Add to favourites

Under development

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վարդան Պետրոսյան 29.03.2019 21:19:29 Լրջագույն խնդիր կա. ՀՀ֊ն, համարվելով սոցիալական պետություն, չունի աշխատողների իրավունքների պաշտպանությունն իրականացնող լիազոր մարմին։ Ի՞նչպես կարող է պետությունը համարվել սոցիալական, եթե աշխատողի իրավունքը պաշտպանող լիազոր մարմին չկա։ Գտնում եմ, որ ՊԵԿ֊ը՝ որպես գործադիր իշխանության մարմին, գիտակցելով այս խնդրի մասին, ոչ թե պետք է, առիթից օգտվելով վարչարարական զինանոցը համալրի, համակարգային լուծումներ առաջարկի։ Միևնույն ժամանակ, որ կրկին հիմնավորվածության խնդիր կա։ Որպես հիմնավորում ըստ էության նշված է, որ աշխատողին օրենքով սահմանված չափից պակաս աշխատավարձ վճարելու կամ աշխատավարձ չվճարելու դեպքերի առթիվ ՎԻՎ 169.8 սահմանված պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չէ, հետևաբար այդ լիազորությունը առաջարկվում է տալ ՊԵԿ֊ին։ Հարց է առաջանում ի՞նչու ՊԵԿ֊ին։ Եվ միայն այս հարցի հավասարակշռված պատասխանը կարող էր հանդիսանալ պատշաճ հիմնավորում։ Հարկային մարմինն իր գործառույթների շրջանակներում իրականացնում է նաև հարկ վճարողների տնտեսական գործունեության և դրանից բխող հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն, հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց հաշվառվող (վճարվող) եկամուտներց եկամտային հարկի հաշվարկման և վճարման նկատմամբ: Հսկողական աշխատանքները լիարժեք կազմակերպելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու և նույն հարկ վճարողի մոտ պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի շրջանակներում տարբեր վարչարարական գործիքներ կիրառելուց զերծ մնալու համար ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական համապատասխան փոփոխությունը: Հավելենք, որ ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հավաքագրվում, մշակվում, վերլուծվում է ՊԵԿ-ում և սահմանված կարգով տրամադրվում պետական այլ մարմիններին:
2 Վարդան Պետրոսյան 03.04.2019 19:54:51 Օրենսդրական փոփոխության հիմքում առաջ է բարձրացված խնդիրն այն է, որ պակաս աշխատավարձ վճարելու կամ աշխատավարձ չվճարելու դեպքերի առթիվ ՎԻՎ 169.8 սահմանված պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չէ։ Որպես վերը նշված խնդրի լուծում առաջարկվում է այդ լիազորությունը փոխանցել ՊԵԿ-ին։ Այսինքն փոփոխությամբ ակնկալվում է, որ պակաս աշխատավարձ վճարելու կամ աշխատավարձ չվճարելու դեպքերի կանխարգելման գործառույթը պետք է իրականացվի ՊԵԿ-ի՝ հարկային մարմնի կողմից։ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են հարկային մարմնի խնդիրները, դրանք են․ 1) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը. 2) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքներին և հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` հարկային մարմնի համար սահմանված պարտականությունների և գործառույթների կատարումը, լիազորությունների իրականացումը. 3) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը. 4) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը. 5)հարկային հանցագործությունների գործերով դեպքի վայրի պահպանության իրականացումը, որի կանոնները սահմանում է Կառավարությունը: Վերոգրյալից հետևում է, որ հարկային մարմնի նպատակը կայանում է իր կողմից վերահսկվող եկամուտներ ապահովելը, Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը հարկային հարցերին առնչվող մյուս պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը։ Իր հերթին պակաս աշխատավարձ վճարելու կամ աշխատավարձ չվճարելու հարցերը ուղղակիորեն բխում են աշխատանքային իրավունքից։ Աշխատավարձը՝ իր բնույթով հանդիսանալով եկամուտ և ըստ այդմ՝ հարկման օբյեկտ, ներառվում է հարկային մարմնի կողմից վերահսկվող հարաբերությունների շրջանակներում։ Սակային անձին աշխատավարձ չվճարելը կամ պակաս վճարելը որևէ առնչություն չունի օրենքով հարկային մարմնի առջև դրված խնդիրների հետ, քանի որ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հարկը հաշվարկվում է հաշվեգրման սկզբունքով՝ այսինքն անկախ աշխատավարձը վճարված լինելու հանգամանքից, հարկային պարտավորությունը հաշվարկվում է և դառնում գանձման ենթակա։ Այսպիսով աշխատավարձի վճարման հետ կապված խնդիրները տարբերվում են օրենքով սահմանված հարկային մարմնի խնդիրներից։ Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, թե ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական համապատասխան փոփոխությունը հսկողական աշխատանքները լիարժեք կազմակերպելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, նույն հարկ վճարողի մոտ պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի շրջանակներում տարբեր վարչարարական գործիքներ կիրառելուց զերծ մնալու նպատակով, գտնում եմ, որ այդ նպատակը ևս արդարացիորեն հավասարակշռված չէ, քանի որ ՎԻՎ 169.8 սահմանված պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չլինելու խնդիրը անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետությունում անձի և քաղաքացու հիմնական իրավունքի բաղադրիչ՝ աշխատանքային իրավունքի, երաշխավորված լինելու հետ։ Այսինքն, եթե նույնիսկ աշխատավարձը վճարելու իրավահարաբերության նկատմամբ վերահսկողությունը տրվի հարկային մարմնին առկա խնդիրը լուծում չի ստանա։ Գտնում եմ, որ քննարկվող նախաձեռնությունը չպետք է ընդունվի զուտ այն պարզ պատճառով, որ առկա խնդիրը հարկային մարմնի խնդիրը չէ, համակարգային լուծում պահանջող խնդիր է։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի․ 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված են աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները, 82-րդ հոդվածով՝ աշխատանքային պայմանների սկզբունքները, 83-րդ հոդվածով՝ սոցիալական ապահովության սկզբունքները, 84-րդ հոդվածով՝ արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձի սկզբունքը։ Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնական նպատակները, որոնցից է ի թիվս այլոց, բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը։ Այսպիսով հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, պարտական է հարգելու, պաշտպանելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Հետևաբար Սահմանադրությամբ սահմանված մարդու և քաղաքացու ի թիվս մյուս հիմնական իրավունքների և ազատությունների, հանրային իշխանությունը պարտավոր է պատշաճ կարգով իրականացնելու մարդու և քաղաքացու աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքների, աշխատանքային պայմանների, սոցիալական ապահովության, արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձի սկզբունքների պաշտպանությունը։ Մյուս կողմից աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի՝ աշխատանքային օրենսդրության նպատակն է` 1) սահմանել ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները. 2) նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը. 3) պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը: Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված են աշխատանքային օրենսդրության տասը սկզբունքները։ Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու հիմնական իրա¬վունքների շարքում առանձնացնում է աշխատանքային իրավունքը։ Աշխատանքային իրավունքից են ծագում աշխատանքային հա¬սա¬րա¬¬կական հարաբերություններ, որոնք կարգավորվում են իրավունքի նոր¬¬մերով։ Այդ իրավանորմերի ամբողջությունն աշխատանքային օրենսդրություն է։ Այսպիսով աշխատանքային իրավունքները մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների բաղադրիչ մասն են կազմում, որոնց հարգումն ու պաշտպանությունը ևս հանրային իշխանության առանձին պարտականությունն է։ Հետևաբար հանրային իշխանությունը՝ որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավոր իր պարտականությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով, ի թիվս այլոց պետք է վերահսկի այդ իրավունքների իրացմանն հետ կապված հարաբերությունները, ձեռնարկի կանխարգելիչ միջոցներ այդ իրավունքների խախտումները վերացնելու նպատակով, ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ և վավերացրել է «Արդյունաբերությունում և առևտրում աշխատանքի տեսչության մասին» կոնվենցիան, որի 1-ին հոդվածի համաձայն՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի համար կոնվենցիան ուժի մեջ է, պետք է արդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքի տեսչության համակարգ ունենա: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ 1. Աշխատանքի տեսչության համակարգի գործառույթներն են. ա) ապահովել աշխատանքի ընթացքում աշխատողների աշխատանքի պայմանների և պաշտպանության հետ կապված իրավական դրույթների կատարումը, ինչպիսիք են աշխատանքային օրվա տևողության, աշխատավարձի, անվտանգության, առողջապահության և բարեկեցության դրույթները, երեխաների և երիտասարդների աշխատանքին առնչվող դրույթները և նմանատիպ այլ հարցերը՝ այնքանով, որքանով դրանց կատարումն ապահովելու համար լիազորված են աշխատանքի տեսուչները, բ) այդ դրույթների պահպանման առավել արդյունավետ միջոցների մասին գործատուներին և աշխատողներին տեխնիկական տեղեկատվություն և խորհուրդներ տրամադրելը, գ) գործող իրավական դրույթներով հատուկ չկարգավորված թերությունների և չարաշահումների մասին իրավասու մարմնին տեղեկացնելը: 2. Եթե աշխատանքի տեսուչներին հանձնարարվում են այլ պարտականություններ, ապա վերջիններս չպետք է խոչընդոտեն նրանց հիմնական գործառույթների իրականացմանը կամ որևէ ձևով վնաս հասցնեն նրանց հեղինակությանը կամ անաչառությանը, որոնք անհրաժեշտ են տեսուչներին գործատուների և աշխատողների հետ իրենց հարաբերություններում: Ելնելով վերոգրյալից գտնում եմ, որ այսօր առթիվ ՎԻՎ 169.8 հոդվածով, ինչպես նաև աշխատանքային իրավունքի խախտման համար պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չլինելու խնդիրը լրջագույն խնդիր է, քանի որ․ Ա) հանրային իշխանությունը չունի աշխատանքային իրավունքի՝ որպես անձի և քաղաքացու հիմնական իրավունքի, պատշաճ կերպով պաշտպանությունը իրականացնող մարմին՝ աշխատանքի տեսչական համակարգ, Բ) Հայաստանի Հանրապետությունը միջազգային պայմանագրով աշխատանքի տեսչական համակարգ ունենալու պարտականություն է կրում։ Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ստեղծված արհեստակցական միություններ ևս չկան։ Այսպիսով առաջարկում եմ գործադիր իշխանությանը՝ մասնավորապես ՊԵԿ-ին՝ որպես վերը նշված խնդիրը բարձրացնող, ՀՀ-ում աշխատանքային իրավունքի պաշտպանության պետական երաշխիքները իրացնելու նպատակով նախաձեռնել ստեղծելու աշխատանքի տեսչության համակարգ, որին կտրվի ի թիվս այլոց նաև ՎԻՎ 169.8 հոդվածով պատասխանատվությունը կիրառելու լիազորությունը։ Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովման խնդրի շրջանակներում հարկային մարմինն իրականացնում է վերահսկողություն հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից պահվող եկամտային հարկի հաշվարկման և վճարման նկատմամբ, իսկ ԱՎՈՒՄ-ի վճարումը նախևառաջ հաշվեգրման հետևանք է: Միաժամանակ նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1698 հոդվածով սահմանված է պատասխանատվություն ինչպես աշխատավարձ չվճարելու, այնպես էլ չհաշվարկելու համար: Բարձրացված մյուս հարցերը դուրս են նախագծի կարգավորման շրջանակից: Նախագծով առաջարկվում է լուծել ներկայումս առկա խնդիրները, ինչը չի բացառում հետագայում աշխատանքային իրավահարաբերությունների նոր կարգավորումների դեպքում նոր քննարկումների կազմակերպումը:
3 Վարդան Պետրոսյան 04.04.2019 11:15:09 Գտնում եմ, որ նախաձեռնվող փոփոխությունների հիմնավորումները իրարամերժ են և հակասական, որպիսի պայմաններում նախագիծն անընդունելի է։ Ամփոփոթերթում նշվել է, թե ՎԻՎ 169․8 մասով ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական համապատասխան փոփոխությունը հսկողական աշխատանքները լիարժեք կազմակերպելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու և նույն հարկ վճարողի մոտ պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի շրջանակներում տարբեր վարչարարական գործիքներ կիրառելուց զերծ մնալու համար: Միևնույն ժամանակ նույն փոփոխությամբ առաջարկվում է ՊԵԿ-ին լիազորություն տալ կիրառելու ՎԻՎ 169․2-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, որը այսօր կիրառում է պաշտոնական վիճակագրության մարմինը, ինչպես նաև մաքսային մարմինը։ Գտնում եմ, որ օրենսդրական փոփոխությունների հիմքում դրված են հակասական, իրարամերժ մոտեցումներ, այն է ՎԻՎ 169․8 հոդվածի մասով նախագծի հիմքում ըստ էության նշվում է, որ պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, նույն հարկ վճարողի մոտ պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի շրջանակներում վարչարարական գործիքներ կիրառելուց զերծ մնալու համար, իսկ ՎԻՎ 169․2-րդ հոդվածով առաջարկվում է վիճակագրական տեղեկատվությունը սխալներով ներկայացնելու համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը, բացի պաշտոնական վիճակագրության մարմնից լիազորել նաև հարկային մարմնին՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդպիսով միևնույն խնդիրը վերահսկելու համար պետական ռեսուրսներն օգտագործվելու են ոչ արդյունավետ, նույն հարկ վճարողի մոտ պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի շրջանակներում կիրառվելու են վարչարարական նույն գործիքները։ Հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ վիճակագրական տեղեկատվության մասով ՀՀ վիճակագրական կոմիտեից բացի վարչական պատասխանատվություն կիրառելու իրավասություն վերապահված է նաև պետական կառավարման այլ մարմիններին, իրենց ներկայացվող տեղեկատվության մասով, օրինակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 234-րդ և 242-րդ հոդվածներով: Մասնավորապես՝ գործունեության ոլորտին վերաբերող տեղեկությունները հարկ վճարողները ներկայացնում են հարկային մարմին, որն էլ իր հերթին դրանք տրամադրում է տարբեր մարմինների՝ այդ թվում Ազգային վիճակագրական կոմիտեին: Հետևաբար վարչական ռեսուրսների արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար է, որ սխալների դեպքում վարչական վարույթը հարուցի և իրականացնի տեղեկատվությունը ստացող և սխալն արձանագրող հարկային մարմինը (որն ի դեպ, ունի դրա համար բավարար ռեսուրսներ), այլ ոչ թե դրանց վերաբերյալ տեղեկությունները փոխանցի այլ մարմնի (տվյալ դեպքում Ազգային վիճակագրական կոմիտեին):