ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ 

ԳԼՈՒԽ 1

   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը 

  1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպական և իրավական հիմքերը, ֆունկցիոնալության գնահատման նպատակները, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման համակարգի մարմնի լիազորությունները, ինչպես նաև կարգավորում է ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող այլ հարաբերություններ:
  2. Սույն օրենքի նպատակը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի (այսուհետ՝ գնահատման համակարգ) ներդրումն է, հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հիմքերի ստեղծումը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների վրա:

Հոդված 2. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրությունը և գործողության ոլորտը

  1. Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով:
  2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք կամ կացության կարգավիճակ ունեցող և բնակվող օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաuտանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
  3. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • հաշմանդամություն ունեցող անձ՝ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» օրենքի.
  • միջավայրային արգելքներ՝ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» օրենքի.
  • անձի ֆունկցիոնալության գնահատում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվող գործընթաց, որն իրականացվում է անձի առողջական խնդիրների, գործունեության ու մասնակցության և միջավայրային արգելքների գնահատման հիման վրա անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ մերժելու, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու և անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունները որոշարկելու նպատակներով.
  • անձի ֆունկցիոնալության սահմանափակում` օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակումը.

ա.     մարմնի կառուցվածք (Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) ֆունկցիաների միջազգային դասակարգման (այսուհետ՝ ՖՄԴ) «s» ծածկագրեր)՝ մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք են օրգանները, վերջույթները և դրանց բաղադրիչները.

բ.      oրգանիզմի ֆունկցիաներ (ԱՀԿ ՖՄԴ «b» ծածկագրեր)՝ օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներ (ներառյալ հոգեկան (մտավոր) ֆունկցիաները).

գ.     գործունեություն և մասնակցություն (ԱՀԿ ՖՄԴ «d» ծածկագրեր)` սովորելու և գիտելիքները կիրառելու, ընդհանուր առաջադրանքները կատարելու, հաղորդակցվելու, տեղաշարժվելու, ինքնասպասարկման, կենցաղը կազմակերպելու, միջանձնային հարաբերություններ ստեղծելու, կրթություն ստանալու, աշխատելու (երեխաների համար` խաղալու) և այլ ունակությունների (կարողությունների) և հնարավորությունների համակցություն.

դ.     միջավայրային գործոններ (ԱՀԿ ՖՄԴ «e» ծածկագրեր)՝ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

  • ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ)` անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում մշակված փաստաթուղթ, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը.
  • ֆունկցիոնալության գնահատման համակարգ՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը, սահմանափակման աստիճանը որոշելուն, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելուն, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) ամբողջություն:

Հոդված 4. Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքները 

  1. Գնահատման համակարգի հիմնական սկզբունքներն են.
  • հաշմանդամություն ունեցող անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը.
  • հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և իրազեկ համաձայնությունը.
  • Մատչելիությունը.
  • անձնական տվյալների գաղտնիությունը.
  • հաշմանդամություն ունեցող անձի կարիքների բազմակողմանի գնահատելը.
  • անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ծառայությունների մատուցելը որպես գերակա նպատակ ունենալը: 

ԳԼՈՒԽ 2

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում 

  1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
  • մշակում և իրականացնում է ֆունկցիոնալության գնահատման ոլորտում միասնական պետական քաղաքականությունը.
  • հաստատում է հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը.
  • հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները,
  • հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը.
  • հաստատում է ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը.
  • հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա ծառայություններ տրամադրելու կարգը.
  • հաստատում է աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները.
  • հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու կարգը.
  • հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց առանձին խմբերին օրենքով նախատեսված ծառայություններ տրամադրելու կարգերը.
  • հաստատում է գնահատման համակարգի բարեփոխումների իրականացմանն ուղղված ռազմավարությունները, հայեցակարգերը, ծրագրերը.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ։

Հոդված 6. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում պետական կառավարման մարմնի լիազորությունները 

  1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմինը (այսուհետ՝ լիազորած մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝
    • ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի իրականացումը.
    • հաստատում է ծառայությունների անհատական ծրագրի ձևը.
    • հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցերը.
    • հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման կենտրոնների գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը.
    • սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները.
    • կազմակերպում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստումը.
    • հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներին վերապատրաստման արդյունքում տրվող հավաստագրերի օրինակելի ձևերը.
    • կազմակերպում է սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվական շտեմարանից օգտվողների վերապատրաստումը.
    • տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների վերլուծության հիման վրա, իր պաշտոնական կայքում պարբերաբար հրապարակում է վիճակագրական տեղեկություններ՝ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի պահանջները.
    • իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 7. Անձի ֆունկցիոնալության գնահատումը 

  1. Գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը, մշակվում է ծառայությունների անհատական ծրագիրը:
  2. Անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշվում է ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներին համապատասխան:
  3. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով:
  4. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է՝

1)       անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ հետևյալ դեպքերում.

ա. հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչելու.

բ.անձի ֆունկցիոնալության սահմանփակման աստիճանը որոշելու.

գ. հաշմանդամության ժամկետը լրանալու.

դ. անձի առողջական վիճակի փոփոխության.   

ե. գնահատման կենտրոնի կողմից կայացրած որոշումը (վարչական ակտը) բողոքարկելու.

զ. ծառայությունների անհատական ծրագիր կազմելու կամ դրանում փոփոխություն (լրացում) կատարելու.

է. անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու.

ը. հաշմանդամության պատճառական կապը որոշելու.

թ. ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու.

ժ. մահվան պատճառական կապը որոշելու:

2)   լիազորած մարմնի և անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնության հիման վրա (վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար).

3)       դատարանի որոշման կամ վճռի հիման վրա։

  1. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ: 

Հոդված 8. Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրը և գնահատող հանձնաժողովը

  1. Անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար ձևավորվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր (այսուհետ՝ մասնագետների ռեեստր): Մասնագետների ռեեստրը անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների տվյալների էլեկտրոնային բանկ է, որի հիմնական նպատակն է ապահովել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների պատահական ընտրությունը:
  2. Մասնագետների ռեեստրից պատահական ընտրության արդյունքում ձևավորվում է գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են՝
    • օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ.
    • անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ։
  3. Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները հաստատվում են լիազորած մարմնի ղեկավարի կողմից:
  4. Գնահատող հանձնաժողովները՝
    • գնահատում են անձի ֆունկցիոնալությունը.
    • կազմում են ծառայությունների անհատական ծրագիրը.
    • անձին ճանաչում են հաշմանդամություն ունեցող կամ չեն ճանաչում.
    • որոշում են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը.
    • ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում են լրացուցիչ հետազոտությունների և (կամ) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ են կատարում տարբեր մարմիններ և կազմակերպություններ՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից.
    • որոշում են հաշմանդամության պատճառական կապը.
    • որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը՝ կապված աշխատանքային պարտականությունների կատարման կամ մասնագիտական հիվանդության հետ.
    • թույլատրում են երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության ժամկետը,
    • մասնակցում են ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը.
    • գերատեսչություններից ստանում են անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ.
    • իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ։
  5. Իրենց լիազորությունների շրջանակում գնահատող հանձնաժողովի ընդունած որոշումները, եզրակացությունները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների համար ենթակա են պարտադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
  6. Անձի ֆունկցիոնլության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։ 

Հոդված 9. Հաշմանդամության պատճառական կապերը

  1. Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝

1) մանկուց (մինչև 18 տարին լրանալը) ձեռք բերած  հիվանդությունը.

2) ընդհանուր հիվանդությունը.

3) աշխատանքային վնասվածքը.

4) մասնագիտական հիվանդությունը.

5) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը կամ ստացվնասվածքը.

6) զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

7) զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

9) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

10) պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

11) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

12) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելիս  ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

13) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը։

  1. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում սահմանվում է նաև պատճառական կապը: Հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի առաջացման պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:

Հոդված 10. Ծառայությունների անհատական ծրագիրը

  1. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմվում է գնահատող հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
  2. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հիմնված լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը խթանելու նպատակի վրա: Այն կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա և կապված է առողջապահության, կրթության, զբաղվածության, սոցիալական ապահովության միջոցների, բուժական և վերականգնողական ծառայությունների, ներառյալ աջակցող միջոցները, ինչպես նաև իրավական ակտերով նախատեսված այլ միջոցառումների հետ: Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հաշվի առնի հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների՝ սեռով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների՝ տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները:
  4. Ծառայությունների անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ՝ անձն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ծառայությունների անհատական ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ, այնպես էլ դրանում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից:
  5. Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացումը կազմակերպվում և դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինների (անձանց, կազմակերպությունների, հիմնարկների) կողմից՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:
  6. Ծառայությունների անհատական ծրագրում ներառված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների արդյունքները (արդյունավետությունը) գնահատում է լիազորած մարմինը:
  7. Ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:

Հոդված 11. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների և ծառայությունների անհատական ծրագրերի բողոքարկումը և վերահսկողությունը

  1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների և ծառայությունների անհատական ծրագրերի բողոքարկման հիմքերը, ժամկետները և կարգը կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:
  2. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների, կազմվող եզրակացությունների և ծառայությունների անհատական ծրագրերի կազմման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորած մարմինը:
  3. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների, կազմվող եզրակացությունների և ծառայությունների անհատական ծրագրերի մշակման ու կազմման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը և մեխանիզմները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանը

  1. Անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամաբ վերահսկողություն, վիճակագրական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազորած մարմինը ձևավորում և վարում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի տեղեկատվական շտեմարան (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան):
  2. Տեղեկատվական շտեմարանը ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալների, գնահատման արդյունքների և երաշխավորված ծառայությունների, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեությանը վերաբերող ոչ անձնական տվյալների ամբողջությունն է:
  3. Տեղեկատվական շտեմարանի անձնական տվյալները մշակում է լիազորած մարմինը, իսկ սպասարկումը և դրանում առկա տեխնիկական սպասարկման ու շահագործման ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը:
  4. Սույն օրենքում «անձնական տվյալների մշակում» հասկացությունը կիրառվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող իմաստով:
  5. Ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալները, ներառյալ մարմնի կառուցվածքին, օրգանիզմի ֆունկցիաներին, անձի գործունեությանը և մասնակցությանը, միջավայրային գործոններին վերաբերող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հատուկ կատեգորիայի տվյալները սույն օրենքով նախատեսված դեպքերում մշակվում են առանց ֆունկցիոնալության գնահատում անցնող անձի համաձայնության:
  6. Տեղեկատվական շտեմարանը մշակվում է հետևյալ նպատակների իրականացման համար.

ա. անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը (դիմում, փաստատթղթերի հավաքագրում և ուսումնասիրություն, գնահատման արդյուքների գնահատում, ծառայությունների երաշխավորում, մատուցում, և այլն) առցանց եղանակով կազմակերպման.

բ. անձի ֆունկցիոնալության վերաբերյալ միասնական ձևաչափով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման.

գ. տարբեր գերատեսչությունների միջև անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող տվյալների ինքնաշխատ փոխանակման.

դ. ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց երաշխավորված և մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման.

ե. անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի գործունեության պլանավորման, համակարգման, գնահատման.

զ. մատուցված ծառայությունների որակի և արդյունավետության գնահատման նպատակով:

  1. Տեղեկատվական շտեմարանում կարող են ներառվել հետևյալ անձնական, ներառյալ հատուկ կատեգորիայի տվյալները.
  • անձի անունը, ազգանունը, հայրանունը.
  • ծննդյան օրը, ամիսը, տարին.
  • Սեռը.
  • Քաղաքացիությունը.
  • Ազգությունը.
  • հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայու­թյուն­ների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան, կամ ծննդյան վկայականի համարը կամ կացության վկայականի համարը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը.
  • հաշվառման և փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը, առկայության դեպքում նաև էլեկտրոնային փոստի հասցեն.
  • ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի կազմը, օրինական ներկայացուցիչների՝ ծնողների (այդ թվում` որդեգրողների), խնամակալների և հոգաբարձուների հետ կոնտակտային տվյալները.
  • կրթության վերաբերյալ տեղեկատվությունը.
  • զբաղվածության (աշխատանքի) վերաբերյալ տեղեկատվությունը.
  • սոցիալական կարգավիճակը:
  1. Տեղեկատվական շտեմարանում անձնական տվյալները պաշտպանվում են Անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  2. Տեղեկատվական շտեմարանի տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին ու նորմերին:
  3. Առանց անձի համաձայնության տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանացվել պետական մարմինների միջև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։
  4. Տեղեկատվական շտեմարանի գործունեությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝
  • տեղեկատվության միասնականություն («մեկ լեզվով» խոսելու հնարավորություն).
  • տեղեկատվության հասանելիություն տեղեկատվական շտեմարանի բոլոր իրավասու օգտագործողներին՝ իրենց լիազորությունների շրջանակներում.
  • տեղեկատվության գաղտնիություն.
  • տեղեկատվության պաշտպանվածություն:
  1. 12. Տեղեկատվական շտեմարանում հավաքագրված տեղեկատվությունը կարող է կիրառվել վիճակագրական տվյալներ հրապարակելու, մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու նպատակով, անձի ծառայությունների մատուցման գործընթացը կազմակերպելու և զարգացնելու համար: 

ԳԼՈՒԽ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից: 

Հոդված 14. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մինչեւ ենթաօրենսդրական իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:
  2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում անժամկետ  հաշմանդամություն  ունեցող անձ  ճանաչվածների վրա, եթե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել:
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչև ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    25.02.2020 - 11.03.2020

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9629

Print

Suggestions

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Արդյո՞ք ամբողջությամբ է փոխվելու վիճակագրական պատկերը, Փյունիկ շտեմարանը փոփոխություն է կրելու ԱՖԳ ներդրումից հետո:

Կարեն Աբրահամյան

28.02.2020

Նախագծով նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:Et depqum inchpesen mek ayl socialakan ajakcutyun stanalis(asenq Paros) hashvarkvelu hashmandamutyan xmberin trvox miavorner@? Menq gitenq,vor nranc miavorner@ anapahovutyan gnahatman jamanak bardzre linum.

Մերի Սահակյան

27.02.2020

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածում տրված է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը, այն է․ «անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում» ։ Այս բնորոշումից հստակ երևում է, որ անձ հասկացությունը ընդհանրական է և ներառում է նաև երեխաներին, մինչդեռ նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամություն ունեցող երեխա» հասկացությունը անհարկի առանձնացվում է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունից, այնինչ վերջինս արդեն իսկ ներառում է «հաշմանդամություն ունեցող երեխա» հասկացությունը։

See more