Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Խորհրդային ժամանակաշրջանում ՀՀ բոլոր 48 քաղաքները և մոտ 250 գյուղերը միացած են եղել ջրահեռացման ցանցին, որը սպասարկել է քաղաքային բնակչության 60-80%-ին և գյուղական բնակչության 50%-ին: Երևանի բնակչության 97%-ը միացած է եղել կոյուղու ցանցին: Հանրապետությունում գործել են 20 կոյուղու մաքրման կայաններ, որոնք սպասարկել են միայն քաղաքներին և դրանց մոտակա գյուղերին: Մնացած բնակավայրերից հեռացվող կեղտաջրերն անմիջապես թափվել են մակերևութային ջրավազաններ:

 Ներկայումս Հայաստանի Հանրապետության համայնքների շատ փոքր մասն է ապահովված ջրահեռացման համակարգերով, ընդ որում դրանք կառուցվել են խորհրդային ժամանակաշրջանում, դրանց տեխնիկական վիճակը անմխիթար է և ոլորտում մեծածավալ ներդրումների իրականացումը դարձել է կենսական անհրաժեշտություն: Միաժամանակ, կեղտաջրերի մաքրման կայանները սակավաթիվ են (ընդամենը թվով 6), դրանք իրականացնում են միայն մեխանիկական մաքրում և չեն ապահովում հեռացվող կեղտաջրերի կենսաբանական մաքրում:

Ջրահեռացման ոլորտում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝

ա. բնակավայրերի կեղտաջրերի հեռացման ցանցի խողովակաշարերի ապօրինի միացումները որպես անջատ համակարգ նախագծված և կառուցված հեղեղատար համակարգերին,

բ. կեղտաջրերի՝ համաշխարհային պրակտիկայում լայնորեն տարածված անհատական մաքրման տեղային սարքավորումների օգտագործման մշակույթի գրեթե իսպառ բացակայությունը,

գ. արտանետվող կեղտաջրերի աղտոտման ծավալների անբավարար բացահայտումը և վերահսկումը,

դ. ջրահեռացման համակարգ ունեցող բնակավայրերի համար ծառայությունների մասնագիտացված սպասարկում իրականացնող օպերատորների/կազմակերպությունների բացակայությունը,

ե. չմաքրված կեղտաջրերի ապօրինի օգտագործումը ոռոգման նպատակով,

զ. մաքրված կեղտաջրերի կրկնակի (երկորդային) նպատակային օգտագործման հնարավորությունների բացակայությունը,

է. ստորգետնյա ջրային ռեսուրսների սնման գոտում գտնվող համայնքներում ոչ բարվոք անհատական  կեղտաջրերի հեռացման համակարգերի և զուգարանների առկայությունը և այլն:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով՝

  1. Չնայած անցած 25-30 տարիների ընթացքում ջրային ոլորտի լայնամասշտաբ ներդրումային ծրագրերի շրջանակում եղել են կոյուղու խողովակաշարերի վերականգնման առանձին աշխատանքներ, սակայն կոյուղագծերի վերականգնման համապարփակ ծրագիր չի եղել: Հանրապետության ջրային ոլորտում բարեփոխումները հիմնականում ուղղված են եղել մասնագիտացված ջրամատակարար ընկերությունների կողմից սպասարկվող տարածքների ջրամատակարարման ծառայությունների բարելավմանը: Բարեփոխումների ներկա փուլը (2-րդ սերնդի բարեփոխումներ) պետք է ավելի շատ կենտրոնացած լինի ջրահեռացման ոլորտի վրա, ինչպես նաև սպասարկման տարածքից դուրս գտնվող բնակավայրերի բարելավումների վրա, ինչն, ըստ էության, ավելի բարդ է:
  2. Կոյուղու համակարգերի սպասարկման տարածքը սահմանափակ է` ընդհանուր առմամբ ներառելով բնակչության միայն 70%-ը, որից քաղաքային բնակչության համար հասանելիությունը 96.4% է, մինչդեռ գյուղական բնակչության համար հասանելիությունը ընդամենը 17% է (Հայաստանում կեղտաջրերի կայուն հավաքման և մաքրման ազգային ռազմավարության մշակում. առաջին փուլի զեկույց, OECD, 2014թ.): Անհրաժեշտություն է առաջացել ջրահեռացման ոլորտում, և հատկապես կեղտաջրերի մաքրման բնագավառում մեծածավալ ներդրումներ իրականացնել:
  3. Թեև Հայաստանն առաջադիմել է գետավազանային կառավարման պլանների մշակման գործում, այնուամենայնիվ դեռևս մեծ անելիք ունի ԵՄ ՋՇԴ-ի պահանջների կատարման առումով: Գետավազանային կառավարման պլանների մշակման միջոցով հիմնական քայլեր պետք է ձեռնարկվեն սկզբնական աղբյուրում աղտոտման վերահսկման համար, ինչպես նաև հնարավորության դեպքում ընդունվեն և/կամ մշակվեն արտանետումների թույլատրելի սահմանաչափերի մասին իրավական ակտեր, ինչպես նաև շրջակա միջավայրի որակի ստանդարտներ (Հայաստանում կեղտաջրերի կայուն հավաքման և մաքրման ազգային ռազմավարության մշակում. առաջին փուլի զեկույց, OECD, 2014թ.):

1) Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող օպերատորների հետ կնքած պայմանագրերում կեղտաջրերի մաքրման պահանջները շատ մեղմ են (Հայաստանում կեղտաջրերի կայուն հավաքման և մաքրման ազգային ռազմավարության մշակում. առաջին փուլի զեկույց, OECD, 2014թ.),

2) ներդնել ջրահեռացման ծառայությունների հետ կապված արդյունավետության ցուցանիշներ, ներառյալ կոյուղու ցանցի կառավարումը, կեղտաջրերի մաքրումը կամ, հնարավորության դեպքում, տնային տնտեսություններին ֆեկալ տիղմի կառավարման ծառայությունների մատուցումը (Հայաստանում կեղտաջրերի կայուն հավաքման և մաքրման ազգային ռազմավարության մշակում. առաջին փուլի զեկույց, OECD, 2014թ.),

3) նախորդ 10-15 տարիների ընթացքում համաշխարհային պրակտիկայում արմատական կերպով փոխվել են կեղտաջրերի կառավարման մոտեցումները: Եթե նախկինում այն ընդունվում էր սոսկ որպես կենսագործունեության արդյունք կամ աղտոտված ջուր, ապա այժմ այն դիտարկվում է որպես ռեսուրս (և ոչ միայն ջրային), որը ենթակա է օգտահանման և դրանում պարունակվող օգտակար հատկությունների կորզման ու տարբեր բնագավառներում օգտագործման առումով,

4) անհրաժեշտ է սահմանել արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի հատուկ կանոնակարգ` արտացոլելով հնարավոր վտանգները: Կանոնակարգում պետք է ամրագրվի ոչ միայն դեպի շրջակա միջավայր (այդ թվում ջրային ավազան), այլ նաև ջրահեռացման ցանց արտանետվող արտադրական կեղտաջրերին ներկայացվող պահանջները: Վերջիններս, ի տարբերություն գործող օրենսդրության, պետք է ուղղված լինեն ոչ միայն ջրային ավազանների անվտանգության ապահովմանը, այլ նաև ջրահեռացման համակարգերի արդյունավետ ու անվտանգ շահագործման ապահովմանը:

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը 

<<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ համապարփակ կերպով կկարգավորվեն ջրահեռացման իրավահարաբերությունները, ինչպես նաև կսահմանվեն կեղտաջրերի և ջրահեռացման համակարգերի տեսակները և ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը և մոնիտորինգին ներկայացվող պահանջները:

Սույն նախագծով, որոշակի պայմանների առկայության դեպքում, արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ սահմանվել է կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ: Այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու համար սահմանվել է արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի գործառույթ, որը վերապահվել է միասնական օպերատորի սպասարկման տարածքներում՝ միասնական օպերատորին, իսկ սպասարկման տարածքից դուրս՝ արտանետողներին՝ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով իրականացնելու համար: Միասնական օպերատորի կողմից սպասարկման տարածքում այս ֆունկցիան վերապահվել է օպերատորին մոնիտորինգի ծախսերը նվազեցնելու նպատակով, քանի որ այն կարող է համատեղվել սպառված ջրի ցուցմունքի գրանցման գործընթացի հետ:

Ներկայացվող նախագծով իրավական հենք կստեղծվի Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր արտադրական կեղտաջուր արտանետողների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հավաքագրելու և պետական ջրային կադաստրում ներառելու համար, մասնավորապես կազմակերպության գործունեության տեսակը, թույլատրված արտահոսքի ծավալները, տվյալ արտադրական գործունեությանը բնորոշ կեղտաջրերի բաղադրությունը և այլ տեղեկատվություն, որը դյուրին կդարձնի ջրահեռացման ոլորտի արդյունավետ բնապահպանական վերահսկողության իրականացման համար: Տարբեր արտադրության ճյուղերի կեղտաջրերի վերաբերյալ տվյալների բազան զգալիորեն կդյուրինացնի մոնիտորինգի իրականացման գործընթացը, քանի որ հստակ կսահմանվեն այն «վտանգավոր» աղտոտիչների ցանկը, որոնց նախնական մաքրման համար պարտադիր պահանջ պետք է ներկայացվի, ինչպես նաև դրանց քանակական սահմանաչափերը կվերահսկվեն դեպի ցանց կամ շրջակա միջավայր արտահոսքի դեպքում:

Ջրահեռացման ոլորտում ներդրումների խթանման նպատակով, հատկապես միասնական օպերատորի սպասարկման տարածքում չընդգրկված համայնքների ջրահեռացումը բարելավելու տեսանկյունից նախատեսվում է տարանջատել ջրամատակարման և ջրահեռացման ծառայությունները, ներառյալ՝ ջրահեռացման ծառայությունը կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման տարանջատումը, որպես առանձին ծառայությունների տեսակներ՝ Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի իրավասությունների, այդ թվում նրա կողմից լիցենզիայի տրամադրման ոլորտում, քանի որ այդ ծառայությունները կարող են իրականացնել տարբեր սուբյեկտներ: Բացի այդ, սահմանվել է, որ կեղտաջրի կամ նստվածքի/տիղմի վաճառքի կամ դրանց օգտահանումից առաջացած ռեսուրսների վաճառքի դեպքում լիցենզիա անհրաժեշտ չէ:

Նպաստավոր նախադրյալներ կստեղծվեն պետություն-մասնավոր հատված գործընկերության (ՊՄԳ) շրջանակներում մասնավոր ներդրողների,  ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և դոնորների կողմից ոլորտում ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Սույն նախագծով խրախուսվում է կեղտաջրերի կրկնակի (երկրորդային) օգտագործումը օրենսդրությամբ թույլատրելի բոլոր նպատակներով, եթե դրանք կհամապատասխանեն նպատակային ջրօգտագործման որակական պահանջներին: Բացի այդ բնապահպանական հարկը խթանող նորմերը ընդգրկում են տնտեսական գործունեության բոլոր ոլորտները, ի տարբերություն ներկայումս գործող միայն ձկնաբուծության և խեցգետնաբուծության ոլորտի:

Միևնույն ժամանակ սահմանվում է ոռոգման ջրի որակի ստանդարտները հաստատելու անհրաժեշտությունը՝ կեղտաջրերի օգտագործումը ոռոգման նպատակով կանոնակարգելու համար: Դրանով մաքրված կեղտաջուրը դիտարկվում է որպես ջրային ռեսուրս:

Նախագծով նորմեր են նախատեսված նաև համայնքների համար՝ տեղական ենթակառուցվածքներ ստեղծելու պարտականության ուղղությամբ, մասնավորապես համայնքները պարտավոր են ունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգեր, որն ուժի մեջ կմտնի 3 տարի հետո: Այս իրավական նորմի նպատակը ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղության մշակումն է և դրա իրականացման տեսլականը և կանոնակարգումը, որից հետո հստակ կարող է սահմանվել համայնքների նկատմամբ պարտականության սահմանման ժամանակացույցը: 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը 

<<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի կողմից:    

  1. Ակնկալվող արդյունքը 
  1. Հայաստանի Հանրապետությունում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը ուղղված իրավակարգավորման հստակեցում, շրջակա միջավայր արտանետվող կեղտաջրերի աղտոտման ծավալների նվազեցում:
  2. Շրջակա միջավայրի պաշտպանության և ԵՄ դիրեկտիվների հետ ներդաշնակեցման նպատակով, շեշտակիորեն կբարձրացվի կեղտաջրերի մաքրման մակարդակը, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանում ջրային ոլորտի կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել:
  3. Կստեղծվի համապարփակ իրավական ակտ, որն ընդգրկում է կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների հետ կապված հիմնական պահանջները:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

        

         <<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարելու ենթաօրենսդրական հետևյալ ակտերում՝     

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի <<Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը հաստատելու մասին>> N 639-Ն որոշման մեջ,
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի <<Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 1060-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> 68-Ն որոշման մեջ,
  3. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած իրավական ակտերում,
  4. ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի <<Ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները սահմանելու մասին>> N-1228- Ն որոշման մեջ,
  5. ՀՀ բնապահպանության նախարարի 2003թ. դեկտեմբերի 10-ի <<Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին>> N 464-Ն հրամանում: 

Անհրաժեշտ կլինի հետևյալ իրավական ակտերի ընդունումը՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որով կսահմանվեն համայնքների բնակավայրերի կեղտաջրերի հեռացմանը և կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող պահանջները:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որով կսահմանվեն նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատում:
  4. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի որոշում՝ արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս թույլատրելի սահմանային արտահոսքի մասին:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում՝ արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները: 

Տեղեկանք

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 <<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի 2017 բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հետագա տարիներին ընթացքում պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացումը հիմնված կլինի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վրա, որով կսահմանվեն համայնքների բնակավայրերի կեղտաջրերի հեռացմանը և կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող պահանջները: Ընդհանուր առմամբ, ներքոհիշյալ աղյուսակը ներկայացնում է ջրահեռացման ծառայությունների ներդրումային կարիքների խոշորացված գնահատականը՝ համակարգի ամբողջական փոխարինման պարագայում և հաշվի առնելով կեղտաջրի ամբողջական մաքրումը (ներառյալ կենսաբանական մաքրումը) և տիղմի մշակումը.

           

Ը/Հ

Բնակավայրի տեսակը

Բնակչություն

Ջրահեռացման համակարգի
իրականացման ներդրումները

Քաղաքային

Գյուղական

Հազ. մարդ

Ջրահեռացման
ցանց և կոլեկտորներ*

Մաքրման
կառուցվածքներ**

մլն. ԱՄՆ դոլար

1

Երևան

 

1010

220

60

2

Գյումրի

 

120

125

25

3

Վանաձոր

 

100

110

22

4

ՀՀ 44 քաղաքներ

 

500

450

180

5

 

200 գյուղ (խոշոր)

800

300

170

6

 

400 գյուղ (միջին)

220

280

380

7

 

50 գյուղ (միջին)

100

0

28

8

 

310 գյուղ (փոքր)

150

0

30

Ընդամենը

47

960

3000

1485

895

 

Արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի ֆունկցիայի ներդնումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջացնում: Մոնիտորինգի իրականացման կարգը, այդ թվում դրա իրականացման պարբերականությունը,  սահմանվելու է կառավարության որոշմամբ, իսկ մոտեցումն էլ հիմնականում կախված է կեղտաջրի վտանգավորության (վնասակարության) աստիճանից: Սկզբնական շրջանում կարող է սահմանվել ամսական պարբերականություն, իսկ միասնական օպերատորի կողմից սպասարկման տարածքում գտնվող արտադրական կեղտաջուր արտադրողների մոնիտորինգի դեպքում այս գործառույթը կարող է համատեղվել սպառված ջրի ցուցմունքի գրանցման հետ: Մոտավոր հաշվարկներով մեկանգամյա հետազոտության ծախսը կազմում է՝

 

  • Ընդհանուր քիմիական և ֆիզիկական պարամետրեր՝ 15-20 հազար դրամ
  • Օրգանական աղտոտվածության ցուցանիշների որոշման նպատակով իրականացվող հետազոտություններ՝ 40-50 հազար դրամ,
  • Ծանր մետաղների կոնցենտրացիաների որոշման հետազոտություն- յուրաքանչյուր բաղադրիչը՝ 8-12 հազար դրամ,
  • Առանձին միկրոտարրեր՝ 25-35 հազար դրամ,
  • Քանակական արժեքների (ելքի) վերահսկման նպատակով կարող են տեղադրվել ծախսաչափեր՝ չափված ցուցմունքի ավտոմատ հեռահաղորդման հնարավորությամբ՝ արժեքը՝ կախված ելքից տատանվում է 500-12000 ԱՄՆ դոլարի սահմաններում:

 

 

  • Discussed

    20.04.2017 - 12.05.2017

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10392

Print