ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2021-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2021-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
2016 թ.-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգ»-ին, որը իմիգրանտների ինտեգրման պետական քաղաքականությունն ուրվագծող առաջին փաստաթուղթն էր: Թեև 2016 թ.-ին ՀՀ կառավարության հավանությունը ստացած հայեցակարգը կարևոր էր՝ որպես ոլորտի քաղաքականության կարգավորման առաջին փաստաթուղթ, այնուամենայնիվ, այն ունի էական բացեր: Մասնավորապես՝ հայեցակարգի թիրախավորումից դուրս էին մնացել օտարերկրացիները, Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան տեղափոխված փաստացի փախստականի իրավիճակում գտնվող անձանց ստվար խումբը և այլ խմբեր:
Չնայած նրան, որ 2000-ականներից ի վեր բավականին զգալի էր նաև դեպի Հայաստան քաղաքացիների վերադարձի միտումը, այնուամենայնիվ, գոյություն ունեցող ինտեգրման քաղաքականությունը չէր անդրադառնում նրանց վերաինտեգրման խնդիրներին: Վերադարձողների վերաինտեգրման կարիքներին ուղղված քայլերը հիմնականում իրականացվում էին միջազգային և հասարակական կազմակերպությունների ջանքերով ծրագրային (և ոչ քաղաքականության) մակարդակում:
Նույնը կարելի է ասել նաև ներքին տեղահանված անձանց մասին: Չնայած նրանց մեծ թվին (72.000 անձ, ովքեր տեղահանվել են սահմանային գոտում Ադրբեջանի կողմից իրականացված զինված գործողությունների հետևանքով)՝ ինտեգրման ոլորտի քաղաքականության մեջ սահմանված չեն գործողություններ՝ ուղղված նրանց խնդիրներին:
Հաշվի առնելով նշյալ բացերը՝ 2019 թ.-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2021-2031 թվականների ռազմավարության մշակումը՝ ուղենշելու իմիգրանտների և վերադարձողների ինտեգրման և վերաինտեգրման ոլորտում համապարփակ հանրային քաղաքականության հիմնական մոտեցումներն ու անելիքները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն ռազմավարությունը ՀՀ պետական միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման ոլորտների կառավարումը համապարփակ ներկայացնող փաստաթուղթ է, որի նպատակն է քաղաքականության ռազմավարական ուղղությունների հետազոտահեն ձևակերպումը՝ հաշվի առնելով միգրացիոն հոսքերի առկա և ակնկալվող իրավիճակը, թիրախ խմբերի կարիքները, ՀՀ զարգացման գերակայությունները և միջազգային պարտավորությունները[1]:
Ռազմավարությունը կոչված է.
ա) ներկայացնելու ՀՀ կառավարության տեսլականը և գերակայությունները իմիգրանտների, վերադարձողների և ներքին տեղահանված անձանց ինտեգրման և վերաինտեգրման գործում,
բ) ուղենշելու ինտեգրման և վերաինտեգրման ոլորտում պետության ստանձնած պարտավորությունները և պետական քաղաքականության հիմնական ուղղությունները,
գ) սահմանելու այն խնդիրները, որոնց պետք է ուղղված լինեն ինտեգրման և վերաինտեգրման աջակցության գործողությունները,
դ) ձևակերպելու ռազմավարություն կիրարկող պատասխանատու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների համագործակցության սկզբունքները և ձևաչափը:
Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետությունում միգրանտների ինտեգրման և վերաինտեգրման առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները, ոլորտի միջազգային առաջադեմ փորձը, որոնց հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, և դրան համապատասխան ինտեգրման և վերաինտեգրման քաղաքականության ռազմավարական նպատակներն ու ուղղությունները: Ռազմավարության հիման վրա մշակվելու են դրանից բխող գործողությունների ծրագրեր:
Գործողությունների ծրագրերով սահմանվելու են ռազմավարական նպատակներից և ուղղություններից բխող որոշակի գործողություններ՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, ելակետային իրավիճակի, կատարման վերջնաժամկետի, ստուգման միջոցի, ակնկալվող արդյունքների և յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նախատեսմամբ:
Ներկայացվող փաստաթղթով սահմանվում են ինտեգրման և վերաինտեգրման քաղաքականության ութ ռազմավարական նպատակներ, որոնք բխում են թիրախ խմբերի կարիքներից, քաղաքականության սկզբունքներից և սույն ռազմավարությամբ սահմանված ինտեգրման և վերաինտեգրման ձևակերպումից ու չափումներից:
Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝
- Ինտեգրման և վերաինտեգրման կազմակերպման համակարգային բարեփոխումներ
- Կացարանի և բարենպաստ կենցաղային պայմանների հասանելիություն
- Իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցություն
- Կրթության և առողջապահության հասանելիության ապահովում
- Զբաղվածություն և տնտեսական ներգրավվածության աջակցություն
- Մշակութային ինտեգրում և վերաինտեգրում (ներառյալ լեզվին և առօրեական պրակտիկաներին տիրապետում)
- Հասարակությունում ընդունման միջավայրի ստեղծում
- Ինտեգրման և վերաինտեգրման գործում ներգրավված կառույցների հզորացում և աշխատակիցների կարողությունների զարգացում:
Ռազմավարական նպատակներից յուրաքանչյուրն ունի համապատասխան ուղղությունների իր խումբը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է որ առաջիկա տասնամյակի համար սահմանված կլինեն պետության ռազմավարական նպատակները ինտեգրման և վերաինտեգրման ոլորտում, նախանշելով այդ նպատակներին հասնելու ուղղությունները։
[1] Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, ՄԱԿ-ի միգրացիայի հարցով գլոբալ համաձայնագրի, ՄԱԿ-ի փախստականների հարցով գլոբալ համաձայնագրի, 1951թ. Ժնևյան կոնվենցիայի շրջանակներում ստանձնած միջազգային պարտավորությունների հետ, ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա:
-
Discussed
20.02.2020 - 07.03.2020
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 7888
Print