Add to favourites

Located in RA Government

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմ` ավտովարորդ, կամ ավտովարորդի օգնական, կամ ինքնազբաղված ավտովարորդ, ով իրականացնում է ուղևորների կամ բեռների փոխադրում.

ավտովարորդ՝ ավտոտրանսպորտային միջոցը վարող անձ.

վարելու ժամանակահատված՝ հանգստի կամ ընդմիջման ժամերից հետո մինչև հաջորդ ընդմիջման կամ հանգստի ժամը ավտովարորդի ավտոտրանսպորտային միջոցը վարելու կուտակված ժամերը։»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում լրացնել նոր 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

«7. Հայաստանի Հանրապետությունից միջպետական և Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ և թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող, ներառյալ՝ կցորդի կամ կիսակցորդի բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով, բացառությամբ՝

1) միջպետական և ներհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների, եթե երթուղու երկարությունը չի գերազանցում 150 կիլոմետրը,

2) 40 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությունը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցների,

3) զինված ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության, հրշեջ ծառայությունների և հասարակական կարգի պահպանման համար պատասխանատու ուժերի կողմից կամ նրանց հսկողությամբ օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների,

4) 10-ից 17 նստատեղ (ներառյալ վարորդի նստատեղը) ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային նպատակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար,

5) ոչ առևտրային նպատակներով մարդասիրական օգնության համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են արտակարգ իրավիճակների դեպքում կամ փրկարարական աշխատանքներ իրականացնելիս.

6) մասնագիտացված վթարային և բժշկական նպատակներով օգտագործվող մասնագիտացված ավտոտրանսպորտային միջոցների.

7) «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների,

8) ավտոտրանսպորտային միջոցների, որոնք տեխնիկական զարգացման, վերանորոգման կամ պահպանման նպատակներով ենթարկվում են ավտոճանապարհային փորձարկումների, ինչպես նաև նորաստեղծ կամ վերակառուցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դեռեւս չեն հանձնվել շահագործման,

9) ոչ առևտրային ապրանքների փոխադրման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների կամ համակցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 7,5 տոննան,

10)  պատմական նշանակություն ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են ոչ առևտրային նպատակներով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար։

11) կոյուղու, ջրհեղեղից պաշտպանության, ջրի, գազի և էլեկտրականության հետ կապված ծառայությունների, մայրուղիների պահպանման և հսկողության, աղբի հավաքման և վերացման, հեռագրային և հեռախոսային ծառայությունների, փոստային իրերի փոխադրման, ռադիոյի ու հեռուստատեսության հեռարձակման և ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդիչների և ընդունիչների հայտնաբերման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների:

  1. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և ավտովարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության և ավտովարորդի թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածները «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան պետք է՝

1) օրական վարելու ժամանակահատվածը չգերազանցի ինը ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տևել մինչև տասը ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ,

2) միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը: Շաբաթվա առավելագույն աշխատանքային ժամանակը կարող է երկարաձգվել մինչև 60 ժամ միայն այն դեպքում, եթե չորս ամսվա ընթացքում վարելու ժամանակահատվածը չի գերազանցվում շաբաթական միջինը 48 ժամը: 

3) Երկու հաջորդական շաբաթների ընթացքում կուտակված ընդհանուր վարելու ժամերը չպետք է գերազանցեն 90 ժամը,

4) չորսուկես ժամ վարելուց հետո ավտովարորդը պետք է առնվազն քառասունհինգ րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Ընդմիջումները կարող են բաժանվել յուրաքանչյուրը առնվազն 15 րոպե ժամանակահատվածների,

5) յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչև առնվազն 9 անընդմեջ ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ:

6) նախորդ օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում ավտովարորդն ունի ևս մեկ օր հանգստի ժամանակ։

7) երկու հաջորդական շաբաթների ընթացքում ավտովարորդն առնվազն ունի կանոնավոր երկշաբաթյա հանգիստ կամ առնվազն 24 ժամ տևողությամբ մեկ շաբաթյա կանոնավոր հանգիստ և մեկ շաբաթյա կրճատված հանգստի ժամանակահատված։

  1. Տրանսպորտի ոլորտի տեսչական լիազոր մարմնի կողմից տրանսպորտային միջոցներում ձայնագրող սարքի (թվային տախոգրաֆի քարտի) տեսչական վերահսկողությունն իրականացվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին, կազմակերպություններում և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  վեցերորդ ամսվա առաջին օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  137.8–րդ հոդվածի՝

1) վերնագրում «բեռնափոխադրումների» բառից հետո լրացնել «և ուղևորափոխադրումների» բառերը,

2) 1-ին մասում «միջպետական» բառերը հանել:

3) 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«2.1. ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ վարորդի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կազմակերպության պաշտոնատար անձի և անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:» 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա առաջին օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

<<ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասի «անցկացնելիս» բառից հետո լրացնել  «, ինչպես նաև տրանսպորտի ոլորտում տեսչական լիազոր մարմնի հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներում ձայնագրող սարքի (թվային տախոգրաֆի քարտի) ճանապարհային տեսչական վերահսկողական գործառույթներ իրականացնելիս»  բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա առաջին օրը:

 

  • Discussed

    29.04.2020 - 14.05.2020

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7960

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

07.05.2020

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ 1. առաջարկում ենք 1-ին հոդվածով սահմանվող հասկացությունները համապատասխանեցնել «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) սահմանված հասկացություններին, մասնավորպես՝ «ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմ» հասկացությունը խմբագրել, սահմանելով «ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի անդամ», սահմանելով՝ բոլոր անդամներին, հանել «կամ ինքնազբաղված ավտովարորդ» բառերը, քանի որ իմաստային առումով էական չէ ավտովարորդը ինքնազբաղ է թե ոչ (տե՛ս Համաձայնագրի վարորդ հասկացությունը): Միևնույն ժամանակ առաջարկում ենք սահմանել մյուս անհրաժեշտ հասկացությունները՝ «շաբաթ», «հանգիստ», իսկ «վարելու ժամանակահատված» հասկացությունը հանել: 2. 3-րդ հոդվածի 1-ին ենթակետում սահմանված բացառությունը «միջպետական և ներհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների, եթե երթուղու երկարությունը չի գերազանցում 150 կիլոմետրը» և 2-րդ ենթակետում սահմանված բացառությունը «40 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությունը...................» չեն համապատասխանում Համաձայնագրի պահանջներին. Համաձայնագրով սահմանված է 50 կիլոմետր, իսկ թույլատրելի առավելագույն արագություն՝ 30 կմ/ժ: Համաձայնագրի պահանջներից շեղումները հիմնավորված չեն, նման փոփոխությունները հակասում են միջազգային Համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և կխոչընդոտեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտ մակարդակին հասնելուն: Առաջարկում ենք 3-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով, որպես բացառություն սահմանելով «ուղևորների փոխադրման համար օգտագործվող այն տրանսպորտային միջոցները, որոնք իրենց կառուցվածքով և սարքավորումների առանձնահատկությամբ նախատեսված են իննից ոչ ավելի ուղևորների (ներառյալ վարորդը) փոխադրման համար» դրույթը: Հակառակ պարագայում տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով: Եթե նախագիծը նպատակ է հետապնդում վերահսկել նաև տաքսու վարորդների աշխատաժամանակը, ինչը ներկայում անվերահսկելի է, ապա առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաև տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների կահավորանքը սահմանող դրույթում: - 3-րդ հոդվածի 9-րդ ենթակետում «ոչ առևտրային ապրանքների փոխադրման համար» բառերը առաջարկում ենք փոխարինել «ոչ առևտրային նպատակներով անձնական օգտագործման բեռների փոխադրման համար» բառերով: - Հստակեցման կարիք ունի «համակցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 7,5 տոննան» բացառությունը: - Առաջարկում ենք 3-րդ հոդվածի 7-րդ ենթակետը հանել, կամ սահմանել այլ կարգավորումներ, քանի որ, այն հակասում է Համաձայնագրի 3-րդ հոդվածի պահանջներին և չի բխում անվտանգության ապահովման սկզբունքներից: Դրույթի հանումը ՀՀ-ի փոխադրողներին որոշ չափով մրցունակ կդարձնի օրինակ՝ ԻԻՀ-ի փոխադրողների հետ: Ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: - Նախագծով ներկայացված բացառություններն ըստ Համաձայնագրի լիարժեք չեն ներկայացված: - Առաջարկում ենք 3-րդ հոդվածի 4-րդ ենթակետը հանել, քանի որ ՀՀ տարածքում միկրոավտոբուսներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված վարորդների աշխատանքի ռեժիմը նույնպես ենթակա է կանոնակարգման: Հիմնավորված չէ նման բացառությունը: 3. Առաջարկում ենք 3-րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ից 7-րդ ենթակետերը խմբագրել, համապատասխանեցնելով Համաձայնագրի «Վարելու ժամանակահատվածները», «Ընդմիջումներ», «Հանգստի ժամանակահատվածներ», «Բացառություններ» հոդվածների պահանջներին: 4. Առաջարկում ենք քննարկել որպես պարտադիր պայման տախոգրաֆների միջոցով ներհանրապետական (ներառյալ ներհամայնքային) կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված վարորդների աշխատանքի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցը: Չնայած այն հանգամանքին, որ երթուղու երկարությունը չի գերազանցում 50 կիլոմետրը, սակայն բազմաթիվ են վարորդի աշխատաժամանակի խախտումները: Սահմանափակումները գործող օրենսդրությամբ էլ առկա են, բայց չի իրականացվում պատշաճ վերահսկողություն, քանի որ թերի են դրա մեխանիզմները: 5. Առաջարկում ենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել: Այս ամենից բացի, առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ ենթակետով սահմանվող 2.1 ենթակետը հանել, քանի որ այն սկզբունքորեն կրկնում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.8-րդ հոդվածի 1-ին կետը: Հակառակ դեպքում նույն իրավախախտման համար կսահմանվեն երկու տարբեր վարչական պատասխանատվություններ: Միաժամանակ պարզ չէ՝ նախագծի մշակման ժամանակ իրականացվել են արդյոք ուսումնասիրություններ, թե փոփոխությունները ի՞նչ ազդեցություն կունենան ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, բեռնափոխադրումների, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գնագոյացման և կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձի վրա: Եթե առկա են նման ուսումնասիրություններ, ապա առաջարկում ենք հանրությանը ներկայացնել հիմնավորման տեսքով:

See more