Add to favourites

Հայաստանի Հանրապետության օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  Սույն օրենքի նպատակներն են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից,  սոցիալական,  տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  օգտագործումն որպես անառողջ  և մերժելի վարքագիծ արմատավորելը:

 

Հոդված 1.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ծխախոտահումք` ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերևները` բնական վիճակում, կամ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ ոչ, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած և խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաև ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին և նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման կամ արտադրության համար. 

2) ծխախոտային արտադրատեսակ՝ ցանկացած արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է ծխախոտահումք հանդիսացող տերևից կամ պարունակում է ծխախոտահումք և արտադրված է այնպես, որ օգտագործվի ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներսշնչելու, ներառյալ ծխախոտահումքի տաքացման եղանակով աերոզոլ արտադրելու միջոցով ներսշնչելու համար.

3)ծխախոտային արտադրատեսակի պատկանելիք՝ ծխախոտային արտադրատեսակի հետ կամ համար օգտագործող առարկա (ծխափող, ծխախոտի պահման առարկաներ, ծխախոտային արտադրատեսակի փաթեթման թուղթ, ծխախոտային արտադրատեսակի գլանաձև փաթեթման սարք).

4)խեժ՝ ծխախոտային արտադրատեսակի այրման հետևանքով առաջացած չմշակված բաղադրիչ.

5)նիկոտին՝ ծխախոտի արտադրատեսակի կամ ծխի մեջ պարունակվող  նիկոտինի ալկալոիդներ.

6)ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ՝ ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանք (քարթրիջով կամ տարայով) որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող  լուծույթի գոլորշիացման արդյունքում առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ.

7) ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինչի  օգտագործում՝ ծխախոտային արտադրատեսակը կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներս շնչելու կամ դուրս շնչելու ձևով կիրառում.

8)ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ ծխախոտային արտադրատեսակին արտաքնապես  նմանեցված արտադրանք, որը չի պարունակում ծխախոտահումք կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչներում օգտագործվող նիկոտին և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, ինչպես նաև համային կամ հոտային հավելումներ.

9)ծխախոտային արդյունաբերություն՝ ծխախոտային արտադրատեսակներ  կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների արտադրողներ կամ ներմուծողներ կամ մեծածախ իրացնողներ.

10)շրջանառություն՝ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների ներմուծում կամ արտադրություն կամ պահպանում կամ իրացում կամ սպառում կամ ոչնչացում.

11)բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչներ` ծխախոտային արտադրատեսակին համարժեք, առանց ծխախոտահումքի օգտագործման, օրգանիզմ նիկոտին փոխանցող արտադրանք՝ ծխելուց կամ ծխել հրաժարվելու սինդրոմները (կամ հեռացման ախտանիշները) նվազեցնելու համար (նիկոտինային մաստակ, ենթալեզվային հաբեր, բերանում լուծվող հաբեր,ներշնչակ, որը նման է ծխափողի (մուշտուկ), սպեղանի).

12)երկրորդային ծուխ` ծուխ, որն առկա է օդում, որտեղ ծխում են կամ նախկինում ծխել են, այդ թվում նաև ծուխ, որն արտաշնչվում է ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինչ օգտագործողի կողմից.

13)փակ տարածք` ցանկացած նյութից պատրաստված ծածկ կամ տանիք ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց, որն ամբողջովին փակ է, բացառությամբ պատուհանների և դռան համար նախատեսված բացվածքների.

14)կիսափակ տարածք` ցանկացած նյութից պատրաստված,  երկու և ավելի անշարժ պատերով, տանիքի առկայությամբ ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց.

15)հանրային տարածք` հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձևից կամ դրան հասանելիությունից.

16)ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների հովանավորություն՝ ցանկացած միջոցառմանը կամ իրադարձությանը կամ անձին ուղղված ցանկացած ներդրում, որը նպատակ ունի իրական կամ հնարավոր արդյունքով  ուղղակի կամ անուղղակի խթանել ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների  փոխարինչների իրացումը (վաճառքը) կամ օգտագործումը.

17)ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների իրացման (վաճառքի)  խթանում՝ ցանկացած գործողություն, որը չպարունակելով օրենքով սահմանված գովազդի տարրեր, անուղղակի կերպով կարող է կամ ազդում է ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների իրացման ծավալների ավելացման վրա կամ անուղղակի կերպով ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների նկատմամբ ձևավորում է հետաքրքրություն:

 

Հոդված 2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, իրացման շրջանառության և օգտագործման իրավական կարգավորումը

1.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների,  ծխախոտային արտադրատեսակների նմանակների, իրացումը, շրջանառությունը և օգտագործումը կարգավորվում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական այլ ակտերով:

2.Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: 

Հոդված 3. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների ներմուծմանը, արտադրությանը,  իրացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1.Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել, իրացվել և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող ծխախոտային արտադրատեսակները և ծխախոտային արտադրատեսակների փոխարինչները:

2.Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանելու նպատակով արտադրվող ծխախոտային արտադրատեսակները և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կարող են արտադրվել արտահանվող երկրի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

3.Հայաստանի Հանրապետությունում իրացվող  ծխախոտային արտադրատեսակները ենթակա են պարտադիր հավաստագրման:

4.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե երկրորդային ծխում նիկոտինի և խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը: Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների նկատմամբ:

5.Անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձիք կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած նիկոտինի և խեժի պարունակության թույլատրելի սահմանը գերազանցող ոչ ավել քան 200 գլանակ:

Հոդված 4. Առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջները

1.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան, ընդ որում, ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփ պարտադիր պետք է պարունակի հայերենով մարդու առողջության վրա բացասական ազդեցության մասին հիմնական և լրացուցիչ տեքստեր, որոնք տեղադրվում են տուփի երկու կողմերում և որոնց մակերեսը չի կարող պակաս լինեն այդ կողմերի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից: Ծխամորճի և ծխելու ծխախոտային արտադրատեսակների թափանցիկ փաթեթվածքների դեպքում բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերեսի ոչ պակաս, քան  50 տոկոսը:

2.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ մարդու առողջության վրա բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը հաստատվում են առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից: 

3.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորման և մակնշման Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների շրջանառությունն արգելվում է, բացառությամբ դրանց ոչնչացման դեպքերի: Ոչնչացումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով: 

Հոդված 5. Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների  փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման արգելքները

1.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները  կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակները վաճառել կամ որևէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որևէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացել գնորդի կամ որևէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու Հայաստանի Հանրապետության օրնեսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ և դրա չներկայացման դեպքում չվաճառել կամ որևէ այլ եղանակով չիրացնել դրանք:

2.Արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը:

3.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումն ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու  և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով):

4.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքներիկ ամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումն ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցներով:

5.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակներ փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների, մանրածախ վաճառքն կամ որևէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը:

6.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների՝

1) վաճառքն՝ առանց օրենքով նախատեսված թույլտվության,

2) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Դրանց ցանկը՝ գների մասին նշումով վաճառողի կողմից տրամադրվում է  չափահաս անձին` վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում չի փակցվում:

7.Արգելվում է՝

1) ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից  հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում,

2) սիգարետի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը,

3) ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ:

8.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների ներսում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա` բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների.

2)  նախադպրոցական, հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան  10 մետր հեռավորության վրա.

3) մանկապատանեկան հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում.

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային և ժամանցային կենտրոններում, կինոթատրոններում,

6) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքների ներսում.

7) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում.

8) հանրային սննդի օբյեկտներում  (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ).

9) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.

10) օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների):

Հոդված 6. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների   օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները

1.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների,  օգտագործումն արգելվում է`

1) հետևյալ փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում`

ա.բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում և  դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.

բ.նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքների  մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.

գ. մանկապատանեկան մարզական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.

դ. համայնքի կողմից  երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակների տարածքներում.

ե. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.

զ.պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքներում.

է.այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.

ը.hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները).

2) աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից.

3) առևտրային կենտրոններում.

4) ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ`

ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ  օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.

բ.հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների, որտեղ թույլատրվում է ունենալ   օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.

5) զորամասերում և զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքների.

6) տրանսպորտում՝

ա.հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ  օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.

բ. մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ:

7) հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ։

2.Ձերբակալվածների, կալանավորվածների, դատարապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման  և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանն և կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան:

3.Զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:

4.Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասում նշված հաստատություններում, մարմիններում, վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է  տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:

Հոդված 7. Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի)  խթանման և հովանավորության արգելքն ու  սահմանափակումները

1.Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների),ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը արգելվում են:

2.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կա դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացումը:

3.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բոքսերի, բլոկների, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

4.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների նմանակների  իրացման (վաճառքի)  խթանումը հետևյալ ձևերով՝

1) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ներկայացնել ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների օգտագործումը.

2)  այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց ներառումը.

3)ծխախոտային արտադրատեսակի նմանակ հանդիսացող սննդամթերքի կամ խաղալիքների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը.

4)Հայաստանի Հանրապետությունում արտադրված երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը: 

5.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների հովանավորությունը:

6.Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ դրանց օգտագործման պատկերումը թույլատրվում է բացառապես ծխախոտային արտադրատեսակների կամ  կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ սոցիալական գովանզդներում կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարին ուղղված տեղեկատվական միջոցառումների շրջանակում:

7.Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների տեսա կամ ձայնային պատկերումը տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ,  հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) թույլատրվում է բացառապես  հեռարձակողի կողմից նման ստեղծագործության հեռարձակման սկզբից կամ ընթացքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների  փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվության հաղորդմամբ (ձայնային կամ պատկերի միջոցով): 

Հոդված 8. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելմանոլորտում Հայաստանի  Հանրապետության կառավարության լիազորությունները 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններ են՝

1)ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի առնվազն հնգամյա կտրվածքով ռազմավարության հաստատումը, որում սահմանվում են նաև ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման հնգամյա ռազմավարական նպատակները և պետական կառավարման համակարգի մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրականացվելիք միջոցառումների, այդ թվում միջգերատեսչական ձևաչափով իրականացվելիք միջոցառումների նկարագրերը, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատուները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

2) ծխախոտային արտադրատեսակների,ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի հաստատումը.

3) Հայաստանի Հանրապետությունում  ծխախոտային արտադրատեսակների՝ առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգի հաստատումը.

4) ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության ու չափման կարգը, ինչպես նաեւ այդ բաղադրության եւ արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակների սահմանումը.

5) ծխախոտային արտադրատեսակների  երկրորդային ծխում նիկոտինի և խեժի պարունակության թույլատրելի սահմանաչափի հաստատումը.

6) ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանը իրազեկելու կարգը հաստատելը: 

Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ֆիզիկական  և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները 

1.Ֆիզիկական անձինք իրավունք  ունեն իրազեկ լինել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և երկրորդային ծխի բացասական ազդեցության հետևանքների մասին:

2.Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձինք պարտավոր են իրազեկել բնակչությանը ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 10. Ծխախոտային արտադրատեսակի օգտագործման, նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը 

  1. Ծխախոտային արտադրատեսակներ օգտագործող դեռահասներին և վերարտադրողական տարիքի կանանց, ովքեր դիմում են բժշկական հաստատություններ, տրամադրվում է նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն և սպասարկում: 
  1. Ծխախոտային արտադրատեսակի օգտագործման դադարեցման, նիկոտինից կախվածության բուժմանն և ծխախոտայի արտադրատեսակի օգտագործման հետևանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված պացիենտի վարման գործելակարգի և այլ իրավական ակտերի համաձայն: 

Հոդված 11. Սույն օրենքի խախտման դեպքում պատասխանատվությունը 

1.Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող  իրավաբանական և ֆիզիկական անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.Սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված մարմինների կողմից՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում: 

 Հոդված 12. Անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ  օրենքի`

1) 5-րդ հոդվածի՝

ա.   6-րդ մասի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում  2020 թվականի մայիսի 1-ից.

բ. 8-րդ մասի 1-3 կետերով նախատեսված շենքների մուտքերից ուղիղ գծով սահմանված հեռավորության վրա իրացման արգելքը սահմանող նորմերի, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ կետերի, որոնք ուժի մեջ են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո,

2) 6-րդ հոդվածով սահմանված փակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 1-ից.

3) 6-րդ հոդվածով սահմանված կիսափակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի մայիսի 1-ից.

4)7-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում  2020 թվականի մայիսի 1-ից: 

2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել <Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72 օրենքը: 

  • Discussed

    10.05.2019 - 25.05.2019

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 25573

Print

Related documents / links

Suggestions

Արեգ Մալխասյան

25.05.2019

18, Գտնում եմ, որ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները ևս պետք է վերանայվեն, քանի որ նման արգելքների և պարտականությունների ներդրման պարագայում ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք և պետական մարմինները պետք է ստանան ողջամիտ ժամկետ, իրենց պարտականությունների կատարմանը նախապատրաստվելու համար։ Այսպես․ հեռարձակվող հաղորդումներում ծխախոտի վնասակարության մասին նախազգուշացման առկայությունը ապահովելու նպատակով հեռարձակողները պետք է ունենան ողջամիտ ժամկետ, մինչդեռ Նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի տույլտվություն և իրացման թույլտվություն ստացած անձինք ունեն իրենց գործունեությունը իրականացնելու թույլտվություն, որը, փաստորեն, սույն օրենքով սահմանափակվում է, որի հետևանքով անձինք կզրկվեն իրենց թույլտվություններից և իրենց գործունեությամբ զբաղվելու օրինական իրավունքից։ Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի և/կամ օգտագործման համար ստեղծված մասնագիտացված տնտեսվարողները ևս զրկված կլինեն իրենց նախընտրած գործունեությամբ զբաղվելուց, մինչդեռ կատարել են ներդրումներ՝ նշված գործունեությամբ զբաղվելու նպատակով։ Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում եմ, որ Նախագիծն ունի լրամշակման և լրացուցիչ հիմնավորման կարիք, որից հետո կրկին պետք է ներկայացվի հանրային քննարկման։

Արեգ Մալխասյան

25.05.2019

17, Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների տեսա կամ ձայնային պատկերումը տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) թույլատրվում է բացառապես հեռարձակողի կողմից նման ստեղծագործության հեռարձակման սկզբից կամ ընթացքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվության հաղորդմամբ (ձայնային կամ պատկերի միջոցով)։ Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ է պարզել թե հատկապես ինչպե՞ս է նախատեսվում իրականացնել վերահսկողություն ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումների նկատմամբ, որպեսզի դրանցում պարունակվի հայերեն նախազգուշացում։ Արդյո՞ք կա որևէ մեխանիզմ, որը թույլ կտա ապահովել նշված դրույթի կիրառությունը։

Արեգ Մալխասյան

25.05.2019

16, Նույն հոդվածով արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ։ Վերոգրյալ դրույթը հանդիսանում է մարդու մասնավոր սեփականության իրավունքի անհիմն սահմանափակում, քանի որ անձը իրավունք ունի ժօգտագոր իր սեփականությունը իր նախընտրած ձևով, քանի դեռ այլոց իրավունքները չի խախտում։ Տվյալ դեպքում եթե մեքենայի սեփականատերը ցանկանում է իր ավտոմեքենան օգտագործել այնտեղ ծխախոտային արտադրանք օգտագործելու նպատակով, պետությունը իրավունք չունի անհիմն միջամտելու այդ անձի սեփականության իրավունքին։ Այլ հարց է, որ ընթացքի ժամանակ վարորդը պետք է չշեղի իր ուշադրությունը ճանապարհայհին անվտանգության ապահովման նպատակով և իր ձեռքերը մշտապես պահի ղեկի վրա։ Սակայն նշված պահանջները արդեն իսկ սահմանված են ճանապարհային երթևեկության կանոններով։ Մինչդեռ Նախագծով արգելվում է ծխախոտային արտադրանքի օգտագործումը նաև վարորդից բացի այլ անձանց, ովքեր գտնվում են ավտմեքենայում։ Այդ թվում, մեքենայի սեփականատերը ևս կարող է չլինել ղեկին և անհասկանալի պատճառով զրկված լինել իր սեփականության իրավունքի լիարժեք իրականացումից։ Կարծում եմ նշված դրույթը ևս պետք է վերախմբագրվի։

See more