Under development
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Պետական օժանդակության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են միայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածով, ինչը բավարար չէ ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև արգելված պետական օժանդակություն տալու կամ ստանալու համար «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 171.6-րդ և 171.10-րդ հոդվածներով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառելու համար:
Բացի այդ, ներկայումս առկա են մի շարք խնդիրներ պետական օժանդակության տրամադրման թափանցիկության ապահովման ոլորտում, որոնք կարող են հանգեցնել մրցակցության խաթարումների, պետական օժանդակության տրամադրմամբ շատ հաճախ սահմանափակվում, կանխվում կամ արգելվում է տնտեսական մրցակցությունը, վնաս է հասցվում մրցակցային իրավիճակին, որոշ տնտեսվարող սուբյեկտների կամ սուբյեկտների խմբի համար ստեղծվում են արտոնյալ պայմաններ և այլն:
Միաժամանակ, պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության գործող ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը կարևորում են Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային գործընկերները` Համաշխարհային բանկը և Եվրոպական Միությունը, որի կապակցությամբ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողություն իրականցնելու անհրաժեշտությունն ամրագրվել է՝
- որպես hենանիշային պայման Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև նախատեսված «Զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության (DPO) վարկի տրամադրման ծրագրի շրջանակում,
- Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն-Համաշխարհային բանկի խմբի համագործակցության «Հայաստանին միանգամյա աջակցության 2017-2020» ծրագրի (Proposal for the World Bank Group-European Union Partnership Armenia Single Support Framework 2017-2020 Economic Governance) շրջանակում որպես նախապայման,
- «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» կիրակման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություն` վարելու պետական օժանդակության վերաբերյալ միասնական գրանցամատյան:
Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ միջազգային փորձը:
Եվրոպական միության փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԵՄ անդամ պետությունների կողմից իրենց տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող պետական օժանդակության թույլտվությունը տալիս է Եվրոպական հանձնաժողովը, իսկ ԵՄ անդամ պետություններին վերապահված է նախատեսվող պետական օժանդակության` իրենց պետության մրցակցության վրա ազդեցության գնահատման իրականացումը:
Պետական օժանդակության նկատմամբ վերհսկողություն իրականացնելու և այն արգելելու իրավասություն ունեն նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Չինաստանի, Մակեդոնիան, Քենյայի, Մեքսիկայի, Պակիստանի և այլ պետություննեչրի մրցակցային մարմինները:
ԵԱՏՄ անդամ պետություններից` Ռուսաստանի մրցակցային մարմինը ևս ունի պ-ետական օժանդակության նկատմամբ վերհսկողություն իրականացնելու և այն արգելելու իրավասություն, որն ամրագրված է Ռուսաստանի «Մրցակցության մասին» օրենքով:
Ազատ և բարեխիղճ մրցակցություն ապահովելու նպատակով ԵԱՏՄ պայմանագիրը ևս սահմանում է անդամ պետությունների կողմից ֆինանսական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոների սահմանման և խիստ անհրաժեշտության և հիմնավորվածության դեպքում սուբսիդիաների տրամադրման պահանջներ:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը նաև փաստում է, որ մի շարք պետություններում, ինչպիսիք են Բրազիլիան, Արգենտինան, Պերուն, Նորվեգիան, Ավստրալիան, պետական օժանդակության նկատմամբ վերահսկողություն է իրականացվում այսպես կոչված «մրցակցության չեզոքության սկզբունք»-ի (competition neutrality principle)[1] հիման վրա, որի կիրառման միջոցով ապահովվում է հավասարակշռությունը մրցակցության և պետական օժանդակության միջև:
Պետական օժանդակության նկատմամբ վերահսկողություն վերաբերյալ իրենց դիրքորոշում են հայտնել նաև միջազգային առաջատար կազմակերպությունները.
Տնտեսական համագործակցության կազմակերպություն (OECD)
Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունը իր մի շարք զեկույցներում և կլոր սեղան քննարկումների ընթացքում անդրադարձել է պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության հարցին` նշելով, որ պետական օժանդակության տրամադրումը կարող է հանգեցնել շուկաներում մրցակցության խաթարման և սահմանափակման, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պետական օժանդակության նկատմամբ վերահսկողություն և համապատասխան կարգավորումների սահմանում, իսկ պետական օժանդակության տրամադրումը պետք է լինի հիմնավոր և նպատակային: Միաժամանակ ընդգծվում է մրցակցության մարմիններին տնտեսական մրցակցության վրա տրամադրվող պետական օժանդակության ազդեցությունը գնահատելու և անհրաժեշտության դեպքում` այն արգելելու իրավասություն տալու անհրաժեշտությունը[2]: Նշված զեկույցներում միաժամանակ նշվում է, որ պետական օժանդակությունը սահմանափակող և կարգավորող նորմերի չսահմանման պարագայում օժանդակության տրամադրման արդյունքում մի շարք տնտեսվարող սուբյեկտներ կստանան մրցակցային առավելություններ` խաթարելով մրցակցությունը և շուկայի բնականոն գործունեությունը[3]: Նշված զեկույցներում միաժամանակ կարևորվում է մրցակցության մարմինների և կառավարությունների համագործակցությունը տրամադրվող պետական օժանդակության արդյունավետությունը և նպատակահարմարությունն ապահովելու տեսանկյունից:
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողով (UNCTAD)
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովը իր մի շարք զեկույցներում անդրադարձել է պետական օժանդակության և սուբսիդիաների նկատմամբ վերահսկողության հարցերին` նշելով, որ մրցակցային քաղաքականության իրականցման արդյունավետության համար անհրաժեշտ է մրցակցության օրենսդրության կիրառումը բոլոր ոլորտներում և պետական քաղաքականության բոլոր գործառույթների, ներառյալ սուբսիդիաների տրամադրման, ազգային ռեսուրսների անհավասար բախշմանն առնչվող գործողությունների նկատմամբ[4]: Բացի այդ, որպես զարգացող պետությունների մրցակցության խոչընդոտներից են նշվում ֆինանսական սուբսիդիաները: Միաժամանակ, նշվում է, որ երկարատև սուբսիդիաների տամադրումը հանգեցնում է մրցակցության խաթարման[5]: Նշված զեկույցներում նաև ընդգծվում է պետության կողմից տրամադրվող օժանդակությունների և այլ արտոնությունների տրամադրման սահմանափակման և խտրական մոտեցումների բացառման անհրաժեշտությունը` հակամրցակցային գործողությունները կանխելու և ազգային ռեսուրսներն արդյունավետ բաշխելու, և այդպիսով տնտեսական զարգացման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից[6]:
Միջազգային մրցակցային ցանց (International Competition Network)
Միջազգային մրցակցային ցանցը (այսուհետ` ՄՄՑ), որը մրցակցային իրավունքի և մրցակցային քաղաքականության իրականացումը հզորացնելու նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է, և որին անդամակցում են ավելի քան 150 պետություններ (ներառյալ բոլոր զարգացած պետությունները), իր մի շարք քննարկումներում և զեկույցներում նշել է, որ պետության կողմից տրամադրվող օժանդակությունը և այլ արտոնությունները հանդիսանում են պետական միջամտության արդյունքում մրցակցության խոչընդոտման և սահմանափակման գործողություններից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերահսկողության իրականացում, ինչը կնպաստի նաև տնտեսական ցուցանիշների բարելավմանը[7]:
Այսպիսով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝
- Հայաստանի Հանրապետությունում պետական օժանդակության ոլորտում թափանցիկություն ապահովելու,
- տրամադրվող պետական օժանդակության հետևանքով տնտեսական մրցակցության խաթարումներից խուսափելու,
- ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցություն ապահովելու պահանջներով:
Բացի այդ Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է Եվրոպական Միություն և Համաշխարհային բանկի հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություների կատարման անհրաժեշտությունից:
Հատկանշական է ընդգծել, որ պետական օժանդակության վերահսկողության արդյունավետ կարգավորման մեխանիզմի ներդնումը ունի նաև կարևոր նշանակություն «զսպումների և հակակշիռների» (checks and balances system) համակարգի կատարելագործման միջոցով ժողովրդավարության զարգացման, արդյունավետ վերահսկողական մեխանիզմների ներդրման և կոռուպցայի դեմ պայքարի տեսանկյունից:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Տնտեսության բոլոր ճյուղերում տնտեսական մրցակցության հնարավոր սահմանափակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան անհամատեղելի օժանդակությունները դադարեցնելու նպատակով հստակեցվում և լրամշակվում է պետական օժանդակության հասկացությունը, տեսակները, եղանակները, պետական օժանդակությունների վերաբերյալ գրանցամատյանի վարելու պահանջ, պետական օժանդակության տրամադրման համար հայտարարագրի ներկայացման, դրա գնահատման, տեղեկատվության ներկայացման կարգը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունները տվյալ ոլորտում և այլն:
Նախագծերի փաթեթը լրամշակելու է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածով ամրագրված պետական օժանդակության վերաբերյալ գործող դրույթները՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության կարգավորումները համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին:
Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև Համաշխարհային բանկի փորձագետների, ինչպես նաև՝ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի և Լիտվայի համապատասխան փորձագետների առաջարկությունները:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է Հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ ամբողջական և արդյունավետ վերահսկողության սահմանում, որը կհանգեցնի`
- տրամադրվող պետական օժանդակությամբ տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման դեպքերի կրճատմանը,
- տնտեսության տարբեր ոլորտներում պետական օժանդակության տրամադրման նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողության իրականացմանը,
- կստեղծի կրկնակի և անտեղի պետական ծախսերից խուսափելու հնարավորություն,
- կնպաստի արդյունաբերության ոլորտում նորարարությունների խրախուսմանը, տնտեսական զարգացմանը և ուղղակի օտարերկրյա ներդրումներին,
- միջազգային պարտավորությունների կատարմանը,
- ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շուկայական տնտեսության զարգացմանը:
Բացի այդ, կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ:
[1] «Մրցակցության չեզոքության սկզբունք»-ը ենթադրում է պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց և մասնավոր ոլորտի տնտեսվարող սուբյեկտնրի միջև հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը` պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց կամ պատվիրակված գործառույթ իրականացնող տնտեսվարողներին արտոնություններ չտալու կամ տալու դեպքում նույն արտոնությունը սահմանված չափանիշներին բավարարող մասնավոր տնտեսվարող սուբյեկտներին տալու, բոլորի համար համահավասար կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև պետական գնումների, սակարկումների և հրապարակային աճուրդների ժամանակ արդար մրցակցային պայմաններ ապահովելու միջոցով:
[2] https://www.oecd.org/competition/abuse/2731940.pdf; http://www.oecd.org/competition/sectors/48070736.pdf
[3] Տես նույն տեղում
[4] http://unctad.org/en/docs//ditcclp20034_en.pdf ;
[5] http://unctad.org/en/Docs/itcdtab2_en.pdf
[6]http://unctad.org/meetings/en/SessionalDocuments/tdrbpconf8d7_en.pdf; http://unctad.org/sections/wcmu/docs/c2clp_ige7p30_en.pdf
[7] http://www.internationalcompetitionnetwork.org/uploads/library/doc1120.pdf; http://www.internationalcompetitionnetwork.org/uploads/library/doc1138.pdf
-
Discussed
21.08.2019 - 06.09.2019
-
Type
Law
-
Area
Economical, Constitutional and administrative legislation
-
Ministry
Competition Protection Commission
Views 10527
Print