Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1.1 ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
(…)
- Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը ծառայում է մարդու ֆիզիկական, հոգեկան, նյութական, էկոլոգիական և այլ անվտանգությունն ապահովելուն:
- Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի համաձայն. «1. Այն դեպքում, երբ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է (…) ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն, դատարանը, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին:
(…)
- Ծանր հիվանդությամբ հիվանդացած անձանց պատիժը հետագայում կրելուց ազատելու հարցը լուծելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:
(…)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մեկնաբանման կապակցությամբ ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ հիշյալ հոդվածով ամրագրվում է ժողովրդավարական հասարակության առավել հիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ հանգամանքներից և տուժած անձի վարքագծից[1]:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ազատությունից զրկված բոլոր անձանց համար պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք համատեղելի են նրանց արժանապատվությունը հարգելու հետ, նրանք չպետք է ենթարկվեն այնպիսի ծանրության տառապանքների կամ զրկանքների, որոնք գերազանցում են անազատության մեջ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը, նրանց առողջությունն ու բարեկեցությունը պետք է պատշաճորեն պահպանվի, ի թիվս այլ միջոցների` անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով` հաշվի առնելով ազատությունից զրկելու հետ կապված գործնական պահանջները[2]:
Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ արձանագրել է[3] հետևյալը. «Ծանր հիվանդության հիմքով անձին պատժի կրումից ազատելը դատարանի հայեցողությունն է, որն իրացնելիս դատարանը պետք է գնահատի օրենքով սահմանված հիմքերի առկայությունը, որպիսիք են ոչ միայն կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, այլև հիվանդության բնույթը, դատապարտյալի առողջական վիճակը, ազատազրկման վայրում տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը, առողջական վիճակի դինամիկան, անձի վարքագիծը (այն է՝ բժիշկների հետ համագործակցելուց նրա շարունակաբար հրաժարվելը) և այլ հանգամանքներ:
Վճռաբեկ դատարանը վերոգրյալ որոշմամբ փաստել է նաև, որ եթե անձի առողջական վիճակով պայմանավորված` պատիժը կրելուն զուգընթաց անհնարին է վերջինիս ապահովել համապատասխան պատշաճ բժշկական օգնությամբ, ապա հաշվի առնելով անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը` անձին պատիժը կրելուց չազատելը չի կարող արդարացվել նրա կատարած արարքի բարձր հանրային վտանգավորությամբ և/ կամ նրա դրսևորած վարքագծով»:
Չնայած դատարանին տրված հայեցողական լիազորությանը՝ այդուհանդերձ օրենսդրությամբ հստակ կանոնակարգված չէ այն ժամկետը, որի ընթացքում դատարանը կարող է քննել դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու հարցը, ինչը գործնականում կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ: Այս առումով մտահոգիչ է հատկապես այն, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2-ը՝ ծանր հիվանդության հետևանքով: Ընդ որում՝ վերջին 2 դեպքերում առկա է եղել բժշկական հանձնաժողովի եզրակացություն առ այն, որ անձն ունի պատժի կամ կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդություն, եզրակացությունն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ, վերջինս հանդես է եկել միջնորդագրով, սակայն մինչև դատարանի կողմից նշանակված դատական նիստի կայացումը անձինք մահացել են: Օրինակ՝ Վ. Մ.-ի վերաբերյալ բժշկական հանձնաժողովի կողմից պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդության առկայության վերաբերյալ կայացված եզրակացության հիման վրա 2020 թվականի հունվարի 8-ին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ղեկավարի միջնորդագիրն ուղարկվել է դատարան և դատական նիստ է նշանակվել 2020 թվականի հունվարի 22-ին, սակայն Վ.Մ.-ն 2020 թվականի հունվարի 15-ին մահացել է:
1.2. ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշմամբ ստեղծվել են բժշկական երեք հանձնաժողովներ: Նշված որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պատիժը պայմանականորեն չկիրառելու, կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ինչպես նաև բժշկական՝ ոչ հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հանձնաժողովային կարգով:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1092-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1092-Ն որոշմամբ սահմանվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծելու կարգը՝ միաժամանակ սահմանելով նաև Հանձնաժողովի գործառույթները.
«90. Բժշկական հանձնաժողովի գործառույթներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն տալը
(...)»:
Վերոնշյալ որոշմամբ սահմանվեց, որ պատժի կրումից ծանր հիվանդության հետևանքով ազատելու հետ մեկտեղ սահմանվում է նաև կալանավորված անձի` ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն տալու հնարավորություն: Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշմամբ նախատեսված հանձնաժողովը շարունակում է գործել մինչև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ նախատեսված հանձնաժողովի գործունեության կարգի հաստատումը:
Հաշվի առնելով ինչպես վերոգրյալ իրավական ակտերի կարգավորումները, այնպես էլ արդեն իսկ ձևավորված պրակտիկան՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել Օրենսգրքի 142-րդ հոդվածում՝ սահմանելով կալանքից ազատման նոր հիմք, այն է՝ ծանր հիվանդության հետևանքով կալանքից ազատելը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է՝
1) քրեադատավարական օրենսդրության շրջանակներում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն,
2) սահմանել հսկող դատախազի կողմից կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագիրը քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն,
3) ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն:
4) սահմանել ծանր հիվանդության հիմքով անձին կալանքից ազատելու միջնորդագիրը մերժելու մասին հսկող դատախազի որոշման դեմ բերված բողոքը, ինչպես նաև պատժի կրումից ծանր հիվանդության հիմքով անձին ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագիրը դատարանի կողմից քննելու սեղմ ժամկետ:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերին:
-
Discussed
24.01.2020 - 09.02.2020
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 5667
Print