ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 16.05.2019թ. «ՀՀ կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 267-րդ կետի կատարման ապահովմամբ:
- Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս հանրապետությունում տաքսի ծառայություններ են մատուցում 190 կազմակերպություններ, որոնցից 46-ը 1-4 ավտոմոբիլով և վճարում են լիցենզիայի համար տարեկան 100000 դրամ պետական տուրք, իսկ 67-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Իսկ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումների համար լիցենզիայի պետական տուրքը հանվել է: Այսինքն անհավասար պայմաններ են ստեղծվում նույն գործունեությունն իրականացնողների համար պետության կողմից մատուցվող նույն ծառայության՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքի մասով: Բացի այդ, կազմակերպությունները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով վճարում են գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու տուրք ըստ տրանսպորտային միջոցնրի քանակի: Հարկային պարտավորությունների մասով նույնպես առկա են անհավասար պայմաններ գործունեություն իրականացնողների համար:
Օրենսդրորեն կարգավորված չէ նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցման ոլորտը, որը գործող օրենսդրությամբ չի կարգավորվում և ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչպես նաև նպաստում է ոլորտում անօրինական փոխադրումների կազմակերպմանը:
Բացի այդ, ներկայումս 6-8 նստատեղով թեթև մարդատար ավտոմոբիլով ֆիզիկական անձանց կողմից միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներով ցածր սակագներով կանոնավոր փոխադրումների իրականացումը հանգեցնում է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում գործունեություն իրականացնողների արդարացի դժգոհությունը: Ուղևորահոսքի նվազեցման արդյունքում կազմակերպությունները հրաժարվում են կանոնավոր երթուղիների սպասարկումից:
Ներկայումս մեծ քանակով չլիցենզավորված տրանսպորտային միջոցներ ներգրավված են էլեկտրոնային հարթակով տաքսամոտորային փոխադրումներում, նրանց գործունեությունը կանոնակարգված չէ օրենսդրորեն: Էլեկտրոնային հարթակով պատվեներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը չի կանոնակարգվում: Ոլորտում բացակայում է վերահսկողությունը:
Տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների և ավտոկայանների տարածքում ուղևորների նկատմամբ, որի վերահսկողությունը չի կարգավորում օրենսդրությամբ:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար լիցենզավորման պետական տուրքի մասով հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել լիցենզիայի տարեկան տուրք 100000 դրամ:
Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է մնում վերահսողությունից, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ, որոնք ունեն հարկային պարտավորություններ: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն, իսկ ոլորտում գործունեություն իրականացնողներին օրինական դաշտ բերելու նպատակով, պատվերների փոխանցումը կատարվի միայն լիցենզավորված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:
Ոլորտում անվտանգության և ուղևորների սպասարկման որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել դրույթներ վարորդների առողջական վիճակի և վարորդական վկայականների ուժի մեջ գտնվելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է կանոնակարգել տաքսիների գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սկզբնակետերի և վերջնակետերի տարածքներից, ինչպես նաև օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը :
Հաշվի առնելով ներկայումս 6-8 նստատեղերով թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ծավալները, որոնք փաստացի իրականացնում են տնտեսական գործունեություն առանց հարկային պարտավորությունների, անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգելու նրանց կողմից իրականացվող գործունեությունը նրանց համար սահմանելու հարկային պարտավորություններ:
Հաշմանդամություն ունեցող անձանց 2017-2021թթ. 2.2.1-րդ կետի կատարման նպատակով նախատեսվում է 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունների համար սահմանել 1 հատ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված մարդատար տաքսի ավտոմեքենաների պարտադիր պահանջը:
2.Կարգավորման առարկան
1.Լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 100000 դրամ:
2.Ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, լիազոր մարմնին տրամադրելով տվյալների բազան: Նրանց գործունեությունը կկարգավորվի <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> օրենքով:
3.Սակաչափիչ սարք է ընդունվում ինչպես տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչը, այնպես էլ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքը:
4.Կանոնակարգվում է 6-ից 8 տեղանոց թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը:
5.Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը:
- Կանոնակարգվում են օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:
7.Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենսդրական փաթեթով պետական տուրքի մասով հավասար պայմաններ կստեղծվեն տաքսի ծառայություններ մատուցողների համար: Կկանոնակարգվի էլեկտրոնային հարթակներով տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա ոլորտի վերահսկողության մակարդակը, անվտանգությունն ու սպասարկման որակը: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: