Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի _______________ -ի N _____-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

 ՄԱՐՏԻ 16-ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի Կոնվենցիայի N17   «Անվտանգություն» միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածի և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.    

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N274-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետի «N17 Անվտնագություն» բառերը փոխարինել «N17 Անվտանգություն»  միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 և 1.6 կետերով.

«1.1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունավետ իրականացումը քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի հիմնարար բաղադրիչներից է: Որակի հսկողության միջոցառումները հանդիսանում են որպես քաղաքացիական ավիացիայի ոլորտում ավիացիոն անվտանգության համակարգի աշխատանքների մոնիտորինգի իրականացման մեթոդներ և միջոցներ, որոնք օգտագործվում են պետության կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության համակարգի վիճակը գնահատելու, իսկ անհրաժեշտության դեպքում` հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

1.2 Անհրաժեշտության դեպքում Ծրագրի մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանություն անօրինական միջամտության գործողություններից» N17 Հավելվածում փոփոխությունների, լրացումների, նոր ընդունված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի, ինչպես նաև սույն փաստաթղթի դրույթների արդյունավետության վերլուծության և գնահատման հիման վրա։

1.3 Ծրագրի մշակումը, ներդրումը, պահպանումը և վարումն իրականացվում է քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից։

1.4 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի կառուցվածքը հետևյալն է․

1) Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` Կոմիտե),

2) օդանավակայաններ,

3) օդանավ շահագործողներ,

4) օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպություններ,

5) ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպություններ։

Ավիացիոն անվտանգության միջոցառումներ իրականացնող բոլոր սուբյեկտները՝ օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունները մշակում, իրականացնում և պահպանում են ներքին որակի հսկողության ծրագրեր, որոնք ներառում են իրենց գործառույթններին համապատասխան որակի հսկողության միջոցառումներ։

1.5 Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի  կանոնակարգումը նպաստում է ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների արդյունավետ իրականացմանը, օգնում է ապահովելու քաղաքացիական ավիացիան  անօրինական միջամտության գործողություններից պաշտպանության համապատասխան մակարդակ, կարգավորում է պատասխանատվության ոլորտները, գործընթացները և ընթացակարգերը, ներառյալ որակի վերահսկման գործառույթների չափանիշները, որոնք նպաստում են ավիացիոն անվտանգության շարունակական կատարելագործմանը, քաղաքացիական ավիացիայի  անվտանգ միջավայրի և մշակույթի ստեղծմանը:

1.6 Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի հիմնական նպատակներն են.

1) ավիացիոն անվտանգության ոլորտում որակի վերահսկման ազգային համակարգի ստեղծում.

2) ոլորտը կարգավորող իրավական ակտերին պահանջներին համապատասխան օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների կատարման վերահսկողությունը.

3) կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման արդյունավետության ապահովումը.

4) սահմանված պահանջների խախտումների հայտնաբերում (թերությունների հայտնաբերում) և համապատասխան ուղղիչ գործողությունների իրականացման նկատմամբ վերահսկողությունը։».

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որը ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով, Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության չափանիշների համապատասխա­նու­թյան ապահովման նպա­տա­կով և «Ավիա­ցիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան  իրականացնում է պետական վերահսկողություն՝ ավիա­ցիոն անվտանգության համակարգի աշխատանքների աուդիտների, տեսչական գործա­ռույթ­ների, փորձարկումների, ուսումնա­սիրությունների և դիտարկումների (այսուհետ՝ միջոցառում) միջոցով։».

4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. «Ավիա­ցիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան ավիացիոն անվտանգության միջացռումների որակի հսկողություն աշխատանքները պետք է իրականացվեն Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության սերտիֆիկատ ունեցող հաստիքային աշխատողների՝ տեսուչների կամ Կոմիտեի կողմից հաստատված կազմակերպության կողմից, որը կարող է իրականացնել ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ Կոմիտեի անունից՝ սույն Ծրագրի դրույթներին համապատասխան:

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1, 9.2, 9.3, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10 և 9.11 կետերով.

«9.1 Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության մասնագետները պետք է ունենան․

1) բարձրագույն կրթություն.

2) քաղաքացիական ավիացիայի մասին օրենսդրության իմացություն․

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

4) օդային տրանսպորտի գործունեության մասին իմացություն.

5) ավիացիոն անվտանգության ընթացակարգերի իմացություն.

6) ավիացիոն անվտանգության մասով սահմանափակ տարածման ենթակա փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն։

9.2 Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության մասնագետները պետք է մասնակցեն ԻԿԱՕ, ԵԿԱԿ և այլ միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից կազմակերպված ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների ուսուցման և վերապատրաստման դասընթացներին, ստանան տեսուչի հետևյալ վկայականներից որևէ մեկը․

1) ԻԿԱՕ ավիացիոն անվտանգության տեսուչ (աուդիտոր) կամ ազգային տեսուչ (ազգային աուդիտոր),

2) ԵՄ ավիացիոն անվտանգության տեսուչ,

3) ԵԿԱԿ ավիացիոն անվտանգության տեսուչ (աուդիտոր),

4) ԵԿԱԿ լավագույն փորձ ազգային աուդիտորների համար՝ մակարդակ 1 և (կամ) մակարդակ 2:

9.3 Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացնելու համար անհրաժեշ որակավորման, գիտելիքների և հմտությունների ստուգման նպատակով սույն Ծրագրի 9.2 կետում նշված վկայականներ ունեցող անձիք պետք է Կոմիտեում անցնեն ատեստավորում, ստանան համապատասխանության սերտիֆիկատ, որն իրավունք է տալիս տեսուչներին իրականացնել ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության գործառույթներ:  

9.4 Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների ատեստավորման թեստերը պետք է պարունակեն հարցեր ավիացիոն անվտանգության վերաբերյալ միջազգային պայմանագրերի, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի, Ազգային ծրագրի, որակի հսկողության միջացառումների հետ կապված աշխատանքներից: Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների ատեստավորման կարգը սահմանում է Կոմիտեն:

9.5 Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ իրականացնող տեսուչները պետք է.

1) մասնակցեն որակի հսկողության միջոցառման նախապատրաստմանը.

2) ծանոթանան փաստաթղթերին, ընթացակարգերին և կանոններին, անցկացնեն հանդիպումներ և քննարկումներ մասնակից բոլոր աշխատակիցների հետ, իրականացնեն փորձարկումներ, եթե դրանք նախատեսված են.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն պատրաստեն զեկույց և որակի հսկման միջոցառման ընթացքում օգտագործված նյութերը (գրառումներ, լուսանկարներ և այլն) ներկայացնեն Կոմիտեի ղեկավարին:

9.6 Կոմիտեի կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկո­ղության տեսուչները իրավասու են կատարել հետևյալ գործառույթները.

1) ստուգել պետության ցանկացած օդանավակայանի ցանկացած մաս,

2) ստուգել օդանավակայանից դուրս գտնվող ցանկացած հողակտոր կամ ցանկացած տարածք, որոնք օգտագործվում են օդանավակայանում կամ օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գործող առևտրային ձեռնարկությունների կողմից,

3) ստուգել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ շահագործվող ցանկացած օդանավ՝ ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների գնատաման նպատակով,

4) ավիացիոն անվտանգության ապահովման մակարդակի գնահատման և ավիացիոն անվտանգության ընթացակարգերի պահպանման նպատակով հարցազրույց անցկացնել յուրաքանչյուր աշխատողի հետ,

5) պահանջել անհապաղ շտկել ցանկացած թերություն և/կամ իրավական բնույթի գործողություններ ձեռնարկել,

6) ստանալ հասանելիություն բոլոր այն փաստաթղթերին և հաշվարկված տվյալներին, որոնք վերաբերվում են ավիացիոն անվտանգությանը:

9.7 Ավիացիոն անվտանգության աշխատանքների էությունից ելնելով, կարևոր է տեղեկատվության գաղտնիության պահպանումը, ուստի ելնելով թռիչքների անվտանգության ապահովման համար ավիացիոն անվտանգության աշխատանքների կարևորությունից, որակի հսկո­ղության տեսուչները  պետք է խստորեն պահպանեն ավիացիոն անվտանգության համա­կարգի համալիր և թեմատիկ աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսում­­նա­­սիրությունների և դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվություները տարածումից։

9.8   Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկո­ղության տեսուչները     որակի հսկո­ղության միջոցառումների իրականացման ընթացքում պետք է լինեն անկախ, օբյեկտիվ, հուսալի և անաչառ, որը երաշխավորում է վերահսկվող սուբյեկտների հետ համագործակցությունը, աուդիտի արդյունքների ճանաչումը և ցանկացած ուղղիչ գործողությունների արդյունավետ իրականացումը:

9.9 Անաչառության ապահովաման նպատակով՝ այն տեսուչները, ովքեր անմիջական կապ ունեն  որակի հսկո­ղության միջոցառումներին ենթարկվող կազմակերպության հետ, չպետք է մասնակցեն տվյալ կազմակերպությունում անցկացվող ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկո­ղության միջոցառումների իրականացմանը, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք  խորհրդատվության կարգով կարող են օգնել որակի հսկո­ղության միջոցառումներին:

9.10 Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկո­ղության միջոցառումների իրականացմանը չեն կարող մասնակցել այն տեսուչները, ովքեր կամ՝

1) նախկինում աշխատել են այն կազմակերպությունում, որտեղ պետք է անցկացվեն  անվտանգության աշխատանքների որակի հսկո­ղության միջոցառումներ,

2) անմիջական մասնակցություն ունեն տվյալ կազմակերպության գործունեության մեջ,

3) գտնվում են այլ որևէ այնպիսի իրավիճակում, որի դեպքում  տեսուչները չեն կարող լինել անաչառ տվյալ կազմակերպության նկատմամբ:

9.11 Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկո­ղության միջոցառումների կազմակերպման ու իրականացման համար Կոմիտեն իր բյուջետային միջոցներից հատկացնում է բավարար չափի նյութական և ֆինանսական միջոցներ: Այդ միջոցները տրամադրվում են Ծրագրի լրամշակման, որակի հսկո­ղության միջոցառումների իրականացման գործընթացի ապահովման համար, նախատեսված են գործուղումների, տրանսպորտային ծախսերի, տեսուչների ուսուցման և պարբերական վերապատրաստման, համակարգիչների և այլ տեխնիկական միջոցների, գույքի, փորձարկումների համար անհրաժեշտ փորձանմուշների, ստուգիչ և չափիչ սարքերի, ինչպես նաև տեղեկատվական և մեթոդական ուղեցույցների ձեռք բերման նպատակով:».  

6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկո­ղության միջոցառումների նպատակն է ավիացիոն անվտանգության համա­կարգի աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսում­­նա­­սիրությունների և դիտարկումների միջոցով ուսումնասիրել և գնահատել քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը Ազգային ծրագրով սահմանված չափանիշներին, մասնավորապես.

1) ուսումնասիրման ենթակա կազմակերպության ընդհանուր կազմակերպական կառուցվածքը,

2) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպություններ և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ներդրված անվտանգության ծրագրերի վիճակը և համապատասխանությունը Ազգային ծրագրով սահմանված չափանիշներին,

3) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավիացիոն անվտանգության մասով որակի հսկողության ներքին ծրագրի առկայությունը և որակի հսկողության ներքին միջոցառումների իրականացումը,

4) անձնակազմի պատրաստումը և վերապատրաստումը,

5) մուտքի վերահսկման, օդանավակայանների անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, օդանավերի պահպանման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների, օդանավի մաքրման միջոցների, օդանավ շահագործողի փոստի, օդանավի անձնակազմի անդամների և հատուկ վերահսկելի գոտի մուտքի իրավունք ունեցող աշխատողների և այլ անձանց զննման միջոցառումները, փոքր ավիացիային և օդանավակայանի ենթակառուցվածքներին վերաբերող միջոցառումները,

6)անվտանգության հատուկ միջոցառումները սպառնալիքների մակարդակի բարձրացման և բարձր ռիսկային թռիչքների դեպքերում.

7)անօրինական միջամտության գործողություններին արձագանքելու պատրաստակամությունը,

8)անվտանգության նպատակով վերահսկողություն իրականացնող անձանց աշխատանքը.

9) ավիացիոն անվտանգության նպատակով շահագործվող սարքավորումները:»․

7) 37-րդ կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«37. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկո­ղության միջոցառումների իրականացումից հետո որակի հսկողության անցկացրած տեսուչի/ների կողմից պատրաստվում է հաշվետվություն անցկացված աուդիտի վերաբերյալ: Հաշվետվությունն ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկո­ղության գործառույթների արդյունքներն ամփոփող գրավոր փաստաթուղթն է, որը ներառում է միջոցառման իրա­կանաց­ման գործընթացի ամբողջ ժամանակաշրջանը և ավիացիոն անվտանգության մասով ուսումնասիրման ենթարկված ոլորտների բնութագրերը: Հաշվետվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) միջոցառման անցկացման ամսաթվերը և վերահսկվող մարմնի անվանումը.

2) որակի հսկո­ղության միջոցառմանը ներգրավված մասնագետների տվյալները՝ նշելով անունը, ազգա­նունը և պաշտոնը.

3) միջոցառմանը ենթակա ավիացիոն անվտանգության ոլորտները.

4) անցկացված միջոցառման արդյունքները և ազգային ծրագրի դրույթներին համապատասխանության աստիճանը` ըստ ծրագրի 39-րդ կետում նշված գնահատման սանդղակի.

5) որակի հսկողության միջոցառումների ընթացքում ավիացիոն անվտանգության տարբեր ասպեկտներով հարցազրույցին մասնակցած անձանց ցուցակը,

6) եզրակացությունները, բացատրական մեկնաբանությունները, այդ թվում դիտարկումների, հարցազրույցների և ուսումնասիրված փաստաթղթերի ցուցակը.

7) միջոցառման ընթացքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները՝ ենթակա կազմակերպության ներկայացուցչի/ների կազմը.

8) թերությունների հայտնաբերման դեպքերում ուղղիչ գործողություների վերաբերյալ առաջարկներ:»․

8) 38-րդ կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ․

«38. Կոմիտեն անցկացված ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների վերաբերյալ պետք է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնի տարեկան հաշվետվություն, որը պետք է պարունակի տեղեկություններ․

1)հաշվետու տարվա ընթացքում իրականացված գործողությունների քանակի, տեսակի և հայտնաբերված թերությունների վերաբերյալ,

2)որակի հսկողության միջոցառումների հետ կապված թերություններ, ուղղիչ գործողությունների ներկայիս վիճակի, կատարված փոփոխությունների, ինչպես նաև ֆինանսական և մարդկային ռեսուրսների վիճակի վերաբերյալ:»․

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 38․1 կետով.

«38.1 Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին ներկայցվող  տարեկան հաշվետվությունների նյութերը պետք է օգտագործվեն ավիացիոն անվտանգության որակի հսկողության հետագա միջոցառումները պլանավորելիս։»․

10) 41-րդ կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«41․ Անհամապատասխանություններ և թերություններ են հանդիսանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի հակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության աշխատանքների այն թերություններն ու բացթողումները, որոնք չեն համապատասխանում ԻԿԱՕ-ի կողմից սահմանված ավիացիոն անվտանգության միջազգային ստանդարտներին և Ազգային  ծրագրի պահանջներին և հայտնաբերվել են ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունքում։»․

11) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 41․1, 41․2, 41․3, 41․4 և 41․5 կետերով.

«41․1 Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները վերացնելու և միջազգային ստանդարտներին ու Ազգային ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով Կոմիտեն կարող է սահմանել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

41․2 Որակի հսկողության միջոցառումների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների և թերությունների առկայությունը կարող է հանգեցնել Կոմիտեի կողմից մեկ կամ մի քանի ուղղիչ գործողությունների ընդունման, ընդ որում թերությունների վերացման վերաբերյալ Կոմիտեի կողմից ներկայացված առաջարկությունները պետք է բաժանվեն ըստ առաջնահերթությունների՝

1) առաջարկություններ՝ անհապաղ վերականգնողական գործողությունների համար․

2) առաջարկություններ՝ ավելի երկարաժամկետ գործողությունների համար:

41․3 Եթե որակի հսկողության միջոցառումների արդյունքում հայտնաբերվում է Ազգային ծրագրի պահանջներին անհամապատասխանության փաստ, Կոմիտեի կողմից պետք է առաջարկվի տվյալ կազմակերպությանն անհապաղ վերացնել թերությունը կամ անհամապատասխանությունը, իսկ եթե հնարավոր չէ անհապաղ վերացնել թերությունը կամ անհամապատասխանությունը, ապա այդ դեպքում Կոմիտեն պետք է առաջարկի կազմակերպությանը ներկայացնելու թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույց, իսկ մինչ թերությունների վերացումը կիրառել այլընտրանքային անվտանգության միջոցներ։

Թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան- ժամանակացույցը պետք է  համաձայնեցվի Կոմիտեի հետ, որից հետո Կոմիտեն պետք է վերահսկողություն իրականացնի թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույցի կատարման նկատմամբ, որպեսզի համոզվի իրականացվող միջոցառումների արդյունավետության մեջ։

41․4  Կոմիտեի կողմից պետք է սահմանվեն հարկադիր կատարման ենթակա գործողությունների տարբեր մակարդակներ, կախված հանգամանքներից, թերությունների կամ անհամապատասխանությունների բնույթից և պայմաններից։ Գործողությունները պետք է պարունակեն կատարողական միջոցառումների տարբեր կատեգորիաներ․

1) վարչական միջոցառումներ (օրինակ՝ համաձայնագրերի կասեցում կամ օդանավակայանի վերահսկելի գոտիներ թույլտվությունների արգելում),

2) դատավարական հարկադրանքի ​​միջոցներ և տուգանքներ, որոնք պետք է սահմանվեն ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

41․5 Թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման իրավական միջոցների կիրառման դեպքերում պետք է իրականացվեն հետևյալ աստիճանական և համաչափ գործողությունները․

1) արձանագրված թերությունների վերաբերյալ պաշտոնական բանավոր տեղեկացում,

2) պաշտոնական գրավոր տեղեկացում, որը պահանջում է նպատակային ուղղիչ գործողություններ, ցույց տալով նման գործողությունների ցանկալի արդյունքը, եթե.

ա.ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունների առկայության պայմաններում պարզ հաղորդագրությունը կամ առաջարկությունն անբավարար են,

բ. ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունները չեն վերացվում։

3) իրավական միջոցների կիրառման կատարման մասին ծանուցում, եթե ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունները պաշտոնական նախազգուշացումից հետո չեն վերացվում և/կամ կրում են շարունակական բնույթ:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Discussed

    27.07.2020 - 11.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Aviation

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4920

Print

Suggestions

<<ԲԵԿՈՒՄ>> հանրային պատասխանատվություն, անվտանգություն, հսկողություն>> հասարակական կազմակերպություն,

27.07.2020

Որոշման նախագծի վերաբերյալ <<Բեկում>> հասարակական կազմակերպությունը հայտնում է նախագծի 1-ին կետի՝ 1/ 2-րդ ենթակետում առաջարկվող նոր՝ 1.4 կետի վերջին պարբերությունը հանել, որովհետև սուբյեկտների կամ կազմակերպությունների համար պարտադիր կատարման գործողությունները կամ ծրագրեր կատարելու պարտավորությունը չի կարող սահմանվել ՀՀ կառավարոթւյան որոշմամբ: ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, հետևաբար նշված պարտավորությունը օրենքի կարգավորման առարկա է. 2/ 3-րդ ենթակետը վերանայել և հանել ավիացիոն կոմիտեին լիազորությունների, այդ թվում՝ վերահսկողական ձևերի կամ վերահսկողական գործիքների վերապահումը, դրանք սահմանելով <<Ավիացիայի մասին>> ՀՀ օրենքով, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հաշվի առնել, որ <<Ավիացիայի մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ կոմիտեին վերապահված է ուսումնասիրություն և վերահսկողություն կատարելու իրավասություն, ընդորում՝ վերահսկողությունը պետք է կատարվի <<ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչը նշանակում է, որ բաց է ուսումնասիրություն իրականացնելու կարգը, պարզ չէ, թե ինչպես և ինչ ընթացակարգով պետք է ուսումնասիրությունը կատարվի, որը պետք է սահմանել օրենքով: Նախագծի 3-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ կետում առաջարկվող աուդիտը, տեսչական գործառույթները, փորձարկումները, դիտարկումները օրենքով նախատեսված չեն, հետևաբար կառավարության որոշմամբ չեն կարող սահմանվել, ընդորում ՀՀ կառավարոթւայնը ևս օրենքով նման լիազորոթւյուններ սահմանելու իրավասություն վերապահված չէ, հետևաբար դրանք բացառապես օրենքի կարգավորման առարկա են՝ առանձին սահմանումներով և դրանց իրականացման կանոնակարգումներով: Նույն դիտողությունը վերաբերում է նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետով առաջարկվող՝ նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ կետին, որի դրույթները պետք է հանել և սահմանել օրենքով: 3/ 5-րդ ենթակետով որակի հսկողության մասնագետներին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են նոր 9.1 կետով, հանել, որովհետև դրանք պետք է հաստատվեն <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հանրային ծառայության պաշտոնի անձնագրերով, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայության ցանկացած պաշտոնի համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր /նկարագիր/, որը պետք է հաստատի կոմիտեի ղեկավարը: 4/ 5-րդ ենթակետում 9.3 նոր կետով ատեստավորման պահանջ սահմանելիս հաշվի առնել, որ ատեստավորող ավիացիոն կոմիտեն իր հերթին նախապես պետք է ստանա միջազգային հավատարմագրում՝ ակրեդիտացում՝ ոլորտի միջազգային չափորոշիչներով և ընթացակարգերով, հակառակ դեպքում նրա կողմից ատեստավորված մասնագետների կամ տեսուչների կատարած աուդիտի արդյունքները միջազգային ավիացիոն կազակերպությունների կողմից կհամարվեն ոչ հավաստի և իրավասու՝ դրանից բխող իրավական և հեղինակային բացասական հետևանքներով: 5/ Նույն ենթակետում լրացվող նոր 9.4 կետով առաջարկվող լիազորությունը՝ատեստավորման կարգի մասով, պետք է սահմանել օրենքով՝ համաձայն՝ ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի: 6/ Նույն դիտողությունը վերաբերում է լրացվող նոր 9.6 կետին, որով սահմանված լիազորությունները պետք է սահմանվեն օրենքով: 4/ 6-8-րդ, 10-րդ ենթակետերով սահմանված լիազորություններն ու պարտավորությունները նախատեսող դրույթները ևս օրենքի կարգավորման առարկա են. 7/ 11-րդ ենթակետով լրացվող 41.1 և 41.4 նոր կետերում հաշվի առնել, որ նախատեսված վարչական պատասխանատվությունը կամ էլ վարչական միջոցառումները և տուգանքները չեն կարող ունենալ որևէ իրավական հետևանք, եթե հստակ սահմանված չեն միջոցառումների ժամկետները և ձևերը կամ էլ տուգանքների չափերը ոլորտային օրենքով կամ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան դրույթներով: Նախագահ՝ Ա. Վարդանյան

See more