում են դասավանդման ժամանակակից մեթոդներին.

ա. բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող դաստիարակկների թիվը և տոկոսը,

բ. ըստ մասնագիտության աշխատող մանկավարժների թիվը և տոկոսը,

գ.  գիտական կոչում ունեցող մանկավարժների թիվը և տոկոսը,

դ. նախարարության կողմից երաշխավորված կամ այլ կազմակերպություններում վերջին 5 տարում վերապատրաստում անցած մանկավարժների թիվը և տոկոսը,

ե. որպես վերապատրաստող (դասախոս) վերապատրաստված և վերապատրաստման դասընթացներ վարող մանկավարժների թիվը և տոկոսը,

զ. մանկավարժների միջին տարիքը,

է. միջազգային ու հանրապետական պարբերականներում (ամսագրերում) հոդվածներ, մասնագիտական հրապարակումներ, ինչպես նաև մեթոդական ձեռնարկներ, գիտամանկավարժական, հեղինակային և այլ աշխատություններ ունեցող մանկավարժների թիվը և տոկոսը,

ը. դասավանդման երեխայակենտրոն, մասնակցային, ինտերակտիվ մեթոդներին տիրապետող և դրանք կիրառող մանկավարժների թիվը և տոկոսը՝ տոկոսային արտահայտությամբ,

թ. ուսումնական գործընթացում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ, այդ թվում` ինտերնետ կիրառող մանկավարժների թիվը,

ժ. մանկավարժների բացակայությունների ընդհանուր թիվը,

ժա. ուսումնական տարվա ընթացքում հաստատությունում անցկացվող ցուցադրական բաց պարապմունքների թիվը,

ժբ. ուսումնական տարվա ընթացքում հաստատությունից դուրս անցկացվող գործնական պարապմունքների թիվը,

 6) ուսումնական հաստատությունում ստեղծված է որակյալ զարգացնող միջավայր.

 ա. ուսումնական հաստատությունն ունի գործող մեթոդկաբինետ, որը հագեցած է ուսումնաօժանդակ գրականությամբ, գույքով և սարքավորումներով:

 բ. ուսումնական հաստատությունն ունի մարզադահլիճ, միջոցառումների անցկացման դահլիճ և այլ հատուկ ուսումնական խմբասենյակներ (սենյակներ), այդ թվում`  լրացուցիչ կրթական ծրագրերի համար ( նկարչական խմբակ, երաժշտական խմբակ և այլն), որոնք հագեցած են անհրաժեշտ գույքով, ուսումնական պարագաներով, ուսումնանյութական և ուսումնադիդակտիկ նյութերով.

7) ուսումնական հաստատության մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսները տնօրինվում են արդյունավետ, և հաստատությունը կարողանում է ներգրավել լրացուցիչ միջոցներ.

ա. սան – մանկավարժ հարաբերությունը,

բ. սան – սպասարկող - վարչական անձնակազմ հարաբերությունը,

գ. խմբերի միջին խտությունը,

դ. մեկ սանի հաշվով հաստատության տարեկան նախահաշիվը,

ե. մանկավարժի միջին աշխատավարձը,

զ. վարչական աշխատողների միջին աշխատավարձը,

է. սպասարկող կազմի միջին աշխատավարձը,

ը. հաստատության տարեկան նախահաշվում արտաբյուջետային միջոցների չափը,

թ. ծնողների կողմից դրամական ներդրումների տարեկան չափը,

ժ. հովանավորչական և դրամաշնորհային միջոցների տարեկան չափը,

ժա. աշխատավարձերի վճարման գծով հաստատության տարեկան ծախսերի չափը,

ժբ. կոմունալ վճարների գծով հաստատության տարեկան ծախսերի չափը,

ժգ. նոր գույքի, այդ թվում` սարքավորումների ձեռքբերման գծով հաստատության տարեկան ծախսերի չափը.

8) ուսումնական հաստատության ծնողական խորհուրդը սերտ համագործակցում է մանկավարժական և վարչական անձնակազմի հետ, նպաստում սաների կրթադաստիարակչական աշխատանքներին.

ա. սաների կրթադաստիարակչական գործընթացի վերաբերյալ ծնողական խորհրդի կողմից տնօրինությանը ներկայացված առաջարկությունները, դրանց թիվը և ընդունված առաջարկությունների տոկոսը ներկայացվածի նկատմամբ,

բ. ծնողական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումները (հանդեսներ, հավաքներ, երեկույթներ, էքսկուրսիաներ, ճանաչողական այցեր և այլն), դրանց թիվը, մասնակից ծնողների թիվը և սաների տոկոսը,

գ. ծնողական խորհրդի կողմից մանկավարժներին խրախուսելու, նրանց նկատմամբ կարգապահական կամ այլ տույժեր կիրառելու վերաբերյալ և նմանատիպ առաջարկությունները, դրանց թիվը,

դ. ծնողական խորհրդի հանդիպումների հաճախականությունը և դրանց ընթացքում քննարկված հարցերի շրջանակները,

ե. ծնողական խորհրդի կողմից հաստատության ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներից սաներին տրամադրվող աջակցությունը, դրա ձևերը և աջակցություն ստացող սաների տոկոսը,

զ. ուսումնական հաստատության առօրյայից և տեղի ունեցող իրադարձություններից ծնողների տեղեկացվածության աստիճանը,

է. այն ծնողների տոկոսը, ովքեր օգտվում են նախարարության, համայնքի,  հաստատության և կրթական այլ կայքերից.

9) ուսումնական հաստատությունն ու համայնքը համագործակցում են, և ուսումնական հաստատությունը վարում է ակտիվ հասարակական կյանք.

ա. ուսումնական հաստատության շենքային պայմանների բարելավման, տարածքի բարեկարգման, ուսումնանյութական բազայի համալրման և այլ աշխատանքներին համայնքի մասնակցությունը, այդ գործում կատարված ներդրումները,

բ. համայնքային հիմնախնդիրների վերաբերյալ հաստատության աշխատակազմի տեղեկացվածությունը և նրանց մասնակցությունը համայնքի աշխատանքներին, մասնակցության ձևերը, մասնակցություն ունեցած աշխատակիցների տոկոսը,

գ. ուսումնական հաստատության կողմից համայնքի բնակիչների համար կազմակերպված ու անցկացված միջոցառումները և դրանց թիվը, մասնակից սաների և ծնողների տոկոսը և համայնքի ներկայացուցիչների թիվը,

դ. ուսումնական հաստատության կողմից հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված կրթական ծրագրերը, դրանց թիվը և մասնակիցների թիվը՝ ըստ ծրագրերի.

10) ուսումնական հաստատությունում ներառական կրթության և հավասարության ապահովում.

ա. ներառական կրթության զարգացումը որպես նպատակ ամրագրված է հաստատության տարեկան ծրագրում,

բ. ուսումնական հաստատության տարեկան ծրագրում պլանավորված են ներառական կրթության ապահովման համապատասխան միջոցառումներ, այդ թվում` մանկավարժների վերապատրաստումներ,

գ. ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալը ունի ներառական կրթության գործընթացի համակարգման լիազորություններ ,

դ. ուսումնական հաստատության վեբ կայքում գործում է ներառական կրթության բաժին` ընտանիքի և համայնքի հետ հետադարձ կապի հնարավորությամբ,

ե. ուսումնական հաստատությունն իրականացնում է երեխաների հավասար իրավունքներին, հանդուրժողականությանը նվիրված և նման այլ ուսումնական ծրագրեր.

11) ուսումնական հաստատության աշխատակազմն արդիականացնում է իր գիտելիքներն ու հմտությունները ներառական կրթության ոլորտում.

ա. վերջին հինգ տարում տնօրինությունը մասնակցել է ներառական հաստատությունների կառավարման թեմայով վերապատրաստումների,

բ. ուսումնական հաստատությունն ունի ներառական կրթության թեմաներով վերապատրաստված և վերապատրաստվող մանկավարժներ, վերջին հինգ տարում ներառական կրթության թեմաներով վերապատրաստում անցած մանկավարժների թիվը.

12) ուսումնական հաստատությունն ունի ռեսուրսներ` աջակցելու ԿԶԱՊԿ ունեցող երեխաների սովորելուն, և ուսումնական միջավայրը հարմարեցված է նրանց կարիքներին.

ա. ուսումնական հաստատությունում ամենուրեք (խմբասենյակներ, դահլիճներ, գրադարաններ և այլն) տեղաշարժման տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար ապահովված է ֆիզիկական մատչելիություն,

բ. ուսումնական հաստատությունն ունի ԿԶԱՊԿ ունեցող սաների հոգեբանամանկավարժական աջակցության թիմ (հատուկ մանկավարժ, սոցիալական աշխատող, հոգեբան և այլն),

գ. ԿԶԱՊԿ ունեցող սաներն ապահովված են ֆիզիկական և ճանաչողական զարգացման համար անհրաժեշտ խաղային նյութերով, պիտույքներով, հարմարանքներով, այլ պարագաներով,

դ. ուսումնական հաստատությունում առկա են ուսումնամեթոդական նյութեր և սարքավորումներ` լսողության ու տեսողության գործառույթի բացակայություն կամ սահմանափակում ունեցող սաների համար,

ե. ուսումնական հաստատության խմբասենյակների դասավորվածությունն այնպիսին է, որ ԿԶԱՊԿ ունեցող սաները մեկուսացված չեն,

զ. ուսումնական հաստատությունն ունի ռեսուրս-սենյակ` ԿԶԱՊԿ ունեցող սաների համար,

է. ուսումնական հաստատության ռեսուրս-սենյակ այցելող ԿԶԱՊԿ ունեցող սաների թիվը և տոկոսը,

ը. ուսումնական հաստատության ռեսուրս-սենյակ այցելող ԿԶԱՊԿ ունեցող սաների ծնողների (խնամակալների) թիվը,

թ. ուսումնական հաստատությունում հաղթահարված են ներառականությունը խաթարող ֆիզիկական խոչընդոտները (թեքահարթակ, հենակ և այլն),

ժ. ուսումնական հաստատությունում հաղթահարված են ներառականությունը խաթարող սոցիալական խոչընդոտները (վերաբերմունք, կարծրատիպ).

13) մանկավարժները կարողանում են ուսումնական ծրագիրը, պարապմունքի պլանը, ուսուցանման գործընթացը հարմարեցնել ԿԶԱՊԿ ունեցող երեխաների կարիքներին և մշտապես խրախուսում են նրանց.

ա. անհատական ուսումնական պլանները մշակվում են համաձայն նախադպրոցական կրթության պետական կրթական  չափորոշչի և նախադպրոցական կրթական ծրագրերի՝ հաշվի առնելով սաների կարիքները, ընդունակությունները, հնարավորությունները, ձեռքբերումները և առաջընթացը,

բ. այն մանկավարժների թիվը, ովքեր ունեն դրական դիրքորոշում ներառական կրթության նկատմամբ,

գ. մանկավարժները գիտակցում են ներառական կրթության վերաբերյալ կարծրատիպերի առկայությունը, դրանց վերացման անհրաժեշտությունը և ձեռնարկում են համապատասխան քայլեր,

դ. մանկավարժները ունեն հավասար վերաբերմունք բոլոր սաների նկատմամբ` անկախ նրանց միջև եղած տարբերություններից և նրանց առանձնահատուկ կարիքներից,

ե. մանկավարժները կարողանում են կարծրատիպեր ամրապնդող վարքագիծ կամ երևույթ հայտնաբերել ուսումնական նյութերում և նույնիսկ սեփական վարքագծում.

14) ԿԶԱՊԿ ունեցող սաները հավասարապես մասնակցում են հաստատության բոլոր գործընթացներին` ըստ իրենց կարողությունների առավելագույն աստիճանի.

ա. ուսումնական հաստատության այն սաների թիվը և տոկոսը, ովքեր ունեն ԿԶԱՊԿ,

բ. ուսումնական հաստատությունից դուրս մնացած  ԿԶԱՊԿ ունեցող սաների թիվը և տոկոսը,

գ. ԿԶԱՊԿ ունեցող սաների բացակայությունների տարեկան միջին թիվը` օր/սան,

դ. լրացուցիչ կրթական ծրագրերում ներառվող ԿԶԱՊԿ ունեցող սաների թիվը և տոկոսը,

15) ուսումնական հաստատությունում ապահովված է սեռերի և ազգային փոքրամասնությունների երեխաների միջև հավասարությունը.

ա. սեռերի հավասարության գործակիցը,

բ. ուսումնական հաստատությունում ընդգրկված ազգային փոքրամասնությունների երեխաների թիվը և տոկոսը,

գ. սոցիալապես անապահով ընտանիքներից սովորողների համար հաստատության իրականացրած սոցիալական աջակցության ծրագրերը և դրանց թիվը,

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

  1. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ:
  2. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են կրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները:
  3. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվում է սաներին մատուցվող կրթական ծառայությունների որակի և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին վերջիններիս համապատասխանության հիման վրա:
  4. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքն ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:
  5. Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
  6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները:
  7. Արտաքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության վերջին հինգ տարիների գործունեության, ինչպես նաև վերջին հինգ տարիների գործունեության ներքին գնահատման արդյունքների հիման վրա:

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման չափանիշներն են`

1) ուսումնական հաստատության տնօրենի կողմից ներկայացված ներքին գնահատման հաշվետվությունների քննարկման արդյունքում ուսումնական հաստատության զարգացմանն ուղղված որոշումների ընդունումը, դրանց իրականացումը.

2) ուսումնական հաստատության ինքնազարգացմանն ուղղված գործընթացների առկայությունը, դրանց արդյունավետությունը.

3) ուսումնական հաստատության գործունեության բաց և թափանցիկ լինելը.

4) տեղեկատվության համապարփակ ցանցի առկայությունը: Ուսումնական հաստատության կայքի միջոցով ծնողներին և հասարակությանն ուսումնական հաստատության գործունեության մասին տեղեկացումը.

5) համապատասխան նյութական բազա ստեղծելուն, ինչպես նաև եղած նյութատեխնիկական բազան արդյունավետ օգտագործելուն ուղղված ջանքերի ներդրումը.

6) սաների գիտելիքների, գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերման, նախադպրոցական կրթական ծրագրերի յուրացման, արժեքային համակարգի ձևավորման համար համապատասխան ուսումնանյութական միջավայրի ապահովումը.

7) ուսումնական հաստատության հեռանկարային զարգացման ծրագրի առկայությունը, իրականացման արդյունավետությունը.

8) ուսումնական հաստատության կառավարմանը, զարգացման հեռանկարային պլանավորմանն ու ծրագրավորմանն մանկավարժների մասնակցության և մասնագիտական աջակցության ապահովումը.

10) ուսումնական հաստատության ծնողական և մանկավարժական խորհուրդների` ուսումնական հաստատության գործունեությանը տված գնահատականը.

11) ներքին կարգապահական կանոնների առկայությունը, սահմանված վարքագծի կանոնների պահանջների կատարումը.

12) ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեության, լրացուցիչ կրթական ծառայությունների առկայությունը և արդյունավետությունը.

13) կրթական, մշակութային, մարզական, առողջարանային և արտադրական բազայից օգտվելու մատչելիությունը.

14) սաների շարժի վերլուծության արդյունքները.

15) լսումների քանակը, իրականացնողները, արդյունքները.

16) համապատասխան հետազոտական գործունեության, գիտաժողովների, օլիմպիադաների, ցուցահանդեսների, մրցույթների մասնակցության խթանումը և պայմանների ապահովումը.

17) ուսումնական հաստատության մասնակցությունը միջազգային ծրագրերին, արդյունավետությունը.

18) նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:

 

VII. ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Պետական ուսումնական հաստատությունը գործունեության արտաքին գնահատման հայտը ներկայացնում է նախարարություն` ուսումնական տարին սկսվելուց առնվազն երեք ամիս առաջ:
  2. Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո, ուսումնական հաստատություններից ստացված հայտերի հիման վրա, նախարարությունը տասնօրյա ժամկետում կազմում է արտաքին գնահատում իրականացնելու ժամանակացույց (այսուհետ` ժամանակացույց), որը տասնօրյա ժամկետում համաձայնեցնում է գնահատման գործընթացին շահագրգիռ համապատասխան պետական, տարածքային կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
  3. Համաձայնեցված ժամանակացույցը հաստատվում է նախարարի կողմից, ներառվում գնման առարկայի բնութագրում և 10-օրյա ժամկետում հայտարարվում գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ` սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով:
  4. Արտաքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության ֆինանսական միջոցների հաշվին:
  5. Գնահատող կազմակերպության կողմից ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման գործընթացում օգտագործվում են կրթության տեսչական մարմնի, տրամադրած` տվյալ ուսումնական հաստատության վերաբերյալ արդյունքները:
  6. Արտաքին գնահատման չափանիշների առնվազն 75 տոկոսին չհամապատասխանելու (չբավարարելու) դեպքում ուսումնական հաստատությանն արտաքին գնահատման հավաստագիր չի տրվում:
  7. Արտաքին գնահատման գործընթացը չպետք է խոչընդոտի ուսումնական հաստատության բնականոն գործունեությանը:
  8. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման գործընթացի ավարտից հետո գնահատող կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում գործընթացի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն և գնահատվող ուսումնական հաստատության կարծիքը գործընթացի վերաբերյալ:
  9. Արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկում ընդգրկված ուսումնական հաստատության վերաբերյալ գնահատող կազմակերպության ներկայացրած հաշվետվությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում:
  10. Ուսումնական հաստատությունը, բացի սույն կարգով սահմանված արտաքին գնահատման չափանիշներից, կարող է գնահատման ներկայացնել նաև այլ պայմաններ, որոնց գնահատումն իրականացնում է գնահատող կազմակերպությունը` իր կողմից սահմանված մեթոդների հիման վրա:
  11. Ուսումնական հաստատությունը նախարարություն է ներկայացնում գնահատող կազմակերպության կողմից սահմանված մեթոդների հիման վրա իրականացված արտաքին գնահատման արդյունքները և գնահատող կազմակերպության սահմանած գնահատման մեթոդները:

40.Գնահատման գործընթացում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

  • Discussed

    08.11.2020 - 23.11.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8409

Print