<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №88Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
7 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Արևային և վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայանների գործունեությանն առնչվող իրավակարգավորումների բարեփոխումներով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն, 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն և 2018 թվականի մայիսի 30-ի №180Ն որոշումների մեջ, որոնցով նախատեսվել էր մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման և շահագործման նպատակով համապատասխան լիցենզիաների տրամադրում և համապատասխան սակագների սահմանում՝ 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ գումարային 100 ՄՎտ հզորության շրջանակում ։ Այն է, 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում նախատեսվել էր լիցենզիաներ տրամադրել՝ մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման և շահագործման համար՝ միաժամանակ դրանցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելով բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սակագնին հավասար՝ հետագայում դրանք ճշգրտելով հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայով նախատեսված կարգով։
Վերը նշված իրավական ակտերում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում։ Մասնավորապես, 2019թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ արևային էլեկտրակայանների համար նախատեսված 100 ՄՎտ գումարային հզորության շրջանակներում տրամադրվել են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության 27 լիցենզիաներ՝ ընդհանուր շուրջ 99,99 ՄՎտ հզորությամբ: Միևնույն ժամանակ, նախկին իրավակարգավորումների շրջանակում տրամադրված 10 ՄՎտ գումարային հզորության շրջանակներում էլ տրամադրված արևային էլեկտրակայաններից 2019թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ արտադրության փուլ են անցել 10 կայանները՝ ընդհանուր շուրջ 8,01 ՄՎտ հզորությամբ։
Հաշվի առնելով վերոգրյալ զարգացումները, էներգետիկայի բնագավառում իրականացված օրենսդրական բարեփոխումները և ներդրողների շարունակական հետաքրքրությունները, նախատեսվում են փոփոխություններ կատարել վերը նշված կարգավորումների շրջանակում սահմանված արտադրության լիցենզիաների տրամադրման, սակագների սահմանման ժամկետային և գումարային հզորությունների համար սահմանափակումներ նախատեսող իրավակարգավորումներին։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծերով նախատեսվում է վերանայել հողմային, արևային և այլ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների գումարային հզորությունների տրամադրման, սակագների սահմանման ժամկետային սահմանափակումները՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և հնարավորություն ընձեռելով ներդրողներին ակտիվորեն ներգրավել համապատասխան ներդրումային նախագծերին։ Մասնավորապես, ներկայացված որոշման նախագծերով նախատեսվում է՝
- մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման և շահագործման նպատակով լիցենզիաների տրամադրման գումարային սահմանաչափերը ավելացնել 2019 թվականի համար՝ 50 ՄՎտ-ով և 2020 համար նախատեսելով ևս 50 ՄՎտ.
- մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում և դրանից հետո լիցենզիա ստացած՝ մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար սակագնային կարգավորումների համար սահմանված ժամկետները երկարաձգել համապատասխանաբար մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը և 2022 թվականի հունվարի 1-ը.
-մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել մինչև 30 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցման և շահագործման նպատակով լիցենզիաների տրամադրման և սակագնային կարգավորումների, իսկ կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած էլեկտրակայանների համար՝ միայն սակագնային կարգավորումների համար սահմանված ժամկետները։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշումների նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկությունը։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն արևային, հողմային, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած էլեկտրակայաններում նոր արտադրության լիցենզիաների տրամադրման և դրանցից առաքվող էլեկտրական էներգիայի 2020 թվականի հունվարի 1-ից գործող լիցենզիաների տրամադրման և սակագների սահմանման ժամկետային կարգավորումները, որոնք կնպաստեն ոլորտի ներդրումային ակտիվության բարելավմանը։
-
Discussed
09.09.2019 - 25.09.2019
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 8082
Print