Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի` ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՀԱՋՆԵՐՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ` ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունվել և 2020 թվականի ապրիլի 15-ին ուժի մեջ է մտել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Կատարված փոփոխությունների արդյունքում «Սնանկության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 63-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը  Կառավարության սահմանած դեպքերում և կարգով կարող են մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը: Այսինքն` ի տարբերություն Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի նախկին խմբագրության, որը բացառում էր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի քվեարկության հնարավորությունը ֆինանսական առողջացման ծրագրերին, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած փոփոխություններով ամրագվել է ոչ միայն նման հնարավորությունը, այլ նաև համապատասխան դեպքերը և կարգը սահմանելու իրավասությունը վերապահվել է Կառավարությանը:

Հարկ է ընդգծել, որ, ընդհանուր կանոնի համաձայն, ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցության իրավունք տրվում է այն պարտատերերին, ում շահերին այն ուղղակիորեն առնչվում է: Այլ կերպ ասած, եթե պարտատիրոջ պահանջը ներառված չէ այդ ծրագրում, վերջինս քվեարկելու իրավունք ձեռք չի բերում:[1] Այս առումով միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են, որ տարբեր երկրների կողմից որդեգրվել են տարբեր մոտեցումներ ֆինանսական առողջացման ծրագրերի քվեարկության կարգերը սահմանելիս: Մի դեպքում դասակարգվում են պարտատերերի հատուկ խմբեր` սահմանելով յուրաքանչյուր խմբի քվեարկության առանձին կանոններ, որոնք միատեսակ են այդ դասի պարտատերերի համար: Օրինակ, Մոլդովայում ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկության ժամանակ տարբերակվում են պարտատերերի դասեր, որոնց շարքում պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններով պարտատերերը առանձին դաս են կազմում: Սակայն ամրագրված է, որ այդ դասի պարտատերերի նկատմամբ ևս տարածվում են օրենսդրությամբ նախատեսված բոլոր սահմանակումները և կանոնները:[2] Մյուս դեպքում, եթե որոշակի դասեր նույնիսկ չեն առանձնացվում, սահմանվում են «կողմ» կամ «դեմ» քվերակելու հնարավորությունները և դեպքերը:

Սակայն բոլոր դեպքերում` անկախ որդեգրված մոտեցումից, միանշանակ են ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկության հիմքում ընկած սկզբունքները: Դրանք են, մասնավորապես, պահանջի չափը, ֆինանսական առողջացման ծրագրում բավարարված պահանջի չափի և լուծարման արդյունքում պարտատիրոջ բավարարվող չափի հարաբերակցությունը, պարտապանի առողջացման հնարավորության ապահովումը, եթե նույնիսկ առանձին պարտատերեր զրկվում են իրենց պահանջի ամբողջական բավարարումից, ինչպես նաև նույն դասի պարտատերերի համար արդարության, առավելությունների ճանաչման և մեծամասնության շահերի պահպանման սկզբունքները:[3]

Պետական բյուջեի առջև ձևավորված պարտավորությունների մասով միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են հետևյալ սկզբունքի կիրառման մասին. սնանկության վարույթում առավելապես աջակցել պարտապանին կենսունակ և մրցունակ սուբյեկտ դարձնելուն` հետագայում, օրինակ, հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու նպատակով, իսկ դրա փոխարեն ներկայումս զիջել պարտավորությունների որոշ մասը հենց ֆինանսական առողջացման ծրագրերի շրջանակում:[4]

Մյուս կողմից, պետության մասնակցությունը հատկապես կարևորվում է սնանկության այն վարույթներում, որտեղ որպես պարտապան հանդես է գալիս պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունը: Օրինակ, «Անվճարունակության (սնանկության) մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքի 194-րդ հոդվածը, որը կարգավորում է պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող անձանց ֆինանսական առողջացման հարցը, առանձնահատուկ տեղ է հատկացնում պետության, հատկապես` տնտեսության ոլորտում միասնական քաղաքականություն իրականցնող պետական մարմնի դերին` հնարավորություն վերապահելով ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին միջնորդություն ներկայացնելու, նաև հետագա փուլերին մասնակցություն ունենալու: Ընդ որում, նույն օրենքի 190-րդ հոդվածով տրված է «ռազմավարական նշանակություն ունեցող» սուբյեկտների հասկացությունը` դրանց շարքում ներառելով պետության մասնակցությամբ ստեղծված ընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում զբաղվում են այնպիսի ապրանքների արտադրությամբ, աշխատանքների կատարմամբ և (կամ) ծառայությունների մատուցմամբ, որոնք ուղղված են պետության պաշտպանության, անվտանգության, բնակչության առողջության պաշտպանության ապահովմանը, կամ պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված արտադրական, գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, փորձարարական-տեխնոլոգիական ոլորտներում:[5]

Վերոգրյալի հաշվառմամբ  կարելի է փաստել, որ որոշակի չափանիշների առկայության պայմաններում պետության մասնակցությունը անհրաժեշտ է ֆինանսական առողջացման ծրագրերի քվեարկությանը` հաշվի առնելով ինչպես գործող ընդհանուր սկզբունքները, այնպես էլ պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի առանձնահատկությունները:

Վերոգրյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի` ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի` ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը սահմանվել են հետևյալ հիմնական հանգամանքների հաշվառմամբ.

  • թե պետության և թե հասարակության համար կարևոր ու կենսական նշանակություն ունեցող ոլորտներում պարտապանի հետագա գործունեության անհրաժեշտությունը, երբ տվյալ անձի կողմից իրականացվող գործունեությունը արդյունավետ է պետության և հասարակության կարիքների բավարարման տեսանկյունից. ավելին` առանձին դեպքերում նույնիսկ առավել նպատակահարմար է որոշ պահանջներից հրաժարումը կամ ֆինանսական առողջացման երկարաժամկետ միջոցառումների կիրառումը պարտապանի առողջացման, տնտեսական շուկայում կրկին մրցունակ սուբյեկտ ունենալու նպատակով,
  • առանձին դեպքերում, երբ տվյալ սնանկության գործով որպես պարտատեր հանդես է գալիս միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերը, կամ նույնիսկ այլ պարտատերերի մասնակցության պայմաններում վերջիններս չունեն քվեարկելու իրավունք, ֆինանսական առողջացման ծրագրին քվեարկությանը մասնակցության հարցը կարգավորող իրավական նորմեր և համապատասխան ընթացակարգեր մինչև Օրենքում փոփոխությունների կատարումը չեն եղել:

Ըստ այդմ՝ Նախագծով նախատեսվել են`

  • այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետությունը` որպես սնանկության գործով պարտատեր, իրավունք ունի մասնակցելու ֆինանսական առողջացման ծրագրերի քվեարկությանը, մասնավորապես` սնանկության վարույթներում քվեարկության հնարավորությունը սահմանվել է.
  • կախված պարտապանի գործունեության ոլորտից,
  • կախված պարտապանի գործունեության հաշվետու տարում ցուցաբերած արդյունքներից,
  • տվյալ վարույթում քվեարկության իրավունք ունեցող այլ պարտատերերի առկայության հանգամանքից,
  • ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվող միջոցառումների տևողությունը,
  • այն հանգամքների հաշվառմամբ, որոնք հանդիսացել են պարտապանի սնանկության պատճառը, մասնավորապես` նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտներում գործունեություն ծավալող սուբյեկտների սնանկության վարույթում ևս հնարավորություն է վերապահվել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերին` դրանով ևս ստեղծելով լրացուցիչ երաշխիքներ տնտեսվարողների առողջացման և հետագա գործունեության համար ստեղված պայմաններում.
  • որոշման ընդունման ընթացակարգը, որը հնարավորություն է վերապահելու պետական մարմիններին մասնակցելու ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը, որոշմանը ներկայացվող նվազագույն պահանջները.
  • առանձնակի բարդության գործերով պարտատիրոջ և պետական մյուս մարմինների համագործակցության հնարավորությունը իրենց իրավասության շրջանակում ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու մասին կարծիք ստանալու համար, որի նպատակն է այնպիսի երաշխիքների սահմանումը, որը կապահովի պարտապանների ֆինանսական առողջացման հնարավորությունների և նպատակահարմարության գնահատումը տարբեր ոլորտներում:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

Ակնկալվող արդյունքը.

 

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության կողմից ֆինանսական առողջացման ծրագրերի քվեարկությանը մասնակցության պատշաճ իրականացումը:

 

 

 

[1] The European Law Institute, Rescue of Business in insolvency law, 2017, էջ 316:

[2]http://documents.worldbank.org/curated/en/269901467987829892/pdf/100208-ROSC-P146486-PUBLIC-Box393225B-Moldova-UpdateII-ROSC-ICR-Public.pdf:

 

[3]http://pubdocs.worldbank.org/en/919511468425523509/ICR-Principles-Insolvency-Creditor-Debtor-Regimes-2016.pdf:

[4] The European Law Institute, Rescue of Business in insolvency law, 2017, էջ 331:

 

[5] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_39331/49476eb68649ada10f86afbd179cddfea15ecb18/:

 

  • Discussed

    08.05.2020 - 25.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Bankruptcy

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6818

Print