ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում պատշաճ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ այդ ոլորտում անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
Ընթացիկ վիճակը
Բնակչության առողջության ապահովման տեսանկյունից հասարակական զուգարաններին ներկայացվող պահանջների կատարումը կարևորում է ամբողջ միջազգային հանրությունը։ Աշխարհում գործում է Զուգարանային համաշխարհային կազմակերպություն ԶՀԿ (անգլ.՝ World Toilet Organization (WTO)), որը զվաղվում է զուգարանարային սանիտարիայի հարցերով։ ԶՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի նոյեմբերի 19-ին Ջեք Սիմի կողմից Սինգապուրում։ Ստեղծման պահից ի վեր միավորել է կառավարություններին, գիտական շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, բազմակողմանի հաստատություններին և մասնավոր հատվածին՝ նպատակ ունենալով սանիտարական ոլորտում հաղթահարել համաշխարհային ճգնաժամը և գտնել նորարարական կայուն լուծումներ: 2018 թվականի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է սանիտարիայի և առողջապահության վերաբերյալ զեկույց, որում կոչ է անում երկրներին ներդրումներ կատարել սանիտարական ոլորտում, սահմանափակել հիվանդությունների տարածումը և նպաստել առողջության պահպանմանը և տնտեսական արտադրողականությանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում սանիտարական ստուգումները իրականացվում են առողջապահության վարչության կողմից, որի տեսուչները ստուգումները կատարում են համապատասխան ստուգաթերթով։ Եթե հաստատությունում մի քանի կետով խախտումները գերազանցվում են օր՝. 28 կետը կամ ավելին, կամ տեսուչի կողմից կատարված 3 այցի ընթացքում այդ խախտումները չեն շտկվել, ապա հաստատությունը ժամանակավորապես կարող է փակվել։ Փակվելուց հետո տեսուչը հաստատության պատուհանին փակցնում է պիտակ վարչության լոգոտիպով և համապատասխան նշաններով։
2019 թվականի ընթացքում տեսչական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի վերաբերյալ 620 վարչական վարույթ: Այդ վարչական վարույթների արդյունքում 330 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ 255-ի նկատմամբ որպես վարչական տույժ կիրառվել է տուգանքը: 100 ԱԳԼՃԿ-ներում տեղակայված հասարակական զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու կարգադրագրեր են տրվել: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, տեսչական մարմնի կողմից հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս՝ խախտումները վերացնելու հանձնարարական տալը կամ տուգանք նշանակելը բավարար գործիքներ չեն բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման տեսանկյունից, հատկապես երբ տեսչական մարմնի կողմից մեկ անգամ արդեն տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական, և սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ, սակայն տնտեսավարող սուբյեկտը չի վերացրել խախտումները: Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտը, ըստ էության, շարունակում է իր գործունեությունը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների առողջության համար:
Տեսչական մարմնի կողմից գործնականում վերահսկողության գործառույթի արդյունավետ և օպերատիվ իրականացման նպատակով անհրաժեշտ է, որ տեսչական մարմինն ինքնուրույն իրականացնի սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառումը և գործիքային չափումները:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: ՀՀ Սահմանադրության նշված դրույթներից հետևում է, որ պետական կառավարման համակարգի մարմնի (այսինքն՝ նաև տեսչական մարմնի) լիազորությունները սահմանվում են միայն օրենքով: Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում օրենքով սահմանել տեսչական մարմնի կողմից իր վերահսկողական գործառույթի իրականացման համար անհրաժեշտ վերոնշյալ լիազորությունը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 25-րդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը առաջացնում է վարչական պատասխանատվություն, իսկ օրենսգրքի 2382-րդ հոդվածի համաձայն՝ նշված գործերը քննում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սակայն ակնհայտ է, որ գործառույթը սննդամթերքի անվտանգությանը ուղղակիորեն չի առնչվում (հատկապես ԱԳԼՃԿ-ներում կամ նմանատիպ վայրերում)։ Մինչդեռ, Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1071-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորոտւմ վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնինը, ուստի անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն իրականացնել օրենսգրքում՝ 158-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված իրավախախտումները քննելու իրավասությունը վերապահելով այս տեսչական մարմնին:
Կարգավորման նպատակը
Նախագծերի ընդունման նպատակն է հստակորեն սահմանել հասարական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահաջները խախտելու դեպքում ստուգվող սուբյեկտի գործունեության կասեցման տեսչական մարմնի լիազորությունը և այդ լիազորության իրականացման կարգը: Միևնույն ժամանակ քաղաքացիների առողջության և հիգիենիկ անվտանգության ապահովման կարևորությամբ պայմանավորված՝ տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի գործունեության ամբողջ ծավալով կասեցումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման, իսկ այդ որոշման բողոքարկումը՝ չկասեցնի դրա կատարումը:
Նախագծերի ընդունման նպատակը նաև Առողջապահական և աշխատանքի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների լիազորությունների հստակեցումն է:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում օրենքով կնախատեսվի տեսչական մարմնի լիազորությունը՝ ամբողջ ծավալով կասեցնելու տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը՝ մինչև վերջինիս կողմից հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական պահանջների կատարման ապահովումը:Ընդ որում, քաղաքացիների առողջության և հիգիենիկ անվտանգության ապահովման կարևորությամբ պայմանավորված, որպեսզի ստուգվող տնտեսավարող սուբյեկտի գործունեությունըկասեցնելու մասին որոշման բողոքարկումը չկասեցնի այդ որոշման կատարումը՝այդ որոշումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման՝ ելնելով հանրային շահերի ապահովման անհրաժեշտությունից: Նշվածը բխում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից և վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, որոնց համաձայն՝ վարչական ակտի բողոքարկումը (համապատասխանաբար վարչական և դատական կարգով) չի կասեցնում դրա կատարումը օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Միևնույն ժամանակ Նախագծերի ընդունման դեպքում օրենքով կնախատեսվի բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառում և գործիքային չափումներ կատարելու տեսչական մարմնի լիազորությունները: Նախագծերով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ 25-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները քննելու իրավասությունը կվերապահվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: