Add to favourites

Under development

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածով սահմանվում է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները (այդ թվում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը), ինչպես նաև կենսաթոշակառու մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։

Հարկ է նկատի ունենալ, որ գործող օրենսդրության  համաձայն՝ կենսաթոշակի համար սահմանված կարգով է վճարվում նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակները, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարգևավճարները և այլն։

Միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Վերը նշված դրույթի նպատակը կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը հաստատելն է, սակայն բանկ ներկայանալու պահանջը խոչընդոտում է բանկի տարածքից դուրս խնդրո առարկա հայտարարությունը վերցնելու հնարավորությունը։

Հարկ է նշել, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը ՀՀ 2018թ. կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը` 1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով:  Այսինքն, խնդրո առարկա ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը:

Գումարային այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ անկախ վճարվող գումարի չափից, իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով: 

Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները   անկանխիկ եղանակով կատարելը: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։

Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետևյալ դեպքերում.

  • կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է,
  • լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,
  • կենսաթոշակը վճարվում է լիազորագրով,
  • կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:

Ընդ որում, Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ։

Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից: Ըստ այդմ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև օրենքի այլ՝ չվճարված կենսաթոշակի գումարի և թաղման նպաստի վճարմանը փոխկապակցված դրույթներում։

Իսկ 35-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ առաջարկվում է հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ Կառավարությանը վերապահելով հայտարարությունը անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն:

Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ սահմանվում է, որ Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա։

Լուծումներ են առաջադրվում նաև անցումային շրջանի խնդիրներին։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունվելու դեպքում անցում կկատարվի կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգին՝ ապահովելով վճարումների հասցեականությունը և էապես նվազեցնելով առկա ռիսկերը։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշումների մեջ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախագծի ընդունելու դեպքում կնվազեն ՀՀ պետական բյուջեի՝ կենսաթոշակների վճարմանն ուղղված ծախսերը։  

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստի վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2.  Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։

Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը  առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։

Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ սահմանվում է, որ Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։

Լուծումներ են առաջադրվում նաև անցումային շրջանի խնդիրներին։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունվելու դեպքում անցում կկատարվի խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին՝ ապահովելով վճարումների հասցեականությունը և էապես նվազեցնելով առկա ռիսկերը։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի ընդունելու դեպքում կնվազեն ՀՀ պետական բյուջեի՝ խնամքի նպաստի վճարմանն ուղղված ծախսերը։

 

 

  • Discussed

    08.10.2019 - 23.10.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8210

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

21.10.2019

ԿԱՐԾԻՔ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Ընդհանուր առմամբ ողջունելով քննարկվող օրենքների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, կարծում ենք, որ դրանցով չեն փարատվում ՀՀ քաղաքացիներից, հատկապես ՀՀ երկքաղաքացիների վաստակած կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքի իրացման դժվարությունները։ Կարծում էինք, որ ձեռնարկվող փոփոխությունները պետք է համահունչ լինեին ՀՀ վարչապետի 2019 թ․ սեպեմբերի 22-ին Լոս Անջելեսում հայ մեծաքանակ սպյուռքի ներկայացուցիչներին տրված խոստումները՝ համահայակակնության եւ Հայաստանով ապրելու գաղափարների իրագործման առումով։ Այդ տեսակետից մենք գտնում ենք, որ առայժմ շատ դժվարեցված է ՀՀ այն քաղաքացիների իրենց վաստակած կենսաթոշակը նշանակելու եւ վճարելու գործընթացները, որոնք երկքաղաքացի են եւ բնակվում են Հայստանից դուրս։ Այսպես, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետում նշված է, որ «1. Կենսաթոշակ նշանակվում է` 1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.»։ Մեր կարծիքով այս կարգավորումը խիստ դժվարեցնում է ինչ-ինչ հանգամանքներով Հայաստանից դուրս այլ երկրներում բնակվող ՀՀ երկքաղաքացիների սահմանադրական իրավունքների՝ օրենքով սահմանված հավասար ու ոչ խտրական իրավունքների, իրացման ուղղությամբ։ Պետք է նշել, որ Օրենքի «»ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ» գլխի ողջ կարգավորումները առանձին վերցրած ՀՀ երկքաղաքացիների համար հակասում են ՀՀ սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածներին։ Այսպես, Օրենքի 33-րդ հոդվածի իրավանորմերին համապատասխան որպեսզի ՀՀ երկքաղաքացին կարողանա օգտվել իր կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքից, նա ստիպված է իր բնակության վայրից տեղափոխվել եւ ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանում եւ անձամբ ներկայացնի դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր։ Ընդ որում, այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանափակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո երեք ամսով։ Այս կարգավորումը էական խոչընդոտներ է առաջացնում ՀՀ երկքաղաքացիների համար։ Կարծում ենք, որ նրանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացումը հեշտացնելու եւ դրա նկատմամբ անհրաժեշտ հսկողություն ապահովելու նպատակով, նպատակահարմար է օրենքով սահմանված ժամկետը 3 ամսից դարձնել 1 տարի։ Ավելին, առաջարկում ենք այդ գործողությունների կատարումը վերապահել ՀՀ երկքաղաքացիների բնակության վայրի ՀՀ դեսպանատներում եւ/կամ հյուպատոսություններում։ 2. Մեր կարծիքով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությունը էլ ավելի շփոթություն է առաջացնում կենսաթոշակները հանխիկ կամ անականխիկ վճարելու պայմանների մեջ։ Այս կապակցությամբ կարծում ենք, որ սույն կետով պետք է սահմանվի միայն կենսաթոշակի անկախիկ ստանալու պայմաններն ու սուբյեկտները։ 3. Ավելին, կարծում ենք, որ սույն մասում պետք է լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ․ «ՀՀ երկքաղաքացիներին կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով ՀՀ համապատասխան դեսպանատանը եւ հյուպատոսությանը ներկայացված դիմումին համաձայն՝ իրենց բնակության երկրում նշված հայաստանյան բանկի ներկայացուցչությունում եւ/կամ այդ երկրի այն բանկում, որտեղ նա ունի բանկային անվանական հաշիվ։ Այդ դիմումները ամեն տարի թարմացվում են ՀՀ երկքաղաքացիների բնակության վայրի ՀՀ համապատասխան դեսպանատնում եւ/կամ հյուպատոսությունում»։ Այդ փոփոխությամբ էապես կթեթեւանան ՀՀ երկքաղաքացիների խնդիրները եւ նրանք ստիպված չեն լինի իրենց կյանքի արդար վաստակած գումարները ամբողջությամբ ծախսել (ավելին, կատարել այդ կենսաթոշակի տարեկան գումարը 2 եւ անգամ գերազանցող ծախսեր Հայաստան այցելելու համար) ամեն տարի Հայաստան հասնելու ճանապարհածախսի վրա, որպեսզի ստորագրություն տան այն մասին, որ նրանք դեռ ողջ են եւ ցանկանում են ետ ստանալ ժամանակին ՀՀ համապատասխան հիմնադրամին պահ տված իրենց արդար քրտինքով վաստակած գումարները։ 4. Մեր կարծիքով Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող փոփոխությունը նույնպես պետք է համապատասխանեցվի վերահիշյալ կետում մեր ներկայացված առաջարկությանը։ 5. Մեր սույն առաջարկության գաղափարախոսությանը համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ ինչպես ողջ Օրենքում, այնպես էլ՝ ՀՀ կառավարության 2011 թ․ մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման համապատասխան դրույթների մեջ։ Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more