Add to favourites

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆօրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում հանել «արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող`» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում «Փրկարար ծառայությունն» բառերը փոխարինել «Փրկարար ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է, որն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 5. Փրկարար ծառայության լիազորությունները

  1. Փրկարար ծառայության լիազորություններն են՝
  • փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև դրանց կատարման համար մշտական պատրաստականության ապահովումը.
  • փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը.
  • պետական հակահրդեհային ծառայության, ինչպես նաև կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը.
  • արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը, իրականացումը և համակարգումը.
  • Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում միջազգային մարդասիրական արձագանքման համակարգի ներգրավման դեպքում փրկարար ուժերի ներդաշնակ աշխատանքի ապահովումը.
  • արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ուսումնավարժությունների, վարժանքների, մարզումների` այդ թվում նաև միջազգային, կազմակերպումը, իրականացումը և մասնակցություն դրանց անցկացմանը.
  • աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներին արձագանքման ռազմավարությունների, ծրագրերի, պլանների, մեթոդական փաստաթղթերի մշակումը, ինչպես նաև մասնակցությունը դրանց կատարման ապահովմանը.
  • արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի փրկումը.
  • մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.
  • մասնակցությունը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանը.
  • Հայաստանի Հանրապետությունում առկա փրկարարական և հակահրդեհային գույքի ու տեխնիկայի հաշվառումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավումը.
  • փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարումը.
  • փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման նախապատրաստումն ու կազմակերպումը, մասնակցությունը որակավորմանը.
  • մասնակցությունը մարդասիրական (հումանիտար) արձագանքման կազմակերպմանը.
  • մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացմանը.
  • քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման և ընդունման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
  • Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում քաղաքացիական պաշտպանության ու փրկարարական ստորաբաժանումների փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի.
  • կառավարման մարմինների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթացի կազմակերպումը և իրականացման ապահովումը.
  • իր իրավասությունների շրջանակներում մասնակցությունը սահմանամերձ տարածքներում հակառակորդի ուժերի հակազդմանը, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների ու այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.
  • Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների հաշվառումը ու դրանց պահպանման վիճակի պարբերաբար ճշտումը, ակնադիտական ուսումնասիրությունների անցկացումը.
  • մասնակցությունը պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը` քաղաքացիական պաշտպանության մասով.
  • վտանգավոր տարածքներից բնակչության և նյութական արժեքների տարահանման պլանների և ծրագրերի մշակման և դրանց ճշգրտման կազմակերպումը.
  • մասնակցությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական ու նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծմանը և կուտակմանը, դրանց նպատակային օգտագործման ապահովմանը.
  • արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջացառումների, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների` ըստ փոխհամագործակցության պլանների ներգրավման համակարգումը.
  • մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերով իրազեկմանը.
  • մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը.
  • համապատասխան պատրաստության աստիճանի անցման դեպքում Ծառայության ստորաբաժանումների մարտական ներդաշնակավորման, կցագրված անձնակազմի զորահավաքային պատրաստության, ինչպես նաև դրանց մարտական պատրաստության ապահովումը.
  • բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի զարգացման ծրագրերի մշակումը, այդ ծրագրերից բխող աշխատանքների պլանավորումն և կազմակերպումը, կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը.
  • կառավարման մարմինների, բնակչության ազդարարման և իրազեկման կազմակերպումը՝ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս.
  • «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի իմաստով անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի պիտանելիության որոշումն ու եզրակացության տրամադրումը.
  • արտակարգ իրավիճակներում ճառագայթային, քիմիական և մանրէաբանական հսկողության համակարգի աշխատանքների համակարգումն ու մասնակցությունը շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացմանը, ճառագայթային, քիմիական, կենսաբանական միջադեպերի արձագանքման կազմակերպումը, վարակված տարածքներում փրկարարական աշխատանքների իրականացման անվտագության ապահովումը և վերահսկումը.
  • արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում իրականացվող միջոցառումներին կառավարման մարմինների ներգրավման նպատակով համապատասխան փոխհամագործակցության պլանների մշակումը.
  • մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստման ու բնակչության ուսուցման կազմակերպմանը.
  • արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) հավաստի տեղեկատվության ստացումը, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրում, հավաքագրված տվյալների և տեղեկատվության հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
  • փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանության իրականացումը.
  • Հայաստանի Հանրապետության կառավարություն կողմից սահմանված կանոններով փրկարարական ծառայության հետ կապված գործերով դեպքի վայրի պահպանության իրականացումը.
  • մասնակցությունն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում ճգնաժամային կառավարման համակարգի ստեղծմանն ու զարգացմանը.
  • արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ ճգնաժամային կառավարման ապահովումը.
  • օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.

«2. Փրկարար ծառայությունը մասնավոր սեփականություն հանդիսացող օբյեկտներում (կազմակերպություններում, տարածքներում) իր լիազորություններից բխող աշխատանքների կազմակերպումը կարող է ապահովել նաև ծառայությունների մատուցման միջոցով՝ պայմանագրային հիմունքներով:

Օբյեկտներում աշխատանքների կազմակերպումն իրականացվում է օբյեկտի սեփականատիրոջ միջոցների հաշվին՝ համապատասխան նախարարության և նրա միջև կնքված պայմանագրի հիման վրա:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագրային հիմունքներով Փրկարար ծառայության կողմից կազմակերպվող ծառայություններ են համարվում՝
  • փրկարարական և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման աշխատանքների կազմակերպումը,
  • ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելումը.
  • շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական և տեխնիկական աշխատանքների կատարումը.
  • պողպատյա ճոպանների փորձարկումը.
  • թթվածնային և այլ գազերի բարձր ճնշման փոքրածավալ ու մեծածավալ բալոնների փորձարկումը.
  • հանքահորերի օդափոխության համակարգի ուսումնասիրումը.
  • հանքախորշերում փոշու և գազերի թույլատրելի պարունակությունների ուսումնասիրումն ու առաջարկությունների (եզրակացությունների) տրամադրումը.
  • բժշկական օգնության և սպասարկման իրականացումը, մասնավորապես`

ա) առաջնային բժշկական օգնություն, մասնագիտացված, որակավորված բժշկական օգնություն, սանատոր-կուրորտային և վերականգնողական բժշկական օգնության ցուցաբերում, բուժկանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում ու իրականացում,

բ) անհրաժեշտ բժշկական տեղեկանքների, վկայականների և փաստաթղթերի տրամադրում, դեղատնային գործունեություն.

գ) աղետների բժշկության համակարգի բժշկական մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը.

դ) աղետների բժշկագիտության զարգացման և կատարելագործման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

  1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պայամանգրի կատարման արդյունքում ստացված միջոցները (վճարները) փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.1. Համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, կազմակերպություններում (այդ թվում ուսումնական) առանձնահատկություններից ելնելով առանձին պաշտոններում կարող են նշանակվել փրկարար ծառայողներ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:»,

  1. լրացնել նոր 1.2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող կազմակերպություններում առանձին պաշտոններում նշանակված փրկարար ծառայողների ենթակայության և հաշվետու լինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխան ստորաբաժանման կամ կազմակերպության կանոնադրությամբ:»:

Հոդված 6. Օրենքի 29-րդ հովածի 3-րդ մասում «Առանձին մասնագիտություններով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ծառայության առանձնահատկություններով պայմանավորված» բառերը:

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածում՝

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.

«1.1 Համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, կազմակերպություններում (այդ թվում ուսումնական) առանձին պաշտոններում նշանակվող փրկարար ծառայողներին պաշտոնի նշանակում, ազատում և փոխադրում է համապատասխան նախարարը:»,

  1. 3-րդ մասում «Փրկարար ծառայության կադրային մարմինը» բառերը փոխարինել «համապատասխան նախարարության անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (կադրային մարմինը)» բառերով:
  2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Սույն մասով նախատեսված անձնական գործի վարման և զինկոմիսարիատում հաշվառման դրույթները չեն տարածվում սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ծառայության առանձնահատություններով պայմանավորված փրկարար ծառայության անցած ծառայողների նկատմամբ:»:

Հոդված 8. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառը:

Հոդված 9. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «ծառայողներինը՝» բառից հետո լրացնել «մինչև» բառը:

Հոդված 10. Օրենքի 64-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են՝

1) սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ծառայողները.

2) սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները.

3) սույն օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողները՝ Փրկարար ծառայություն տեղափոխվելիս:».

  1. 2. 2-րդ մասում «չորրորդ մասով» բառը փոխարինել «3.1-ին և 4-րդ մասերով» բառերով:
  2. 3-րդ մասում «դրույքաչափը» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերը:
  3. 4. լրացնել նոր 3.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, գործուղման ամբողջ ժամանակահատվածում գրանցվում է փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում և կադրերի ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:»

Հոդված 11. Օրենքի 81-րդ հոդվածը 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Փրկարար ծառայությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ այդ թվում պայմանագրային հիմունքներով մատուցված ծառայություններից ստացվող, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    27.06.2019 - 12.07.2019

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8683

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

09.07.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. 5-րդ հոդվածի համարակալումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներն: 2. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ ՀՀ օրենսդրության համաձայն պետական մարմինը չի կարող համակարգել ոչ պետական մարմինների ու ֆիզիկական անձանց գործունեություն: 3. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, պետական քաղաքականության մշակման լիազորությունը վերապահված է միայն ՀՀ կառավարությանն ու նախարարություններին 4. 5-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առկա փրկարարական և հակահրդեհային գույքի ու տեխնիկայի հաշվառման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավման վերաբերյալ գտնում եմ, որ նման հաշվառման համակարգ չկա ու ու որևէ անձ պարտավորություն չի կրում հաշվառման ներկայացնել համապատասխան գույքը: Նույնը վերաբերվում է այդ գույքը որևէ գործունեության ներգարավմանը: Մոտեցումը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին: Նույնը վերաբերվում է կազմակերպությունների հաշվառմանը, բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների հաշվառմանը, անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի պիտանելիության որոշմանն ու եզրակացության տրամադրմանը: 5. 5-րդ հոդվածը խմբագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: 6. 5-րդ հոդվածով նախատեսված փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանության իրականացումը չի հանդիսանում Փրկարար ծառայության լիազորությունը: 7. 9-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ պետական մարմիններն իրավասու չեն իրականացնել որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Անհրաժեշտ է ի նկաի ունենալ, որ ՀՀ կառավարոթւյան կողմից շրջանառության մեջ են դրվել օրենքների նախագծեր, որոնցով վերացվում են պետական մարմինների արտաբյուջետային ֆոնդերը: 8. 11-րդ հոդվածի փոփոխությունը ևս հակասում է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներից: Որևէ կազմակերպության վրա չի կարող դրվել պարտականություն իր մոտ ընդունել որևէ աշխատող: Չպետք է մոռանալ, որ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված անձանց հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

See more