ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:».
2) 4-րդ մասի 2-րդ նախադասությունը հանել:
Հոդված 2. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ դատարանում քրեական գործը քննելիս կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մինչև անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը դատարանը լուծում է մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հասնելու հնարավորության հարցը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին:»:
Հոդված 5. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մինչև մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը դատարանը լուծում է մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հասնելու հնարավորության հարցը:».
2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Օրենսգրքի 143-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գրավը դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:
2.Անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու դեպքում դատարանը հետագայում կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի, իսկ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշում կայացնելու դեպքում հետագայում կարող է վերանայել գրավի գումարի մասին որոշումը:
3.Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:
4.Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից:
5.Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից:
6.Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ՝ մինչդատական վարույթում դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս՝ դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդության հիման վրա: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանի որոշումը գրավատուն կարող է բողոքարկել վերադաս դատարան:
7.Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 147-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը դատարանի որոշմամբ՝ մինչդատական վարույթում դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս՝ սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդության հիման վրա, վերածվում է պետության եկամուտի, եթե երաշխավորողը`
1) չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու իր պարտավորությունը.
2) ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:».
2) 5-րդ մասում «դատական կարգով» բառերը փոխարինել «վերադաս դատարան» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 151-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Անձի կողմից սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու դեպքում վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը կարող է փոխարինվել ավելի ծանրով: Սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կիրառել ավելի ծանր խափանման միջոց, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել դատարան՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:».
2) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը քրեական գործով մինչդատական վարույթում կարող է փոփոխվել դատարանի կողմից: Կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը քրեական գործով մինչդատական վարույթում կարող է փոփոխվել կամ վերացվել դատախազի կողմից:»:
Հոդված 9. Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին՝ երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման պատճենը, եթե այդպիսին առկա է:»:
Հոդված 10. Օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն, ինչպես նաև սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին այլ խափանման միջոցներ կիրառելու միջոցով հասնելու անհնարինության վերաբերյալ հետևությունները:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։