ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սահմանադրական դատարանը, իր 19.03.2019թ. ՍԴՈ-1448 որոշմամբ անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի և 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին, Սահմանադրության 60, 75 և 78-րդ հոդվածներին հակասող է ճանաչել Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն՝ այն մասով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքներն այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը՝ առանց ժամկետը բացթողնելու պատճառները հաշվի առնելու, հանգեցնում է գործարքի անվավերությանը, ինչպես նաև 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ այն մասով, որ խոչընդոտում է հարգելի պատճառով 30-օրյա ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումների հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից նոտարական կարգով կնքված գործարքների պետական գրանցման համար 30-օրյա ժամկետ սահմանելու և այդ ժամկետը լրանալուց հետո բացասական իրավական հետևանքների վրա հասնելու օրենսդրական ընթացակարգերը մի շարք դեպքերում կարող են խոչընդոտել անձի՝ սեփականության նկատմամբ իրավաչափ սպասելիքների իրացմանը, հետևաբար՝ այդ ընթացակարգերը արդյունավետ չեն անձի՝ սեփականության նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացման տեսանկյունից:
Օրենսդրական այս կարգավորումների արդյունքում սահմանափակվում է անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ 30 աշխատանքային օրվա ժամկետը բաց թողնելուց հետո նա այլևս չի կարող իր կողմից արդեն իսկ կնքված գործարքի միջոցով ձեռք բերել սեփականության իրավունք: Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ օրենսդրի կողմից սեփականության իրավունքի այս սահմանափակումն արդարացված չէ Սահմանադրության տեսանկյունից այն հիմնավորմամբ, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Սահմանադրական դատարանը, իրավաչափ համարելով նման կարգավորումը, այնուամենայնիվ նշել է, որ իրավաչափ նպատակ հետապնդող այս կարգավորումն ընդունելիս օրենսդիրը պետք է հաշվի առներ Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված համաչափության սկզբունքը, ըստ որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Մինչդեռ առկա կարգավորումները թեև պիտանի են հետապնդվող նպատակի իրականացման համար, սակայն անհրաժեշտ չեն:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից սահմանված կարգավորումն անհրաժեշտ չէ, քանի որ որպես ավելի մեղմ միջոց Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում կարող էր նախատեսվել դրույթ՝ ժամկետը բաց թողնելը վերականգնելու վերաբերյալ, եթե բաց թողնելը տեղի էր ունեցել առանց անձի մեղքի: Գործարքի անվավերությանը հանգեցնելու կամ առոչինչ լինելու սահմանումը որպես իրավական հետևանք անհամաչափ սահմանափակում է սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ օրինական ակնկալիքի իրավունքը: Կարող են լինել դեպքեր, երբ անձի կողմից ժամկետը չպահպանելն ամենևին նրա մեղավորությունից չբխի: Այս հանգամանքն օրենսդիրը պետք է հաշվի առներ համապատասխան հարցը կարգավորելիս: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրն Oրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում ընտրել է միջոցներից այն մեկը, որն էապես ավելի խիստ է միջամտում անձի սեփականության իրավունքին, քան դա կարող էր լինել վերոնշյալ բացառությունը սահմանված լինելու դեպքում, այն պիտանի, սակայն Սահմանադրության 78-րդ հոդվածի իմաստով անհրաժեշտ միջոց չէ: Ուստի գործարքի անվավերության իրավական հետևանքներ կարող է առաջացնել միայն անձի մեղավորությամբ Օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը:
Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված խնդիրները, Նախագծով Օրենքի 24-րդ հոդվածը լրացվել է 6.1.-ին մասով, որով հստակ թվարկվում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը գրանցման համար դիմելու ժամկետի բացթողումը հարգելի է համարում:
Համապատասխան լրացում է կատարվել նաև Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում՝ սահմանելով, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցման համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի է ճանաչվել:
Մեկ այլ որոշմամբ (իր 04.02.2014թ. ՍԴՈ-1137 որոշմամբ) Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի դրույթներին, գտել է, որ դրանում ամրագրված` «իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում։
Իսկ ինչ վերաբերում է նույն ենթակետի` «...կամ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին» դրույթին, ապա այդ դրույթը այնքանով, որքանով կիրառվում է առանց օրենքով սահմանված դատական կամ արտադատական կարգով տվյալ ակտի անվավեր ճանաչման, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 5-րդ, 91-րդ և 108.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
Սահմանադրական դատարանը, իր որոշմամբ կարևորելով օրենքում հասկացությունները հստակ և ճշգրիտ ամրագրելու անհրաժեշտությունը, որպեսզի չաղավաղվի իրավակարգավորման բովանդակությունը, նկատի է առնում, որ քննության առարկա օրենքի իրավակարգավորման շրջանակներում կարգավորման առարկան ոչ թե իրավունքի սահմանումը կամ սահմանափակումն է, այլ օրենքով նախատեսված սահմանափակման կիրառումը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ այլ նորմատիվ, ինչպես նաև անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ, իսկ անհատական իրավական ակտերով, որպես իրավունքի կիրառման ակտեր, կարող են ընդամենը կիրառվել իրավունքի սահմանափակումները։
Այնուհետև, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի անվավերությանն ու առոչնչությանը, արձանագրում է, որ իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի ստուգումը և գնահատումը ոչ միայն իրավաչափ է, այլ նաև անհրաժեշտ և պարտադիր՝ պայմանավորված այլոց իրավունքներով և ազատություններով, ինչպես նաև առ ոչինչ վարչական ակտի կատարման կամ կիրառման համար օրենքով սահմանված պատասխանատվության չենթարկվելու հանգամանքով։
Իսկ ինչ վերաբերում է իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի անվավերության հիմքերի՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստուգման և գնահատման հարցին, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական լիազոր մարմինը, մերժելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, օրենքի վիճարկվող դրույթների ուժով՝ չի կատարել վարչական ակտի պահանջը՝ անտեսելով այն հանգամանքը, որ ոչ մի իրավասու սուբյեկտ չի վիճարկել պետական գրանցման ենթակա իրավունք կիրառող վարչական ակտը, և այն գտնվում է իրավաբանական ուժի մեջ։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի՝ դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին չհամապատասխանելու հիմքով իրավունքի պետական գրանցման մերժումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ սահմանված դատական կամ արտադատական կարգով վերացվել է պետական գրանցման իրավունք կամ սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտը, այսինքն՝ երբ դադարեցվել է վարչական ակտի իրավաբանական ուժը։
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Կարգավորման նպատակը ՍԴ վերոնշյալ որոշման կատարումն ապահովելն է, և պրակտիկայում անհատական իրավական ակտերի կիրառման հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
-
Discussed
27.04.2019 - 12.05.2019
-
Type
Law
-
Area
Justice, Cadastre
-
Ministry
Ministry of Justice
Views 7857
Print