Add to favourites
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
12 - Agree
-
9 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 05.11.2019 17:49:57 | 3․ Սոցիալ-տնտեսական իրավունքներ Առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունք ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը որպես պետության պոզիտիվ պարտավորություն ամրագրել է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը խթանելը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների նկատմամբ։ Իսկ որպես յուրաքանչյուր անձի պարտավորություն՝ նախատեսում է շրջակա միջավայրի պահպանության մասին հոգ տանելը։ Անկախության հռչակումից ի վեր ՀՀ-ում իրականացված գրեթե բոլոր ծրագրերում սահմանադրաիրավական վերոնշյալ կարգավորումները դիտարկվել են բացառապես դեկլարատիվ բովանդակությամբ: Երկրում ամբողջությամբ կամ մասամբ անտեսվել են մարդու՝ առողջ բնական միջավայրում կենսագործելու իրավունքը: Արդյունքում այսօր Հայաստանն ունի բնապահպանական բավականին լուրջ հիմնախնդիրներ, ինչպես օրինակ՝ Սևանի ջրային պաշարների պահպանության խնդիրը, օդի աղտոտվածության բարձր մակարդակը, ստորերկրյա ջրերի սպառումը, անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքները և այլն։ Ձեռնարկատիրության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասները կարող են քայքայել հենց երկրի տնտեսությունը՝ վտանգելով առանձին տարածքներում առողջարանային և հանգստավայրային զբոսաշրջության կամ գյուղատնտեսության զարգացումների հեռանկարը։ Դրանք նաև ռիսկի են ենթարկում մարդու առողջությունը և սննդի անվտանգությունը: Հարկ է ընդգծել, որ Հայաստանում պատշաճ մոնիտորինգի չեն ենթարկվում հանքարդյունաբերության ակտիվ տարածքներում շրջակա միջավայրի տարրերը, իսկ մարդու առողջության համար հետևանքներն ամբողջովին դուրս են մնում պետության ուշադրությունից: Ի լրումն վերոնշյալի, Հայաստանում և հատկապես Երևանում վերջին 20 տարիների ընթացքում կտրուկ կրճատվել են հանրային կանաչ տարածքները՝ սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրվելով ձեռնարկատիրության նպատակով, որի հետևանքով ավելացել է քաղաքային ստրեսը, աճել օդի աղտոտումը: Ռազմավարության նախագիծը և միջոցառումների ծրագիրը վերոնշյալ իրավունքների վերաբերյալ անդրադարձ չեն պարունակում շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ, ինչն անշուշտ պետք է դիտարկել որպես բացթողում։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծով և միջոցառումների ծրագրով նախատեսել շրջակա միջավայրի որակի և մարդու առողջության վերաբերյալ ստուգումների գործուն համակարգ, որը թույլ կտա համեմատել առանձին տարածքների տվյալները և կատարել եզրահանգումներ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա տնտեսական գործունեության հետևանքների մասին: • Ձեռնարկել միջոցառումների շարք ամբողջությամբ հետ վերադարձնելու 1995 թվականների տվյալներով Երևանի գլխավոր հատակագծով և մյուս քաղաքային համայնքների հատակագծերով սահմանված հանրային տարածքները և ապահովել բնակավայրերի ինտենսիվ կանաչապատում: | Ընդունվել է ի գիտություն: Խնդրին կարող է անդրադարձ կատարվել հաջորդ ԳԾ-ում՝ անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի վերաբերյալ գործողություններ նախատեսելու նկատառմամբ: | |
2 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 05.11.2019 17:49:57 | Սեփականության իրավունք ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է անձի սեփականության իրավունքի անձեռմխելիությունը՝ միևնույն ժամանակ նախատեսելով հասարակության և պետության կարիքների համար պետության գերակա հանրային շահի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական հնարավորություն։ Սահմանադրության այս դրույթը առավել մանրամասնվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» 2006թ․ ընդունված օրենքով, ինչպես նաև այդ օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2018թ․ ՀՀ օրենքով։ Վերոնշյալ օրենսդրական ակտում նախատեսված մի շարք հասկացությունների անհստակությունները հնարավորություն են տվել իշխանության մարմիններին թույլ տալ սեփականության իրավունքի ոտնահարումներ՝ արդյունքում քաղաքացիներին զրկելով սեփական ունեցվածքից։ Այս առումով հարկ է նշել, որ ռազմավարության նախագիծը չի անդրադառնում վերոնշյալ իրավունքի ապահովման երաշխիքների հստակեցման անհրաժեշտությանը, չի ամրագրում համապատասխան միջոցառումների իրականացման հնարավորություն։ Մինչհեղափոխական ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Երևան քաղաքում քաղաքաշինական, կառուցապատման և այլ ծրագրերում անտեսվել են անձանց սեփականության իրավունքը, ինչի արդյունքում արձանագրվել են խախտման բազմաթիվ դեպքեր։ Խնդիրն առավել ցայտուն է արտահայտվել Երևան քաղաքում 2000-ական թվականներից սկսված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շրջանում, որի ընթացքում տեղի են ունեցել տարբեր բնագավառներում մարդու իրավունքների համատարած ոտնահարումներ, ինչպես նաև պետության պոզիտիվ պարտականությունների ուղղակի անտեսում։ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման արդյունքում համատարած խախտվել են սեփականության, առողջ բնական միջավայրում ապրելու մարդու իրավունքները։ Նախկինում եղել են բազմաթիվ արձանագրումներ առ այն, որ հանրային գերակա շահի պատճառաբանությամբ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված սեփականության իրավունքը, գերակայել են որոշակի մասնավոր խմբերի անհատական մասնավոր շահերը՝ ամրապնդելով պետական մարմինների որոշումները նաև դատական ակտերով։ Փոխհատուցումները տրամադրվել են շուկայականից անհամեմատ ցածր գներով։ Եվ անկախ այն հանգամանքից, որ բազմաթիվ են եղել վերոնշյալ խախտումների մասին հրապարակումները, չեն կատարվել օրենսդրական համապատասխան փոփոխություններ՝ նախատեսված դրույթների կիրառման հստակությունն ու կոնկրետությունն ապահովելու նպատակով։ Այս գործընթացների շրջանակներում կոռուպցիոն դրսևորումները հասան իրենց գագաթնակետին, քանի որ ըստ էության խմբային շահերը սպասարկվում էին քաղաքական իշխանության կողմից։ Ընդ որում, խախտումները վերաբերել են նաև պետական սեփականությունը գերակա հանրային շահի պատճառաբանությամբ օտարելուն։ Առաջարկներ • Միջոցառումների ծրագրում նախատեսել սեփականության գնահատման միջազգային փորձի ուսումնասիրություն՝ հանրային գերակա շահի համար դրա օտարման գործընթացում։ • Նախատեսել անկախ փորձագետների պարտադիր մասնակցությամբ հանրային գերակա շահի համար սեփականության օտարման ընթացքում սեփականության շուկայական գնի որոշման օբյեկտիվ մեխանիզմի մշակման միջոցառում։ • Հանրային գերակա շահի համար սեփականության օտարման նախկին դեպքերով, որոնցով սեփականատերը դժգոհ է մնացել փոխհատուցման ձևից և չափից, անդրադառնալ պետական միջոցների հաշվին դրանց փոխհատուցմանը՝ գնահատման օբյեկտիվ մեխանիզմների կիրառման միջոցով։ • Հանրային գերակա շահի ճանաչման գործընթացը նախատեսել բացառապես օրենքի կարգավորման տիրույթում՝ իրավակարգավորումներում նախատեսելով գույքի սեփականատերերի հետ գործընթացի նախապես քննարկման գործուն մեխանիզմներ։ • Իրավակարգավորումներով բացառել մասնավոր մեկ այլ սեփականատիրոջ հանձնելու նպատակով հանրային գերակա շահ ճանաչելու հնարավորությունը։ | «Սեփականության իրավունք» բաժնում ներառված գործողությունը անդրադառնում է առաջարկված գործողություններին: | |
3 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 05.11.2019 17:49:57 | Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ՀՀ-ում վերջին շրջանում շրջանառության մեջ դրված տարբեր ռազմավարությունների նախագծերի ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու, որ որոշ դեպքերում առկա է խզում և հակասություններ այդ ռազմավարությունների միջև, իսկ որոշ դեպքերում ոլորտային ռազմավարություններն ըստ էության չեն բավարարում ռազմավարությանը՝ որպես ուղենիշներ սահմանող փաստաթղթի հիմնական պահանջներին, այն է՝ իրավական որոշակիություն, իրողություններին համադրելիություն կամ իրավական տերմինաբանությամբ՝ կոլիզիաների բացառում, նախանշված խնդիրների չիրացման համար պատասխանատվության սահմանում կամ պատասխանատվության անխուսափելիություն։ Վերջին սկզբունքի իմաստով հասարակությունն այն միշտ ընկալել է որպես քրեական պատասխանատվության անխուսափելիության դրսևորում և անտեսվել է քաղաքական պատասխանատվության անխուսափելիության հիմնախնդիրը։ Այս առումով չափազանց կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությամբ դրա իրականացման կոնկրետ երաշխիքներ սահմանելը։ Հարկ է նշել, որ ռազմավարության նախագծի 2․5 կետով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի վերաբերյալ դրույթները նախատեսվում է լրացնել, ինչը հանդիսանում է չափազանց կարևոր արձանագրում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վերջերս շրջանառության մեջ դրված ՀՀ գործարար միջավայրի բարելավման ռազմավարությամբ նախանշվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը խոչընդոտող կոնկրետ խնդիրներ, սակայն չեն ամրագրվել դրանց լուծման մեխանիզմները և իրավական գործիքները ։ Այս առումով չափազանց կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ ամրագրվեն տնտեսական կարևոր իրավունք հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացման երաշխիքները, իսկ միջոցառումների ծրագրով սահմանվեն այդ իրավունքի իրացմանը խոչընդոտող գործոնները վերացնելու իրավական կարգավորումների հնարավորություն։ Խոչընդոտների հիմնական հատվածը վերաբերում է վարչարարական խոչընդոտներին, ինչի արդյունքում Հայաստանը բավականին լուրջ դժվարություններ ունի համաշխարհային բանկի կողմից Doing Business-ի զեկույցում գործարարությամբ զբաղվելու դյուրինության գնահատականներում։ Մասնավորապես 2018թ․ Հայաստանը 2017թ․ համեմատությամբ նահանջել է 9 հորիզոնականով , 2019-ի ցուցիչները ևս հուսադրող չեն։ Այս իմաստով պետության գերխնդիրը պետք է հանդիսանա մարդու տնտեսական իրավունքների իրացմանը նպաստելը, ինչն այս դեպքում կնպաստի նաև տնտեսության զարգացմանը։ Հայաստանում ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից բավական լուրջ խոչընդոտ է հանդիսանում գազամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրամատակարարման ծառայությունները սպառող-բաժանորդներին հասցնելու գործընթացը։ Ավելին, այդ բնագավառում առկա են կոռուպցիոն ռիսկեր, քանի որ բացակայում են հստակ կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան կանխատեսելի դարձնել այդ ծառայությունների հասանելիության ժամկետները և մեխանիզմները, ինչից ելնելով էլ համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունները շատ հաճախ խնդիրները կարգավորում են ըստ իրավիճակի և ըստ դիմող սուբյեկտի հնարավորության սահմանների։ Վերոնշյալ ծառայությունների մատուցման ոլորտն ըստ էության գտնվում է մասնավոր գերխոշոր ընկերությունների մենաշնորհային կառավարման դաշտում և վերջիններիս կողմից այդ ծառայությունների մատուցումը չի սահմանափակվում միայն ապրանք-ծառայությունների մատակարարմամբ։ Այն ներառում է նաև վերոնշյալ ընկերությունների կողմից այդ ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռելը կամ համապատասխան ենթակառուցվածքների տրամադրումը՝ իրենց կողմից կազմված նախահաշվի հիման վրա։ Հիշյալ հանգամանքը հանրության կողմից միշտ քննադատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը, ուստի նաև գործարար միջավայրի բարելավմանը խոչընդոտելու տեսանկյունից։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծով և միջոցառումների ծրագրով նախատեսել հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար ծառայությունների հասանելիության ապահովման պարտավորություն՝ համապատասխան իրավական երաշխիքներ սահմանելու եղանակով։ • Նախատեսել իրավական կարգավորումներ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացման տեսանկյունից տնտեսվարողների համար որպես լրացուցիչ երաշխիք սահմանելով ՀՀ կառավարության պարտավորությունը՝ վերոնշյալ ընկերությունների կողմից ծառայությունների հասանելիությունն ապահովելու պարտականությունները չկատարելու դեպքում դատական կարգով պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման ձևով։ | Ընդունվել է ի գիտություն: «Տնտեսական գործունեության ազատություն» բաժնում ներառված գործողություններն ուղղված են, ի թիվս այլնի, նշված խնդիրների լուծմանը: | |
4 | ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 05.11.2019 22:19:50 | ՄԻՊ ազգային ռազմավարության նախագծում բացակայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի ապրիլի 9-ի «Ղեկավար սկզբունքներ սպառողների շահերի պաշտպանության համար» 39 / 248 բանաձևի նորմերը, որոնք կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության լիարժեքության տեսանկյունից: Առաջարկում ենք 2.5 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ բաժնում կամ որպես լրացուցիչ բաժին ավելացնել՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ բաժինը ու ներկայացնել 1985թ. ապրիլի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան ընդունաց սպառողների իրավունքների պաշտպանության ղեկավար սկուզբունքները: Այդ սկզբունքների ընդունումից հետո սպառողական իրավունքները միջազային ճանաչում և օրինականություն ձեռք բերեցին: Դրանցում նախատեսված են դրույթներ, որոնցով պետք է առաջնորդվեն կառավարությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքականության սահմանման և օրենսդրության մշակման ժամանակ: ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը նպաստեց այս ոլորտում միջազային համագործակցությանը: | Ընդունվել է ի գիտություն: | |
5 | ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 05.11.2019 23:07:48 | ՀՀ ՄԻՊ ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի նախագծում ՚՚Գործողություն՚՚ բաժնում ՚՚Վերապատրաստումներ՚՚ -ից հետո նպատակահանպատակահարմար է իրականացնել ՚՚Վերապատրաստումների մասնակիցների թեստավորում կամ գնահատում՚՚: Մեր կողմից բազմափիվ վերապատրաստումներին մասնակցության փորձը ապացուցում է, որ հաճախ առավել ևս պետական տարբեր մարմինների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունը վերապատրաստումներին առանց հետագա նրանց ստացած գիտելիքների գնահատման կրում են ձևական բնույթ ու անարդյունավետ է: | Ընդունվել է ի գիտություն: | |
6 | ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 05.11.2019 23:46:21 | Գործողությունների ծրագրի նախագծի ՚՚Կետ 3. ԶՈւ-ում ամրապնդել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը՚՚ վերաբերող ՚՚Ակնկալվող անմիջական արդյունք՚՚1. Զորամասերի 00%-ում կազմակերպվել են կինոդիտումներ -ի համար պարտադիր պետք է նշել կինոդիտումների թեմաները և բովանդակությունը, հայտնի է, որ մարտական կամ քրեական բովանդակությամբ ֆիլմերը որոշ մարդկանց մոտ առաջացնում են թաքնված ագրեսիա, որն ավելի է սրելու ոչ կանոնադրական հարաբերությունները ԶՈՒ-ում: | Ընդունվել է ի գիտություն: Ֆիլմերի ընտրությունը պետք է կատարվի համապատասխան մասնագետների ներգրավմամբ՝ բացասական հոգեբանական ազդեցության հավանականությունը առավելագույնս բացառելու նկատառմամբ: |