«Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
20 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ հավանություն տալու մասին»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի և բնական ռեսուրսների մասին, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների,բնության հատուկ պահպանվող տարածքների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի, բնակչության տեղաբաշխման, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության տնտեսության կառավարման մի շարք ոլորտներ կարգավորող իրավական ակտերով համապատասխան կառավարման մարմինների համար սահմանվել են իրենց ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրների վարման գործառույթներ, սակայն դրանք հիմնականում չեն իրականացվել կամ իրականացվել են թերի, գործում են միմյանցից անկախ, տվյալները կրկնվում են, երբեմն լինում են իրարամերժ, որը դժվարացնում և էականորեն բարդացնում է կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը, իսկ երբեմն անհնար է դարձնում տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության կամ տեղեկատվական համակարգերի օգտագործումը կառավարման արդյունավետության, արդյունավետ ծրագրերի մշակման կամ պետական ծրագրերի արդյունավետ իրագործման համար:
Ոլորտային կադաստրների հաշվառման և գրանցման ենթակա գրեթե բոլոր տվյալները տարածական տվյալներ են կամ տարածական` քարտեզագրական հենք ունեն: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն այն պետական կառավարման լիազորված մարմինն է, որի կանոնադրական գործառույթներն անմիջականորեն ուղղված են պետական նշանակության քարտեզագրական և տեղեկատվական համակարգերի ստեղծմանը, քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակմանը և իրականացմանը։ Առանձնակի գործառույթ է նաև անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակումն ու ներդրումը։
Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման նպատակով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից իրականացվել են Հայաստանի Հանրապետության համայնքների քարտեզագրման ու թվային քարտեզների ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքի օդալուսանկարահանման և արբանյակային լուսանկարահանման ու թվայնացման աշխատանքներ, պարբերաբար իրականացվում են անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում սահմանվել է գոտիականություն` ըստ գույքի արժեքի և գտնվելու վայրի, ավարտված են անշարժ գույքի կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման, և կադաստրային քարտեզների վարման ու անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները և այլն:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղերի կառավարման խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը թույլ կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն:
ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով Կոմիտեն նախատեսել է մի շարք միջոցառումներ, որոնց շնորհիվ հիմք կդրվի առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրին, կստեղծվեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի oդալուսանկարները (օրթոֆոտոհատակագծերի պիկսելի չափը երկրի մակերևույթի վրա՝ 20 սմ ճշտությամբ), կճշտվի և ավարտին կհասցվի Հայաստանի Հանրապետության քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքը, կստեղծվի ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգ։ Ըստ այդմ՝ Կոմիտեն ի զորու կլինի բոլոր ոլորտների տեղեկատվական շտեմարանները ապահովել տարածական հիմքով և գրանցվող տվյալների ծածկագրման, պահպանման և օգտագործման տրամադրելու մեթոդաբանական համակարգով։ Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների վարումը անհամեմատ ավելի արդյունավետ կարող է լինել՝ դրանց ամբողջական, միասնական, մեկտեղված համակարգի մեջ ընդգրկելով: Այն կլինի փոխկապակցված և փոխհամաձայնեցված կադաստրների և ռեգիստրների համալիր՝ ընդհանուր և միասնական մեթոդաբանական սկզբունքներով և տեղեկատվական հիմքով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակվել է Կոմիտեի կողմից: Հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում ներառված, Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի:
Ինտեգրված կադաստրի համակարգը ներառում է պետական կառավարման հետևյալ մարմինները՝ Կոմիտեն՝ մշակող և պատասխանատու կատարող, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեն որոնք համապատասխան իրավական ակտերով իրականացնում են իրենց ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրների վարման գործառույթները:
Համայնքների կադաստրային գործքռույթների իրականացման հարցերի կապակցությամբ որպես լիազորված մարմին ներգրավվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:
Անհրաժեշտ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնակցությունը ինտեգրված կադաստրի ստեղծման ծրագրին հենց առաջին փուլից, չնայած որ բացակայում են որոշակի կադաստրներ (ռեգիստրներ) վարելու նրանց լիազորությունները սահմանող իրավական ակտերը։
Ինչ վերաբերում է ՀՀ վիճակագրական կոմիտեին, վերջինս հայտնել է իր պատրաստակամությունը ցուցաբերելու զուտ մեթոդաբանական օժանդակություն վարչական ռեգիստրների ձևավորման աշխատանքներում՝ ցանկացած գրավոր հայտի պարագայում:
- Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծումը և ներդրումը կնպաստի կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը, Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը, տարածական տվյալների մատչելիության ապահովմանը, հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը, տվյալների լրիվության, հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը:
Ինտեգրված կադաստրի համակարգի ստեղծմամբ և ներդրմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները` ինքնաշխատ ամբողջական տեղեկատվական ռեսուրսի ստեղծում՝ փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա, տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում, իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունում՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման առաջացումը ենթակա է ճշտման:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել այլ նորմատիվ իրավական ակտերում:
-
Discussed
03.04.2019 - 18.04.2019
-
Type
Decision
-
Area
Urban planning, Territorial administration and development, State property management, Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 10025
Print