Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---- 2019 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք են ընդունում նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնի համար սահմանված տվյալ տարվա միջոցառումները:
  3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
  4. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմ ներկայացնել տարեկան հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների ընթացքի մասին:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի  Հանրապետության                                                      Ն. Փաշինյան

վարչապետ                                     

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության

2019  թվականի ----- N որոշման

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ - 2019 թ.

 

 

     ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Դեպի իրական ժողովրդավարություն իր աներկբա ու գիտակից ընտրությունը կատարած հայ ժողովուրդը չունի կայուն զարգացման այլընտրանք, քան կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողականության և անընդունելիության չբեկվող մթնոլորտի ու վերաբերմունքի ձևավորումը: Բացառապես հիշյալ գաղափարի խորը արմատավորման դեպքում է հնարավոր և իրական նյութականացնել աննախադեպ ժողովրդավարություն վայելող իշխանություններից ակնկալվող հանրային օբյեկտիվ սպասումներն ու հույսերը: Այս համատեքստում ավելորդ չէ մեկ անգամ ևս արձանագրել, որ միջազգային և ներպետական մակարդակներում պետությունները բազմիցս վերահաստատել են կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա: Հաշվի առնելով կոռուպցիայի աշխարհագրական ընդլայնվածությունը, կոռուպցիոն դրսևորումների բազմազանությունը և դրա դեմ անզիջում պայքարի օբյեկտիվ հրատապությունը՝ պետություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերը մեկտեղելու թե՛ ներպետական, թե՛ միջազգային հարթակներում կոռուպցիոն սխեմաները բացահայտելու և կոռուպցիայի նկատմամբ համակարգված պայքարելու հարցում:
  2. Վերոնշյալի համատեքստում հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնացել վերոնշյալ զարգացումներից և գործընթացներից: Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առնվազն հրապարակային հարթակներում հայտարարել է կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու նպատակադրման մասին: Բայցևայնպես, նշված նպատակադրումը չի ուղեկցվել հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում առկա իրական խնդիրների ախտորոշման, թիրախավորման և դրանց համակարգային ու հիմնարար լուծմանն առնչվող կոնկրետ գործնական քայլերով: Հարկ է փաստել, որ չնայած այն իրողությանը, որ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է  հակակոռուպցիոն երեք  ռազմավարություն՝ համապատասխան միջոցառումների ծրագրերով, կոռուպցիայից բխող անբարենպաստ հետևանքներն իրենց բոլոր դրսևորումներով հանդերձ, դեռևս շարունակում են աննահանջ տեղ զբաղեցնել հասարակական կյանքի բազմազան ոլորտներում: Դրա մասին են վկայում ինչպես նախընթաց տարիներին կոռուպցիայի գործող մակարդակի վերաբերյալ առկա հանրային ընկալումն ու տրամադրությունները, այնպես էլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ամենատարբեր գնահատական-զեկույցները, ցուցանիշները:
  3. Այսպես, օրինակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (2014-2018թթ.) մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցով նշվում է, որ չնայած ոլորտում իրականացված փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը չի գրանցում շոշափելի և տեսանելի հաջողություն քաղաքական կամքի դրսևորման բացակայության պատճառով: Ասվածին գումարվում է նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշը, որն ուղղակիորեն փաստում է Հայաստանում կոռուպցիայի համակարգային բնույթը:
  4. Վերոնշյալը, ի թիվս այլ օբյեկտիվ հանգամանքների, հիմք հանդիսացավ քաղաքացիների աննախադեպ, պատմական և ժողովրդական ընդվզման: 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ գործնականում իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իր երազանքը: Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց իրավունքի գերակայությամբ և կոռուպցիայից զերծ երկիր ունենալու  աներեր ակնկալիքով, իսկ արդյունքում ձևավորված իշխանությունը ստանձնեց հիշյալ կամքի իրացման պատասխանատու հանձնառությունը: Բնական է, որ հիշյալ հանձնառության իրացումը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքարը՝ որպես գերակա ուղղություն հռչակելու հաստատապես ձևակերպված կամք և վճռականություն, ինչի սկիզբն արդեն իսկ դրվել է 2019 թվականի փետրվարի 14-ի «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշմամբ:
  5. ՀՀ Կառավարության ծրագրում որպես ՀՀ կառավարության գործունեության հիմնարար ուղենիշ սահմանվեց կոռուպցիայի դեմ առավել թիրախավորված և արմատական պայքար մղելը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը: Ընդ որում, նախատեսվեցին նաև մի շարք հիմնարար, հայեցակարգային պահանջներ, որոնք արդեն իսկ ենթադրում են դրանց շրջանակներում առավել կոնկրետ և հասցեական միջոցառումների իրականացում: Մասնավորապես, Կառավարության ծրագրով հստակ ընդգծվեց կոռուպցիայի կործանարար ազդեցությունը և նշվեց, որ Կառավարությունը կոռուպցիայի նկատմամբ լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։ Կառավարության ծրագրով առանձնահատուկ կարևորվեց կոռուպցիան ծնող պատճառների վերհանումը և դրանց վերացմանը միտված գործողությունների իրականացումը: ՀՀ կառավարության ծրագրում հատուկ ընդգծվեց նաև կոռուպցիայի նկատմամբ վճռական, հաստատակամ, անզիջում պայքարի և կոռուպցիայից զերծ հանրություն ձևավորելու կարևորությունը: 
  6. Կառավարության ծրագրի տրամաբանական շարունակությունը և իրացման կենսաձևն, անշուշտ, պետք է համարել Հայաստանի Հանրապետության նոր հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումը, որով Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ կնախանշվեն կոռուպցիայի դեմ իրական պայքարի հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները: Անհրաժեշտ է ընդգծել նաև այն, որ այս համատեքստում կարևոր նշանակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության նոր հակակոռուպցիոն ռազմավարության՝ արդի մարտահրավերներից բխելու և դրանց հետ համապատասխանությունն ապահովելու հանգամանքը և, ըստ այդմ, ճշգրիտ թիրախների առանձնացմամբ առկա խնդիրների շուտափույթ լուծումը:
  7. Ռազմավարությամբ նախանշված ուղղությունների իրականացման հիմնական երաշխիքներից մեկն է հանդիսանալու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրսևորած քաղաքական աննախադեպ կամքն ու վճռականությունը: Վերջինիս դրսևորմամբ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կոռուպցիան ծնող ու դրա տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի կոռուպցիայի աստիճանական հաղթահարմանը: Իհարկե, քաղաքական կամքի առկայությունը կենսականորեն անհրաժեշտ, բայց միակ բավարար գործոնը և պայմանը չէ հակակոռուպցիոն քաղաքականության ասպարեզում բեկումնային քաղաքականության իրագործման համար: Այս առումով ակնհայտորեն պետք է մեկտեղվեն կառավարություն-քաղաքացիական հասարակություն համատեղ ջանքերը՝ ուղղված ընդհանրական նպատակի կենսագործմանը: Նույնչափ կարևոր է նաև հանրային լայն աջակցության և իրավական մշակույթի շարունակական ձևավորման ուղղությամբ ակտիվ քայլերի ու ինստիտուցիոնալ գործիքների ներդրումը, որի համակարգում էական դերակատարում կարող է ունենալ հակակոռուպցիոն կրթությունը: Այս ամենի արդյունքում որպես հակակոռւպցիոն ռազմավարության նպատակ` անհրաժեշտաբար պետք է սահմանել նաև ՀՀ-ում կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության և անընդունելիության կայուն հասարակական վերաբերմունքի ձևավորումը՝ որպես կոռուպցիան արմատախիլ անելու ինստիտուցիոնալ գործիք:
  8. Այս տեսակետից հատկանշական է, որ Ռազմավարությունն, ի թիվս այլնի, ուղղված է լինելու հանրային կառավարման համակարգում բարեվարքության, թափանցիկության, մասնակցայնության արդյունավետ և իրագործելի կառուցակարգերի ստեղծմանն ու կատարելագործմանը, պետական համակարգում կոռուպցիայի հակազդմանն ուղղված միասնական կանոնների թելադրմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մոդելի ներդրմանը:
  9. Ներառական ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունից ելնելով՝ Ռազմավարությունը հատուկ կարևորում է հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման գործընթացին քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և հանրային վերահսկողության անհրաժեշտությունը:
  10. Ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի ֆինանսական կայունությունը երաշխավորվում է Ռազմավարության նպատակներից բխող միջոցառումների ծրագրի իրականացման համար  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման միջոցով: Հակակոռուպցիոն գործընթացում համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվում է նաև գործընկերների, այդ թվում՝ միջազգային, տարածաշրջանային և հասարակական  կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունը: Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:
  11. Հայտնի իրողություն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կազմակերպումը պայմանավորված է ոչ միայն հակակոռուպցիոն որակյալ ռազմավարությամբ, այլ նաև դրա փաստացի իրականացմանը միտված գործնական վավերապայմաններով, առկա հանրային կառավարման միջավայրով, պետություն-քաղաքացիական հասարակություն անխզելի ու օբյեկտիվ կապից բխող կապիտալի արդյունավետ նյութականացման հեռանկարներով: Վերստին պետք է արձանագրել, որ նշված բոլոր վավերապայմանների մասով առկա են համապատասխան օբյեկտիվ նախադրյալներ, որպիսիք պայմանավորում են Հայաստանի Հանրապետության համար անշրջելի բարեփոխումների գործընթացի հրատապ ու անվարան մեկնարկը:

 

 

ԳԼՈՒԽ 1. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի գնահատումը

 

  1. Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ նաև ՀՀ) հակակոռուպցիոն նոր ռազմավարության առաջնայնություններն ու խնդիրները նախանշելու, ՀՀ հակակոռուպցիոն մարմինների նոր ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու ուղղությունները որոշակիացնելու, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ կառավարության ծրագրային քաղաքականության կենսագործման նպատակների իրականացման համար էականորեն կարևորվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների գնահատումը: Նման գնահատման կարևորությունն ընդգծվում է նաև այն տեսանկյունից, որ այն հնարավորություն է տալիս համարժեքորեն գնահատել նախկին ռազմավարությամբ ձեռք բերված արդյունքները, թույլ տրված բացթողումները և լավագույն փորձի հաշվառմամբ ուրվագծել նախանշվող միջոցառումների ցանկը:
  2. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի 24-րդ կետն ուղղակիորեն ազդարարում էր, որ հակակոռուպցիոն ռազմավարության գլխավոր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափանիշներն իրագործելու միջոցով Հայաստանում կոռուպցիայի պրոգրեսիվ և հետևողական նվազեցմանը նպաստելն է (...):  Այսուհանդերձ, ռազմավարությունն ինչպես խմբագրական, այնպես էլ բովանդակային չափանիշներով համարժեքորեն չէր տեղայնացնում իր իսկ հռչակած խնդիր-նպատակները:
  3. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի թերություններից մեկը դրա ընթացիկ մոնիթորինգի կառուցակարգի բացակայությունն է: Վերջինիս գործողության 4 տարիների ընթացքում թեև պատասխանատու պետական մարմինները պարբերաբար ներկայացրել են հաշվետվություններ իրենց կողմից իրականացված հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ, սակայն հստակ ցուցիչների բացակայության պայմաններում այդ հաշվետվությունների համապարփակ ուսումնասիրություն և միջոցառումների իրականացման մակարդակի պարբերական գնահատում հնարավոր չի եղել ապահովել: Բնական է, որ նշված բովանդակային գնահատման գործիքների բացակայությունը հանգեցրել է ռազմավարությամբ ընդգրկվող միջոցառումների մի զգալի հատվածի ոչ պատշաճ կամ ձևականորեն կատարմանը:
  4. Ասվածին գումարվում է այն, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների արդյունքների վերաբերյալ վերլուծություններ ևս չեն իրականացվել՝ պարզելու համար միջոցառումների ծրագրում ներառված այս կամ այն միջոցառման դրական կամ բացասական ազդեցության աստիճանը, արդյունավետության մակարդակը: Ընթացիկ միջոցառումների արդյունավետությունը բացահայտող նման գործիքների բացակայությունն հակակոռուպցիոն ռազմավարության իրացման ամբողջ գործընթացը դարձնում էր խիստ ձևական՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
  5. Ավելորդ չէ հիշատակել նաև այն, որ նշված ռազմավարությամբ նախատեսվել էին հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման չորս ոլորտ՝ առողջապահություն, կրթություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցում: Հիշյալ իմաստով խիստ խոցելի էին ոլորտների նման դասակարգման իրավական և գաղափարական չափորոշիչները: Բացի այդ, նման սահմանափակումները սկզբունքորեն անհարկի նեղացնում էին ռազմավարության կիրառման և գործողության շրջանակները՝ ինքնաբերաբար բացառելով այլ ոլորտների հակակոռուպցիոն ուղղվածությամբ չափանիշավորումը:
  6. Բացի այդ, պետք է շեշտադրել նաև այն, որ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների շրջանակներում համարժեքորեն զատորոշված չէր հակակոռուպցիոն քաղաքականության իրացման ինստիտուցիոնալ մարմինների համակարգը, սահմանված չէր հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշակի մասնագիտացված մարմնի առկայության պարտադիր պահանջ, որի հետևանքով կոռուպցիայի դեմ պետության կողմից վարվող քաղաքականությունն իրականում տարրալուծվում էր բազմաթիվ պետական մարմինների գործառութային իրավասության զանազան տիրույթներում՝ կորցնելով համակարգայնության և միասնականության հատկանիշները: Սա իր հերթին հանգեցնում էր կոռուպցիայի դեմ ապարդյուն պայքար մղելուն: Բացի այդ, նման տարբերակման պայմաններում օբյեկտիվորեն չէր ապահովվում կոռուպցիոն բնույթի հանցանքների քննության համարժեք մակարդակ՝ որոշակիորեն խաթարելով նաև քննչական պրակտիկայի միասնականությունը:
  7. Բացի այդ, ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որևէ էական արդյունք չարձանագրեց հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման և համակարգման, կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու տեսանկյունից՝ կրելով ձևական բնույթ: Այն ըստ էության, հընթացս անուղղակի փաստեց, որ դրա ստեղծումը կոռուպցիայի դեմ պայքարի հռչակագրային բաղադրիչից անդին այլ գործնական նպատակ չի հետապնդում:
  8. Ասվածին գումարվում է նաև այն, որ վերը նշված ռազմավարության մեջ ներառված բոլոր միջոցառումները չէ, որ իրենց ձևակերպմամբ ու բովանդակությամբ համապատասխանում էին խնդիր-լուծում-ակնկալվող արդյունք եռամիասնականության շղթայի էությանը:
  9. Բացթողումների ու թերությունների շարքն, ինչ խոսք, կարելի է շարունակել: Բայցևայնպես, անհրաժեշտ է արձանագրել և ի գիտություն ընդունել նաև վերը նշված ռազմավարության դրական կողմերը: Դրական կողմերի մասին փաստեր արձանագրելուց առաջ պետք է անպայմանորեն նկատել, որ դրանք գերազանցապես վերաբերում են օրենսդրական փոփոխությունների տիրույթին, որպիսիք էականորեն չեն ազդել հանրության շրջանում առկա այն գաղափարի արմատավորմանը, որ պետությունը համակարգային ու հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ: Պետության կողմից կոռուպցիայի դեմ համակարգային ու հետևողական պայքար մղելու գաղափարի հանրային արմատավորման բացակայությունից զատ հստակ և տեսանելի չէին կոռուպցիայի դեմ պայքարի իրատեսական միջոցառումներ ձեռնարկելու քայլերը, ինչը հանգեցրել էր կոռուպցիայի դեպ պայքարի երևութական լինելուն: Սա հատկապես վառ է արտահայտվում ոլորտին վերաբերելի իրավական ակտեր ընդունելու համատեքստում, որոնք արտաքուստ ստեղծում էին կոռուպցիայի դեմ պայքար մղելու պատրանք, սակայն տևական ժամանակահատվածի ընթացքում իրավական նորմերով սահմանված պարտադիր պահանջները այդպես էլ իրենց պրակտիկ կիրառություն չստացան:
  10. Նախորդ ռազմավարության արդյունքների մասին խոսելիս, որպես դրական քայլեր անհրաժեշտ է առանձնացնել ստորև նշվածները՝
  • 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն Հայաստանում նախատեսվում էր ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին:
  • 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որով ամբողջությամբ վերանայվել է հանրային ծառայության համակարգը, բարեփոխվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն տարրեր հանդիսացող հայտարարագրման, շահերի բախման, անհամատեղելության պահանջների, այլ սահմանափակումների, բարեվարքության կառուցակարգերը:
  • 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, որի պահանջների գործնական իրացման արդյունքում  քաղաքացիական ծառայության համակարգը կդառնա առավել արժանիքահեն և մրցունակ:
  • Նորմատիվ իրավական ակտի նախագծերի իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, այդ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 1134-Ն որոշումը (ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1146-Ն որոշմամբ), որով ստեղծվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (e-draft.am): Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համահունչ` ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմամբ սահմանվել  է հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման նոր կարգը՝ հիմքում ունենալով հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքները:
  • Պետական կառավարման համակարգի թափանցիկության ապահովման, վարչարարության պարզեցման նպատակով ներդրվել են կամ ներդրման փուլում են Էլեկտրոնային ժողովրդավարության (e-democracy) մի շարք առանձին գործիքներ (օրինակ՝ e-request.am, e-hotline.am, e-license.am և այլն):
  • 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը, որի արդյունքում քրեականացվել է ապօրինի հարստացումը և սահմանվել է քննչական ենթակայությունը:
  • 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներով քրեական և վարչական պատասխանատվություն է սահմանվել համապատասխանաբար հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, և հայտարարագրերը սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:
  • 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի շրջանակներում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ (անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ)՝ նպատակ հետապնդելով նպաստել հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
  • Միևնույն ժամանակ, վերը նշված օրենքի կենսագործումն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության 2018 թվականիմարտի 15-ի N 272-Ն և 2018 թվականի  ապրիլի 12-ի N 439-Ն որոշումներով համապատասխանաբար հաստատվել են «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը» և «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և  վարման կարգը»:

 

 

 

 

 

 

  • Ընթացիկ իրավիճակի գնահատումը և կոռուպցիայի ընկալումը հասարակության շրջանում

 

  1. Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման չորրորդ փուլը համընկել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ[1]) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 4-րդ փուլի գնահատման ժամանակահատվածի հետ:
  2. Այս առումով, հարկ է նշել, որ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 4-րդ փուլի գնահատման «Հայաստանի վերաբերյալ» զեկույցով (այսուհետ՝ Զեկույց)[2] արձանագրվել են մի շարք նկատառումներ, որոնց սույն Ռազմավարության շրջանակներում անհրաժեշտ է անդրադարձ կատարել՝ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ առավել խորքային պատկերացում կազմելու նպատակով:
  3. Այսպես, Զեկույցով նշվում է, որ վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը բարեփոխել է իր հակակոռուպցիոն օրենսդրությունն ու ինստիտուտները, սակայն համատարած կոռուպցիայի հաղթահարմանն առնչվող իրական լուծում դեռևս առկա չէ:
  4. Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանն ընդունել է քաղաքացիական ծառայության և քաղաքացիական ծառայության բարեվարքության համապարփակ իրավական շրջանակ, այդ թվում՝ էթիկայի և շահերի բախման հարցերին առնչվող իրավական կարգավորումներ, քրեականացրել է ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը և ապօրինի հարստացումը, նախաձեռնել է ազդարարների պաշտպանության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքները, լրամշակվել է գույքի հայտարարագրմանն ու պետական գնումներին առնչվող իրավական կարգավորումները։ Հայաստանը նաև ներդրել է էլեկտրոնային կառավարման տարբեր գործիքներ ու ծառայություններ, գույքի հայտարարագրերի հրապարակման և ստուգման, ինչպես նաև՝ ընդլայնված էլեկտրոնային գնումների համակարգ։ Գործարար միջավայրում իրականացված որոշ բարելավումներ և մանր կոռուպցիայի ընկալելի մակարդակի աննշան նվազեցումը հնարավոր է եղել ապահովել կանոնակարգերի պարզեցման և էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման արդյունքում։
  5. Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ վերոնշյալ քայլերը, այդուհանդերձ, միայն սահմանափակ ազդեցություն են ունեցել, և կոռուպցիան շարունակում է էական խնդիր մնալ պետական կառավարման այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ դատական իշխանությունը, հարկային և մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական ոլորտները և իրավապահ համակարգը։
  6. Զեկույցով նաև նշվում է, որ մենաշնորհային տնտեսության և պետական պաշտոնատար անձանց շրջանում համատարած շահերի բախման համատեքստում հակակոռուպցիոն օրենքների գործնական իրավակիրառության բացը շարունակում է լուրջ մտահոգության առարկա մնալ։
  7. Երկրում իրադրության փոփոխության լույսի ներքո ընթացիկ իրավիճակի գնահատման առումով՝ Զեկույցում մատնանշվել է, որ վերջին հեղափոխությունը ժողովրդավարության հարցում փոփոխությունների մեծ հույս է տվել, և վստահության մթնոլորտ ձևավորել նոր իշխանության նկատմամբ՝ լայն թափ հաղորդելով փոփոխություններին։
  8. Զեկույցով ՏՀԶԿ-ն Հայաստանին հորդորում է ձեռնարկել հստակ միջոցառումներ՝ ՀՀ Կառավարությունում և ՀՀ Ազգային ժողովում գոյություն ունեցող շահերի բախման դեմ, ապահովել դատական և դատախազության համակարգերի անկախությունն ու բարեվարքությունը, և ավելի շատ ջանքեր գործադրել՝ հասարակական լայն արձագանք ստացած կոռուպցիոն դեպքերը բացահայտելու, դրանք քննելու և այդ գործերով հետապնդում իրականացնելու ուղղությամբ՝ կիրառելով տեղեկատվական և վերլուծական գործիքների տարբեր աղբյուրներ։
  9. Խոսելով ընթացիկ իրավիճակի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքների մասին՝ հարկ է արձանագրել, որ Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի այսուհետ՝ ԳՐԵԿՈ «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների, դատախազների շրջանում» գնահատման 4-րդ փուլի` ՀՀ կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ 2017 թվականի զեկույցը այսուհետ՝ ԳՐԵԿՈ զեկույց[3] նույնպես անդրադարձ է կատարել գնահատման ենթակա ոլորտներում առկա իրավիճակին, այդ թվում՝ պետության ձեռնարկած քայլերին և բացթողումներին:
  10. Այսպես, պատգամավորների առնչությամբ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Խորհրդարանում օրենսդրական գործընթացի թափանցիկության և  անհամատեղելիության վերաբերյալ չափանիշներ կիրառելու միջոցների մասով Հայաստանը գրանցել է առաջընթաց: Այդուհանդերձ, անհրաժեշտ է ձեռնարկել հետագա քայլեր՝ ուղղված պատգամավորների համար վարքագծի կանոնագրքի մշակմանը, էթիկայի նորմերին և չափանիշներին պատգամավորների համապատասխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար նախատեսված մեխանիզմները ամրապնդելուն:
  11. Դատավորներին անդրադառնալով՝ ԳՐԵԿՈ-ն ողջունել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը և արձանագրել, որ, Բարձրագույն դատական խորհրդի ստեղծմամբ բարեփոխվել է դատական իշխանության ինքնակառավարման համակարգը: Ավելին, դատավորների անձեռնմխելիությունը սահմանափակվել է «գործառույթների իրականացման հետ կապված անձեռնմխելիությամբ»: Դատավորների պաշտոնների համալրման, առաջխաղացման և պաշտոնից ազատման և  դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու ընթացակարգերի մասով գրանցվել է որոշակի առաջընթաց: Այդուհանդերձ,  ԳՐԵԿՈ-ն առաջարկել է քայլեր ձեռնարկել դատավորների մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության, դատավորների գործունեությանն անհարկի միջամտությունը բացառող արդյունավետ կանոնների սահմանման, ինչպես նաև դատավորների վրա ներգործելու կամ նրանց նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու նպատակով կարգապահական վարույթ հարուցելը կանխելու մասով երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:
  12. Դատախազների առնչությամբ ԳՐԵԿՈ-ն ողջունել է «Դատախազության մասին» օրենքի ընդունումը՝ միաժամանակ նշելով, որ կարևոր քայլեր են ձեռնարկվել դատախազների համալրման ընթացակարգերը և դատախազների էթիկայի հանձնաժողովի աշխատանքը բարելավելու նպատակով: ԳՐԵԿՈ-ն զեկույցով առաջարկվել է առավել մեծ թվով միջոցառումներ իրականացնել՝ պարտադիր մասնագիտական վերապատրաստման և գաղտնի խորհրդատվության տրամադրման համակարգ ներմուծելու ուղղությամբ:
  13. Կոռուպցիայի իրավիճակային վերլուծությունների առումով կարևորվում է նաև սոցիալական հարցումների միջոցով քաղաքացիների կարծիքների վերհանումը կոռուպցիայի ընկալման, ոլորտում իրականացված միջոցառումների արդյունավետության և ազդեցության, հետհեղափոխական ինստիտուտների գործունեության վերաբերալ։ Ասվածի կարևորությունը փաստվում է այն իրողության հաշվառմամբ, որ ցանկացած բարեփոխման հասցեատերը վերջին հաշվով անհատն է, ում ընկալումն իրականացվող գործընթացների վերաբերյալ ունի անկյունաքարային նշանակություն:
  14. Կոռուպցիայի ընկալման մասին խոսելիս նախևառաջ պետք է վերլուծել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի գրանցած արդյունքները «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխության առումով։ Այսպես, քննարկվող ժամանակահատվածում համաթվի հաշվարկման համար անհրաժեշտ միավորը գրեթե եղել է կայուն՝ տատանվելով 33-35 միավորների միջև։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ կոռուպցիայի ընկալումը երկրում բավականին բարձր է:
  15. 2019 թվականի հունվարի 29-ին հրապարակված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2018 թվականի արդյունքներով[4] արձանագրվեց, որ Հայաստանի միավորը 2017 թվականի համեմատությամբ չի փոփոխվել[5]։ Միաժամանակ, ԹԻ-ը հատուկ անդրադարձ է կատարել այն հանգամանքին, որ տարածաշրջանային երկրների քաղաքական ընդհանուր պատկերի համատեքստում միայն Հայաստանում է նկատվում դրական միտում՝ նոր կառավարության ձևավորման լույսի ներքո: Այնուամենայնիվ, չնայած կոռուպցիայի բարձր ընկալմանը՝ հետազոտությունները վկայում են, որ սակավաթիվ քաղաքացիներ են կոռուպցիայի բախվելիս պատրաստ այդ մասին ազդարարել: Օրինակ, Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի շրջանակներում իրականացված հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանի քաղաքացիները հակված չեն ազդարարել կոռուպցիոն բնույթի դեպքերի մասին[6]:
  16. Այս հանգամանքը հաստատվել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավի ընթացքում իրականացված հարցման արդյունքներով: Մասնավորապես, հետազոտությանը մասնակցածների5 %-ը պատասխանել է, որ տեղյակ չէ ազդարարման ինստիտուտի մասին, 57%-ը դրական է վերաբերում կոռուպցիայի մասին ազդարարելուն, եթե այդ մասին այլ մարդիկ ազդարարեն, 25%-ը առհասարակ նման քայլի չի գնա՝ մտածելով, որ շրջապատում իրեն չեն հասկանա, իսկ հարցվածների 7%-ը չի ազդարարի՝ համարելով, որ դրանից ոչ մի բան չի փոխվի, 1.5% տոկոսն էլ նման է քայլն իր սկզբունքներին դեմ է համարում և միայն 9%-ն է պատրաստ ինքն ազդարարել նման դեպքի մասին:
  17. Հետազոտության նման արդյունքները փաստում են հանրության՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր մասնակցության կարևորությունը ամբողջական ծավալով չգիտակցելը: Ուստի, սույն Ռազմավարության ընդհանրական թիրախը պետք է լինի այս առումով քաղաքացիների իրավագիտակցության հետևողական բարձրացումը, և վերջիններիս հակակոռուպցիոն պայքարի պահանջատեր դարձնելը։
  18. Իրավիճակի վերլուծության առումով առավել համապարփակ պատկերացում կազմելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել նաև քաղաքացիների հետհեղափոխական ընկալումները։
  19. Այսպես, Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 15-ը[7] և հոկտեմբերի  9-ից 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների[8] արդյունքները վկայում են այն մասին, որ հարցվածները երկրում ժողովրդավարության վերջնական հաստատումը հիմնականում պայմանավորում են կոռուպցիայի վերացման հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու տեսանկյունից հարցման ենթարկվածները կարևորել են անպատժելիության բացառումը, գողացված ակտիվների վերադարձը և դրանց նպատակային օգտագործումը։
  20. Միաժամանակ, հարցման ենթարկվածները որպես առավել կոռումպացված կառույցներ՝ մատնանշել են բանակը, ոստիկանության, դատական և կրթական համակարգերը, իսկ որպես կոռուպցիայի տարածված դրսևորում՝ հովանավորչությունը և աշխատանքի տեղավորման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը։ 
  21. Հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության վարած հակակոռուպցիոն քաղաքականության մասին խոսելիս քաղաքացիները հիմնականում նշել են, որ բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի առումով իշխանությունն արդեն իսկ գրանցել է բավականին լուրջ առաջընթաց, ցուցաբերել է քաղաքական հստակ կամք, այդուհանդերձ, անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել նաև տեղական  և համայնքային մակարդակներում նմանատիպ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ։
  22. Հարցման մասնակիցները նշել են, որ կողջունեին ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի հետևանքների վերաբերյալ հանրային իրազեկման և կոռուպցիոն գործերի բացահայտման գործընթացում թափանցիկության ապահովումը։
  23. Հարցման արդյունքների վերլուծությամբ կարելի է արձանագրել, որ հարցվածների կողմից նշված առաջնահերթությունները հիմնականում համընկնում են ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների հետ։
  24. Ակներև է, որ սույն Ռազմավարության շրջանակում ներառված միջոցառումներն իրենց գաղափարական ուղղվածությամբ և հենքով անպայմանորեն պետք է արտացոլեն վերը հիշատակված գաղափարներն ու մտայնությունները: Այլապես, ուղղակիորեն կխախտվի քաղաքացի-կառավարություն հետադարձ կարևոր կապը: Այս իմաստով սույն ռազմավարությունը պետք է հանդիսանա քաղաքացի-պետություն համաձայնեցված և փոխպայմանավորված կամքի արդյունք, որի ապահովման գործում առանցքային տեղ է վերապահված նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

 

 

1.3. Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները և գնահատումները

 

 

  1. 2015-2018 թվականների հաշվետու ժամանակահատվածը հակակոռուպցիոն ոլորտում միջազգային համագործակցության տեսանկյունից աչքի է ընկել առանձնակի ակտիվությամբ: 2005թ. ՀՀ-ը ստորագրել է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան, որը 2006 թ. վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, իսկ կոնվենցիայի դրույթները ՀՀ համար ուժի մեջ են մտել 2007թ. ապրիլի 7-ին[9]:
  2. 2004 թ. հունվարին Հայաստանն անդամակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբին՝ ԿԴՊՊԽ-ին (GRECO): 2017 թվականի դեկտեմբերին, ԿԴՊՊԽ-ի հերթական լիագումար նիստում ընդունվել է ՀՀ վերաբերյալ 4-րդ փուլի գնահատման համապատասխանության «Կոռուպցիայի կանխարգելումը ազգային ժողովի պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» թեմայով զեկույցը, որի արդյունքում Հայաստանին տրված 18 հանձնարարականներից 17-ով գրանցվել է առաջընթաց: Մասնավորապես, զեկույցում արձանագրվել է, որ բավարար ձևով իրականացրել է 18 առաջարկություններից 5-ը, մնացածների 12-ը մասնակի են կատարվել և մեկը չի կատարվել:
  3. Հայաստանը 2003թ.-ից ներգրավված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրում: 2014 թվականի հոկտեմբերից մեկնարկել էր ՏՀԶԿ մոնիթորինգի 4-րդ փուլը, որն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 4-րդ փուլի արդյունքների վերաբերյալ զեկույցի հրապարակմամբ: Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է, որ տվյալ փուլում գնահատվող Հայաստանին ներկայացված 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի: Արդյունքում, Հայաստանին ներկայացվել է 24 ընդհանուր բնույթի և ևս 5 բարձրագույն կրթության ոլորտին  վերաբերող  հանձնարարական: Հատկանշական է, որ ընդհանուր հանձնարարականները վերաբերում են հա
  • Discussed

    10.06.2019 - 20.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Fight against corruption, Public management

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 26333

Print

Suggestions

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա

02.09.2019

XVII. «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում (Միջոցառում 45): Հաշվի առնելով, որ վերոնշյալ միջոցառումը նախատեսված է Միջոցառումների ծրագրի «Հանրային իրազեկում և հակակոռուպցիոն կրթություն» բաժնում, հարկ ենք համարում նշել, որ Կոալիցիան և ԻՀԱ-ն նախորդ անգամ իր կարծիք-դիրքորոշում և առաջարկությունների մեջ անդրադարձել էր հակակոռուպցիոն կրթության ներդրման ուղղությամբ համակարգային մոտեցում որդեգրում անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ միջոցառումների ծրագրի համանուն բաժնում ներառված թվով 8 միջոցառումները ոչ միայն չեն կարող համարվել բավարար երկրում հակակոռուպցիոն կրթությունը բովանդակային հենքի վրա դնելու, այլ նաև խնդրահարույց է երկրի եռաստիճան կրթական համակարգում այն ներդնելու տեսանկյունից: ԻՀԱ-ն և Կոալիցիան գտել են, որ հակակոռուպցիոն կրթությունը պետք է ունենա մեկ հիմնական նպատակ՝ ժողովրդին դաշնակից դարձնելը կոռուպցիայի դեմ պայքարում, և վերջինս պետք է ունենա անկյունաքարային նշանակություն և առաջարկել էր ներդնել էթիկայի, բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաների ուսուցման մոդուլներ նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատություններում՝ հաշվի առնելով նշյալ հաստատություններում ուսում ստացող անձանց տարիքային առանձնահատկությունները: Սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների 50 դասավանդման ծրագրերում հակակոռուպցիոն առարկաների ներառմանը և դասավանդմանն առնչվող միջոցառում նախատեսել է, սակայն այլ մակարդակներում հակակոռուպցիոն առարկաների դասավանդումը քննարկման փուլում է: Միանշանակ դրական գնահատելով բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառումը՝ գտնում ենք, որ նմանատիպ առարկայի ներառումը նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերում ևս պետք է պարտադիր համարել և այս ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել հենց այս փուլից սկսած:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա

02.09.2019

XVI. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում հայեցողական լիազորությունների շրջանակի վերհանում և հստակեցում (Միջոցառում 26): Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նախ պարզ չէ, թե ինչու վերոնշյալ միջոցառումը ներառված է Միջոցառումների ծրագրի «(էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում, պետական կառավարման գործընթացին հասարակության մասնակցության մեխանիզմների ներդրում և կատարելագործում, վարչարարության պարզեցում)» բաժնում: Եթե հիմնավորումն այն է, որ պետական և տեղական ինքնակառավարման 49 մարմիններում հայեցողական լիազորությունների շրջանակի վերհանումն ու հստակեցումն տանելու է վարչարարության պարզեցման, պետական կառավարման գործընթացին հասարակության մասնակցության մեխանիզմների ներդրման, թափանցիկ և հաշվետու գործելաոճի ապահովման, ապա պետք է նշենք, որ Միջոցառումների ծրագրի 6-րդ և 7-րդ միջոցառումներով նախատեսվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա հակակոռուպցիոն, այդ թվում՝ ներքին բարեվարքության գործողությունների ծրագրերի ներդնում, ինչը, ինքնին ենթադրելու է նաև այդ մարմինների լիազորությունների, այդ թվում հայեցողական, շրջանակի ինքնագնահատման իրականացում և համապատասխան միջոցառումների ձեռնարկում: Հետևաբար գտնում ենք, որ առանձին միջոցառում նախատեսելու անհրաժեշտությունն առկա չէ:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա

02.09.2019

XV. Արդարադատության ոլորտում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդնում և գործարկում, իրազեկման աշխատանքների իրականացում (Միջոցառում 22): Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի ներդրում (Միջոցառում 23): Իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետության բարձրացում (Միջոցառում 24): Միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացում և նշված համակարգի հենքի վրա Mygov.am էլեկտրոնային հարթակի ներդրում (Միջոցառում 30)։ Տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծում (Միջոցառում 31): Միջոցառման «Ակնկալվող արդյունքը» սյունակում՝ 2019 և 2020 թվականների համար նշվում է, որ պետք է ներդրվի և գործարկվի www.e-petition.am (էլեկտրոնային հանրագիր), e-justice.am (Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ), e-court (դատարանների միասնական էլեկտրոնային համակարգ), www.e-bancruptcy.am (սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակ) էլեկտրոնային կառավարման գործիքները: Հարկ ենք համարում նշել, որ ԻՀԱ-ն և Կոալիցիան նախորդ անգամ իր կարծիքդիրքորոշում և առաջարկությունների մեջ արդեն իսկ ներկայացրել է, որ վերոնշյալ էլեկտրոնային գործիքների ներդնումը նախատեսված է մի շարք ռազմավարական փաստաթղթերով և միջոցառումների ծրագրերով, ինչը ենթադրում է, որ, պետությունն այդ էլեկտրոնային գործիքները ներդնելու հանձնառություն արդեն իսկ ստանձնել է, հետևաբար Լրամշակված նախագծում ոչ միայն դրանց առանձին-առանձին կամ միասնական սահմանման անհրաժեշտություն չկար, այլև պետք էր բացառել անհիմն կրկնություններն ու փաստաթղթի լրացուցիչ ծանրաբեռնումը: Փաստացի, ՀՀ արդարադատության նախարարությունը չի հրաժարվել նախկինում որդեգրած մոտեցումից, և կատարված առաջարկների հիման վրա Միջոցառումների ծրագրից հանել է ընդհամենը 3 միջոցառում (Միջոցառումների ծրագրի նախկին տարբերակի 32-րդ 35-րդ 36-րդ միջոցառումները), էլեկտրոնային հարթակների կարգավորմանը ուղղված միջոցառումների մի մասը միավորել է երկու միջոցառումների ներքո՝ 22-րդ և 30-րդ Միջոցառումները, իսկ մի քանի միջոցառումներ կրկին ներկայացված են առանձին-առանձին՝ 23-րդ, 24-րդ և 31-րդ Միջոցառումները: Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ նման մոտեցմամբ առաջնորդվելիս կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ գործադիր իշխանության մարմինների կողմից՝ իրենց գործունեության տարեկան միջոցառումների զգալի մասը՝ այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի արդիականացմանը կամ վերջիններիս ամենօրյա գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք միջոցառումներ մեխանիկորեն կդիտարկվեն որպես հակակոռուպցիոն միջոցառումներ և տեղ կգտնեն ռազմավարությունում՝ առանց կոռուպցիոն ռիսկերի նախապես վերհանման, դրանց գնահատման և այն արդյունքային ցուցանիշների հստակ ամրագրման, որոնք երաշխավորելու են այդ ռիսկերի էապես նվազումը կամ չեզոքացումը: Այս պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունում տեղ գտած այն սկզբունքը, որ հակակոռուպցիոն ռազմավարություննների կազման ժամանակ համակարգված և համապարփակ մոտեցում պետք է ցուցաբերվի, ռազմավարությունները պետք է կազմվեն համընդհանուր ամբողջական մոտեցմամբ՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով ոլորտին հատուկ անհրաժեշտությունները, ինչպես նաև ՏՀԶԿ զեկույցի 1-ին առաջարկության 2-րդ կետը, որով առաջարկվում է ռազմավարության նախագծում ներառել կոռուպցիայի դեմ պայքարում խոցելի համարվող և առաջնահերթ լուծում պահանջող այնպիսի հավակնոտ միջոցառումներ, որոնցում, արդեն իսկ բացահայտված կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման միջոցներ կսահմանվեն:

See more