Add to favourites

«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ

 ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացին դպրոցի մանկավարժներին, սովորողների ծնողներին մասնակից դարձնելու, խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացին նրանց ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով:

 

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը («Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին»), որի 14-րդ, 15-րդ կետերով առաջարկվում է դպրոցի աշակերտական, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ վերջիններս հանդիսանում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախագծով սահմանվում է, որ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդը հանդիպում է աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկում են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ: Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է քվեարկություն, և մրցույթի անցկացման ժամանակ քվեարկության արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ  մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար, որոնք պարտավոր են քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության է դրել նաև «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որով («Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը) առաջարկվում է Խորհրդի անդամների թիվը հասցնել 9-ի, բացի այդ առաջարկվում է փոխել համամասնությունը հօգուտ մանկավարժների և ծնողների՝ նրանց համար սահմանելով 3-ական անդամներ, իսկ լիազորված մարմնի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների համամասնությունը նվազեցնել՝ սահմանելով 2+1՝ ըստ ենթակայության: Նշված կարգավորումը առավել ազդեցիկ կդարձնի խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացի ժամանակ մանկավարժների և ծնողների ձայնը:

Նախագծի 3-րդ կետի 5-րդ ենթակետով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհուրդը, ըստ առաջարկվող փոփոխությունների, պետք է կազմված լինի 9 անդամներից, որոնցից 3-ը մանկավարժական խորհրդից, 3-ը՝ ծնողական, իսկ մյուս 3-ը՝ լիազորված մարմնի (Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանի) և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներից (2+1՝ ըստ ենթակայության): Փաստացի ստացվում է, որ դպրոցի խորհրդում 3-ական ներկայացուցիչ ունենում են մանկավարժները, ծնողները և լիազորված մարմինները, հետևաբար տնօրենի ընտրության ժամանակ նախագծով առաջարկվում է խորհրդի նիստն իրավազոր համարել, եթե նիստին մասնակցում է խորհդրի անդամների ընդահուր թվի առնվազն երկու երրորդը, ինչով կապահովվի բոլոր կողմերի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացին՝ բացառելով առանց կողմերից որևէ մեկի մասնակցության նիստ գումարելու հնարավորությունը:

   Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսվում է նաև հեռավոր կամ խոշորացված համայնքներում, ըստ անհրաժեշտության, գործող հանրակրթական դպրոցը կազմակերպել որպես մեկ հանրակրթական ուսումնական հաստատություն՝ վերջինիս հարակից բնակավայրերում դրա մասնաճյուղերի կազմավորման միջոցով՝ նպատակ ունենալով հեռավոր կամ խոշորացված համայքներում իրականացնել արդյունավետ կրթական գործընթացի կազմակերպում, ինչպես նաև՝ մեղմել ներկայում գործող ՀՀ հանրակրթական դպրոցների՝ 40 %-ից ավել հաշվվող փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների հիմնահարցերը:

 

   Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն տնօրենի ընտրությանը մասնակցող բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կկարգավորվեն դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ընտրության (հավանության) հարցերը, առավել ազդեցիկ կդառնան խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացի ժամանակ մանկավարժների և ծնողների ձայնը:

 

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում առաջանում է Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

  • Discussed

    21.06.2020 - 07.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8965

Print

Suggestions

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Լրացուցիչ կարգավորումներ դպրոցի խորհուրդների և տնօրինության թափանցիկ, հաշվետու և մասնակցային աշխատանքի համար՝  Խորհուրդների նիստերի մասին տեղեկատվությունը բաց հայտարարությամբ տեղադրել դպրոցի կայքէջում։ ԾԽ և ՄԽ նիստերին մասնակցության հնարավորություն ստեղծել դպրոցի բոլոր ծնողների, մանկավարժների, ինչպես նաև լիազոր մարմնի և կրթության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։  Ընդունել ԾԽ օրինակելի կանոնադրություն՝ կանոնակարգելու Ծնողական խորհրդի որպես մասնակցային մարմնի արդյունավետ գործունեությունը, օրինակ, քանի որ ներկայումս սահմանված են միայն ծնողական ժողովների հրավիրման ժամկետները (4 և 2), իսկ ծնողական խորհուրդների նիստերի հրավիրման ժամկետները սահմանված չեն։  ԿԽ, ինչպես նաև ԾԽ և ԱԽ անդամների համար կազմակերպել պարբերական վերապատրաստումներ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից։  ԿԳՄՍՆ կողմից խորհուրդներում սեփական ներկայացուցիչների և համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել հետադարձ կապին ծառայող հանդիպում-քննարկումներ՝ լիազոր մարմնի քաղաքականությանը ծանոթացնելու և խորհրդի անդամների կարծիքներին ծանոթանալու համար։

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Տնօրինությունը իրազեկում է դպրոցի բոլոր խորհուրդների նիստերի մասին և հնարավորություն է ստեղծում ԿԽ անդամների համար դպրոցի ծնողական խորհրդի և մանկավարժական խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։ Տնօրինությունը ապահովում է դպրոցի խորհուրդների և կառավարման խորհրդի միջև տեղեկատվության փոխանակումը։»

Վահրամ Սողոմոնյան

05.07.2020

Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Դպրոցի կառավարման խորհրդի անդամը՝ իրավունք ունի ծանոթանալ դպրոցի ֆիզիկական պայմաններին, դպրոցի աշխատանքային փաստաթղթերին, հանդիպել դպրոցի մասնակցային խորհուրդների հետ և նախաձեռնություններ ներկայացնել կառավարման խորհրդի նիստին: Դպրոցի տնօրինությունն այդ նպատակով աջակցում է կառավարման խորհրդին:»

See more