Արսեն Իգիթյան
23.10.2020
Համաձայն ներկայացված նախագծի, արգելք է սահմանվում թուրքական ծագման ապրանքատեսակների ներմուծման վրա։ Որքանով ինձ հայտնի է, համաձայն մաքսային օրենսդրության, ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքը ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման։ Սակայն ժամանակակից աշխարհում «թուրքական ծագման» եզրույթը հստակ չէ, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ բազմաթիվ ոչ թուրքական ապրանքատեսակների ներմուծման արգելքի, որը խիստ անցանկալի Է, հաշվի առնելով, որ հայաստանի շուկան առանց այդ էլ հագեցած չէ ապրանքների բավարար տեսականիով։ Սկսած 1980-ականների վերջից, համաշխարհային տնտեսության ազատականացման, ապակարգավորման և գլոբալիզացիյի պրոցեսները հանգեցրել են նրան, որ համաշխարհային արդյունաբերությունը ենթարկվել է հորիզոնական հիերարխիկ վերակառուցման։ Գլոբալ մատակարարման շղթաները (global value chains) և աութսորսինգը այն հիմնական կոնցեպտներն են, որոնց ենթարկվում է համաշխարհային արդյունաբերության տրամաբանությունը վերջին 30 տարվա ընթացքում։ Պարզ լեզվով ասած՝ սա նշանակում է, որ որևէ ապրանքատեսակի արտադրող ընկերությունը և արտադրության վայրը կարող են իրար հետ չհամընկնել։ Ավելին՝ միևնույն ապրանքի տարբեր մասերը կարող են արտադրված լինել տարբեր երկրներում, ինչպես նաև միևնույն արտադրող ընկերության տարբեր ապրանքները՝ տարբեր երկրներում։ Առավել ցայտուն գլոբալ մատակարարման շղթաների և աութսորսինգի տրամաբանությունը երևում է, օրինակ, այսպես կոչված «արագ նորաձևության» (fast fashion) ապրանքատեսակներ արտադրող ընկերությունների դեպքում։ Սրանք մեծ մասամբ Եվրոպական ու ամերիկյան ընկերություններ են (ZARA, Mango, ADIDAS, Celio, LaCoste, Stradivarius, Bershka, Gap, Ralph Loren, Nike), որոնք տարվա ամեն եղանակին արտադրում են բոլոր տեսակի հագուստների լայն տեսականի՝ ներքնազգեստից մինչև կոշիկ ու պայուսակ, և այդ տեսականին ներմուծվում է աշխարհով սփռված իրենց բոլոր ֆիրմային խանութները միաժամանակ։ Թեև այս ընկերությունները Թուրքիայի հետ կապ չունեն, այլ մեծամասամբ իսպանական, գերմանական կամ ֆրանսիական են, արտադրանքն ինքը արտադրվում է տասնյակ տարբեր երկրներում տեղակայված գործարաններում։ Օրինակ, ZARA ընկերության արտադրված հագուստի հերթական խմբաքանակի մեջ, հագուստի մի մասը կարող արտադրված լինել Հնդկաստանում, մի մասը՝ Բանգլադեշում, մի մասը՝ Պակիստանում, մի մասը՝ Չինաստանում, մի մասը՝ Վիետնամում, իսկ մի մասը՝ Թուրքիայում։ Հաշվի առնելով վերոնշյալը, հստակ չէ, թե ինչպես է ազդելու այսպիսի արտադրանքների խմբաքանակների վրա ներկայացված կառավարության որոշումը, և ինչպիսի մեթոդներով է որոշվելու ապրանքի ծագման երկիրը։ Ուստի առաջարկվում է Նախագիծը խմբագրել այնպես, որ այն արտացոլի ժամանակակից աշխարհի արդյունաբերության մեջ օգտագործվող գլոբալ մատակարարման շղթաների և աութսորսինգի տրամաբանությունը։ Բացի այդ հարկավոր է երաշխավորել, որպեսզի սույն Որոշման պատճառով չարգելվեն ոչ-թուրքական արտադրողների ապրանքատեսակները, կամ միևնույն արտադրողի հանդեպ չկիրառվի խտրական արգելք տեսականու մի մասի նկատմամբ։ Գլոբալ արդյունաբերական ու կորպորատիվ որոշումների համար մեղավոր չեն սպառողները։