ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) այլ օրենքին կատարվող հղումը և օրենսգրքի մի շարք դրույթները գործող օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկիրավիճակըևխնդիրները
2018թ. ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել <<Պաշտպանության մասին>> ՀՀ նոր օրենքը, որի 5-րդ գլխում սահմանվել է քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, իսկ 22-րդ հոդվածում նախատեսվել են զինվորական հաշվառման գործընթացում քաղաքացիների պարտականությունները և դրանց խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվությունը: Մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը, այդ հարաբերությունները կարգավորվում էին նախկին <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում: Զինապարտ քաղաքացիների մասնակցությամբ պահեստազորային պատրաստության միջոցառումները և դրանցից խուսափելու համար պատասխանատվությունը սահմանվել են 2017թ. դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 58-60-րդ հոդվածներում, իսկ մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը, այդ հարաբերությունները կարգավորվում էին նախկին <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ, 29-30-րդ հոդվածներում: Միաժամանակ, օրենսգրքի 213.1-ին հոդվածում վարչական պատասխանատվություն էր սահմանված նաև վարժական հավաքներից խուսափելու համար, այն դեպքում, երբ նույն արարքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածում: Հաշվի առնելով, որ թե պարտադիր զինվորական ծառայության զորակոչը, և թե վարժական հավաքները հայտարարվում են ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ զինվորական վարժանքները կամ զորավարժությունները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, նպատակահարմար է վարժական հավաքից խուսափելու համար թողնել քրեական պատասխանատվությունը: Բացի այդ, նույն հոդվածում հստակեցված չէին հարգելի պատճառները, ինչպես նաև օրենսգրքում առկա է տեխնիկական վրիպակ՝ զինվորական կոմիսարների կողմից զինվորական հաշվառման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասության՝ օրենսգրքի 235-րդ հոդվածում նախատեսված հոդվածների շարքում նշված չէ օրենսգրքի 213.1-ին հոդվածը, ինչը խոչընդոտ է հանդիսանում այդ հոդվածի կիրառման համար:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել օրենսդրական համապատասխանությունը, զինվորական հաշվառման և պահեստազորային պատրաստության գործընթացի պատշաճ և լիարժեք իրականացումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն օրենսգրքում ուժը կորցրած օրենքին կատարվող հղումը փոխարինվում է գործող օրենքին կատարվող հղմամբ, օրենսգրքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում է օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի միջև առկա անհամապատասխանությունը, ինչպես նաև վերացվում է տեխնիկական բնույթի վրիպակը, որի արդյունքում հստակեցվում է օրենսգրքի հոդվածը կիրառող վարչական մարմինը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի օրենսդրական համապատասխանությունը, զինվորական հաշվառման և պահեստազորային պատրաստության գործընթացի պատշաճ և լիարժեք իրականացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում: