Add to favourites

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ հոդվածի 2-րդ մասի և 98-րդ հոդվածի 1-ին մասի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման հավելվածի 231-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասության համաձայն` պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը և ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:

Վերոնշյալ սահմանափակումների առնչությամբ ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ՝ Սահմանադրական դատարան) Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2019 թվականի փետրվարի 5-ին կայացրած որոշմամբ հանգել է հետևության, որ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակվում են կալանավորված անձի և դատապարտյալի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները, հետևաբար ՀՀ օրենսդրության վերոհիշյալ իրավադրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 31-րդ, 33-րդ և 78-րդ հոդվածներին հակասող՝ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Այսպես, Սահմանադրական դատարանը, նախևառաջ արձանագրել է, որ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին պատժախցերում պահելու համար ստեղծված պայմանների մասին հոգ տանելը գտնվում է համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց իրավասության ներքո, իսկ պետությունն իր հերթին պարտավոր է վերահսկել վերջիններիս գործունեությունը, հատկապես անազատության մեջ գտնվող անձանց համար պատշաճ պայմանների պահպանման հարցում:

Համեմատական վերլուծության ենթարկելով կալանավորված անձանց և դատապարտյալների պատժախցում գտնվելու ժամանակ նրանց իրավունքների սահմանափակումներին վերաբերող «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ ահմանված կարգավորումները՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ դրանց ծավալն ընդհանուր առմամբ համընկնում է։ Պատժախցում գտնվելու ընթացքում նրանց արգելվում են. տեսակցությունները (բացառությամբ փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունների), նամակագրությունը, լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ և հանձնուքներ ստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, սեղանի խաղերից օգտվելը: Կալանավորված անձին և դատապարտյալին թույլատրվում է պատժախցում իր մոտ պահել կրոնական գրականություն և նկարներ:

Անդրադարձ կատարելով կրոնական գրականություն և նկարներ պահելը թույլատրելուն, Սահմանադրական դատարանը նշում է, որ այն կարող է նպաստել պատժախուց տեղափոխված անձի վերադաստիարակմանը և հոգևոր արժեքների վերաիմաստավորմանը, իսկ պատժախուց տեղափոխված այլ կալանավորված անձինք և դատապարտյալներ, որոնք որևէ կրոն չեն դավանում, փաստացի անտեսվում են։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատժախցում անձի միայնակ մնալը՝ սեփական ներաշխարհում, սեփական մտքերի ու վախերի հետ, հոգեճնշող իրավիճակ կարող է առաջացնել, իսկ համընդհանուր բարոյական արժեքները կարևորող դաստիարակչական բնույթի և ոգեշնչող համապատասխան գրականությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ անձի վրա:

Այնուհետև, Սահմանադրական դատարանը փաստում է, որ «մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության» (Սահմանադրության 31-րդ հոդված), ինչպես նաև «հաղորդակցության ազատության» (Սահմանադրության 33-րդ հոդված) սահմանադրական իրավունքները բացարձակ իրավունքներ չեն և կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Դատապարտյալի տեսակցությունների իրավունքը նրա ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի էական մասն է, ինչն ապահովում են պետական մարմինները, որոնք անհրաժեշտության դեպքում օժանդակում են, որ դատապարտյալը կարողանա կապ պահպանել ընտանիքի անդամների հետ։

Միաժամանակ հարկ է նշել, որ, պայմանավորված կալանավորի անհատական որոշակի բնութագրերով, նրա կապն արտաքին աշխարհի հետ կարող է սահմանափակվել՝ ներառյալ ընտանիքի հետ տեսակցությունների քանակի կրճատումը, այդ տեսակցությունների նկատմամբ հսկողությունը, եթե այդ սահմանափակումները ողջամտորեն անհրաժեշտ են իրավաչափ նպատակին հասնելու համար։

Վիճարկվող իրավակարգավորումների համաձայն՝ պատժախուց տեղափոխված անձանց չի թույլատրվում նաև նամակագրություն վարել: Պատժախցում պահվող կալանավորված անձը կամ դատապարտյալը չի կարող ձեռքի տակ ունենալ գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ, ծրար և այլն) կամ մտքերը փոխանցելու այլ միջոցներ, ինչը գործնականում նույնպես անհնարին է դարձնում հաղորդակցության իրավունքի իրականացումը, մինչդեռ, Սահմանադրության 75-րդ հոդվածը պահանջում է, որ անձի հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար սահմանվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորվածները և դատապարտյալները նամակագրության իրավունքից զրկվում են պարտադիր՝ առանց անհրաժեշտ հիմնավորումների, գտնում է, որ քննարկվող իրավակարգավորումները խնդրահարույց են Սահմանադրության 33-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ կալանավորված անձին կամ դատապարտյալին որպես տույժ պատժախուց տեղափոխելը նախատեսված է նաև այլ ժողովրդավարական պետությունների օրենսդրություններով, և թույլատրելի է համարում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ): Վերջինիս դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ հիմնական իրավունքների և ազատությունների խախտումը ոչ թե պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառելն է, այլ պատժախցում գտնվելու ժամանակ կալանավորված անձանց համար ստեղծված ոչ պատշաճ պայմանները և այն, թե որքանով է հիմնավորված և իրավաչափ նման տույժի կիրառումը:

Բացի այդ, քննարկվող հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ դատապարտյալների տեսակցությունները, նամակագրությունը չեն կարող արգելվել բանտային կանոնները խախտելու համար կիրառվող կարգապահական տույժի կարգով: Դատարանը համարել է, որ նման սահմանափակումները ոչ այլ ինչ են, քան հանրային մարմինների միջամտություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված՝ անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը (Poltoratskiy v. Ukraine, app. no. 38812/97, judgment 29.04.2003, §§152-153):

Վկայակոչելով օտարերկրյա պետությունների փորձը՝ Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինները, գնահատելով արարքի վտանգավորությունը, ընտրում են մեկ կամ երկու իրավունքի սահմանափակում, բայց իրավունքի սահմանափակման վիճարկվող դրույթում ամրագրված բոլոր տեսակները չեն կիրառվում միաժամանակ:

Հարկ ենք համարում շեշտել, որ խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային փորձը ևս վկայում է, որ անձնական ու ընտանեկան կյանքի, ինչպես նաև նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները կարևոր տեղ են զբաղեցնում ազատությունից զրկված անձանց իրավունքների շարքում:

Այսպես, Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ ԽԿԿ) 2-րդ ընդհանուր զեկույցի 51-րդ պարբերության համաձայն՝ ազատազրկված անձանց համար շատ կարևոր է բավարար շփումն արտաքին աշխարհի հետ: Առաջին հերթին ազատությունից զրկված անձը պետք է հնարավորություն ստանա պահպանելու հարաբերություններն իր ընտանիքի և մերձավոր ազգականների հետ: Ղեկավար սկզբունք պետք է լինի արտաքին աշխարհի հետ շփման աջակցությունը:

ՄԱԿ-ի Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն մանդելայի կանոններ) 43-րդ կանոնի 3-րդ կետի համաձայն՝ տույժերը կամ սահմանափակման միջոցները չպետք է ներառեն ընտանիքի հետ կապի արգելքը: Ընտանիքի հետ կապի միջոցները կարող են սահմանափակվել միայն սահմանափակ ժամանակահատվածով և բացառապես անվտանգության ու կարգի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ուսումնասիրելով քննարկվող խնդրի վերաբերյալ արտասահմանյան երկրների փորձը՝ հարկ է արձանագրել, որ Ֆինլանդիայի թիվ 767/2005 քրեակատարողական ակտի 15-րդ գլուխը նվիրված է քրեակատարողական հիմնարկի կարգին և կարգապահությանը: Դրա՝ ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցներ նախատեսող 4-րդ պարագրաֆի վերջին պարբերության համաձայն՝ իրավունքների զրկումը չպետք է հանգեցնի ազատությունից զրկված անձի կողմից արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակման: Նույն գլխի՝ պատժախցին վերաբերող 8-րդ պարագրաֆի 1-ին պարբերությամբ նախատեսվում է, որ ազատությունից զրկված անձի արտաքին աշխարհի հետ կապի և զբոսանքի իրավունքը կարող է սահմանափակվել միայն այն ժամանակ, երբ դրանք վտանգում են ազատությունից զրկված անձի կամ այլոց ապահովությունը:

Իսլանդիայի Պատժի կատարման վերաբերյալ թիվ 15/2016 ակտի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով որպես պատժատեսակ նախատեսվում է 15 օրով պատժախուց տեղափոխելը: Այնուամենայնիվ, նշվածը չի հանգեցնում արտաքին աշխարհի հետ կապի որևէ սահմանափակման:

Ֆրանսիայի քրեական դատավարության օրենսգրքի R57-7-33-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, գոյություն ունեն առանձին տույժի միջոցներ, ինչպիսիք են մինչև երկու ամիս առավելագույն ժամկետով արտաքին աշխարհից աջակցություն ստանալու արգելքը, մշակութային, սպորտային կամ զվարճանքի միջոցառումներիցց զրկումն առավելագույնը մեկ ամսով և տեղափոխումը պատժախուց: Ավելին, R57-7-33-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն՝ պատժախուց տեղափոխումը չի առաջացնում որևէ սահմանափակում ազատությունից զրկած անձանց գրավոր հաղորդակցության, և վերջիններս պահպանում են իրենց իրավունքն իրականացնել հեռախոսազանգեր տույժի կիրառման ընթացքում:

Սերբիայի քրեական պատիժների կատարման մասին օրենքի 152-րդ հոդվածի համաձայն՝ պատժախուց տեղափոխելը՝ իբրև տույժի միջոց կիրառելու ընթացքում, անձը կարող է կարդալ և գրել, ինչպես նաև հնարավորություն ունի օգտվել մեկ ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքից:

Ամփոփելով արտահայտված դիրքորոշումները՝ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին և Կառավարությանը այդ դրույթները համապատասխանեցնելու որոշման պահանջներին:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

     ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացված ՍԴՈ-1442 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի նիստում ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) և սահմանված կարգով ներկայացվել ՀՀ Ազգային ժողով:   

     Նախագծերի փաթեթին համահունչ՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ:

     Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանի նշված որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝

     1) նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաև տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

     2) նախատեսել, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելվում է անձի աշխատելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել:

     3) նախատեսել, որ պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում: Մասնավորապես՝ նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել`

  • դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
  • հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
  • քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,
  • տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
  • հեռախոսակապից օգտվելը:

     Ընդ որում՝ հստակեցվել է, որ իրավակիրառ սուբյեկտը վերը թվարկված սահմանափակումներից յուրաքանչյուրը կիրառելիս պետք է հիմնավորի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

3) միասնականացնել պատժախուց տեղափոխված անձանց (կալանավորված անձանց և դատապարտյալների) նկատմամբ  կիրառվող սահմանափակումների ծավալը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման՝ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացված ՍԴՈ-1442 որոշման պահանջներին:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

  • Discussed

    24.05.2019 - 09.06.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7138

Print