«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀՕ-49-Ն ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 76-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո, դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի եզրակացության կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ
1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և
2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:».
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասեր.
«1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.
2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.
3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.
4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարյալի առողջական խնդիրներով.
5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:
1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.
2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.
3) ռեցիդիվի առկայությունը.
4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.
6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.
9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
10) սոցիալական միջավայրը.
11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.
12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:».
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Եթե դատապարտյալը դեռևս չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված իրական վնասը, ապա դատարանը դատապարտյալի վրա նման պարտականություն է դնում:».
4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.
«5) ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:».
6) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ մասեր.
«5.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը կարող է հաշվի առնել պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:
5.2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում պատժի չկրած մասը համարվում է փորձաշրջան, որի ընթացքում անձը գտնվում է իրավասու մարմնի վերահսկողության ներքո:
5.3. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ ութ տարի ժամկետով:».
8) 6-րդ մասում՝ «պատժի չկրած մասի» բառերը փոխարինել «փորձաշրջանի» բառով.
9) 7-րդ մասում «հինգերորդ մասում» բառերը փոխարինել «3-րդ մասի 5-րդ կետում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում «պատիժը կրելու ժամանակահատվածում նրա վարքագիծը» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված» բառերով, իսկ «հանգամանքը» բառը՝ «հանգամանքները» բառով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածում`
1) «Անչափահաս» բառից առաջ լրացնել «1.» թիվը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս հաշվի են առնվում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջներն ու հանգամանքներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անչափահաս դատապարտյալների նկատմամբ:»:
Հոդված 4. Չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը:
Հոդված 5. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով Օրենսգրքի 76-րդ հոդվածում լրացվող 5.1-րդ մասն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածի`
1) 1-ին մասի`
ա. 1-ին պարբերությունում «փաստացի կրել է պատժի՝» բառերը փոխարինել «բավարարում է» բառերով, իսկ «նվազագույն ժամկետը» բառերը փոխարինել «պահանջներին» բառով.
բ. 2-րդ պարբերությունը հանել.
2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատիժը կատարող հիմնարկի կողմից որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներին համապատասխան:».
3) 3-րդ մասի՝
ա. 1-ին պարբերությունից «Միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն» բառերը փոխարինել «ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ կետերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացություն» բառերով, իսկ «անկախ հանձնաժողովը» բառերից հետո լրացնել «(այսուհետ` անկախ հանձնաժողով)» բառերը».
բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հոգեբան, հոգեբույժ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, սոցիալական աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կրիմինոլոգ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում քրեակատարողական համակարգի բարեփոխման և դատապարտյալների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տասնօրյա ժամկետում պարտավոր է անկախ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը` կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի և վարքագծի փաստական նկարագիրը, դատապարտյալի անձնական, ինչի մասին կայացնում է որոշում:
Անկախ հանձնաժողովը պատիժը կատարող հիմնարկի որոշման ստացման պահից քառասունհինգօրյա ժամկետում պարտադիր քննում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը և տալիս է եզրակացություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ:
Անկախ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո դրա պատճենը ոչ ուշ, քան յոթօրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվում է դատապարտյալին և ուղարկվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին և պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը անկախ հանձնաժողովի եզրակացությունը ստանալու պահից յոթօրյա ժամկետում այն ներկայացնում է դատարան, եթե դատապարտյալը գրավոր համաձայնություն է տալիս, որը կցվում է եզրակացությանը:
Եզրակացությանը կցվում է նաև դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի և վարքագծի փաստական նկարագիրը, դատապարտյալի անձնական գործը և առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պրոբացիայի պետական ծառայության խորհրդատվական զեկույցը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1.Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցն անկախ հանձնաժողովում քննարկելիս դատապարտյալն իրավունք ունի.
1) անկախ հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալ պատշաճ ծանուցում.
2) անձամբ կամ փաստաբանի կամ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանի միջոցով մասնակցել անկախ հանձնաժողովում իր վերաբերյալ հարցերի քննարկմանը.
3) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվել թարգմանչի ծառայություններից.
4) ծանոթանալ իր վերաբերյալ անկախ հանձնաժողով ներկայացված նյութերին և անվճար ստանալ դրանց պատճենները.
5) ներկայացնել բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալ հայտարարություններով.
6) հայտնել իր կարծիքը` իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:».
3) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դատապարտյալի կողմից անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է անկախ հանձնաժողովի կողմից եզրկացություն տալուց հետո երեք ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:».
4) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ցմահ ազատազրկման դատապարտված անձի կողմից անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացնում է անկախ հանձնաժողովին եզրակացությունը տալուց հետո մեկուկես տարի անց:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 434-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` Անկախ հանձնաժողով)` կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո այն յոթօրյա ժամկետում ներկայացնում է դատարան:».
2) 3-րդ մասից՝
ա. «վերաբերյալ միջնորդագրի» բառերը հանել.
բ. նույն մասում «անց» բառից հետո լրացնել «իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դեպքում՝ երեք տարից անց» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 438-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ, 3.6-րդ, 3.7-րդ, 3.8-րդ և 3.9-րդ մասերով.
«3.1. Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով Անկախ հանձնաժողովի կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ Եզրակացությունը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին, Անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին:
3.2. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունից պահանջել խորհրդատվական զեկույց, եթե այն արդեն չի տրամադրվել Անկախ հանձնաժողովին:
3.3. Եթե դատարանը գտնում է, որ Անկախ հանձնաժողովի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ կամ լրիվ չէ, հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, ապա կարող է որոշում կայացնել փորձաքննություն նշանակելու մասին:
3.4. Դատարանում եզրակացության քննությանը պարտադիր մասնակցում են`
1) դատախազը.
2) դատապարտյալը և նրա փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.
3) Անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը:
3.5. Եզրակացության քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը, սակայն պատշաճ ծանուցված տուժողի չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար: Եզրակացության քննությանը դատարանի սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է հրավիրվել պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:
3.6. Եզրկացության քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունը սկսվում է Անկախ հանձնաժողովի կողմից եզրակացությունը հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի դիրքորոշումը, ապա՝ դատապարտյալին կամ նրա փաստաբանին, եթե դատապարտյալը փաստաբան ունի:
3.7. Փորձաքննություն նշանակված լինելու դեպքում փորձագետի եզրակացությունը հրապարակվում և հետազոտվում է դատական նիստի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում փորձագետը կարող է հրավիրվել դատական նիստին և հարցաքննվել իր եզրակացության կապակցությամբ:
3.8. Եզրակացության քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`
1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ
2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին:
3.9. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, Անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին».
2) 4-րդ մասը՝
ա. «Պատժից» բառից առաջ լրացնել «Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ» բառերով.
բ. նույն մասից հանել «ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
06.02.2017 - 21.02.2017
-
Type
Law
-
Area
Justice, Probation, Penitentiary, Criminal legislation, Criminal procedure
-
Ministry
Ministry of Justice
Views 12011
Print