Add to favourites

Under development

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավականակտիընդունման անհրաժեշտությունը և նպատակը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-300-Ն) տուգանային միավորների կիրառման համակարգին զուգընթաց առավել մեծ հանրային վնասակարարություն ունեցող իրավախախտումների համար «տուգանք» տույժի տեսակը փոխարինվել է «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում» տույժի տեսակով, իսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն:Արդյունքում, բաց են մնացել այն իրավիճակները, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող իրավախախտումն առաջին անգամ կատարվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, քանի որ այդ դեպքում պատասխանատվություն է կիրառվում միայն տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար, ինչի համար կիրառվող քսանհինգ հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-91-Ն) պատասխանատվություն է նախատեսվել զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու համար։Այս կարգավորումից հետո, վարորդների մի որոշ հատված, հստակ գիտակցելով, որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից կայացվող որոշումներով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (ՀՕ-300-Ն) 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով չի կիրառվելու տուգանային միավոր, այլ՝ առավել վնասկար բնույթ պարունակող (սահմանաված առավելագույն արագության գերազանցում) իրավախախտումներ կատարելու համար պատասխանատվությունից խուսափելու համար, այդ թվում՝ երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ արտոնյալ դիրքն ընդգծելու նպատակով, երթևեկում են մեկ համարնիշով (հիմնականում հետևի)՝ չվախենալով ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պատասխանատվությունից։Ավելին, սանկցիան չի նպաստում հետապնդվող վարչական տույժի նպատակի իրագործմանը, քանի որ վարորդների հիմնական մասը պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակում է դրսևորել նույն հակաիրավական վարքագիծը։

Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն թույլատրվում է բռնագրավման պահանջով դիմել դատարան վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգավելուց հետո 15-օրյա ժամկետում, սակայն անհրաժեշտ է նկատել, որ այդ դեպքում վարչական տույժի ենթարկված անձը դեռ կարող է բողոքարկել վարչական ակտը (այդ թվում՝ վերադասության կարգով գանգատարկելուց հետո նաև դատական կարգով), որն էլ իր հերթին կարող է անվավեր ճանաչվել և կստացվի, որ պետության կողմից բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար և հետագայում նաև գործի քննության հետ կապված վճարված պետական տուրքի և այլ դատական ծախսերը կլինեն ապարդյուն (պետությունն անհարկի վնաս կկրի), ավելին, ապարդյուն կլինեն նաև պետական մարմնի աշխատակիցների այդ գործընթացի վրա վատնած ժամանակը (ռեսուրսները)։

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով տուգանային միավորների կիրառումն ուղղակիորեն կապված է պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելու և որոշումներ կայացնելու տեխնիկական միջոցների առկայության հետ, որոնք իրենց հերթին պետք է ապահովված լինեն խախտումների հաշվառման շտեմարանի հետ առցանց կապով, անհրաժեշտություն է առաջացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019թ. դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը։

 

  1. Առաջարկվող կարգավորմանբնույթը

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.1-րդ, 123.5-րդ, 124-րդ, 124.4-րդ և 126-րդ հոդվածների նախագծով առաջարկվող մասերի սակցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի այդ արարքները կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու մասին պահանջ։

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 23.04.2020 թվականի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշմամբ նախատեսվում է պարեկային ոստիկանության ստեղծման գործընթացն ավարտել մինչև 2022 թվականը և ինչով պայամանավորված փաթեթով ներկայացվել է նաև«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (ՀՕ-300-Ն) 42-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը երկարացնելու մասին օրինագիծ, անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կզսպեն զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը՝ երաշխավորելով վարչական տույժի նպատակի իրագործմանը։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 123.5-րդ հոդվածը լրացնել նոր 17-րդ մասով, որով կնախատեսվի պատասխանատվություն նույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Առաջարկվում է Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել, ինչը կապված է Օրենսգրքի 123.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սանկցիաների հետ, քանի որ նշանակված տույժի լիարժեք կատարման համար, մասնավորապես իբրև լրացուցիչ վարչական տույժ նախատեսված վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան բռնագրավելու համար, անհրաժեշտ է հստակ սահմանել այն պահը, երբ վարչական մարմինը իրավասու կլինի բռնագրավման պահանջով դիմել դատարան։ Բացի այդ,տրամաբանական է բռնագանձման տույժի տեսակը իրականացնել վարչական ակտի բողոքարկման հնարավորությունը սպառվելուց հետո։

Առաջարկվում է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019թ. դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված՝ ճանապարհապարեկային ծառայողների կողմիցմի շարք խախտումների մասով տուգանային միավոր կիրառելու վերաբերյալ սահմանված անցումային ժամկետը երկարաձգել մինչև Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության և Ճանապարհային ոստիկանության կողմից։

 

4․ Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաև լուծել օրենքի կիրառման հետ կապված այլ խնդիրներ։

  • Discussed

    25.06.2020 - 10.07.2020

  • Type

    Law

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9030

Print

Suggestions

Վաղարշ Հակոբյան

27.06.2020

Համաձայն չեմ 135.2֊ի 1֊ին մասի փոփոխությամն հետ՝ կապված տուգանային միավորի կիրառում հետ։ Կոռուպցիոն ռիսկ եմ տեսնում։ Կամ էլ պիտի ոստիկաններին էլ պարտավորեցնեն, որ ծխելու տեսագրությունը ներկայացնի։ Օրենքը պիտի ծառայի մարդկանց համար, այլ ոչ թե մարդիկ՝ օրենքի։

Սերգեյ Ղահրամանյան

26.06.2020

Գիտենք, որ ՎԻՎ 126-ի 1-ին կետը «անցումային» իրավիճակում է և երբ պարեկային ծառայությունը ներդրվի և տեսուչների կողմից ևս տուգանային միավորներով վարչարարությունը իրականացվի, այս նորմը։ 1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: փոխվելու է դառնալու է 29.000 ՀՀ դրամ։ Ներկայումս եթե վարորդական իրավունք չունեցող վարորդն է կատարում տվյալ խախտումը, ապա կպատժվի 150.000 ՀՀ դրամ։ Ուստի ենթադրվում է, որ ապագայում, երբ այդ այցումային դրույթը ավարտվի և ուժի մեջ մտնի նոր խմբագրությունը, դուք կարիք կտեսնեք, կրկին խմբագրելու՝ իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝.......... » Առաջարկում եմ հենց այս փաթեթի մեջ նախատեսել այդ փոփոխությունը, ավելացնել անցումային դրույթի մեջ, որ երբ մտնի արդեն ուժի մեջ տեսուչների կողմից տուգանային միավորներով վարչարարությունը, ապա այդ ժամանակ իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ «օրինակ» 100 կամ կրկին 150 հազար ՀՀ դրամի չափով պատիժ» Սա հնարավորություն կտա ապագայում զերծ մնալ նոր օրենսդրական փոփոխություն կատարելու վրա ծախսել հավելյալ ժամանակ

Տիգրան Պետրոսյան

25.06.2020

Ցավոք ոչ մի տուգանք չի փրկի, միայն ազատազրկում, թեկուզ մի ամսով:

See more