Add to favourites

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորելու հիմնադրամների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) գործընթացում հաճախ հանդիպող խնդիրները և հստակեցնելու պետական գրանցման ժամկետները: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ հիմնադրամ հիմնադրելիս հիմնադրամի հիմնադիրները միաձայն որոշմամբ պետք է նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Օրենքի նախագծով նախատեսվում է նաև գործադիր մարմնի ղեկավար նշանակելու հնարավորություն՝ պետական գրանցման համար անձի կողմից նույն նպատակով կրկին անգամ լրացուցիչ գործողություն կատարելուց խուսափելու նպատակով: Օրենքի նախագծով նախատեսվում է վերացնել հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը  օգտագործելու համար թույլտվության տրամադրումը: Հաշվի առնելով դրույթի ամբողջ ժամանակահատվածում կիրառման փորձը և հստակ չափանիշների բացակայությունը՝ նման կարգավորումները աննպատակահարմար են: Հաշվի առնելով պետական գրանցման նպատակով հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությանը գործող օրենքով ներկայացվող պահանջների կապակցությամբ պրակտիկայում առաջացող խնդիրները՝ առաջարկվել է սահմանել հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի որոշումներ ներկայացնելու հնարավորություն՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները խորհրդի նախագահի կողմից ստորագրվելու պայմանով: Գործող կարգավորումներով նաև սահմանված է հիմնադրամների մարմինների նիստերի արձանագրությունները նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահանջ, որը ևս, պրակտիկայում հաճախակի խնդիրներ առաջացնելով պայմանավորված՝ փոխարինվել է մարմնի նախագահի և քարտուղարի կողմից ստորագրված լինելու պահանջով։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերակազմակերպման կարգ սահմանելու, ինչպես նաև իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է վերակազմակերպման ժամանակ գույքագրում իրականացնելու, գործընթացի հստակեցման անհրաժեշտությամբ։ Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև իրավաբանական անձանց վերակազմակերպման ժամանակ իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի) և այլ արժեթղթերի իրական շուկայական արժեքի որոշման, գույքի և պարտավորությունների բաշխման իրական համամասնությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Գործող օրենքով սահմանված չէ ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, և պրակտիկայում անալոգիայի եղանակով կիրառվել են բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպումը կարգավորող նորմերը։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ՍՊ ընկերությունների վերակազմակերպման պայմանները և կարգ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների և դրանց հետևանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, առցանց եղանակով գրանցման/հաշվառման դիմումների ավելացմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ընթացիկ աշխատանքներում օգտվելով դրանց ընձեռած հնարավորություններից և դրանք ծառայեցնելով գործունեության պարզեցմանը` բարելավվում է հանրային ծառայությունների որակը, երաշխավորվում է կառավարության արդյունավետ աշխատանքը. բացի այդ, դրանք նպաստում են ժողովրդավարության կայացմանը՝ քաղաքացիներին ավելի մոտեցնելով կառավարությանը: Էլեկտրոնային ծառայությունների տրամադրման հիմնական նպատակներն են բարելավել հանրային ծառայությունների մատուցման որակը՝ դրանք դարձնելով հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր անձի համար:  

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ավելանալու է առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով դիմումների քանակը, կրճատվում է կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց տրվում է հնարավորություն՝ նշելու պետական գրանցման նախընտրելի օր, վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա,  հստակեցվում և կրճատվում են մի շարք կազմակերպա-իրավական ձև ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները, սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման / հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը ։

 Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եվ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվող գործառույթները անձանց առավել հասանելի կդառնան, դիմում ներկայացնելու հնարավորություններն ավելի դյուրին կլինեն, կվերանան փոփոխվող և լրացվող օրենքներում առկա տարընթերցումները, որով նաև կբարձրանա ծառայության քննարկվող տեսակների նկատմամբ վստահության մակարդակը: Ակնկալվող փոփոխությունները կազդեն նաև Գործարարությամբ զբաղվելը զեկույցում Հայաստանի դիրքի վրա:

  • Discussed

    20.08.2020 - 04.09.2020

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7749

Print