ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
Անհրաժեշտությունը - «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կոնյակի սպիրտի արտադրության և հնացման, ինչպես նաև մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսող տնտեսավարողների համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - ՀՀ գործող օրենսդրությամբ՝
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 10 մլն դրամ։ Սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափը լուրջ խոչընդոտ է հանդիսանում այն տնտեսավարողների համար, որոնք ցանկանում են զբաղվել կոնյակի սպիրտի արտադրության և հնացման գործունեությամբ, քանի որ կոնյակի սպիրտի արտադրության և հնացման ժամկետը պետք է կազմի առնվազն 3 տարի։
Մյուս կողմից մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, որը լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսավարողների համար նշված ապրանքների արտադրության գործունեություն սկսելու համար։
Նշված խնդիրները կարգավորելու խնդրանքով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաև կոնյակի սպիրտի արտադրությամբ, ինչպես նաև մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսել ցանկացող տնտեսավարողներ։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի, իսկ ալկոհոլային արտադրանքը Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ։
Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում կատարել լրացումներ, ըստ որոնց՝
- ծանուցման ենթակա գործունեության տեսակները լրացվում է «Արտաքին տնտեսականգործունեությանապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և հնացում, առանց իրացման իրավունքի» գործունեության տեսակով, որի իրավունքի ձեռք բերման համար սահմանվում է 50 հազար դրամ տարեկան պետական տուրք,
- մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50 հազար դրամ տարեկան պետական տուրք։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը - Սույն նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝
1) կավելանա կոնյակի սպիրտների արտադրությամբ և հնացմամբ զբաղվող տնտեսավարողների քանակը,
2) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաև խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը,
3) հնարավորություն կտրվի տնտեսավարողներին զբաղվելու մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որը կնպաստի մեղրի հումքով նոր արտադրատեսակների արտադրության ներդրմանը և մեղրի իրացման խնդրի մեղմմանը,
4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի նվազեցումներ չեն առաջացնում, իսկ ակնկալվող արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված կապահովվեն ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և շահութահարկի մասով լրացուցիչ մուտքեր: