Add to favourites

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, ««Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արման Բաբախանյան 03.02.2019 13:24:11 ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը նախատեսում է պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը: Հետևաբար, Նախագծով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1.1 մասով պետք է արգելել ոչ թե պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը, այլ պետք է արգելել պատիժը պայմանականորեն չկիրառելը:
2 Արման Բաբախանյան 03.02.2019 13:36:56 Նախագծով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Մինչդեռ այդ սահմանափակումները չեն տարածվում վերոգրյալ հոդվածների 3-րդ մասերով նախատեսված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ, որոնցով նախատեսված են ոչ միայն այդ հոդվածների 1-ին, այլ նաև 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների ծանրացնող հանգամանքները:
3 Aleta Danghyan 06.02.2019 11:42:35 Հայաստանի Սահմանադրության Ներման ինստիտուտը հանցանք կատարած անձի՝դատապարտյալի նկատմամբ մարդու արժանապատվությունը հարգելու, մարդասիրական վերաբերմունքի, ճշմարտացիության, արդարության սահմանադրական սկզբունքների անմիջական գործողությունների դրսևորում է։ Ներման խնդրագրով ՀՀ Նախագահին և Վարչապետին դիմելու իրավունքը վերապահված է յուրաքանչյուր դատապարտյալի՝ անկախ կատարած հանցանքի ծանրությունից և կիրառված պատժից, կատարված հանցագործության բնույթը և հանցագործի տեսակը չեն ընտրում։ ՀՀ Սահմանադրության մշակույթի հենքը Աստվածաշնչյան փիլիսոփայությունն է՝ Քրիստոնեական առաքելական մշակույթը։ Դատապարտյալը հանցագործ չի ծնվում այլ դառնում է կյանքի ազդեցության՝ իր կենսակերպի արդյունքում, իսկ ներում շնորհման խնդրագիրը՝ զղջման, խոստովանության, արդարության, ճշմարտացիության ուղիղ խոսքի պահանջն է, խնդրանքը՝ ներման արժանանալու։ Մարդը՝ դատապարտյալը պետության բարձրագույն արժեքը լինելով պետք է ունենա սահմանադրական երաշխիք իր արժանապատվության իրավաունքների և ազատության պաշտպանության և ճշմարտացիության ընկալման գործընթացում։ Դատապարտյալին Ներում շնորհելու իրավունքը ազնիվ չէ սահմանափակելու դատապարտյալի շրջանակով, հանցագործությունների բնույթով, պատժաչափերով ու պատժատեսակներով։ Ներում շնորհելը ՀՀ Նախագահի և Վարչապետի բացարձակ իրավունքն է, մարդասիրական վերաբերմունքը ներքին համոզմունքի հայեցողության սահմանադրական երաշխիքով , որը սահմանափակման ենթակա չէ։ Ներման գործառույթի իրական էությունն այն է, որ Ներում Շնորհողները հակասության մեջ չեն գտնվում անձին մեղավոր ճանաչելու և պատժի ենթարկելու դատարանի բացառիկ իրավասության հետ։ Շնորհակալություն
4 Justice Group 28.02.2019 17:50:56 Գտնում ենք, որ պետք է համակարգային առումով վերաիմաստավորվի ներման ինստիտուտը, այլ ոչ թե միայն փոփոխություններ և լրացումներ արվեն որոշակի հանցագործությունների համար։ Մասնավորապես, ներման գործընթացը պետք է լինի թափանցիկ, ունենա որոշակիություն և սահմանի հստակ չափանիշներ դրա կիրառման վերաբերյալ։ Ներման շնորհման լիազորությունը պետք է տրվի Հանրապետության նախագահին, որպեսզի հավասարակշռվեն գործադիր և դատական իշխանությունները։ Անհրաժեշտ է ապահովել ներվածների ցուցակների և հիմնավորումների հրապարակայնությունը։ Ինչ վերաբերում է ներմանը, համաներմանը, պայմանական վաղաժամկետ ազատմանը, պատժի պայմանական չկիրառմանը, վաղեմության ժամկետներին, ապա անհրաժեշտ է հավատարիմ մնալ խոշտանգման հանցագործության միջազգայնորեն ճանաչված չափանիշներին։ Մասնավորապես, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն իր Ընդհանուր մեկնաբանություն N2-ում նշել է, որ համաներումը/ ներումը (amnesties) խախտում են խոշտանգման արգելքի պարտավորություններից չշեղվելու դրույթը (non-derogability)․ «Կոմիտեն գտնում է, որ համաներումը/ներումը կամ այլ խոչընդոտներ, որոնք կանխարգելում են կամ ցույց են տալիս, որ չկա ցանկություն ապահովելու արագ և արդար քննություն և պատժել խոշտանգում կամ այլ անմարդկային վերաբերմունք կատարողներին, խախտում է պարտավորություններից չշեղվելու սկզբունքը» (Ավելի մանրամասն տես՝ https://www.apt.ch/content/files_res/anti-torture-guide-en.pdf)։ Նման միջոցները նաև խախտում են խոշտանգման զոհերի հատուցման իրավունքը։ Կոմիտեն կոչ է անում պետություններին՝ ապահովելու, որ ներումը, համաներումը կամ ցանկացած այլ նմանատիպ միջոցառումներ, որոնք կհանգեցնեն անպատժելիության խոշտանգման գործողությունների համար, արգելված պետք է լինեն և՛ օրենքում, և՛ պրակտիկայում (CAT/C/ARM/CO/3, § 10)։
5 Ստելլա Չանդիրյան 01.03.2019 23:34:34 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը լրացնել 11 մասով, որով սահմանվելու են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնք կատարած անձինք պատժի կրումից պայմանական վաղաժամկետ չեն կարող ազատվել։ Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով էլ նախատեսվում է, որ նշված արարքները կատարած անձանց համապատասխանաբար չեն կարող քրեական պատասխանատվությունից ազատել վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով (Նախագիծ, հոդված 2), չեն կարող պատժից ազատել մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով (Նախագիծ, հոդված 3) եւ վերջիններիս նկատմամբ չի կարող հայտարարվել համաներում (Նախագիծ, հոդված 4)։ ««Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է, որ ներում չի շնորհվում նախանշված հանցագործությունների համար դատապարտված անձանց։ Հարցի կապակցությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առհասարակ միջազգային իրավունքում ընդունված է, որ ոչ միայն խոշտանգման հանցակազմի (ինչն ամրագրված է Նախագծով), այլեւ որոշ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետի կիրառումը, համաներման եւ ներման ակտերն անթույլատրելի են։ Համանման կարգավորումներ են նախատեսված ինչպես Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածով (ի թիվս այլնի վաղեմության ժամկետներ չեն կիրառվում երեխաների նկատմամբ սեռական գործողությունների, բռնաբարության, անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ սեռական գործողությունների, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, երեխայի շահագործման կամ սեռական գործողությունների եւ այլ հանցակազմերի պարագայում), Խորվաթիայի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ մասով (անչափահասներին վիրուսային հիվանդություններով վարակելը) եւ այլն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեռական բռնության գործերն իրենց առանձնահատկություններով պայմանավորված բավական երկար դատավարական գործընթաց են անցնում, ինչն առկա իրավական կարգավորումների արդյունքում մի շարք դեպքերում հանգեցնում է նրան, որ հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով, առավել անհրաժեշտ է դառնում համանման կարգավորումներ նախատեսել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 124-րդ հոդվածի, 132-1322-րդ հոդվածների, ինչպես նաեւ 138-141-րդ հոդվածների պարագայում։ Ելնելով վերոշարադրյալից՝ առաջարկում ենք օրենսդրական այս նախագծերում կատարել լրացում եւ ավելացնել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածները։
6 Ստելլա Չանդիրյան 01.03.2019 23:34:34 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքով ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցակազմ ամրագրված չէ եւ ավելին, գործող հանցակազմերում այն որպես արարքը ծանրացնող հանգամանք չի համարվում՝ ընտանեկան բռնություն (այն արտահայտվում է ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնության գործադրմամբ) գործադրած անձինք շատ հաճախ կամ մնում են անպատիժ կամ նրանց նկատմամբ կիրառվում է այնպիսի պատասխանատվության միջոց, ինչ նույն արարքը ոչ ընտանեկան բռնության պարագայում կատարած անձի նկատմամբ, ինչը կատարված արարքի եւ դրա նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցի ոչ համաչափության մասին է վկայում։ Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ հիմնարար իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Ասվածով պայմանավորված՝ անհրաժեշտ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թվականին ընդդեմ Իտալիայի կայացրած գործերից մեկով հստակ ամրագրեց, որ ներպետական դատարանները որեւէ պարագայում չպետք է թույլ տան, որ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրած անձինք անպատիժ մնան: Ելնելով վերոգրյալից ՀՀ քրեական օրենսգրքում անհապաղ պետք է փոփոխություն եւ լրացում կատարել եւ ընտանեկան բռնությունն ամրագրել որպես առանձին հանցակազմ, որը կատարած անձինք չեն կարող քրեական պատասխանատվությունից ազատվել վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով, չեն կարող պատժից ազատվել մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով եւ վերջիններիս նկատմամբ չի կարող հայտարարվել համաներում։ Օրենսդրական փոփոխություն է հարկավոր կատարել նաեւ «Ներման մասին» ՀՀ օրենքում՝ սահմանելով, որ ներում չի կարող շնորհվել ընտանեկան բռնության գործերով դատապարտված անձանց։